Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

 

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

Ընդունված և հռչակված գլխավոր ասամբլեայի 1948 թ. դեկտեմբերի 10-ի 217 A (III) բանաձևով

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Քանզի մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և խաղաղության հիմքն է,

քանզի մարդու իրավունքների անտեսումն ու դրանց նկատմամբ արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի և համոզմունքի ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից,

քանզի, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման` որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը,

քանզի կարևոր է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման խթանումը,

քանզի Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդները Կանոնադրության մեջ վերահաստատել են իրենց հավատը մարդու հիմնարար իրավունքների, անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են քաջալերել սոցիալական առաջընթացն ու կենսամակարդակի բարելավումն առավել ազատության պայմաններում,

քանզի անդամ պետությունները պարտավորվել են, Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրանց պահպանման քաջալրմանը,

քանզի այդ իրավունքների ու ազատությունների ընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար,

ուստի այժմ

Գլխավոր ասամբլեան հռչակում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը` որպես բոլոր ժողովուրդների ու ազգերի կողմից նվաճվելիք ընդհանուր մի չափանիշ, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության ամեն մի մարմին, մշտապես մտապահելով սույն Հռչակագիրը, ձգտի ուսման ու կրթության միջոցով քաջալերել հարգանքն այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովել դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը թե անդամ պետությունների ժողովուրդների և թե դրանց իրավազորության ներքո գտնվող տարածքների ժողովուրդների կողմից:

 

Հոդված 1

 

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ և խղճով և պարտավոր են միմյանց վերաբերվել եղբայրության ոգով:

 

Հոդված 2

 

1. Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները` առանց որևէ տարբերակման, այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակ:

2. Ավելին, չպետք է կատարվի որևէ տարբերակում` ելնելով այն երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որին պատկանում է անձը, լինի այն անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ ինքնիշխանության որևէ այլ սահմանափակումով:

 

Հոդված 3

 

Յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

 

Հոդված 4

 

Ոչ ոք չպետք է պահվի ստրկության կամ կախյալ վիճակում. ստրկությունը և ստրկավաճառությունը, իրենց բոլոր դրսևորումներով, արգելվում են:

 

Հոդված 5

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

 

Հոդված 6

 

Յուրաքանչյուր ոք ամենուր իրավունք ունի ճանաչվելու որպես իրավասուբյեկտ:

 

Հոդված 7

 

Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք: Բոլորն ունեն սույն Հռչակագիրը խախտող ցանկացած խտրականությունից և նման խտրականության ցանկացած հրահրումից հավասար պաշտպանության իրավունք:

 

i

Հոդված 8

 

Յուրաքանչյուր ոք, սահմանադրությամբ կամ օրենքով իրեն վերապահված հիմնարար խախտման դեպքում, ունի ներպետական իրավասու ատյանների կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

 

Հոդված 9

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալման, կալանքի կամ արտաքսման:

 

Հոդված 10

 

Յուրաքանչյուր ոք, իր իրավունքների և պարտականությունների սահմանման և իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի դեպքում, ունի լիակատար հավասարության պայմաններում անկախ և անկողմնակալ դատարանի կողմից արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք:

 

Հոդված 11

 

1. Քրեական հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ըստ օրենքի, հրապարակային դատաքննությամբ, որի ժամանակ նա ունեցել է իր պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները:

i

2. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ քրեական հանցագործության համար` կապված ցանկացած գործողության կամ անգործության հետ, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև կիրառվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

 

Հոդված 12

 

Ոչ ոք չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության նկատմամբ կամայական միջամտության, ինչպես նաև` որևէ ոտնձգության իր պատվի ու հեղինակության նկատմամբ: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքով պաշտպանվելու իրավունք:

 

Հոդված 13

 

1. Յուրաքանչյուր ոք ունի տվյալ պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, այդ թվում` սեփական երկրից մեկնելու և իր երկիրը վերադառնալու իրավունք:

 

Հոդված 14

 

1. Յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից այլ երկրներում ապաստան հայցելու և դրանից օգտվելու իրավունք:

2. Այս իրավունքը չի կարող վկայակոչվել ոչ քաղաքական հանցագործությունների կամ Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքների կապակցությամբ հետապնդման դեպքում:

 

Հոդված 15

 

1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:

2. Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

 

Հոդված 16

 

1. Չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց ռասայական, ազգային կամ կրոնական որևէ սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալ և ընտանիք կազմել: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս:

2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:

3. Ընտանիքը հասարակության բնականոն ու հիմնարար խմբային միավորն է և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

 

Հոդված 17

 

1. Յուրաքանչյուր ոք ունի ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ սեփականություն ունենալու իրավունք:

2. Ոչ ոք չպետք է կամայականորեն զրկվի իր սեփականությունից:

 

Հոդված 18

 

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատություն և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնը կամ համոզմունքը քարոզելու, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:

 

Հոդված 19

 

Յուրաքանչյուր ոք ունի կարծիքի և դրանք արտահայտելու ազատություն. այս իրավունքը ներառում է կարծիքներն առանց միջամտության ունենալու, անկախ պետական սահմաններից տեղեկատվություն ու գաղափարներ փնտրելու, լրատվության ցանկացած միջոցով ստանալու և տարածելու ազատությունը:

 

Հոդված 20

 

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ու միավորումներ կազմելու իրավունք:

2. Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամակցելու որևէ միավորման:

 

Հոդված 21

 

1. Յուրաքանչյուր ոք ունի անմիջականորեն կամ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով իր երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր երկրում պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:

3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այն պետք է արտահայտվի պարբերական և իրական ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ընթացակարգերի միջոցով:

 

Հոդված 22

 

Յուրաքանչյուր ոք, որպես հասարակության անդամ, ունի սոցիալական ապահովության իրավունք և, ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով, ինչպես նաև` յուրաքանչյուր պետության կազմակերպմանն ու ռեսուրսներին համապատասխան օգտվում է իր արժանապատվության և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից:

 

Հոդված 23

 

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության, արդար ու նպաստավոր աշխատանքային պայմանների ու գործազրկությունից պաշտպանվածության իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք առանց որևէ խտրականության:

3. Յուրաքանչյուր աշխատող ունի իր և իր ընտանիքի համար մարդկային արժանապատվությանը հարիր գոյություն ապահովող արդար ու նպաստավոր վարձատրության և, անհրաժեշտության դեպքում, այն սոցիալական ապահովության այլ միջոցներով լրացնելու իրավունք:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք` հանուն իր շահերի պաշտպանության:

 

Հոդված 24

 

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի ողջամիտ սահմանափակման և վճարովի պարբերական արձակուրդների իրավունք:

 

Հոդված 25

 

1. Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի առողջության ու բարեկեցության համար բավարար կենսամակարդակի, այդ թվում` սննդի, հագուստի, բնակարանի և առողջապահության ու սոցիալական անհրաժեշտ ծառայությունների իրավունք, ինչպես նաև ապահովության իրավունք` գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ հանգամանքներում գոյության այլ միջոցներից զրկվելու դեպքում:

2. Մայրությունն ու մանկությունը հատուկ հոգածության և օժանդակության իրավունք ունեն: Ամուսնության մեջ կամ դրանից դուրս ծնված բոլոր երեխաներն օգտվում են սոցիալական միևնույն պաշտպանությունից:

 

Հոդված 26

 

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Կրթությունը, առնվազն տարրական և հանրակրթական փուլերում, անվճար է: Տարրական կրթությունը պարտադիր է: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է լինի հանրամատչելի, իսկ բարձրագույն կրթությունը` ընդունակություններին համապատասխան հավասարապես մատչելի բոլորի համար:

2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, էլ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ գործունեությանը:

3. Ծնողներն ունեն իրենց երեխաների համար կրթության տեսակն ընտրելու առաջնային իրավունք:

 

Հոդված 27

 

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստներից օգտվելու և գիտական առաջընթացից և դրա բարիքներից օգտվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի իր հեղինակած ցանկացած գիտական, գրական կամ գեղարվեստական ստեղծագործությունից գոյացող բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

 

Հոդված 28

 

Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական և միջազգային այնպիսի կարգի իրավունք, որում լիովին իրագործելի են սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատությունները:

 

Հոդված 29

 

1. Յուրաքանչյուր ոք պարտականություններ ունի այն համայնքի առջև, ուր և միայն հնարավոր է նրա անձի ազատ ու լիարժեք զարգացումը:

2. Իր իրավունքներն ու ազատությունները իրականացնելիս յուրաքանչյուր ոք ենթակա է միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով` բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքը երաշխավորելու և ժողովրդավարական հասարակությունում բարոյականության, հասարակական կարգի և ընդհանուր բարեկեցության արդարացի պահանջներն ապահովելու նպատակով:

3. Այս իրավունքների և ազատությունների իրականացումը ոչ մի դեպքում չպետք է հակասի Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

 

Հոդված 30

 

Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ պետության մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:

 

 

pin
ՄԱԿ
10.12.1948
Հռչակագիր