(ուժը կորցրել է 01.11.00 թվականից` 29.07.00 թիվ 426 որոշում)
i
040.0600.231297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«23» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 1997 թ. թիվ 600
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիճակախաղերի կազմակերպման և անցկացման գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 600 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման և անցկացման լիցենզավորման կարգը:
2. Վիճակախաղ է ցանկացած խաղարկություն, որն իրականացվում է տոմսերի վիճակահանությամբ և հանրայնորեն:
Ակնթարթային վիճակախաղ է այն վիճակախաղը, որի տոմսի սեփականատերն այն ձեռք բերելուց հետո անմիջապես կարող է որոշել տոմսը շահող է, թե ոչ:
Խաղարկությունով վիճակախաղ է այն վիճակախաղը, որի տոմսի սեփականատերը միայն շահումների խաղարկության անցկացումից հետո կարող է որոշել` տոմսը շահող է, թե ոչ:
3. Որպես վիճակախաղ կազմակերպող և անցկացնող սուբյեկտներ (այսուհետև` վիճակախաղի կազմակերպիչ) կարող են հանդես գալ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունները և բանկերը:
i
4. Հայաստանի Հանրապետությունում արգելվում են առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` լիազորված մարմին) կողմից տրված լիցենզիայի վիճակախաղ կազմակերպելը և անցկացնելը:
i
5. Լիցենզիայի գործողության ժամկետը 3 տարի է: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել:
Լիցենզիայի գործողության ժամկետը լրանալու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել լիազորված մարմին` նոր լիցենզիա ստանալու համար:
Սույն կետով սահմանված ժամկետը տարածվում է նաև (մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը) այլ ժամկետներով տրված լիցենզիաների վրա, ընդ որում, ժամկետի ընթացքի սկիզբը հաշվարկվում է նախկինում տրված լիցենզիայի տրամադրման օրվանից:
6. Լիցենզիայի միասնական ձևը սահմանում է լիազորված մարմինը:
Լիցենզիայում պարտադիր կարգով նշվում են լիցենզիայի հերթական համարը, վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, պետական գրանցման համարը, լիցենզիա ստանալու ամսաթիվը և գործողության ժամկետը:
II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Լիցենզիա ստանալու համար լիազորված մարմին է ներկայացվում հայտ, որին կցվում են`
ա) դիմում վիճակախաղի կազմակերպման և անցկացման լիցենզիա ստանալու վերաբերյալ.
բ) դիմողի կառավարման բարձրագույն մարմնի որոշումը վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
գ) դիմողի հիմնադիր փաստաթղթերի (հիմնադիր պայմանագիր, կանոնադրություն) և պետական գրանցման վկայականի պատճենները.
դ) բանկերի համար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությունը վիճակախաղի կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
ե) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որտեղ պետք է արտացոլվեն`
վիճակախաղի տոմսերի ընդհանուր գումարը,
վիճակախաղի տոմսերի թիվը և մեկ տոմսի գինը,
վիճակախաղի խաղարկությունների անցկացման կարգը, վայրը, քանակը և ժամկետը, իսկ ակնթարթային վիճակախաղի դեպքում պետք է նշվի վիճակախաղի տոմսերի իրացման ժամկետը,
շահումները տալու վայրը, ժամկետը և երաշխավորվածությունը,
շահումների տեսակները, ընդհանուր գումարը և յուրաքանչյուր շահումի գումարը,
վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները,
վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
Դիմողը վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը լիազորված մարմին է ներկայացնում 2 օրինակից.
զ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման բիզնես-ծրագիր` հետևյալ կառուցվածքով`
ամփոփագիր (դիմողի գործունեության ոլորտները և համառոտ բնութագիրը),
վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգ (սույն կարգի 7-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան),
շուկայի վերլուծություն (շուկայում վիճակախաղի տոմսերի առաջարկի ու պահանջարկի վերլուծությունը և հնարավոր մրցակիցների բնութագրումը),
իրավաբանական ծրագիր (տեղեկություններ դիմողի ստեղծման վերաբերյալ` պետական գրանցման ամսաթիվը, սեփականության ձևը, գործունեության հասցեն, փայատերերը, գործունեության տեսակները),
ռիսկի գնահատում և ապահովագրում (վիճակախաղի կազմակերպման ընթացքում հնարավոր ռիսկի առաջացումը և դրա ազդեցությունից պաշտպանվելու միջոցները),
ֆինանսական վերլուծություն (վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հոսքերի ծրագրավորում, սպասվող շահույթի վերլուծություն).
է) արժեթղթերի բլանկների պատրաստման համար լիցենզիա ունեցող կազմակերպության նախնական հավանությունը հավաստիացնող տեղեկանք վիճակախաղի տոմսերի պատրաստման վերաբերյալ.
ը) արժեթղթերի բլանկների ներկրման համար լիցենզիա ունեցող կազմակերպության նախնական համաձայնությունը հավաստիացնող տեղեկանք վիճակախաղի տոմսերի ներկրման վերաբերյալ.
թ) վիճակախաղի տոմսի նմուշի աշխատանքային օրինակը.
ժ) վիճակախաղի կազմակերպման համար դիմողի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն` ձև թիվ 1, ֆինանսական հաշվետվություն` ձև թիվ 2).
ժա) լիցենզիա ստանալու համար վճարված պետական տուրքի անդորրագրի պատճենը:
Վիճակախաղի կազմակերպիչը յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման և անցկացման համար լիազորված մարմին է ներկայացնում սույն կարգի 7-րդ կետի «ա», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», և «ժա» ենթակետերում նշված փաստաթղթերը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվելու պահից 15-օրյա ժամկետում լիազորված մարմինը պարտավոր է ընդունել որոշում լիցենզիա տալու կամ այն մերժելու վերաբերյալ:
Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրվում է դիմողին:
9. Լիազորված մարմինը կարող է մերժել լիցենզիա տալը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում սահմանված պայմանները հստակ չեն, որի պատճառով չեն պաշտպանվում վիճակախաղի մասնակիցների շահերը.
գ) դիմողն աշխատել է վնասով կամ չի կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները:
Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:
Լիցենզիան տալու մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:
10. Լիցենզիա տալը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
11. Սույն կարգի 7-րդ կետի վերջին պարբերությունում նշված փաստաթղթերը ներկայացվելու պահից 15-օրյա ժամկետում լիազորված մարմինը պարտավոր է ընդունել որոշում յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգն ու բիզնես-ծրագիրը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ:
Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրվում է դիմողին:
12. Լիազորված մարմինը կարող է մերժել յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգի և բիզնես-ծրագրի հաստատումը, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
բ) վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում սահմանված պայմանները հստակ չեն, որի պատճառով չեն պաշտպանվում վիճակախաղի մասնակիցների շահերը.
գ) դիմողն աշխատել է վնասով կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները չի կատարել:
Յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգի և բիզնես-ծրագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
13. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում փոփոխություններ կատարելու դեպքում պարտավոր է նախօրոք դիմել լիազորված մարմնին:
Լիազորված մարմինը 10-օրյա ժամկետում պարտավոր է ընդունել որոշում վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման ու անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները հաստատելու կամ դրանք մերժելու վերաբերյալ: Որոշման պատճենը 3 օրվա ընթացքում տրվում է վիճակախաղի կազմակերպչին:
Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին հավանություն տալը, մերժելու մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:
14. Լիազորված մարմինը վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները կարող է մերժել, եթե դրանք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ չեն պաշտպանում վիճակախաղի մասնակիցների շահերը:
15. Վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների հավանություն տալը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
16. Լիազորված մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ գրառվում են`
ա) վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի կազմակերպչի իրավաբանական հասցեն.
գ) վիճակախաղի կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը.
դ) վիճակախաղի կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը.
ե) հարկ վճարողի հաշվառման համարը.
զ) լիցենզիայի հերթական համարը.
է) լիցենզիա տալու ամսաթիվը:
17. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են լիազորված մարմնի կողմից:
18. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է 5-օրյա ժամկետում լիազորված մարմին վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
V. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Վիճակախաղի շահումների ընդհանուր գումարը չպետք է ցածր լինի`
ա) ակնթարթային վիճակախաղի դեպքում` իրացման նպատակով պատրաստված տոմսերի ընդհանուր գումարի (մեկ տոմսի գինը բազմապատկվում է իրացման նպատակով պատրաստված տոմսերի թվով) 50 տոկոսից.
բ) խաղարկությունով վիճակախաղի դեպքում` տոմսերի իրացումից գոյացած գումարի (մեկ տոմսի գինը բազմապատկվում է իրացված տոմսերի թվով) 50 տոկոսից:
20. Վիճակախաղի տոմսերը պետք է պատրաստվեն արժեթղթերի բլանկների պատրաստման համար լիցենզիա ունեցող, իսկ ներկրման դեպքում պետք է ներկրվեն արժեթղթերի բլանկների ներկրման լիցենզիա ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից:
21. Վիճակախաղի տոմսի նմուշը պետք է ներկայացվի լիազորված մարմին` վիճակախաղի տոմսերի իրացումից 10 օր առաջ:
22. Վիճակախաղի տոմսերը պետք է պարունակեն հետևյալ վավերապայմանները`
ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը.
բ) վիճակախաղի անվանումը.
գ) վիճակախաղի տոմսի գինը.
դ) վիճակախաղի տոմսի հերթական համարը և սերիան.
ե) խաղարկության անցկացման վայրը.
զ) շահումների վճարման վայրը, կարգը և ժամկետը:
23. Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է վիճակախաղի շահումների ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով ձևավորել և լիցենզիայի գործողության ժամանակահատվածում լիազորված մարմնի սահմանված կարգով պահպանել վիճակախաղի շահումների պահուստային հիմնադրամ:
24. Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է լիցենզիա ստանալուց հետո 10-օրյա ժամկետում լիազորված մարմին ներկայացնել տեղեկանք սպասարկող բանկից շահումի ընդհանուր գումարի 25 տոկոսի չափով վիճակախաղի շահումների պահուստային հիմնադրամի տեղաբաշխման վերաբերյալ:
25. Վիճակախաղի կազմակերպիչը վիճակախաղի գովազդի նպատակով եթեր հեռարձակվող գովազդի բովանդակությունը պարտավոր է ներկայացնել լիազորված մարմին` հավանություն ստանալու համար:
26. Վիճակախաղի կազմակերպչի հիմնադիր փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է մեկամսյա ժամկետում դրա մասին ծանուցել լիազորված մարմնին:
i
27. Խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան մեկ օր առաջ պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել չիրացված վիճակախաղի տոմսերը և լիազորված մարմնի սահմանված կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել ու ոչնչացնել դրանք:
Ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը խաղարկության ավարտից հետո 5-օրյա ժամկետում պարտավոր է իրացնող կազմակերպությունից հետ վերցնել վիճակախաղի չիրացված տոմսերը և լիազորված մարմնի սահմանված կարգով ստեղծված հատուկ հանձնաժողովի միջոցով հաշվառել ու ոչնչացնել դրանք:
VI. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
28. Վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է լիազորված մարմին ներկայացնել հետևյալ տեղեկությունները`
ա) վիճակախաղի կազմակերպչի վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.
բ) յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի տոմսերի իրացման վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի.
գ) յուրաքանչյուր նոր տեսակի վիճակախաղի շահումները տալու վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի:
29. Վիճակախաղի կազմակերպիչը լիցենզիայի գործողության ժամկետում լիազորված մարմին պետք է ներկայացնի վերջին հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվետվությունը (հաշվեկշռային հաշվետվություն` ձև թիվ 1, ֆինանսական հաշվետվություն` ձև թիվ 2) եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:
30. Սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկությունները լիազորված մարմին ներկայացվում են`
ա) խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը` յուրաքանչյուր խաղարկությունից հետո եռօրյա ժամկետում.
բ) ակնթարթային վիճակախաղի կազմակերպիչը` յուրաքանչյուր ամսվա 5-ին և 20-ին:
VII. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
31. Լիազորված մարմինն իրավունք ունի կասեցնելու լիցենզիայի գործողությունը` սահմանելով խախտումների վերացման ժամկետ:
Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետը սահմանում է լիազորված մարմինը, և այն չի կարող գերազանցել 45 օրը:
32. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`
ա) վիճակախաղի կազմակերպիչը չի կատարել սույն կարգի 19, 21, 22, 25, 26, 27, 29 և 30-րդ կետերով սահմանված պայմանները.
բ) յուրաքանչյուր վիճակախաղի գովազդի նպատակով եթեր հեռարձակված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում լիազորված մարմնի կողմից հավանություն ստացած գովազդի բովանդակությանը:
33. Լիազորված մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշման վերաբերյալ 3-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է վիճակախաղի կազմակերպչին` նրանից պահանջելով լիազորված մարմին վերադարձնել տրված լիցենզիայի բնօրինակը:
34. Վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել խախտումները և դրա մասին տեղեկացնել լիազորված մարմնին:
35. Եթե լիազորված մարմինը գտնում է, որ վիճակախաղի կազմակերպչի կողմից` սույն կարգի 32-րդ կետում նշված խախտումները սահմանված ժամկետում վերացվել են, ապա նրան վերադարձնում է լիցենզիայի բնօրինակը և վերականգնում լիցենզիայի գործողությունը:
36. Սահմանված ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում լիազորված մարմնի որոշմամբ լիցենզիան ճանաչվում է ուժը կորցրած:
VIII. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼԸ
37. Վիճակախաղի կազմակերպչին տրված լիցենզիան լիազորված մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) լիցենզավորման համար լիազորված մարմին ներկայացված փաստաթղթերում արտացոլվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարել է վիճակախաղի կազմակերպչի գործունեությունը.
գ) օրացուցային մեկ տարվա ընթացքում կրկնակի կասեցվել է լիցենզիայի գործողության ժամկետը.
դ) սույն կարգի 20, 23 և 24-րդ կետերով սահմանված պայմանները չեն կատարվում:
38. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշումը հրապարակվում է մամուլում:
39. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին լիազորված մարմնի որոշման ընդունման պահից վիճակախաղի կազմակերպիչը զրկվում է վիճակախաղի կազմակերպման ու անցկացման գործունեություն իրականացնելու իրավունքից և պարտավոր է 3-օրյա ժամկետում վերադարձնել լիցենզիայի բնօրինակը:
40. Լիազորված մարմնի` լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենը 3-օրյա ժամկետում տրվում է վիճակախաղի կազմակերպչին:
41. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
42. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը կարող է սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով դիմել նոր լիցենզիա ստանալու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու պահից մեկ տարի հետո:
43. Լիցենզիան կորցնելու դեպքում վիճակախաղի կազմակերպիչը դրա մասին գրավոր հայտնում է լիազորված մարմնին: Վերջինս վիճակախաղի կազմակերպչի գրավոր դիմումի հիման վրա 15-օրյա ժամկետում տալիս է նոր լիցենզիա` կատարելով «Կրկնօրինակ» նշագրումը:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ
(ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ)
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«___» ____________ 199 Թ. ԴՐՈՒԹՅԱՄԲ
1. __________________________________________________________________ /վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը/
__________________________________________________________________
/իրավաբանական և փոստային հասցեներն ու կապի միջոցները/
2. __________________________________________________________________ /վիճակախաղի կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը/
3. __________________________________________________________________ /գործունեության տեսակը/
__________________________________________________________________
/համապատասխան գործունեության լիցենզիայի (թույլտվության) համարը/
__________________________________________________________________
/լիցենզիա տալու ամսաթիվը/
4. __________________________________________________________________ /վիճակախաղի կազմակերպչի պետական գրանցման համարը/
5. __________________________________________________________________ /վիճակախաղի կազմակերպչին սպասարկող բանկի անվանումը/
ՏՆՕՐԵՆ ______________________
/ստորագրությունը/
Կ.Տ.
«____» ______________ 199 թ.
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՏԵՂԵԿԱՆՔ
________________________________________________ ԿՈՂՄԻՑ
(վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը)
ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«____» ___________ 199 թ. դրությամբ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
.________________________________________________________________________.
| Թիվ| Վիճակախաղի| Վիճակախաղի | Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում |
| Թիվ| տոմսի |խաղարկության| վիճակախաղի տոմսերի սկզբնական մնացորդը |
| Ը/Կ| թողարկման| համարը |__________________________________________|
| | համարը | | թիվը (հատ)|գինը (դրամ)|ընդհանուր գումարը|
| | | | | | (դրամ) |
|____|___________|____________|____________|___________|_________________|
|____|___________|____________|____________|___________|_________________|
.________________________________________________________________________.
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
.________________________________________________________________________.
| Հաշվետու ժամանակաշրջանի | Հաշվետու ժամանակաշրջանի վերջում |
| ընթացքում վիճակախաղի իրացված | վիճակախաղի տոմսերի վերջնական |
| տոմսերը | մնացորդը |
|____________________________________|___________________________________|
| թիվը (հատ)|գինը (դրամ)|ընդհանուր | թիվը (հատ)|գինը (դրամ)|ընդհանուր|
| | |գումարը | | |գումարը |
| | |(դրամ) | | |(դրամ) |
|____________|___________|___________|_____________|___________|_________|
|____________|___________|___________|_____________|___________|_________|
.________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ _____________________________
/ստորագրությունը/
Կ.Տ.
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________
/ստորագրությունը/
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ
ՏԵՂԵԿԱՆՔ
________________________________________________ ԿՈՂՄԻՑ
(վիճակախաղի կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը)
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՇԱՀՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«_____» ____________ 199 թ. դրությամբ
.________________________________________________________________________.
| Թիվ| Վիճակախաղի |Շահած տոմսերի|Շահած տոմսերի|Շահած գումարի|Շահումները|
| Թիվ|խաղարկության | համարը | սերիան |(իրի) չափը | տալու |
| Ը/Կ| համարը | | |(անվանումը) | հասցեն |
|____|______________|_____________|_____________|_____________|__________|
|____|______________|_____________|_____________|_____________|__________|
.________________________________________________________________________.
ՏՆՕՐԵՆ _____________________________
/ստորագրությունը/
Կ.Տ.
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________
/ստորագրությունը/