i
/ուժը կորցրել է 16.02.96 թիվ 41 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 1992 թ. թիվ 296
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 25-ի <հայաստանի հանրապետության="" քաղաքացիների="" պետական="" կենսաթոշակային="" ապահովության="" մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին> որոշման 3-րդ կետի <ե>, <զ>, <թ> ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգի և պայմանների մասին կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության կառավարության
1992 թվականի մայիսի 15-ի
թիվ-296 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՄ ԱՅԼ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Աշխատանքային ստաժը որոշվում է աշխատանքի, ծառայության, սովորելու կամ այլ գործունեության վայրի ադմինիստրացիայի կամ վերադաս կազմակերպությունների, ինչպես նաև արխիվային հիմնարկների կողմից տրված տեղեկանքներով:
Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքի ժամանակաշրջանը կարող է հաստատվել վկաների ցուցմունքներով:
2. Առանձին դեպքերում, երբ աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը լրիվ կամ մասնակի չեն պահպանվել տարերային աղետների, վթարների կամ այլ արտակարգ դեպքերի պատճառներով, աշխատանքային ստաժը կարող են հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործկոմների կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովները:
Նշված հանձնաժողովների կողմից վկաների ցուցմունքներով եվ մասնակի փաստաթղթերով հաստատված աշխատանքային գործունեության ժամանակաշրջանը մտցվում է ընդհանուր աշխատանքային ստաժի, ինչպես նաև հատուկ ստաժի մեջ, որն իրավունք է տալիս արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի:
3. Սոցիալական ապահովության մարմինները տալիս են աշխատանքային ստաժի հաստատման համար ներկայացված փաստաթղթերի իրավական գնահատականը, կատարում են նրանց համապատասխան ձևակերպումը և անհրաժեշտության դեպքում կայացնում են որոշում աշխատանքային գործունեության առանձին ժամանակաշրջաններն աշխատանքային ստաժի մեջ մտցնելու կամ հանելու մասին, ինչպես նաև սահմանում են աշխատանքային ստաժը վկաների ցուցմունքներով:
11. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը
4. Աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը հանդիսանում է աշխատանքային գրքույկը:
Աշխատանքային գրքույկի բացակայության, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում բացակայում են անհրաժեշտ գրառումները կամ պարունակվում են ոչ ստույգ և սխալ գրառումներ աշխատանքի ժամանակաշրջանի մասին իբրև աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր ընդունվում են տեղեկանքներ, հրամանի քաղվածքներ, անձնական հաշիվներ, աշխատավարձ վճարելու մասին տեղեկագրեր, վկայականներ, բնութագրեր, գրավոր աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր` աշխատանքները կատարելու նշումով, աշխատանքային ծառայության ցուցակներ և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են տվյալներ աշխատանքի ժամանակաշրջանների մասին: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում իբրև աշխատանքային ստաժն ապացուցող փաստաթղթեր կարող են ընդունվել արհմիության անդամատոմսերը, հաշվեգրքույկները կամ այլ անդամատոմսեր: Ընդ որում, հաշվեգրքույկներով աշխատանքային ստաժի տևողությունը կարող է սահմանվել այն ժամանակամիջոցի համար, եթե կան նշումներ աշխատավարձ վճարելու մասին, իսկ արհմիութենական և այլ անդամատոմսերով` եթե կան նշումներ աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճարներ վճարելու մասին: արհմիության կամ այլ անդամատոմսի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը կարող է հաստատվել արհմիության կամ այլ կազմակերպության անդամի հաշվառման քարտի հիման վրա` այն ժամանակամիջոցի համար, եթե կան նշումներ անդամավճարներ մուծելու մասին:
5. Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձանց (անհատ ձեռներեցների) աշխատանքային ստաժը, այդ թվում անհատական (կոլեկտիվ) վարձակալական կամ գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում, սահմանվում է ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու մասին տեղեկանքներով:
Ստեղծագործական միությունների անդամների, ինչպես նաև ստեղծագործական միությունների անդամներ չհանդիսացող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող անձանց աշխատանքային ստաժը սահմանվում է ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին պետական սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու մասին տեղեկանքներով:
Մինչև նշված ապահովագրական մուծումների կատարումը գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինոմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ, հաստատվում է այդ միությունների քարտուղարությունների կողմից տրված աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով, իսկ նկարիչների միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ և որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական պայմանագրեր) հաստատվում է գեղարվեստի ֆոնդի նախագահության տեղեկանքներով:
(փոփ. 23.12.92թ. թիվ 635 որոշմամբ)
6. Բանակում, ներքին գործերի եվ պետական անվտանգության մարմիններում ծառայության մասին տվյալները հիմնավորվում են զորամասերի, շտաբների, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության եվ ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության տեղեկանքներով, դրանց արխիվների, ռազմաբուժական հիմնարկությունների տեղեկանքով, աշխատանքային գրքույկում զինծառայության մասին ըստ փաստաթղթերի կատարված գրառումներով:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պարտիզանական ջոկատներում և միավորումներում գտնված ժամանակաշրջանը սահմանվում է պարտիզանական շարժման շտաբների կամ արխիվների կողմից տրված տեղեկանքներով:
7. Ներքին գործերի մարմիններում ծառայելու ժամանակաշրջանը կարող է սահմանվել աշխատանքային գրքույկի գրառումներով, եթե այն կատարվել է փաստաթղթերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տրված տեղեկանքներով:
8. Ռազմականացված պահպանության, հատուկ կապի մարմիններում և լեռնափրկիչ մասերում ծառայության ժամանակաշրջանը սահմանվում է սույն կանոնադրության 4-րդ կետում նախատեսված կարգով:
9. Բարձրագույն, միջնակարգ մասնագիտական, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում, ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, կլինիկական օրդինատուրայում, կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դպրոցներում և դասընթացներում ուսումը հաստատվում է դիպլոմներով, վկայականներով, ինչպես նաև ուսման ժամանակաշրջանի մասին տվյալներ պարունակող արխիվային տեղեկանքներով:
Փաստաթղթերում այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում ուսման ժամանակաշրջանի տևողությունը որոշվում է տվյալ ուսումնական հաստատություններում համապատասխան տարիների ուսման տևողության մասին տեղեկանքներով, պայմանով, եթե փաստաթղթերում կան տվյալներ ուսման լրիվ դասընթացը (ժամանակամիջոցը) կամ նրա առանձին փուլերը ավարտելու մասին:
10. Ժամանակավոր անաշխատունակության տևողությունը, որն սկսվել է աշխատանքի ընթացքում, սահմանվում է տվյալ աշխատավայրի կողմից տրված տեղեկանքներով:
11. Առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտով և հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերով:
Փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտը կազմվում է սոցիալական ապահովության մարմնի կողմից` բնակմարմինների, պատգամավորների գյուղական, քաղաքային (ավանային) խորհուրդների գործկոմներից ստացված տվյալների, խնամվող անձի և նրա հարևանների հարցումների և այլ տվյալների հիման վրա:
Հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ կարող է ընդունվել ԲԱՓՀ-ի քննությանը ենթարկվելու մասին ակտի քաղվածքը, բժշկական եզրակացությունը, կենսաթոշակի վկայականը, սոցիալական ապահովության բաժնի տեղեկանքը և այլն:
(փոփ. 23.12.92թ. թիվ 635 որոշմամբ)
12. Չաշխատող մոր կողմից մանկահասակ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է երեխայի ծնունդը հաստատող փաստաթղթերի (ծննդյան վկայականի), անձնագրի քաղվածքի, մահվան վկայականի, բնակմարմինների տեղեկանքի հիման վրա:
13. Կալանքի տակ պահվելու, ազատազրկման վայրերում և աքսորում պատիժը կրելու ժամանակաշրջանը հաստատվում է քննչական, ուղղիչ աշխատանքային հիմնարկությունների կամ ներքին գործերի մարմինների կողմից տրված տեղեկանքներով և մտցվում է աշխատանքային ստաժի մեջ, եթե կան փաստաթղթեր արդարացման մասին (դատական քննչական և հետաքննության մարմինների դատավճիռներ և որոշումներ) կամ հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործը կարճելու մասին որոշումներ:
14. Սպայական կազմի, պրապորչիկների, միչմանների և գերակետիկ ծառայության զինծառայողների կանանց համար, ամուսինների հետ համատեղ ապրելու ժամանակաշրջանն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը, հաստատվում է վերադաս զինվորական մասերի, ձեռնարկությունների, ռազմաուսումնական (ուսումնական) հաստատությունների և կազմակերպությունների հրամանատարների (պետերի) կողմից տրված տեղեկանքներով:
Ընդ որում, մինչև 1990թ. հունվարն 1-ը իսկական զինվորական ծառայությունից զորացրված զինծառայողների կանանց համար ամուսինների հետ համատեղ ապրելու ժամանակաշրջանն այն վայրերում, որտեղ բացակայել է ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորման հնարավորությունը, հաստատվում է զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքներով:
Նշված ժամանակաշրջանը մտցվում է աշխատանքային ստաժի մեջ 10 տարուց ոչ ավելի, այն ստաժի սահմաններում, որը պահանջվում է լրիվ կենսաթոշակ նշանակելու համար և չի կարող գերազանցել կենսաթոշակի համար դիմելու պահին ունեցած աշխատանքային ստաժի չափը:
III. Վկաների ցուցմունքներով աշխատանքային
ստաժի հաստատումը
15. Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության և դրանց ձեռքբերման անհնարինության դեպքում, կապված ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետ, աշխատանքային ստաժը, այդ թվում` արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունքը, հաստատվում է երկու կամ ավելի վկաների ցուցմունքների հիման վրա, եթե վկաներից մեկը դիմողին ճանաչում է միևնույն ձեռնարկությունում, կազմակերպությունում, կոլտնտեսությունում կամ միևնույն համակարգում համատեղ աշխատանքից:
Նույն կարգով վկաների ցուցմունքների հիման վրա հաստատվում է 30-40-ական թվականներին մշտական բնակության վայրերից հարկադրաբար տեղահանված քաղաքացիների և մինչև 1965թ. կոլտնտեսությունում աշխատած անձանց աշխատանքի ժամանակաշրջանը, երբ նրանք անկախ արխիվային տվյալների բացակայությունից, չունեն աշխատանքային ստաժի վերաբերյալ փաստաթղթեր:
Ընդհանուր աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի առկայության դեպքում արտոնյալ պայմաններով և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող հատուկ ստաժը վկաների ցուցմունքներով չի հաստատվում:
16. Աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերի բացակայության և դրանց ձեռքբերման անհնարինության դեպքում, կապված ձեռնարկության, հիմնարկության և կազմակերպության լուծարման կամ արխիվային տվյալների բացակայության, կամ այլ պատճառների հետ, բացի նրանցից, որոնք նախատեսված են սույն կանոնադրության 15-րդ կետում, աշխատանքային ստաժը հաստատվում է ոչ պակաս երկու վկաների ցուցմունքների հիման վրա, եթե նրանք դիմողին գիտեն միևնույն ձեռնարկությունում, հիմնարկությունում, կազմակերպությունում, կոլտնտեսությունում կամ նույն համակարգում նրա հետ համատեղ աշխատանքից և ունեն այն ժամանակաշրջանի աշխատանքային ստաժի մասին փաստաթղթերը, որի վերաբերյալ նրանք հաստատում են դիմողի աշխատանքը:
Այդ դեպքում վկաների ցուցմունքների տրման վրա կարող է հաստատվել միայն կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի չբավականացնող մասը: Վկաների ցուցմունքներով հաստատվող աշխատանքային ստաժը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի կեսը և փաստաթղթերով հաստատված ստաժը:
Մինչև Հայաստանի Հանրապետություն բռնագաղթվելը փախստականների աշխատանքային ստաժը հաստատվում է նրանց գրավոր հայտարարությունների հիման վրա, եթե լիովին բացառվում է համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը:
(փոփ. 23.12.92թ. թիվ 635 որոշմամբ)
17. Առանձին քաղաքացիների մոտ և կրոնական կազմակերպություններում աշխատելու ժամանակաշրջանը, ինչպես նաև աշխատանքային գործունեության այն ժամանակաշրջանը, որի համար պետական սոցիալական ապահովագրական մուծումներ են կատարվել ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ, վկաների ցուցմունքներով չի հաստատվում:
IV. Առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքային
ստաժի հաստատման առանձնահատկությունները
18. Այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում չկան արտոնյալ պայմաններով կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող փաստական տվյալներ, որոնք սահմանված են ժողովրդական տնտեսության առանձին կատեգորիաների աշխատողների համար (օրինակ` աշխատանքը տաք տեղամասերում, որոշակի թունավոր նյութերի հետ, ստորերկրյա պայմաններում և այլն), հատուկ աշխատանքային ստաժի հաստատման համար ընդունվում են հիմնարկ-ձեռնարկության կողմից տրված ճշտող տեղեկանքներ:
Տեղեկանքում պետք է նշված լինեն հատուկ ստաժի մեջ հաշվարկվող աշխատանքային ժամանակաշրջանը, մասնագիտությունը կամ պաշտոնը, աշխատանքային բնույթը, հ.հ. 1 և 2 ցուցակների անվանումը, բաժինը, ենթաբաժինը, նշելով սկզբնական փաստաթղթերը (հիմքերը), որոնց հիման վրա տրված է այդ տեղեկանքը:
19. Քաղաքացիական ավիացիայի և թռիչքափորձարկման առանձին կատեգորիաների աշխատողների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող հատուկ աշխատանքային ստաժը հաստատվում է`
ա) թռիչքային և թռիչքափորձարկման կազմի աշխատողների համար` թռիչքային (պարաշյուտային) գրքույկով: Թռիչքային գրքույկի բացակայության դեպքում թռիչքաժամերը կարող են սահմանվել թռիչքային կազմի թռիչքաժամերի հաշվապահական հաշվառման տվյալներով: Թռիչքափորձարկման կազմի առանձին աշխատողների մասնակցությունը փորձարարական տեխնիկայի փորձարկմանը հաստատվում է հիմնարկ- ձեռնարկությունների (միավորումների) կողմից տրված տեղեկանքներով.
բ) օդային երթևեկության ղեկավարումն իրականացնող աշխատանքների համար` աշխատանքային գրքույկով, ինչպես նաև երթևեկության ծառայության դիսպետչերի (թռիչքների ղեկավարի) վկայականով, հիմնարկ-ձեռնարկությունների (միավորումների) տեղեկանքներով, որտեղ նշվում են մասնագետին անմիջականորեն օդային երթևեկության ղեկավարման հետ կապված պաշտոնում նշանակելու մասին հրամանները.
գ) ավիացիայի ինժեներատեխնիկական կազմի աշխատողների համար աշխատանքային գրքույկով, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տրված տեղեկանքներով, որոնցով հաստատվում է լրիվ աշխատանքային օրը օդանավերի և մյուս թռչող ապարատների օդանավակայանային օպերատիվ և պարբերական (երաշխիքային) տեխսպասարկման աշխատանքներում նրանց անմիջական մասնակցությունը:
20. Թատերական և թատերատեսարանային ձեռնարկությունների առանձին կատեգորիաների արտիստների երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող հատուկ աշխատանքային ստաժը հաստատվում է աշխատանքային գրքույկով:
Այն դեպքում, երբ աշխատանքային գրքույկում բացակայում են անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտության (պաշտոնի) անվանման, ժանրի պատկանելության, աշխատանքի բնույթի կամ կազմակերպության կարգավիճակի մասին, որտեղ ընթացել է աշխատանքային գործունեությունը, հատուկ ստաժը հաստատվում է տվյալ անձի վերաբերյալ այդ տեղեկությունները պարունակող լրացուցիչ փաստաթղթերով:
21. ՀՀ քաղաքացիների արտասահմանում աշխատած ժամանակաշրջանը հաստատող փաստաթղթերը վավերացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված կարգով:
Աշխատանքային ստաժի մասին տեղեկանքները, տրված այն պետությունների, մարմինների կողմից, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է համապատասխան համաձայնագրեր, ընդունվում են առանց վավերացման: Արտասահմանում կատարած աշխատանքի ժամանակաշրջանը աշխատանքային ստաժի մեջ է հաշվարկվում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին սոցիալական ապահովագրական մուծումներ կատարելու դեպքում:
V. Աշխատանքային ստաժը հաստատելու կանոնները
22. Աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան պաշտոնատար անձի կողմից և հաստատված լինեն կնիքով:
Աշխատանքային գրքույկում գրառումներ պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
Այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կամ այլ փաստաթղթերում գրառումը կատարված է սահմանված կարգի խախտումներով, ապա դրանց, որպես աշխատանքային ստաժի ապացույց, ընդունման հարցը որոշում է կենսաթոշակներ նշանակող մարմինը:
23. Փաստաթղթերի հիման վրա աշխատանքային գրքույկում ընդհանուր գումարայինով կատարված գրառումը հանդիսանում է աշխատանքային ստաժի ապացույց:
24. Այն դեպքերում, երբ վկաներից մեկը ցուցմունք է տալիս դիմողի աշխատանքի ավելի երկար ժամանակաշրջանի համար, քան մյուսը, ապա աշխատանքային ստաժը համարվում է երկու վկաների կողմից հաստատված ժամանակաշրջանը:
Կենսաթոշակներ նշանակող մարմինն իր հայեցողությամբ վկաներին կարող է հրավիրել անձնական ցուցմունք տալու կամ բավարարվել նրանց գրավոր ցուցմունքներով, եթե վկաների ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:
Առանձին դեպքերում կամ նրա աշխատանքի վերջին վայրի` ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության խնդրանքով կենսաթոշակներ նշանակող մարմինը կարող է փաստաթղթերով չհաստատված աշխատանքային ստաժը վկաների ցուցմունքներով հաստատել նաև մինչև կենսաթոշակի իրավունք տվող պայմաններ առաջանալը (օրինակ` մինչև տարիքային կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տարիքին հասնելը):
25. Եթե աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթում քաղաքացու անունը, հայրանունը կամ ազգանունը չի համընկնում անձնագրում կամ ծննդյան վկայականում նշված անվանը, հայրանվանը կամ ազգանվանը, ապա այդ փաստաթղթի տվյալ անձին պատկանելության փաստը կարող է որոշվել դատական կարգով:
26. Այն դեպքերում, երբ ներկայացված փաստաթղթերում նշված է միայն տարեթիվը, առանց ամսվա, ընդունվում է տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ եթե նշված չէ ամսաթիվը, ապա ընդունվում է համապատասխան ամսվա 15-ը:
թ>զ>ե>հայաստանի>