(ուժը կորցրել է 14.04.14 թիվ 479-Ն որոշում)
i
040.0996.260706
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հուլիսի 2006 թվականի N 996-Ն
i
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոնի և գործատուի միջև կնքվող աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի, ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի և աշխատավարձի փոխհատուցման ծրագրով աշխատող անմրցունակ անձանց մասին գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոն ներկայացվող տեղեկանքի ձևերը:
(2-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հուլիսի 13-ի
N 996-Ն որոշման
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոն) կողմից աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման ծրագրում (այսուհետ` փոխհատուցման ծրագիր) ընդգրկված` աշխատաշուկայում անմրցունակ աշխատանք փնտրող անձանց (այսուհետ` անմրցունակ անձ) հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն որոշում)
i
2. Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ, բացառությամբ 8.1-ին կետում նշված դեպքերի:
(2-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն որոշում)
i
3. Փոխհատուցման ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` զբաղվածության ամենամյա պետական ծրագրի համար հատկացված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն, 04.11.10 թիվ 1433-Ն որոշումներ)
i
4. Աշխատավարձի փոխհատուցումը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար: Ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով աշխատած օրերի թվով: Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց ժամանակավոր անաշխատունակության և նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածների համար փոխհատուցում չի տրամադրվում:
(4-րդ կետը փոփ. 04.11.10 թիվ 1433-Ն որոշում)
5. Աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
6. Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իսկ անմրցունակ այլ անձանց` մեկ տարի ժամկետով:
7. Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձի աշխատավարձի փոխհատուցման գումարը յուրաքանչյուր ամիս` վճարման հանձնարարականով, փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:
8. Աշխատավարձի փոխհատուցումը դադարեցվում է`
ա) սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում.
բ) սույն կարգի 6-րդ կետում նշված փոխհատուցման ծրագրի ժամկետը լրանալու դեպքում:
II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
i
8.1. Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիս նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ` նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:
(8.1-րդ կետը լրաց. 17.07.08 թիվ 751-Ն որոշում)
9. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում տեղադրում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվող փոխհատուցման ծրագրի մասին` նշելով ծրագրի նպատակը, ուղղվածությունը, փոխհատուցվող գումարի չափը և ծրագրում ընդգրկման ենթակա անմրցունակ անձանց խմբերը:
10. Փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն:
11. Եթե փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությամբ հաշմանդամին և առավել երկար ժամկետով` հաշվառված անմրցունակ մյուս անձանց:
12. Տարածքային կենտրոնը թափուր աշխատատեղի համար պահանջվող աշխատողի հայտ ներկայացրած գործատուի հետ փոխհատուցման ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց մասնակցությամբ բանակցում է անմրցունակ անձանց աշխատանքի ընդունելու և նրանց աշխատավարձը փոխհատուցելու հարցերով:
Բանակցությունների արդյունքում գործատուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագիր` այն անմրցունակ անձանց համար, որոնց գործատուն համաձայնվել է ընդունել աշխատանքի:
13. Գործատուն անմրցունակ անձանց հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` գործատուի և տարածքային կենտրոնի միջև կնքված աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրում նշված պայմաններով և գործողության ժամկետով:
14. Գործատուն պայմանագիրը կնքելուց հետո 5 օրվա ընթացքում պատճենը ներկայացնում է տարածքային կենտրոն:
15. Տարածքային կենտրոնը գործատուի հետ կնքած պայմանագրի օրինակը և աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է գործակալություն:
Աշխատանքի տեղավորված անմրցունակ անձանց ցուցակում նշվում է անձի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անմրցունակ անձի խումբը, կրթությունը և աշխատանքային ստաժը:
III. ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրը գործատուն տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք տվյալ ամսվա ընթացքում իր մոտ սույն կարգի 13-րդ կետում նշված աշխատանքային պայմանագրով աշխատող անմրցունակ անձանց մասին:
17. Գործատուից ստացած` սույն կարգի 16-րդ կետում նշված տեղեկանքի հիման վրա տարածքային կենտրոնը կազմում և մինչև տվյալ ամսվա 5-ը գործակալություն է ներկայացնում ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց աշխատավարձի փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ` ըստ գործատուների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
i
18. Գործակալությունը տարածքային կենտրոններից ստացված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների ամփոփված փոխհատուցման ծրագրի ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
(18-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն, 04.11.10 թիվ 1433-Ն որոշումներ)
i
19. Նախարարությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:
(19-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն, 04.11.10 թիվ 1433-Ն որոշումներ)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 04.11.10 թիվ 1433-Ն որոշում)
i
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո այն 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է գործատուի բանկային հաշվի համարին:
(21-րդ կետը փոփ. 04.11.10 թիվ 1433-Ն որոշում)
IV. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
22. Տարածքային կենտրոնը փոխհատուցման ծրագրի գրանցամատյանում կատարում է փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձի հաշվառում` նշելով`
ա) անձի անունը, ազգանունը և հայրանունը,
բ) ծննդյան տարեթիվը,
գ) անմրցունակ անձի խումբը.
դ) հաշվառման քարտի համարը.
ե) աշխատանքի ընդունած գործատուի լրիվ անվանումը, իսկ ֆիզիկական անձ գործատուի դեպքում` անունը, ազգանունը.
զ) աշխատավարձի փոխհատուցման մասին պայմանագրի վավերապայմանները.
է) գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վավերապայմանները.
ը) անձի զբաղեցրած պաշտոնը կամ աշխատանքի տեսակը.
թ) ծրագրի տևողությունը.
ժ) աշխատավարձի չափը.
ժա) փոխհատուցվող գումարի չափը` ըստ ամիսների:
23. Գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրվանից տարածքային կենտրոնը դադարեցնում է գործազրկության նպաստի իրավունք ունեցող անմրցունակ անձի գործազրկության նպաստի վճարումը և գործազուրկի կարգավիճակը:
24. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված, ինչպես նաև գործատուի կողմից նպատակային չօգտագործված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
25. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն է ներկայացնում գործակալության պետին փոխհատուցում ստացած գործատուների, փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ անձանց, տրամադրված ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ:
i
26. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
(26-րդ կետը փոփ. 17.07.08 թիվ 751-Ն, 04.11.10 թիվ 1433-Ն որոշումներ)