Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ     -ը:
 

(խմբ. 12.11.97 թիվ 45 հրաման)

i

301.0035.241095

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

24 հոկտեմբերի 1995 թ. թիվ Կ 35

 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն 1995 թ. հոկտեմբերի 24-ին կայացած վարչության կոլեգիայի նիստի որոշման, հաստատել

1. Ապրանքային և սպասարկման նշանների գրանցման հայտերի փորձաքննության անցկացման հրահանգը /չի ներկայացվել/.

2. Ապրանքային և սպասարկման նշանների նախկին ԽՍՀՄ գործող վկայականների վերագրանցման կարգը /չի ներկայացվել/.

3. Ապրանքների և ծառայությունների ցանկը բացատրություններով /չի ներկայացվել/.

4. Ապրանքային և սպասարկման նշանների հայտի ձևակերպման և ներկայացման կանոնները /չի ներկայացվել/

5. Գանգատարկման խորհրդի կանոնադրությունը և գանգատների ներկայացման ու քննարկման կարգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ 1995 Թ.

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի

ԹԻՎ Կ 35 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ) ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդը (այսուհետև` գանգատարկման խորհուրդ) ստեղծվել է Հայարտոնագրի պետի 1993 թ. հոկտեմբերի 14-ի թիվ Կ 41 հրամանով, «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածին համապատասխան:

1.2. Գանգատարկման խորհրդի հիմնական խնդիրներն են`

ա) լուծել ՀՀ-ում արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված վիճելի հարցերը.

բ) կատարելագործել գանգատների քննարկման ընթացակարգը, մասնակցել արտոնագրային փորձաքննության անցկացման գործընթացների իրավական հիմքերի կատարելագործմանը:

1.3. Հիմնական խնդիրներին համապատասխան գանգատարկման խորհուրդն ունի հետևյալ պարտականությունները`

ա) քննարկել գյուտի, օգտակար սարքի և արդյունաբերական նմուշի արտոնագիր չտալու, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանները (այսուհետև` ապրանքային նշան) չգրանցելու մասին փորձաքննության որոշումների վերաբերյալ հայտատուների գանգատները.

բ) քննարկել գյուտի, օգտակար սարքի և արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ, ինչպես նաև ապրանքային նշանը գրանցելու դեմ երրորդ անձանց գանգատները.

գ) ընդհանրացնել իր իրավասությանը վերաբերող նորմատիվ փաստաթղթերի օգտագործման պրակտիկան և դրա հիման վրա մշակել և սահմանված կարգով Հայարտոնագրի խորհրդի քննարկմանը ներկայացնել դրանց կատարելագործման, առանձին կանոնների և կանոնակարգերի մեկնաբանության, օգտագործման միատեսակության մասին առաջարկություններ.

դ) մասնակցել Հայարտոնագրի միջազգային համագործակցությանը` օտարերկրյա պետությունների արտոնագրային գերատեսչությունների փորձի ուսումնասիրման և օգտագործման հետ կապված հարցերում:

1.4. Իր գործունեության ընթացքում գանգատարկման խորհուրդը ղեկավարվում է ՀՀ օրենքներով, ՀՀ Ազգային Ժողովի որոշումներով, ՀՀ նախագահի հրամանագրերով, ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության որոշումներով ու կարգադրություններով, Հայարտոնագրի նորմատիվային փաստաթղթերով ու պետի հրամաններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ, և ապահովում է օրենսդրության կիրառումը:

1.5. Գանգատարկման խորհուրդը պատասխանատու է սույն կանոնադրությամբ իր վրա դրված խնդիրների և պարտականությունների կատարման համար:

1.6. Գանգատարկման խորհուրդ գանգատների ներկայացման և դրանց քննարկման կարգը սահմանում է Հայարտոնագիրը:

 

2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

2.1. Գանգատների քննարկման արդյունքում գանգատարկման խորհուրդը իրավասու է ընդունել հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու և փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումը օրինական ճանաչելու մասին:

Գանգատի վերաբերյալ գանգատարկման խորհրդի որոշումները պարտադիր են Հայարտոնագրի արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փորձաքննություն իրականացնող ստորաբաժանումների համար:

 

2.2. Գանգատարկման խորհուրդը իրավունք ունի`

ա) իր իրավասության սահմաններում նամակագրություն վարել նախարարությունների, վարչությունների, կազմակերպությունների, հայտատուների, արտոնագրատերերի (ապրանքային նշանների սեփականատերերի) և այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, նրանցից ստանալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար.

բ) իր ընդունած որոշումների մասին սահմանված կարգով տեղեկություններ ներկայացնել Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում հրապարակելու համար.

գ) իր նիստերին հրավիրել հայտատուներին, հեղինակներին, արտոնագրատերերին (ապրանքային նշանների սեփականատերերին) կամ նրանց ներկայացուցիչներին, Հայարտոնագրի աշխատակիցներին և այլ անձանց, ովքեր առնչվում են քննարկվող հարցերին.

դ) անհրաժեշտության դեպքում ներգրավել բարձրորակ մասնագետների և գիտնականների` հայտերի փորձաքննության հետ կապված հարցերի քննարկման համար:

 

3. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

 

Գանգատները քննարկելիս, գանգատարկման խորհրդի անունից որոշումներ ընդունելիս գանգատարկման խորհրդի անդամները (այսուհետև` խորհրդի անդամները) անկախ են և առաջնորդվում են միայն ՀՀ օրենքներով:

Խորհրդի անդամները որոշումները կայացնում են` հիմնվելով միայն օրենսդրության վրա, որևէ ազդեցության բացառման պայմաններում:

 

4. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1. Գանգատարկման խորհուրդը ստեղծված է Հայարտոնագրի պետի հրամանով և ունի հետևյալ կազմը` գանգատարկման խորհրդի նախագահ, նրա տեղակալ (Հայարտոնագրի բաժնի վարիչի կարգավիճակով) և խորհրդի անդամներ:

4.2. Գանգատարկման խորհրդի նախագահը ի պաշտոնե Հայարտոնագրի պետն է:

4.3. Գանգատարկման խորհրդի նախագահը ղեկավարում է գանգատարկման խորհրդի գործունեությունը և կազմակերպում է նրա աշխատանքը, բաշխում է պարտականությունները իր տեղակալի և խորհրդի անդամների միջև, լուծում է խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:

4.4. Գանգատարկման խորհրդի նախագահի տեղակալը նշանակվում ու ազատվում է պաշտոնից Հայարտոնագրի պետի հրամանով:

4.5. Գանգատարկման խորհրդի անդամների կազմը ձևավորվում է Հայարտոնագրի մասնագետներից` գանգատարկման խորհրդի նախագահի տեղակալի ներկայացմամբ, Հայարտոնագրի պետի հրամանով:

4.6. Գանգատարկման խորհրդի անդամների քանակական կազմը որոշվում է ըստ տարվա ընթացքում ներկայացված գանգատների քանակի, ինչպես նաև հաշվի առնելով մեկ գանգատի քննարկման համար ծախսվող, գիտականորեն հիմնավորված ժամանակը:

 

5. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈԼԵԳԻԱՆ

 

5.1. Քննարկման ընդունված գանգատները քննարկվում են կոլեգիալ կարգով` գանգատարկման խորհրդի առնվազն երեք անդամներից բաղկացած կազմով, որը ձևավորվում է խորհրդի նախագահի կամ նրա տեղակալի կողմից:

Այդ կազմում չպետք է ներգրավվեն գանգատը ներկայացնող անձի հետ ազգակցական կապեր ունեցող, ինչպես նաև փորձաքննությանը մասնակցած խորհրդի անդամները:

Խորհրդի նախագահը և նրա տեղակալը կարող են ընդգրկվել կոլեգիայի կազմում և լինել դրա ղեկավարը:

5.2. Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

Նշված պարագաներից ցանկացածի առկայության դեպքում կոլեգիայի կազմում ընդգրկված խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկ հայտարարել: Այդ դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ 1995 Թ.

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի

ԹԻՎ Կ 35 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն կարգը սահմանված է Հայարտոնագրի գանգատարկման խորհրդի կանոնադրության 1.6 կետին համապատասխան և նախատեսված է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված գանգատների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերին կանոնավորման համար:

 

2. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

 

Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ (այսուհետ` նաև խորհուրդ) կարող են ներկայացվել հետևյալ գանգատները:

2.1. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր չտալու մասին նախնական փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.2. Գյուտի արտոնագիր չտալու մասին վերջնական փորձաքննության որոշման վերաբերյալ:

2.3. Ապրանքային կամ սպասարկման նշանի (այսուհետև` ապրանքային նշան) հայտը քննարկման չընդունելու կամ նշանը չգրանցելու մասին փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում` նշանը չգրանցելու մասին վերջնական մերժումները*, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` ըստ Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 1, 2 և 5 կետերի:

2.4. Ապրանքային նշանը գրանցելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության որոշման վերաբերյալ, այդ թվում`

ա) ապրանքային նշանի մեկ կամ մի քանի տարրերը փորձաքննության կողմից պաշտպանությունից հանելու դեպքում.

բ) ապրանքային նշանը գրանցելու համար հայտատուի կողմից ներկայացված ապրանքների ցանկը փորձաքննության կողմից փոփոխելու դեպքում:

2.5. Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ:

2.6. Ապրանքային նշանի գրանցման դեմ, այդ թվում` Մադրիդյան համաձայնագրի 5 հոդվածի 6 կետին համապատասխան:

 

3. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

3.1. Սույն կարգի 2.1 - 2.4 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

Սույն կարգի 2.5 և 2.6 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է ցանկացած անձի, այդ թվում` հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները գանգատների ներկայացման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Գանգատարկողի ներկայացուցչի (այդ թվում` արտոնագրային հավատարմատարի) միջոցով ներկայացվող գանգատին կցվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձևակերպված լիազորագիրը:

3.2. Գանգատում նշվում են` գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի հայտի գրանցման համարը, իսկ պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում` արտոնագրի և (կամ) վկայականի գրանցման համարը, գանգատարկողի ազգանունը, անունը, հայրանունը կամ ձեռնարկության լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:

3.3. Սույն կարգի 2.1 կետին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.2 - 2.4 կետերին համապատասխան գանգատը ներկայացվում է հայտատուի կողմից որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում:

3.4. Սույն կարգի 2.5 կետին համապատասխան գանգատը ներկայացվում է արտոնագրի գործողության ամբողջ ժամկետում:

Սույն կարգի 2.6 կետին համապատասխան, ապրանքային նշանի գրանցման դեմ գանգատը ներկայացվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետում, միայն ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգի (այսուհետև` Ժամանակավոր կանոնակարգ) 3 և 7 - 8 կետերում բերված պահանջների խախտման դեպքում և 5 տարվա ընթացքում Ժամանակավոր կանոնակարգի 9 - 10-րդ կետերի համաձայն:

3.5. Գանգատին կցվում է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը:

Սահմանված տուրքի վճարման անդորրագիրը գանգատին չկցելու դեպքում գանգատը համարվում է չներկայացված:

3.6. Սույն կարգի 3.3 կետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում գանգատը կարող է քննարկման ընդունվել բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագրի առկայության դեպքում: Խնդրագիրը ներկայացվում է գանգատի հետ միաժամանակ, որպես դրա բաղկացուցիչ մաս կամ գանգատին կից հավելվածի տեսքով:

Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող գանգատի ներկայացման բաց թողած ժամկետների վերականգնման մասին խնդրագիրը ներկայացվում է ժամկետի ավարտման օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող խնդրագիրը` երեք ամսվա ընթացքում:

Այս դեպքում գանգատի և խնդրագրի հետ միասին պետք է ներկայացվի բաց թողած ժամկետները վերականգնելու համար համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը:

Բաց թողած ժամկետների վերականգնման համար սահմանված տուրքի վճարման անդորրագիրը չկցելու դեպքում գանգատը և խնդրագիրը համարվում են չներկայացված:

3.7. Հայտատուի խնդրանքով, ավելորդ մուծված տուրքի գումարը կարող է վերադարձվել հայտատուին կամ սահմանված կարգով հաշվի առնվել այլ տուրքերի վճարման ժամանակ:

3.8. Սույն կարգի 2.1 - 2.4 կետերին համապատասխան գանգատը պետք է պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ, վերաբերի գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի մեկ հայտի և ներկայացվի երկու օրինակից:

3.9. Սույն կարգի 2.5 և 2.6 կետերին համապատասխան գանգատը պետք է պարունակի պաշտպանական փաստաթուղթը և (կամ) գրանցումը ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ, վերաբերի մեկ պաշտպանական փաստաթղթի և (կամ) մեկ գրանցման ու ներկայացվի երկու օրինակից:

3.10. Սույն կարգի 2.5 կետին համապատասխան գանգատը պետք է պարունակի «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և (կամ) «գ» կետերով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

3.11. Սույն կարգի 2.6 կետին համապատասխան գանգատը պետք է պարունակի Ժամանակավոր կանոնակարգի 32-րդ կետով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

 

4. ԳԱՆԳԱՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

4.1. Որպես գանգատ քննարկվում է խորհուրդ ներկայացված, սույն կարգի 2, 3.1 - 3.4 և 3.8 - 3.11 կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր դիմումը:

4.2. Խորհուրդ ներկայացված գանգատը գրանցվում է, և դրան տրվում է մտից համար:

4.3. Գանգատի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում գանգատարկողին ուղարկվում է ծանուցագիր գանգատը քննարկման ընդունելու մասին, որի մեջ նշվում է խորհրդի կոլեգիայի նիստում գանգատի քննարկման թվականը:

Սույն կարգի 2.5 - 2.6 կետերին համապատասխան գանգատը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր է ուղարկվում նաև վիճարկվող պաշտպանական փաստաթղթի սեփականատիրոջը` կցելով դրան գանգատի պատճենը` վիճարկման վերաբերյալ իր նկատառումները ներկայացնելու համար, ինչը կարող է արվել ոչ ուշ, քան կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 10 օր առաջ:

Ապրանքային նշանի սեփականատիրոջը, որի նշանը գրանցվել է նշանների միջազգային գրանցման Մադրիդյան համաձայնագրի համաձայն, վերը նշված ծանուցագիրը ուղարկվում է անմիջականորեն նշանի սեփականատիրոջ հասցեով: Ընդ որում նշվում է, որ վիճարկվող պաշտպանական փաստաթղթի վերաբերյալ նա կարող է ներկայացնել իր նկատառումները և գանգատի քննարկման հետ կապված գործերը վարել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, ինչպես դա նախատեսված է սույն կարգի 3.1 կետի 3-րդ մասով:

Կոլեգիայի բոլոր ծրագրված նիստերի անցկացման ժամկետների մասին խորհուրդը տեղեկացնում է Հայարտոնագրի համապատասխան փորձաքննական ստորաբաժանմանը (այսուհետև` փորձաքննության բաժին):

4.4. Այն դեպքում, երբ խորհուրդ ներկայացված դիմումը չի համապատասխանում սույն կարգի 3.1 - 3.4 կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ 3.1 կետի 4-րդ մասով նախատեսված լիազորագրի ձևակերպմանը վերաբերող պահանջների, դիմումի ստացման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում գանգատարկողին ծանուցագիր է ուղարկվում այն մասին, որ ստացված դիմումը որպես գանգատ քննարկման ենթակա չէ:

Այն դեպքում, երբ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 3.8 - 3.11 կետերով, 3.1 կետի 4-րդ մասով նախատեսված պահանջներին, դիմումի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում գանգատարկողին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում դիմումը որպես գանգատ քննարկելու համար անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնելու առաջարկությամբ:

Պահանջված տեղեկությունները ժամանակին ներկայացնելու դեպքում, գանգատի ստացման թվական է համարվում խորհրդի կողմից դրանց ստացման թվականը, ընդ որում սույն կարգի 4.3 կետի համաձայն, մեկ ամսվա ընթացքում գանգատարկողին ուղարկվում է ծանուցագիր` գանգատը քննարկման ընդունելու մասին:

Նշված եռամսյա ժամկետում պահանջված տեղեկությունները չներկայացնելու դեպքում, դիմումը որպես գանգատ քննարկման չի ընդունվում, ինչի մասին խորհուրդը, հարցումն ուղարկելու օրվանից հինգ ամիսը լրանալուն պես, ծանուցում է գանգատարկողին:

4.5. Սույն կարգի 4.3 և 4.4 կետերում նշված ծանուցումները և հարցումները ստորագրվում են խորհրդի նախագահի կամ նրա տեղակալի կողմից:

 

5. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5.1. Սույն կարգի 2.1 կետին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.2 - 2.4 և 2.6 կետերին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից եռամսյա ժամկետում:

Սույն կարգի 2.5 կետին համապատասխան գանգատը քննարկվում է դրա ստացման օրվանից 6-ամսյա ժամկետում:

5.2. Ցանկացած անձ, որին ուղարկվել է գանգատը քննարկման ընդունելու մասին ծանուցագիր սույն կարգի 4.3 կետին համաձայն, կարող է դիմել խորհուրդ կոլեգիայի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 4.1 կետին համապատասխան ժամկետների սահմաններում:

Դիմումը ներկայացվում է գրավոր և դրա բավարարման դեպքում նշանակվում է կոլեգիայի նիստի անցկացման նոր թվական, ինչի մասին ծանուցվում են գանգատի քննարկման բոլոր մասնակիցները:

Կողմերից մեկի խնդրանքով և քննարկման բոլոր մասնակիցների համաձայնությամբ, գանգատի քննարկման սկիզբը կարող է հետաձգվել, բայց ոչ ավելի, քան վեց ամիս, սկսած սույն կարգի 5.1 կետով սահմանված ժամկետի ավարտի օրվանից:

 

6. ԳԱՆԳԱՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ

 

6.1. Գանգատը քննարկվում է խորհրդի կոլեգիայի նիստում քննարկմանը մասնակցող անձանց պարտադիր ներկայությամբ:

Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն գանգատարկողի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև փորձաքննության վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակի կամ անուղղակի մասնակցած անձինք:

6.2. Գանգատի քննարկմանը կարող են մասնակցել գանգատարկողը, պաշտպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց լիազորած ներկայացուցիչը և փորձաքննության բաժնի ներկայացուցիչները:

Հայարտոնագրի աշխատակիցները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

6.3. Ցանկացած մասնակից, անհրաժեշտության դեպքում, կարող է կողմնակի կազմակերպությունից մասնագետներ հրավիրել գանգատի քննարկմանը մասնակցելու համար:

Այն հայտերով, որոնց մասին դեռևս տեղեկությունները չեն հրապարակվել, կողմնակի կազմակերպություններից մասնագետների հրավիրումը հնարավոր է միայն հայտատուի համաձայնության դեպքում:

6.4. Քննարկման մասնակիցները իրավունք ունեն նախօրոք ծանոթանալ գործի նյութերին, դրանցից քաղվածքներ և պատճեններ անել, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալ մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնել, տալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ քննարկվող հարցի էության վերաբերյալ, որոնք կցվում են կոլեգիայի նիստի արձանագրությանը:

6.5. Կոլեգիայի նիստի անցկացման տեղի և թվականի մասին ծանուցում ստացած մասնակցի նիստին չներկայանալը չի խոչընդոտում գանգատի քննարկմանը:

Սակայն կոլեգիան իրավասու է մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, անհնար համարելով գանգատի քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

6.6. Կոլեգիայի նիստը հետաձգելու կամ այն կրկին անգամ անցկացնելու անհրաժեշտության դեպքում նիստի անցկացման նոր ժամկետը կարող է նշանակվել ոչ շուտ, քան առաջինից մեկ ամիս անց, հետաձգելով նաև գանգատի քննարկման ժամկետը, ինչը պետք է համաձայնեցվի գանգատարկողի հետ:

6.7. Նիստը ղեկավարում է կոլեգիայի նախագահը, ապահովելով գանգատի ամբողջական, բազմակողմանի և անկողմնակալ քննարկումը: Նախագահողը բացում է կոլեգիայի նիստը, ներկայացնում է կոլեգիայի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

6.8. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամի (անդամների)` սույն կարգի 6.1 կետում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի գործի ըստ էության քննարկումից առաջ:

Բացարկը քննարկվում է կոլեգիայի անդամների կողմից, և այն բավարարելու դեպքում նշանակվում է կոլեգիայի նոր կազմ, որը որոշում է գանգատի քննարկման նոր ժամկետը:

6.9. Գանգատի ըստ էության քննարկումն սկսվում է նախագահողի կամ կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով:

Գործի հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

ա) գանգատարկողի և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը,

բ) փորձաքննության բաժնի ներկայացուցչի ելույթը.

գ) արտոնագրատիրոջ (ապրանքային նշանի սեփականատիրոջ) ելույթը պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում,

դ) կողմերի պատասխանները կոլեգիայի անդամների հարցերին:

6.10. Գործի էության քննարկման ընթացքում կոլեգիան սահմանափակվում է փորձաքննության ընթացքում քննարկված նյութերով և լրացուցիչ որոնումներ չի կատարում:

6.11. Նոր ներկայացված տեղեկությունների վերաբերյալ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում, կոլեգիայի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 6.6 կետի դրույթներին համապատասխան:

6.12. Կոլեգիայի նիստի ընթացքը արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:

Արձանագրությունը կցվում է գործին:

6.13. Կոլեգիայի նիստի արձանագրությունը վարում է կոլեգիայի քարտուղարը, որը նշանակվում է նախագահողի կողմից` կոլեգիայի անդամներից:

6.14. Արձանագրության մեջ նշվում են`

նիստի անցկացման թվականը.

կոլեգիայի անդամների և նիստի մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

քննարկվող հայտի, արտոնագրի և (կամ) նշանի վկայականի համարը և օբյեկտի անվանումը (նշանի պատկերը).

գործի գրանցման համարը.

տեղեկություններ նիստի մասնակիցների մասին.

գանգատում կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ շարադրանքը.

կոլեգիայի որոշման բանաձևային մասը:

6.15. Քննարկմանը մասնակցող անձինք և կոլեգիայի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է կոլեգիայի նիստի արձանագրությանը:

6.16. Արձանագրությունը հրապարակում է նախագահողը և այն տրվում է կոլեգիայի անդամներին` ստորագրության:

 

7. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

7.1. Սույն կարգի 2.1 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի ժամանակավոր արտոնագիր տալու կամ հայտը վերջնական փորձաքննության ուղարկելու մասին.

բ) գանգատը բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ հայտարարելու և օգտակար սարքի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին.

գ) գանգատը մերժելու և նախնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.2. Սույն կարգի 2.2. կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, վերջնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և գյուտի արտոնագիր տալու մասին.

բ) գանգատը մերժելու և վերջնական փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.3. Սույն կարգի 2.3 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և հայտը քննարկման ընդունելու մասին.

բ) գանգատը բավարարելու, հայտարկվող նշանի փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանը գրանցելու մասին.

դ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.4. Սույն կարգի 2.4 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, փորձաքննության որոշումը փոփոխելու և գանգատով նախատեսված փոփոխություններով` հայտարկվող նշանը գրանցելու մասին.

բ) գանգատը բավարարելու և հայտարկվող նշանի գրանցումը մերժելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու մասին.

գ) գանգատը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

7.5. Սույն կարգի 2.5 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, արտոնագիր տալու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ որոշումը փոփոխելու և պաշտպանական փաստաթուղթն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և պաշտպանական փաստաթուղթն ուժի մեջ թողնելու մասին:

7.6. Սույն կարգի 2.6 կետին համապատասխան գանգատի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

ա) գանգատը բավարարելու, ապրանքային նշանը գրանցելու մասին փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու և կամ նշանի գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

բ) գանգատը մերժելու և նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին:

 

8. ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

8.1. Գանգատի քննարկումը կոլեգիայի նիստում (նիստերում) ավարտելու և արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կոլեգիան խորհրդի անունից գանգատի վերաբերյալ ընդունում է հիմնավորված որոշում:

8.2. Կոլեգիան որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կոլեգիայի ղեկավարի ձայնը վճռորոշ է:

8.3. Սահմանված ձևով կազմված որոշումն ստորագրվում է կոլեգիայի բոլոր անդամների կողմից:

Կոլեգիայի ցանկացած անդամի հատուկ կարծիքը գրանցվում է որոշման մեջ, կոլեգիայի անդամների ստորագրություններից հետո կամ որոշման հավելվածում:

8.4. Խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճենը` ոչ ուշ, քան որոշումը ընդունելուց 15 օր հետո ուղարկվում է գանգատարկողին, իսկ պաշտպանական փաստաթղթի վիճարկման դեպքում` նաև դրա սեփականատիրոջը:

8.5. Խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը սույն կարգի 8.4 կետում նշված անձանց ուղարկելու օրվանից:

8.6. Խորհրդի որոշման հետ չհամաձայնվելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել դատարան:

 

9. ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Գործի նյութերը վերադարձվում են փորձաքննության բաժին` ընդունված որոշմանը համապատասխան հետագա գործավարության համար:

9.2. Խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում փորձաքննության բաժինը ընդունում է նոր, խորհրդի որոշմանը համապատասխան որոշում:

9.3. Գործը կոլեգիայի նիստի արձանագրության և խորհրդի որոշման պատճենի հետ միասին պահվում է խորհրդում, մինչև արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին ՀՀ համապատասխան օրենքով խորհրդի որոշումները դատարանում բողոքարկելու համար բոլոր սահմանված ժամկետների ավարտը:

 

____________________

* Մադրիդյան համաձայնագրին համապատասխան

 

 

pin
Արտոնագրային վարչություն
24.10.1995
N Կ35
Հրաման