(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-137-Ն օրենք)
i
010.0155.120706
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2006 թվականի հուլիսի 7-ին
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ հոդվածով.
«Հոդված 18.1. Արդարադատության խորհուրդը վեց ամիս ժամկետով ձևավորում է խորհրդի երեք անդամներից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավորներ և մեկ իրավաբան-գիտնական: Կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով` հիմք ընդունելով խորհրդի անդամի ընտրության կամ նշանակման ամսաթիվը: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են ավելի շուտ ընտրված կամ նշանակված խորհրդի անդամները: Խորհրդի անդամների ընտրության կամ նշանակման ամսաթվերի համընկնման դեպքում կարգապահական հանձնաժողովի կազմը ձևավորվում է խորհրդի անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ: Կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նա փոխարինվում է ռոտացիոն կարգով` խորհրդի համապատասխանաբար իրավաբան-գիտնական և դատավոր անդամների ազգանունների այբբենական հերթականությամբ:
Կարգապահական հանձնաժողովում ընդգրկված խորհրդի անդամներն իրենց դիմումի հիման վրա հարցերը քննարկելիս չեն մասնակցում քվեարկությանը:
Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի`
- առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդությամբ դիմելու արդարադատության խորհուրդ.
- կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի, վերաքննիչ, տնտեսական դատարանների դատավորի, դատարանի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի նկատմամբ.
- դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ.
- վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցով միջնորդություն ներկայացնելու արդարադատության խորհրդին:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
i
1) ուժը կորցրած ճանաչել առաջին մասը.
2) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արդարադատության նախարարը, կարգապահական հանձնաժողովը, վճռաբեկ դատարանի նախագահը կամ գլխավոր դատախազը «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31.1 հոդվածով նախատեսված դեպքերում խորհրդին են ներկայացնում դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, դատավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու առաջարկության համար հիմք հանդիսացող նյութերը:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը:
ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
12 հուլիսի 2006 թվականի
ՀՕ-155-Ն