Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄ ...

04.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2009  -ից մինչեւ   04.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 18.02.10 թիվ 137-Ն որոշում)

i

040.0471.190406

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 471-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հարկային հավաքագրումներում ինքնագնահատման համակարգի ներդրման ռազմավարական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 14.05.09 թիվ 537-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, փոստային կապի ազգային օպերատորի հետ համատեղ քննարկված փոստի միջոցով հարկային մարմին հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված խնդիրների կարգավորման վերաբերյալ:

i

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը կանոնակարգել փոստային կապի ազգային օպերատորի կողմից պատվիրված նամակների ընդունման գործընթացը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 14.05.09 թիվ 537-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 741-Ն որոշման

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն պարզեցված ընթացակարգով կանոնակարգվում է հարկ վճարողների և ապահովադիրների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով հարկ վճարողներ) հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այսուհետ` օրենսդրություն) նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:

2. Հարկ վճարողները կարող են հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնել միայն պատվիրված նամակով (այսուհետ` նամակ):

Հաշվետվությունները պատվիրված նամակով հարկային տեսչություն ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը կատարում է հարկ վճարողը:

3. Հարկ վճարողները հաշվետվությունները փոստի միջոցով ներկայացնում են իրենց հաշվառման հարկային տեսչության հասցեով: Հարկ վճարողների կողմից իրենց հաշվառման հարկային տեսչության փոխարեն այլ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններ ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին` փոստի միջոցով կամ առձեռն` հարկ վճարողի կողմից հաշվետվությունների հետստացման վերաբերյալ ստորագրությամբ:

4. Հաշվետվությունները փոստի միջոցով հարկային տեսչություն ներկայացնելու օր է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Ծրարի վրա փոստային բաժանմունքի կողմից նամակի ընդունման օրը հավաստող օրացուցային կնիքի արտատիպի բացակայության կամ վնասվածության, կամ դրա բացահայտ անընթեռնելիության դեպքում այդ նամակները չեն ընդունվում հարկային տեսչության կողմից: Ընդ որում, հաշվետվությունը համարվում է ներկայացված, եթե այն ներկայացվել է մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը:

Հարկային տեսչության կողմից հարկ վճարողին հաշվետվությունների հետ վերադարձման օր է համարվում փոստային բաժանմունքի կողմից այդ հաշվետվությունների ընդունման օրը:

5. Նամակի ծրարի վրա պարտադիր պետք է նշված լինի հարկ վճարողի գտնվելու վայրի (պետական գրանցման վայրի) հետադարձ հասցեն: Այն ծրարները, որոնց վրա բացակայում է հետադարձ հասցեն, հարկային տեսչության կողմից չեն ընդունվում:

6. Նամակում հաշվետվությունների հետ առանձին լրացվում է պարունակության նկարագրությամբ թերթիկ (այսուհետ` թերթիկ)` նամակում պարունակվող հաշվետվությունների ցանկի` համապատասխան անվանումների և էջերի քանակի վերաբերյալ: Թերթիկն ստորագրվում, կնքվում է հարկ վճարողի կողմից և ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին: Թերթիկի բացակայության դեպքում փոստի միջոցով ներկայացված բոլոր հաշվետվությունները հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ փոստի միջոցով կամ առձեռն` համապատասխան հիմնավորմամբ հետ են վերադարձվում հարկ վճարողին: Ընդ որում, հաշվետվությունները հարկ վճարողին հետ վերադարձված չեն համարվում, եթե նամակում բացակայում է հարկային տեսչության անվանումը, կնիքը և ամսաթիվը:

7. Փոստի միջոցով ներկայացված հաշվետվությունների` հարկային տեսչության կողմից ընդունման ժամանակ պարտադիր ստուգվում են օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններում պարտադիր լրացման ենթակա հետևյալ տվյալները`

ա) հարկ վճարողի լրիվ անվանումը,

բ) հարկ վճարողի հաշվառման համարը,

գ) հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում են հաշվետվությունները,

դ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի և (կամ) գլխավոր հաշվապահի ստորագրությունը և (կամ) կնիքը:

8. Սույն պարզեցված ընթացակարգի 7-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված տվյալներից որևէ մեկի` հաշվետվությունում բացակայության կամ հաշվետվությունն օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի վրա լրացված չլինելու, կամ թերթիկում նշված որևէ հաշվետվություն կամ այդ հաշվետվության անբաժանելի մասը կազմող փաստաթղթի բացակայության դեպքում հաշվետվությունը համարվում է չներկայացված, և հարկային տեսչության կողմից այդ հաշվետվություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորություններ ունեցող հարկային տեսչության պաշտոնատար անձի գրությամբ դրա մասին փոստով տեղեկացվում է հարկ վճարողին:

9. Սույն պարզեցված ընթացակարգով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները կարվում են հարկ վճարողի հարկային գործում, իսկ չներկայացվածների մասին հարկային գործում կատարվում է համապատասխան նշում:

 

(1-ին հավելվածը փոփ. 14.05.09 թիվ 537-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 471-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ` կարգը) կանոնակարգվում է հարկ վճարողների և ապահովադիրների կողմից (այսուհետ` սույն կարգի իմաստով` հարկ վճարողներ)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները (այսուհետ` հաշվետվություններ) էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու գործընթացը:

2. Հարկ վճարողները կարող են հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային թվային ստորագրության ու ծածկագրի և գաղտնաբառի (Login & Password) միջոցով:

3. Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացված հաշվետվությունները հարկման առումով ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ հարկային մարմնի կողմից հաստատված ձևաչափին համապատասխան թղթային կրիչի վրա անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված (իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված) փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության` բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

4. Հարկային մարմինը հարկերից տարբերվող` իր կողմից հավաքագրվող այլ տեսակի պարտադիր վճարների հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու համար հաստատում է ժամանակացույց` հաշվի առնելով դրանց գծով համապատասխան ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը և տեխնիկական հնարավորությունները: Ժամանակացույցում ներառված բոլոր միջոցառումներն ավարտվում են մինչև 2010 թվականի հունիսի 30-ը:

5. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

1) էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելը` առանց թղթային կրիչի վրա տեղադրելու` հաշվետվությունները ֆիզիկապես հարկային մարմին ուղարկելու կամ առձեռն կամ այլ կերպ հասցնելու, դրանք ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաների օգտագործմամբ ներկայացնելը: Վերջինիս իրականացման թույլատրելի եղանակն էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ իրականացնելն է` ներառելով նաև էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործումը.

2) էլեկտրոնային թվային ստորագրություն` սահմանումը համապատասխանում է և կիրառումը կարգավորվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքով.

3) էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ` էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է նաև էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

i

6. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացվում են հետևյալ չորս գործողությունների միջոցով`

1) հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրության հավաստագրի ստացում.

2) հարկային մարմնի հետ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի կնքում (այսուհետ` ԷՆՊ): ԷՆՊ-ում նշվում են պայմանագրի առարկան և ծառայությունների մատուցման պայմանները, հարկ վճարողի կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնող անձի անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, հարկ վճարողի և հարկային մարմնի իրավունքներն ու պարտականությունները, համակարգի տեխնիկական խափանումների դեպքում` հարկ վճարողի կողմից հաշվետվությունները պատշաճ ձևով և ժամկետներում ներկայացված լինելու հավաստման ընթացակարգը, վեճերի քննարկման կարգը, կողմերի պատասխանատվությունը, պայմանագրի գործողության ժամկետը և այլ պայմաններ: Պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը.

3) ԷՆՊ-ի հիման վրա հարկային մարմնից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի ստացում.

4) համապատասխան համակարգչային ծրագրերի և սարքերի միջոցով հաշվետվությունները ներկայացնելը և տեղեկատվություն փոխանակելը:

Սույն կետի առաջին երեք գործողություններն իրականացվում են միայն առաջին անգամ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունների ժամանակ:

7. Էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ ստանալու համար ներկայացվող փաստաթղթերն են`

1) հարկ վճարողի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը կամ հրամանը` հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործման և դրանք հարկային մարմնից ստանալու (ներառյալ` ԷՆՊ կնքելու) իրավասու անձ լինելու մասին.

2) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

3) ԷՆՊ-ն` ըստ հարկային մարմնի կողմից հաստատված օրինակելի ձևի (լրացվում է հարկային մարմնում` վերջինիս կողմից հաստատված ձևով, և կնքվում մեկ աշխատանքային օրվա ընթացքում):

8. Հարկ վճարողները հարկային մարմնի հետ ԷՆՊ կնքելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փակ ծրարի միջոցով առձեռն ստանում են համապատասխան էլեկտրոնային գաղտնաբառը և ծածկագիրը: Հարկ վճարողներն իրենք են պատասխանատու էլեկտրոնային գաղտնաբառի և ծածկագրի գաղտնիության պաշտպանության, այն չտարածելու և պահպանելու համար: Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում հարկ վճարողը պետք է դիմի հարկային մարմին` գաղտնաբառը վերականգնելու կամ նոր գաղտնաբառ ստանալու համար` ներկայացնելով համապատասխան դիմում և պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` համաձայն ԷՆՊ-ի: Գաղտնաբառը վերականգնվում է, կամ նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով:

9. Հարկ վճարողը էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար`

1) մուտք է գործում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) «էլեկտրոնային հաշվետվություններ» բաժին, ընտրում է համապատասխան հաշվետվության ձևը, լրացնում, ստորագրում և հաստատում է, որից հետո հաշվետվությունն ավտոմատ ուղարկվում է հարկային մարմին.

2) համապատասխան հաշվապահական ծրագրից գեներացված կամ ցանկացած այլ էլեկտրոնային եղանակով կազմված և հարկային մարմնի հաստատած ձևաչափին (ֆորմատին) համապատասխանող հաշվետվությունն ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ և ուղարկում համապատասխան հասցեով կամ էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի միջոցով գրանցվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի «էլեկտրոնային հաշվետվություններ» բաժնի հարկ վճարողի դարանում, և յուրաքանչյուր հերթական անգամ մուտք գործելով այնտեղ, կցում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված հաշվետվությունը և հաստատում, որից հետո հաշվետվությունն ավտոմատ ուղարկվում է հարկային մարմին: Էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացվող հաշվետվությունները պետք է համապատասխանեն գործող իրավական ակտերով սահմանված ձևերին և դրանց լրացման պահանջներին (բացառությամբ ձեռագիր ստորագրման ձևի և կնքման պահանջների):

10. Հաշվետվությունները պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում համակարգը հարկ վճարողին (համակարգից օգտվողին) կներկայացնի հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում: Ծանուցումը հավաստում է այն փաստը, որ հաշվետվությունը տվյալ օրը և ժամին, հարկային մարմնի տեղեկատվական համակարգում գործող համապատասխան համակարգչային ծրագրով ձևավորված գրանցման համարով, ներկայացվել ու գրանցվել է հարկային մարմնի տվյալների բազայում: Դա կհանդիսանա հարկային մարմին հաշվետվությունը ներկայացնելու օր: Հարկ վճարողը հնարավորություն կունենա տպելու իր կողմից ուղարկված հաշվետվությունը, ինչպես նաև նշված ծանուցումը: Հարկ վճարողի կատարած գործողությունների լիարժեք պատմությունը պահպանվում է հարկային մարմնի կայք էջի նրա դարանում, որտեղից նա կարող է բեռնել տեղեկատվությունը, տպել և տեղափոխել: Հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվետվությունները ենթակա չեն փոփոխման:

11. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը մի քանի հաշվետվություններ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվելու դեպքում, այդ թվում` թղթային տարբերակով, նախորդ հաշվետվությունները կտեղափոխվեն և կպահպանվեն տվյալների բազայում, իսկ ներկայացված վերջին հաշվետվությունը կպահպանվի` որպես ճշգրտված հաշվետվություն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հաշվետվությունները ներկայացնելու վերջնաժամկետից հետո առաջին անգամ ներկայացված հաշվետվությունները կգրանցվեն որպես ուշ ներկայացված հաշվետվություններ, իսկ նույն հաշվետու ժամանակաշրջանի համար մեկ անգամից ավելի ներկայացված հաշվետվությունները կհամարվեն ճշգրտված հաշվետվություններ: Երկրորդ և ավելի անգամ ճշգրտված հաշվետվություններ ներկայացնելու համար օրենքով տուգանք նախատեսված լինելու դեպքում` համակարգն ավտոմատ կուղարկի ծանուցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տուգանք նշանակելու մասին, և տուգանքը կգրանցվի հարկ վճարողի անձնական հաշվի համապատասխան քարտերում:

12. Թղթային և էլեկտրոնային կրիչներով տրամադրվող հաշվետվությունները մշակվում են հարկային մարմնի կողմից: Մշակված տվյալները տրամադրվում են հարկ վճարողին` էլեկտրոնային փոստով կամ կցելով հարկային մարմնի կայք էջի հարկ վճարողի բաժնին: Հարկ վճարողը, տեսնելով անհամապատասխանություն իր ուղարկած և մշակված տեղեկատվության միջև, դրա մասին տեղեկացնում է հարկային մարմնին:

13. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը:

 

(2-րդ հավելվածը լրաց. 14.05.09 թիվ 537-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 471-Ն
Որոշում