(ուժը կորցրել է 01.01.99թ` 17.06.98 թիվ ՀՕ-229 օրենք)
i
010.0147.281097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«7» հոկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գլուխ 34
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 389. Ապահովագրության մասին օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 390. Ապահովագրության ձևերը
Ապահովագրությունն իրականացվում է կամավոր և պարտադիր ապահովագրության ձևերով:
Հոդված 391. Պարտադիր ապահովագրությունը
Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են օրենքով:
Հոդված 392. Ապահովագրության պայմանագիրը
Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պայմանագրում նշված ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ պարտավորվում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրին (նրա իրավահաջորդին) կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, կատարել ապահովագրական հատուցում` ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
Ապահովադիրը պարտավորվում է ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումներ:
Հոդված 393. Ապահովագրության կանոնները
Ապահովագրության կանոնները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և ապահովագրության պայմանագրերով»:
28 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-147