(ուժը կորցրել է 21.10.10 թիվ 1442-Ն որոշում)
i
040.1901.191105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2005 թվականի N 1901-Ն
i
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի` Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի` Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման հավաստագրերի ձևերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի նոյեմբերի 9-ի
N 1901-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են անասնաբուծության բնագավառում օգտագործվող տոհմանյութի` Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման գործընթացը և մասնակիցների միջև փոխհարաբերությունները:
2. Սույն կարգի նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետություն անվտանգ և որակյալ տոհմանյութի ներկրմանն ու արտահանմանը նպաստելը,
բ) տոհմանյութի ներկրման և արտահանման նկատմամբ պետական վերահսկողության գործընթացի իրականացմանն աջակցելը,
գ) չգրանցված, ժամկետանց և անորակ տոհմանյութի ներկրումը և արտահանումը կանխելը:
3. Սույն կարգը տարածվում է «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Արտահանում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմներով ներկրվող և արտահանվող տոհմանյութի վրա:
4. Տոհմանյութը ներկրվում կամ արտահանվում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնի կողմից տրվող տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագրերով:
5. Ներկրման կամ արտահանման հավաստագրերը գործում են մինչև տոհմանյութի պիտանիության ժամկետի ավարտը և տրվում են 3 օրինակից: Առաջին օրինակը մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է մաքսային ձևակերպում իրականացնող մարմին: Երկրորդ օրինակը` մնում է ներմուծող կամ արտահանող ֆիզիկական կամ իրավաբանական անձի մոտ: Երրորդ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության լիազորված պետական մարմնում:
6. Ներկրման կամ արտահանման հավաստագրերը ենթակա չեն փոխանցման այլ անձանց:
i
7. Ներկրվող կամ արտահանվող տոհմանյութի յուրաքանչյուր խմբաքանակի ներկրման կամ արտահանման համար տրվում է մեկ հավաստագիր:
(7-րդ կետը փոփ. 04.04.08 թիվ 315-Ն որոշում)
8. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագիր տալու համար փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության միջոցով ստուգվում է տոհմանյութի համապատասխանությունը հայտարարագրված տվյալ տեսակի տոհմանյութի ցուցանիշներին:
9. Տոհմանյութ ներկրողը կամ արտահանողն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների հավաստիության համար:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Տոհմանյութ ներկրել ու արտահանել կարող են ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` հայտատու):
i
11. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման համար հայտատուն Հայաստանի Հանրապետության լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա) լիազորված մարմնի կողմից սահմանված ձևի հայտ, որտեղ նշվում են տոհմանյութի անվանումը, քանակությունը, արտադրողը, ծագման երկիրը, պիտանիության ծածկագիրը,
բ) ներկրվող կամ արտահանվող տոհմանյութի տվյալ խմբաքանակի ծագման վերաբերյալ հավաստագիր` տրված արտադրողի կողմից:
(11-րդ կետը փոփ. 04.04.08 թիվ 315-Ն որոշում)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
12. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման հավաստագիրը տրվում է փաստաթղթային ուսումնասիրության և լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա` համաձայն սույն կարգի 11-րդ կետի դրույթների:
13. Տոհմանյութի նմուշի փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո հավաստագիր ստանալու համար հայտը ներկայացնելուց հետո լիազորված մարմինը 5-օրյա ժամկետում ընդունում է որոշում այն բավարարելու կամ մերժելու մասին:
14. Հայտատուին կամ նրա ներկայացուցիչներին, դիմումի հիման վրա, կարող են տրվել փորձաքննության կատարման պայմաններին և ընթացքին ծանոթանալու հնարավորություն:
15. Տոհմանյութի ներկրման կամ արտահանման ժամանակ հայտի գրանցումից հետո փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով վերցվում է նմուշ` կառավարության սահմանած կարգով:
16. Նմուշը վերցնելուց հետո ստուգվում են սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը վերցված նմուշներին:
17. Փաստաթղթային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընդունվում է որոշում նմուշների լաբորատոր փորձաքննություն կատարելու մասին:
18. Ներկրման կամ արտահանման հավաստագիր տրվում է այն տոհմանյութի համար, որի փաստաթղթային ուսումնասիրության, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական են:
19. Տոհմանյութի արտահանման կամ տոհմանյութի ներկրման հավաստագրի տրամադրումը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը կեղծ են,
բ) չեն համապատասխանում տոհմանյութի և ապրանքաուղեկից փաստաթղթերի տվյալները:
20. Մերժման մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում այն հանձնվում է հայտատուին:
21. Ներկրման կամ արտահանման մերժման մասին որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: