(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.1652.251005
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1652-Ն
i
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) անշարժ աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված արտանետումների ծավալները` բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքի.
բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի, կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները.
գ) շրջակա միջավայրի արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տրամադրված թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները.
դ) ջրահեռացման ցանց վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1228-Ն որոշմամբ սահմանված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնների «II. Ջրահեռացման համակարգերն օգտագործող (շահագործող) կազմակերպությունների խնդիրները» բաժնի 3-րդ կետի համաձայն սահմանված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները:
(1-ին կետը փոփ. 31.08.06 թիվ 1247-Ն որոշում)
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակներ (սահմանափակումներ) սահմանելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
i
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) ջրօգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի, ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները.
բ) պինդ օգտակար հանածոների, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված` փաստացի մարված ծավալները: Ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև պայմանագրով օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների փոփոխությունը` բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված` պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալները գերազանցող փաստացի մարված ծավալները համարվում են չափաքանակները գերազանցող ծավալներ.
գ) հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.
դ) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները.
ե) բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները.
զ) կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:
(3-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1247-Ն, 04.07.12 թիվ 875-Ն որոշումներ)
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 340 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ