(ուժը կորցրել է 02.07.08 թիվ 347-Ն որոշում)
i
600.0110.150905
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 09 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2005 թվականի N 110-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը (հավելված):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» N 147-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի օգոստոսի 9-ի
N 110-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները
Սույն կարգի իմաստով հիմնական հասկացություններն են`
Արտադրող` էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ.
Արտահանող` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի
(հզորության) արտահանման լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ.
Բաշխող` էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ.
Հաշվարկային կենտրոն` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի
ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ.
Հաղորդող` էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ.
Ներկրող` Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի
(հզորության) ներկրման լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ.
Էլեկտրաէներգետիկական
շուկայի մասնակից
(Շուկայի մասնակից)` Արտադրող, Հաղորդող, Բաշխող:
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ընդունած իրավական ակտերով, սույն կարգով:
1.2 Համակարգի օպերատորը իրականացնում է.
ա) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման,
բ) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովման գործառույթները:
1.3 Սույն կարգի 1.2 կետում նշված գործառույթներն իրականացնելիս, Համակարգի օպերատորը ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները:
1.4 Սույն կարգի N 1 հավելվածով կանոնակարգվում են Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների օպերատիվ փոխհարաբերությունները, այդ թվում նաև սահմանվում է Շուկայի մասնակիցների կողմից իրենց սեփականությունը հանդիսացող սարքավորումները Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման և վարույթի (այսուհետ` Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության) ներքո հանձնելու ընթացակարգը:
1.5 Համակարգի օպերատորի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման ընթացքում Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի N 2 հավելվածով:
1.6 Շուկայի մասնակիցների տարածքում տեղակայված Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների ռելեական պաշտպանության ու ավտոմատիկայի (այսուհետ` ՌՊևԱ) սարքվածքների նախադրվածքների հաշվարկման և Շուկայի մասնակիցներին ներկայացման, ինչպես նաև այդ սարքվածքների աշխատանքի հսկման գործառույթն իրականացնելիս Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի N 3 հավելվածով:
2. Համակարգի օպերատորի պարտականությունները
2.1 Համակարգի օպերատորը պարտավոր է`
ա) իրականացել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող Շուկայի մասնակիցների սարքավորումների օպերատիվ կարգավարումը` հիմք ընդունելով այդ սարքավորումների համար սահմանված տեխնիկական հարաչափերը,
բ) ապահովել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքը` ըստ կնքված պայմանագրերի,
գ) համաձայնեցնել իր օպերատիվ ենթակայության ներքո` Շուկայի մասնակիցների, սարքավորումների և սարքվածքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները,
դ) տեղեկացնել «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված մարմնին համակարգային վթարների, համակարգի հուսալիության խախտման դեպքերի մասին` դրանց քննությունը կազմակերպելու համար,
ե) Արտադրողների տնօրինելի հզորությունների պատրաստականության ստուգումներ կատարելու դեպքում կազմել համատեղ ակտ և մինչև հաջորդ ամսվա 3-ը ներկայացնել Հաշվարկային կենտրոն և Բաշխողին,
զ) առնվազն երեք տարի պահպանել օպերատիվ գրանցամատյանները և գրանցող սարքերի տեխնիկական հնարավորությունների սահմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները,
է) տրամադրել Շուկայի մասնակիցներին անարգել մուտք` իր սերվերներում տեղաբաշխված էներգահամակարգի ռեժիմների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար և նրանց պահանջով ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ այդ տեղեկությունների վերաբերյալ,
ը) ապահովել օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի կայուն և որակյալ աշխատանքը, հնարավոր կարճ ժամանակահատվածում վերացնել հայտնաբերված խափանումներն ու թերությունները,
թ) ապահովել Արտադրողի և Բաշխողի, Հաղորդողի և Բաշխողի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման, ինչպես նաև արտահանման և ներկրման կետերում էլեկտրաէներգիայի որակի պայմանագրային մեծությունները,
ժ) իրականացնել արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավարումը,
ժա) իր իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով մուտք գործելիս պահպանել Շուկայի մասնակիցների տնօրինության տակ գտնվող տարածքներում գործող կանոնակարգը,
ժբ) կատարել սույն կարգի 3.1 կետի ե) ենթակետի պահանջների համաձայն ներկայացված հաշվետվությունների վերլուծություն և մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 30-ը ներկայացնել Հանձնաժողով:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների պարտականությունները
3.1 Շուկայի մասնակիցները պարտավոր են`
ա) հանձնել Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո իրենց սեփականությունը հանդիսացող այն սարքավորումները, որոնց օպերատիվ կառավարումը Համակարգի օպերատորի կողմից անհրաժեշտ է սույն կարգի 1.2 կետում նշված գործառույթներն իրականացնելու համար: Այդ սարքավորումների` այդ թվում նաև ՌՊևԱ սարքվածքների ցանկը սահմանում է Համակարգի օպերատորը,
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթներն իրականացնելու նպատակով անվերապահորեն կատարել Համակարգի օպերատորի օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` բացառությամբ սույն կարգի N 1 հավելվածի 4.5 կետով սահմանված դեպքերի,
գ) ապահովել Համակարգի օպերատորի (նրա լիազոր ներկայացուցիչների) իր իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները,
դ) ապահովել իրենց կայանքներում տեղադրված` Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող կապի միջոցների և տեղեկատվական (հեռուստամեխանիկայի) սարքերի պահպանումը,
ե) անհապաղ հայտնել Համակարգի օպերատորին նրա օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներում ի հայտ եկած բոլոր թերությունների և անսարքությունների մասին,
զ) ներկայացնել հաշվետվություն Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների հուսալիության փաստացի մակարդակի վերաբերյալ` Համակարգի օպերատորի կողմից սահմանված ձևերով և ժամկետներում,
է) Համակարգի օպերատորի կողմից մշակված էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում համակարգի վերականգնման հրահանգի պահանջների համաձայն մշակել և Համակարգի օպերատորի հետ համաձայնեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի լրիվ մարման դեպքում իրենց օպերատիվ անձնակազմի գործողությունների ներքին հրահանգները:
Հավելված N 1
Հրահանգ
Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների
օպերատիվ փոխհարաբերությունների
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Շուկայի մասնակիցները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը Համակարգի օպերատորին ներկայացնել.
ա) լիցենզավորված անձի ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունեցող աշխատակիցների ցուցակը,
բ) լիցենզավորված անձի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված օպերատիվ խոսակցություններ վարելու և փոխանջատումներ կատարելու իրավունք ունեցող օպերատիվ անձնակազմի ցուցակը:
1.2 Համակարգի օպերատորը սահմանում է իր օպերատիվ ենթակայության ներքո հանձնման ենթակա էլեկտրաէներգետիկական համակարգի սարքավորումների ցանկը: Շուկայի մասնակիցների կողմից Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո սարքավորումների հանձնումը կատարվում է հետևյալ ընթացակարգով.
ա) ամեն տարի մինչև նոյեմբերի 1-ը Շուկայի մասնակիցները Համակարգի օպերատորին են ներկայացնում Շուկայի մասնակցի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում աշխատող օբյեկտների (էլեկտրակայանների, ենթակայանների) էլեկտրական միացությունների սխեմաները, նշելով սարքավորումների հարաչափերը,
բ) ամեն տարի մինչև դեկտեմբերի 1-ը Համակարգի օպերատորը հաստատում է էլեկտրաէներգետիկական համակարգի բնականոն սխեման և Շուկայի մասնակիցներին է ներկայացնում էլեկտրական միացությունների հաստատված սխեմաները, նշելով իր օպերատիվ ենթակայության ներքո հանձնման ենթակա սարքավորումների ցանկը:
Այդ սարքավորումների հանձնումը Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո մինչև դեկտեմբերի 25-ը ձևակերպվում է Շուկայի մասնակցի և Համակարգի օպերատորի տեխնիկական ղեկավարների միջև կնքված համաձայնագրով:
1.3 Համակարգի օպերատորի սահմանած ցանկում չներառված էլեկտրաէներգետիկական համակարգի` Շուկայի մասնակիցների սեփականությունը հանդիսացող սարքավորումների և սարքվածքների օպերատիվ ենթակայությունը սահմանվում է Բաշխողի և Արտադրողի, Բաշխողի և Հաղորդողի միջև կնքված համապատասխան համաձայնագրերով, դրանց պատճենները Բաշխողը ներկայացնում է Համակարգի օպերատորին:
1.4 Սույն հրահանգում նշված գործառույթները վերաբերում են միայն սույն հրահանգի 1.2 կետում նշված համաձայնագրերում ներառված Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումներին:
2. ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարները հերթապահության ընթացքում հանդիսանում են Շուկայի մասնակիցների օպերատիվ անձնակազմի ղեկավարները` իրենց իրավասության սահմաններում:
Համակարգի օպերատորի կարգավարների հերթափոխի կազմը հետևյալն է.
ա) ավագ կարգավար (ԱԿ),
բ) կարգավարներ (Կ):
Համակարգի օպերատորի կարգավարներին օպերատիվ առումով ենթարկվում են.
ա) էլեկտրակայանների հերթափոխերի պետերը (ԿՀՊ).
բ) Հաղորդողի 220 կՎ ենթակայանների հերթապահները.
գ) Բաշխողի մասնաճյուղերի օպերատիվ կարգավարական ծառայության (ՕԿԾ) կարգավարները:
2.2 Էներգաօբյեկտի հերթապահի (հերթափոխի պետի)` աշխատատեղից բացակայելու դեպքում նրան կարող է փոխարինել սույն հրահանգի 1.2 կետի բ) ենթակետի համաձայն ներկայացված ցուցակում նշված անձը: Այդ փոխարինման մասին տեղյակ է պահվում Համակարգի օպերատորի կարգավարը:
2.3 Յուրաքանչյուր սարքավորում, կառույց, էլեկտրահաղորդման գիծ, կապի, ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածք օպերատիվ ենթակայության տեսակետից կարող է գտնվել.
ա) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո,
բ) Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ էներգաօբյեկտի հերթապահ անձնակազմի օպերատիվ կառավարման ներքո,
գ) էներգաօբյեկտի հերթապահ անձնակազմի օպերատիվ ենթակայության ներքո:
2.4 Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների հետ գործողություններ կատարում է էներգաօբյեկտի հերթապահը` Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ: Վերջինս յուրաքանչյուր գործողության համար տալիս է առանձին կարգադրություն:
Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ վարույթի և միաժամանակ Շուկայի մասնակիցների օպերատիվ անձնակազմի կառավարման ներքո գտնվող սարքավորումների հետ գործողություններ կատարում է էներգաօբյեկտի օպերատիվ անձնակազմը` Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվությամբ: Էներգաօբյեկտի հերթապահը գործողությունները կատարում է ներքին հրահանգների համաձայն:
Էներգաօբյեկտի հերթապահ անձնակազմի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների հետ գործողություններ կատարում է էներգաօբյեկտի հերթապահ անձնակազմը` ներքին հրահանգների համաձայն, առանց Համակարգի օպերատորի կարգավարի թույլտվության:
2.5 Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա հերթապահ անձնակազմը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Համակարգի օպերատորի կարգավարին, վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների հետ տեղի ունեցող բոլոր խափանումների և ռեժիմային հարաչափերից անթույլատրելի շեղումների մասին:
2.6 Համակարգի օպերատորի կարգավարին ենթակա Շուկայի մասնակիցների օպերատիվ անձնակազմը պարտավոր է հերթափոխը ընդունելուց հետո զեկուցել Համակարգի օպերատորի կարգավարին, ինչպես նաև վերջինիս պահանջով ցանկացած պահի:
Զեկույցի մեջ նշվում է էներգաօբյեկտի սխեման տվյալ պահի կացությամբ, ինչպես նաև Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների, սարքվածքների ու կառուցվածքների վիճակի, ռեժիմային հարաչափերի, առկա թերությունների, նախատեսվող նորոգումների ու փոխարկումների մասին: Զեկույցից հետո էներգաօբյեկտի ժամացույցը ճշտվում է Համակարգի օպերատորի կարգավարական կետի ժամացույցի հետ:
3. ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ԴՐԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
3.1 Համակարգի օպերատորի կարգավարի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների, սարքվածքների ու կառուցվածքների նորոգումները կատարվում են նախապես տրված հայտերի համաձայն: Անհրաժեշտության դեպքում (փորձարկումներ տարբեր սարքավորումների վրա, մի քանի փուլից բաղկացած փոխարկումներ և այլն) հայտից բացի տրվում է նաև էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված աշխատանքային ծրագիրը:
3.2 Հայտերի մեջ նշվում են էներգաօբյեկտը, սարքավորումը, աշխատանքների բովանդակությունն ու ժամկետը, վթարային պատրաստականության ժամկետը, մնացորդային հզորությունը: Տվյալների անբավարարության դեպքում հայտերը չեն ընդունվում:
3.3 Պլանային նորոգումների համար հայտերը հաղորդվում են Համակարգի օպերատորի կարգավարին ժամը 13.00 - 16.00-ը հետևյալ օրերին.
երկուշաբթի` չորեքշաբթի օրվա համար,
երեքշաբթի` հինգշաբթի օրվա համար,
չորեքշաբթի` ուրբաթ օրվա համար,
հինգշաբթի` շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերի համար,
ուրբաթ` երեքշաբթի օրվա համար,
շաբաթ և կիրակի օրերին հայտեր չեն ընդունվում:
3.4 Սարքավորումը անհապաղ անջատելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում տրվում է շտապ հայտ` աշխատանքների անհրաժեշտ ծավալն ու ժամկետը որոշելու նպատակով: Շտապ հայտերը տրվում են շաբաթվա ցանկացած օրը և օրվա ցանկացած ժամին:
3.5 Տարբեր միացությունների վրա հերթականությամբ նույնատիպ աշխատանքներ կատարելու դեպքում յուրաքանչյուր միացության համար ձևակերպվում է առանձին հայտ:
3.6 Սարքավորման նորոգման ժամկետը երկարացնելու համար հայտերը հաղորդվում են թույլատրված ժամկետից մեկ օր առաջ: Հայտում նշվում են երկարացման ժամկետը, ժամը և պատճառը:
3.7 Հայտերի պատասխանները Համակարգի օպերատորի կարգավարը էլեկտրաէներգետիկական համակարգի էներգաօբյեկտներին հայտնում է նորոգումն սկսելու նախօրյակին` մինչև ժամը 13.00-ն:
3.8 Թույլատրված հայտով աշխատանքներն սկսելուց առաջ էներգաօբյեկտի անձնակազմը պարտավոր է Համակարգի օպերատորի կարգավարից թույլտվություն ստանալ` սարքավորումը նորոգման դուրս բերելու գործողությունները սկսելու համար: Համակարգի օպերատորի կարգավարը կարող է արգելել կամ հետաձգել թույլատրված հայտը` ելնելով էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմից և իրավիճակից:
3.9 Համակարգի օպերատորի կարգավարը կարող է իր հերթափոխի ընթացքում օպերատիվ կարգով թույլատրել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորման վրա աշխատանքների կատարումը, եթե դա համակարգի և սարքավորման աշխատանքի ռեժիմով թույլատրելի է: Այդ մասին համապատասխան գրանցում է կատարվում օպերատիվ մատյանում:
3.10 Նորոգման աշխատանքների սկիզբը համարվում է սարքավորման և սարքվածքի անջատման պահը: Նորոգումը համարվում է ավարտված` դրանք պահուստավորելու կամ աշխատանքի մեջ դնելու պահից: Սարքավորումները, սարքվածքները և կառուցվածքները նորոգման հանելու ու նորոգումից հետո աշխատանքի մեջ դնելու համար կատարվող գործողությունների, ինչպես նաև դրանց գործարկելու վրա ծախսված ժամանակը ներառվում է սարքավորման նորոգման թույլատրված ժամկետի մեջ:
3.11 Եթե էներգաօբյեկտը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում, ապա Համակարգի օպերատորի կարգավարը նշում է աշխատանքը չկատարելու պատճառը:
Եթե էներգաօբյեկտը թույլատրված հայտով աշխատանքը չի կատարում Համակարգի օպերատորի կարգավարի չթույլատրելու պատճառով, ապա վերջինս հայտնում է աշխատանքների կատարումը չթույլատրելու պատճառը:
3.12 Հիմնական և միջին նորոգման աշխատանքների ավարտից հետո էլեկտրակայանների սարքավորումները փորձարկման համար դրվում են աշխատանքի մեջ և դրանց հարաչափերը (բեռնվածություն, ճնշում, ջերմաստիճան և այլն) աստիճանաբար հասցվում են անվանական արժեքներին:
3.13 Սարքավորման փորձարկման տևողությունը որոշվում է Համակարգի օպերատորի հետ համաձայնեցված փորձարկման ծրագրով: Թերությունների բացակայության դեպքում սարքավորման նորոգումը համարվում է ավարտված և հայտը փակվում է: Սարքավորման հայտը փակվում է նաև այն դեպքում երբ Համակարգի օպերատորը նորոգումից հետո չի թույլատրում սարքավորման փորձարկումը:
3.14 Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում նոր շահագործման հանձնվող հիմնական սարքավորումները (գեներատորներ, տրանսֆորմատորներ, 110 և 220 կՎ կոմուտացիոն ապարատներ, էլեկտրահաղորդման գծեր, ՌՊևԱ սարքվածքներ և այլն) աշխատանքի մեջ են դրվում Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությամբ կամ թույլտվությամբ` ընկերության տեխնիկական ղեկավարի կողմից տրված հեռախոսագրի հիման վրա, գործարկվող սարքավորման օպերատիվ սխեման և տեխնիկական հարաչափերը ներկայացնելուց հետո:
4. ՎԵՐԱԴԱՍ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ
4.1 Համակարգի օպերատորի կարգավարը իրավունք ունի իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող սարքավորումների (սարքվածքների) վերաբերյալ տալ հետևյալ կարգադրությունները.
ա) գործարկման կամ աշխատանքի դադարեցման,
բ) նորոգման դնելու կամ նորոգումից դուրս բերելու,
գ) լարման տակ դնելու կամ հոսանքազրկելու,
դ) գործողության մեջ դնելու կամ գործողությունից հանելու,
ե) միացման կամ անջատման,
զ) օդային գծերի արտահերթ շրջայցեր կազմակերպելու,
է) սարքավորումների և սարքվածքների զննումներ կատարելու:
4.2 Էլեկտրակայանների հերթափոխի պետերը պարտավոր են ճշտորեն կատարել Համակարգի օպերատորի կողմից առաջադրված ակտիվ և ռեակտիվ հզորությունների բեռնվածքի գրաֆիկները, հարկադրված շեղումների և դրանց պատճառների մասին անմիջապես տեղյակ պահել Համակարգի օպերատորի կարգավարին:
4.3 Համակարգի օպերատորի կարգավարի յուրաքանչյուր կարգադրություն և դրա կատարման մասին էներգաօբյեկտի հերթապահի հաղորդագրությունը գրանցվում են Համակարգի օպերատորի կարգավարի և էներգաօբյեկտի հերթապահի օպերատիվ մատյաններում:
4.4 Համակարգի օպերատորի կարգավարից ստանալով կարգադրությունը, էներգաօբյեկտի հերթապահը պարտավոր է կրկնել այն, ստանալ հաստատումը և գրանցել օպերատիվ մատյանում, իսկ կարգադրությունը կատարելուց հետո գրանցել օպերատիվ մատյանում և հայտնել Համակարգի օպերատորի կարգավարին:
4.5 Համակարգի օպերատորի կարգավարների կարգադրությունները ենթակա օպերատիվ անձնակազմը պարտավոր է կատարել անհապաղ և անվերապահորեն, բացառությամբ մարդկանց անվտանգությանը և սարքավորման պահպանվածությանը սպառնացող դեպքերի: Եթե կարգադրություն ընդունողն այն համարում է սխալ, ապա պետք է հիմնավորված առարկություն ներկայացնի: Կարգադրությունը հաստատելու դեպքում ենթակա օպերատիվ անձնակազմը պարտավոր է այն կատարել: Իր անհամաձայնության և կարգադրությունը չկատարելու մասին հերթապահը տեղեկացնում է կարգադրություն տվող կարգավարին, ինչպես նաև իր տեխնիկական ղեկավարին` կատարելով համապատասխան գրանցում օպերատիվ մատյանում:
Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրության չկատարման կամ անհիմն ուշացման համար պատասխանատվությունը կրում է կարգադրությունը չկատարող անձը կամ նրա ղեկավարը, եթե կարգադրությունը չի կատարվել վերջինիս պահանջով:
4.6 Համակարգի օպերատորի կարգավարն իրավունք ունի էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարից պահանջել փոխարինել իրեն օպերատիվ կարգով ենթակա հերթապահին` վերջինիս կողմից իր պարտականությունները թերի կատարելու կամ չկատարելու դեպքում:
Հերթապահը համարվում է փոխարինված, երբ նոր հերթապահը կամ տեխնիկական ղեկավարը ընդունում է հերթափոխը կատարելով համապատասխան գրանցում օպերատիվ մատյանում:
5. ՕՊԵՐԱՏԻՎ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ
5.1 Օպերատիվ խոսակցություններն իրենց մեջ ներառում են.
ա) Համակարգի օպերատորի կարգավարի կարգադրությունները ենթակա օպերատիվ անձնակազմին և վերջինիս կողմից դրանց կատարման մասին զեկույցը.
բ) ենթակա օպերատիվ անձնակազմի զեկույցը Համակարգի օպերատորի կարգավարին սարքավորման վիճակի մասին (հերթափոխի սկզբում և ընթացքում).
գ) ենթակա օպերատիվ անձնակազմի հաղորդագրությունները սարքավորման վիճակի փոփոխությունների, խախտումների, ռեժիմային հարաչափերի մասին:
Օպերատիվ խոսակցություններ վարելու իրավունք ունի համապատասխան ցուցակում ընդգրկված օպերատիվ անձնակազմը:
5.2 Օպերատիվ խոսակցությունների ժամանակ ենթակա և վերադաս օպերատիվ անձնակազմը պարտավոր է միմյանց դիմել միայն պաշտոնապես` ազգանունով:
5.3 Օպերատիվ կարգադրությունները պետք է տրվեն հստակ, առանց ավելորդ արտահայտությունների և որոշակի կրճատումներով, համաձայն Համակարգի օպերատորի կենտրոնական կարգավարական ծառայությունում գործող կարգավարական անվանումների և հապավումների ցուցակի: Այդ ցուցակը Համակարգի օպերատորը պարտավոր է ներկայացնել Շուկայի մասնակիցներին:
5.4 Կարգադրությունն ընդունող անձը պարտավոր է այն կրկնել, իսկ տվողը` հաստատել:
5.5 Օպերատիվ փոխարկումների ժամանակ չի թույլատրվում վարել փոխարկումներին չվերաբերող խոսակցություն:
Հավելված N 2
Հրահանգ
էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման ընթացքում
Համակարգի օպերատորի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների
1. Ընդհանուր մաս
1.1 Սույն հրահանգում նշված տեղեկատվությունը կողմերը ներկայացնում են գրավոր: Առանձին դեպքերում տեղեկատվությունը կարող է ներկայացվել օպերատիվ կարգով` ընկերությունների օպերատիվ անձնակազմի միջոցով օպերատիվ մատյաններում համապատասխան գրանցումներ կատարելու պայմանով:
2. Համակարգի ռեժիմների տարեկան պլանավորումը
2.1 Բաշխողը պարտավոր է ամեն տարի մինչև հոկտեմբերի 1-ը Համակարգի օպերատորին ներկայացնել էլեկտրաէներգիայի գնման հաջորդ տարվա համար կանխատեսվող մեծությունների վերաբերյալ տեղեկատվություն հետևյալ ծավալով.
ա) էլեկտրաէներգիայի սպառման մեծություններն ըստ ամիսների,
բ) յուրաքանչյուր ամսվա համար երրորդ շաբաթվա մեկ աշխատանքային և մեկ հանգստյան օրվա բեռի գրաֆիկը:
2.2 Արտադրողները ամեն տարի մինչև հոկտեմբերի 15-ը պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել հետևյալ տեղեկատվությունը.
ա) Հանձնաժողովի կողմից հաջորդ տարվա համար հաստատված էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը (տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, հզորության բարձրացման և իջեցման արագություններ),
բ) Համակարգի օպերատորի օպերատիվ կառավարման ներքո գտնվող սարքավորումների` այդ թվում նաև ՌՊևԱ սարքվածքների, նորոգումների գրաֆիկները,
գ) գետերի բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները,
դ) ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:
Սույն կետի գ) և դ) ենթակետերում նշված տեղեկատվությունը ներկայացնում են հիդրոէլեկտրակայանների համալիրների սեփականատեր Արտադրողները:
2.3 Համակարգի օպերատորը սույն հրահանգի 2.1 և 2.2 կետերով սահմանված տեղեկատվության հիման վրա հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից:
2.4 Համակարգի օպերատորը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 1-ը Շուկայի մասնակիցներին ներկայացնել.
ա) սարքավորումների պլանային նորոգումների համաձայնեցված գրաֆիկները,
բ) էլեկտրակայանների տարեկան կանխատեսվող արտադրանքն ըստ ամիսների,
գ) հզորության և էլեկտրաէներգիայի կանխատեսվող տարեկան հաշվեկշիռը:
3. Համակարգի ռեժիմների ընթացիկ պլանավորումը
3.1 Համակարգի օպերատորը պարտավոր է Շուկայի մասնակիցներին ներկայացնել`
ա) տարեկան պլանով նախատեսված ամսական ռեժիմների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,
բ) տարեկան նորոգումների գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` մինչև նախորդ ամսվա 25-ը,
գ) հաջորդ օրվա բեռի գրաֆիկը` մինչև նախորդ օրվա ժամը 1600-ն:
Սույն կետի գ) ենթակետում նշված տեղեկատվությունը Համակարգի օպերատորը ներկայացնում է հիդրոկայանների համալիրների սեփականատեր Արտադրողներին:
3.2 Հիդրոէլեկտրակայանների համալիրների սեփականատեր Արտադրողները պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել`
ա) ոռոգման ջրի տասնօրյակային պահանջարկի քանակությունների վերաբերյալ տեղեկատվությունը` երկու օր առաջ,
բ) ոռոգման ջրի օրական պահանջարկի փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվությունը` երկու օր առաջ:
3.3 Վթարային իրավիճակում Համակարգի օպերատորը կարող է փոփոխել կայանով անցնող ջրի պլանավորված քանակը` այդ մասին անմիջապես տեղյակ պահելով Արտադրողին:
Հավելված N 3
Հրահանգ
ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների
կարգավարման ընթացքում փոխհարաբերությունների
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն հրահանգում նշված առաջադրանքները և տեղեկատվությունը Համակարգի օպերատորը և Շուկայի մասնակիցները պարտավոր են միմյանց ներկայացնել գրավոր: Առանձին դեպքերում, ելնելով հրատապությունից, դրանք կարող են ներկայացվել հեռախոսագրի տեսքով:
2. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների
նախադրվածքների հաշվարկումը և Շուկայի մասնակիցներին առաջադրումը
2.1 Յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 1-ը Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորին ներկայացնել վերջինիս օպերատիվ ենթակայության ներքո գտնվող ՌՊևԱ սարքվածքների պլանային ստուգումների գրաֆիկները:
2.2 Համակարգի օպերատորը Շուկայի մասնակիցներին է ներկայացնում`
ա) իր կողմից հաստատված ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների քարտերը,
բ) ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխությունների վերաբերյալ առաջադրանքները,
գ) ՌՊևԱ սարքվածքների պլանային ստուգումների համաձայնեցված գրաֆիկները,
դ) տրանսֆորմատորների փաթույթների չեզոքների հողանցման առաջադրանքները:
3. Ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների աշխատանքի
հսկումը
3.1 Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել իրենց տարածքում տեղակայված ՌՊևԱ սարքվածքների խափանումների դեպքերի մասին:
3.2 Շուկայի մասնակիցները պարտավոր են հնարավորին սեղմ ժամկետում վերացնել ՌՊևԱ սարքվածքների անսարքությունները և այդ մասին հայտնել Համակարգի օպերատորին:
3.3 Վթարային անջատումների դեպքում, Համակարգի օպերատորի պահանջով, Շուկայի մասնակիցները պարտավոր են 2 օրվա ընթացքում ներկայացնել տեղեկատվություն տեղի ունեցած կարճ միացման տեղի և տեսակի վերաբերյալ, ինչպես նաև վթարի վերաբերյալ գրանցող սարքերից ստացված տեղեկատվությունը:
3.4 Համակարգի օպերատորի կողմից ՌՊևԱ սարքվածքների նախադրվածքների փոփոխության վերաբերյալ առաջադրանք ստանալու դեպքում Շուկայի մասնակիցները պարտավոր են այդ փոփոխությունները կատարել Համակարգի օպերատորի կողմից նշված ժամկետում և անմիջապես հայտնել նրան կատարման մասին:
3.5 Շուկայի մասնակիցները պարտավոր են պլանային և արտապլանային ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնել Համակարգի օպերատորին ստուգումներից անմիջապես հետո:
3.6 Շուկայի մասնակիցները պարտավոր են Համակարգի օպերատորի պահանջով կատարել ՌՊևԱ սարքվածքների արտահերթ ստուգում:
3.7 Համակարգի օպերատորը Շուկայի մասնակիցների պահանջով պարտավոր է ներկայացնել իր օպերատիվ ենթակայության ներքո գտնվող հաղորդաձողերի վրա կարճ միացման հոսանքների արժեքների հաշվարկները: