(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)
i
040.1045.280705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2005 թվականի N 1045-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 15.01.09 թիվ 52-Ն որոշում)
i
Ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի «Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» կառուցվածքային ստորաբաժանումը «Էներգետիկայի պետական տեսչություն» առանձնացված ստորաբաժանման վերակազմակերպելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 2072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում`
ա) «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բառերից առաջ լրացնել «I.» թվով.
բ) հանել «3. Շահագործման տեխնիկական վերահսկողության վարչություն» բառերը.
գ) լրացնել «II. Առանձնացված ստորաբաժանում
1. Էներգետիկայի պետական տեսչություն» բառերով:
2. Հաստատել`
i
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն որոշում)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 15.01.09 թիվ 52-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 1045-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն, 05.05.11 թիվ 564-Ն որոշումներ)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
i
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
(7-րդ կետը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն որոշում)
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ`
էլեկտրաէներգետիկական համակարգում` 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում` գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացություններ տալը` թույլատրելով դրանց գործարկումը.
դ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
ե) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումներ վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.
զ) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն, 02.08.07 թիվ 876-Ն որոշումներ)
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ):
Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
i
10. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
(10-րդ կետը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն որոշում)
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
i
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար,
բ) նախարարին (տեղակալին) ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ,
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ,
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին,
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին,
է) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները,
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները,
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները,
ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ,
ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ,
ժդ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից 10 օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էլեկտրաէներգետիկական էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին,
ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն որոշում)
13. Տեսչության պետի բացակայության դեպքում, տեսչության պետի ներկայացմամբ և (կամ) նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում, նախարարի անմիջական հանձնարարությամբ, տեսչության պետի պարտականությունները կատարում է տեսչության պետի տեղակալներից մեկը:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(1-ին հավելվածը փոփ. 15.01.09 թիվ 52-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 1-ի
N 1045-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Տեսչական հսկողության բաժին
Վերլուծության, վիճակագրության և շահագործման համակարգման բաժին
II. Տարածքային մարմիններ
Երևանի քաղաքային բաժին
Կենտրոնական միջմարզային բաժին
Հյուսիսային միջմարզային բաժին
Հարավային միջմարզային բաժին
(կառուցվածքը փոփ. 23.03.06 թիվ 366-Ն, 15.01.09 թիվ 52-Ն, 05.05.11 թիվ 564-Ն որոշումներ)