(ուժը կորցրել է 06.11.11 թիվ 75-Ն որոշում)
i
606.0014.120705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60605263
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2005 թվականի N 14-Ն
i
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել վստահված անձանց կողմից քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին հետևելու կարգը (Հավելված 1):
Հավելված 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2005 թ. հունիսի 22-ի
թիվ 14-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ
1. Վստահված անձն իրավունք ունի հետևելու քվեաթերթիկների տպագրման, քվեաթերթիկները տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից` տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փոխադրելու, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում դրանք պահպանելու, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին:
i
2. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, Երևանի ավագանու ընտրությունների, ինչպես նաև Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկները տպագրող տպագրատան, տպագրման օրվա և ժամի վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվում է հայտարարություն:
(2-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 3-Ն որոշում)
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները հայտնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` հանձնաժողովի գտնվելու վայրում` բոլորի համար տեսանելի տեղում, փակցնում են համապատասխան հայտարարություն:
(3-րդ կետը փոփ. 10.02.09 թիվ 3-Ն որոշում)
4. Վստահված անձը քվեաթերթիկների տպագրման ամբողջ ընթացքում կարող է ներկա գտնվել տպագրատանը, ինչպես նաև իր միջոցներով ուղեկցել քվեաթերթիկներն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկությունից հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան:
5. Վստահված անձն իրավունք ունի քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին:
6. Քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում վստահված անձը` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, իրավունք ունի հետևել քվեաթերթիկների հաշվարկման և փաթեթավորման գործընթացներին:
7. Սույն կարգում թվարկված գործընթացներին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքին: Վստահված անձը պետք է ներկայացնի վստահված անձի վկայականը և անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող 9-րդ ձև):