Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱ ...

24.05.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.05.2005  -ից մինչեւ   24.05.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 19.05.08 ՆՀ-118-Ն հրամանագիր)

i

030.0087.130505

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպությունների դերի բարձրացման, նրանց գործունեության արդյունավետության ապահովման, հասարակական կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

13 մայիսի 2005 թվականի

ՆՀ-87-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2005 թվականի մայիսի 13-ի

ՆՀ-87-Ն հրամանագրի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները որպես դրամաշնորհներ հասարակական կազմակերպություններին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով` դրամաշնորհը հասարակական կազմակերպության գործունեության խթանման և կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով պետական բյուջեից անհատույց և անվերադարձ տրամադրվող դրամական հատուցումն է:

3. Հասարակական կազմակերպություններին պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորհներ հատկացվում են մրցութային կարգով:

4. Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են`

- քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման, ժողովրդավարության խորացման,

- հասարակական կազմակերպությունների ներուժի դրսևորման և օգտագործման,

- մարդկային ռեսուրսների զարգացման,

- դրամաշնորհային մրցույթի անվանակարգին համապատասխան` գործունեության ծավալման, հետազոտությունների կատարման և եզրահանգումների ներկայացման,

- հասարակական կարծիքի ուսումնասիրման և վերլուծության,

- հասարակության իրազեկման, հրատապ հիմնահարցերին ուշադրություն հրավիրելու,

- քաղաքացիների իրավագիտակցության և իրավական կուլտուրայի աստիճանի բարձրացման,

- որոշակի խնդիրների լուծման տարբերակների մշակման և հիմնավորված առաջարկությունների կատարման,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացմանն աջակցելու,

- կարևոր հիմնահարցերին հասարակական հնչեղություն հաղորդելու նպատակով:

i

5. Հասարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը ՀՀ Նախագահը վերապահում է գործընկեր հասարակական կազմակերպությանը` վերջինիս համաձայնությամբ:

6. Դրամաշնորհային մրցույթ հայտարարվում է ըստ համապատասխան անվանակարգի` սահմանելով դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակները, ծրագրի նկարագիրը, գնահատման չափանիշները:

7. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ հատկացվում են առաջին և երրորդ եռամսյակներում:

8. Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի մինչև տասը տոկոսը տրամադրում է գործընկեր հասարակական կազմակերպությանը` մրցույթ անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:

9. Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հրապարակայնության, հավասար հնարավորությունների ապահովման, հասարակության տարբեր շերտերի ներգրավման սկզբունքներով:

10. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպությունը, պետական բյուջեից որպես դրամաշնորհ ստացած միջոցների հաշվին, իրականացնում է`

- կարճաժամկետ (մինչև վեց ամիս տևողությամբ),

- միջնաժամկետ (վեց ամսից մինչև մեկ տարի տևողությամբ),

- երկարաժամկետ (մեկ տարուց մինչև երկու տարի տևողությամբ) դրամաշնորհային ծրագրեր:

11. Դրամաշնորհային մրցույթներն անցկացվում են որոշակի անվանակարգերով` կապված հետևյալ հիմնախնդիրների լուծման հետ.

- Քաղաքացիական հասարակության կայացում.

- Մարդու իրավունքների և ազատությունների իրականացմանն աջակցություն.

- Կանանց, երեխաների, երիտասարդների իրավունքների պաշտպանություն.

- Հասարակությանը տեղեկատվությամբ ապահովում.

- Միջազգային և ներպետական իրավական ակտերի համեմատական վերլուծություն.

- Սահմանադրական բարեփոխումներ.

- Ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացի կատարելագործում.

- Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխում.

- Կրթական, գիտական, մշակութային ծրագրերի իրականացում.

- Սոցիալական աջակցության, առողջ ապրելակերպի ապահովում.

- Բնապահպանական ծրագրերի իրականացում.

- Խաղաղության և համերաշխության հաստատման, քաղաքակրթությունների երկխոսության ապահովման ուղիների մշակում.

- Տարածաշրջանային բախումների, ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիների առաջարկում.

- Հայրենիք-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարների ապահովում.

- Եվրոխորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարում.

- այլ անվանակարգեր:

 

II. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Դրամաշնորհային մրցույթի կազմակերպման և անցկացման, մրցույթի արդյունքում հաղթող հասարակական կազմակերպության որոշման և դրամաշնորհի հատկացման նպատակով գործընկեր հասարակական կազմակերպությունը`

1) ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ համաձայնեցնելով` սահմանում է դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացակարգը (ներքին կարգը).

2) ընտրում է փորձագետներ և այլ մասնագետներ` դրամաշնորհային մրցույթի անցկացման ընթացքում փորձագիտական և տեխնիկական օժանդակության ցուցաբերման նպատակով` նախատեսելով կազմակերպական ծախսերի համար գործընկեր հասարակական կազմակերպությանը տրամադրված միջոցներից փորձագետների և այլ մասնագետների կատարած ծախսերի փոխհատուցման պայմանները.

3) սույն կարգին համապատասխան` դրամաշնորհային մրցույթի անցկացման և հաղթող հասարակական կազմակերպության որոշման նպատակով կազմավորում է մրցութային հանձնաժողով, սահմանում մրցութային հանձնաժողովի աշխատակարգը.

4) սահմանում է դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտի, ինչպես նաև հայտի ֆինանսական նախահաշվի, գնահատման թերթիկի կազմման ձևերը, հայտը ներկայացնելու պայմանները, ներառյալ` տեղը, ժամկետը, հայտի լեզուն, հայտերի բացման օրը և ժամը.

5) նախապատրաստում է մրցույթում հաղթող հասարակական կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը.

6) հրապարակում է մրցույթի մասին հայտարարություն` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` մրցույթի հայտերը ներկայացնելու համար սահմանված վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:

Մրցույթի մասին հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի ու կարգի, դրամաշնորհի չափի և դրամաշնորհային ծրագրի իրականացման ժամկետի, մրցույթին մասնակցելու հիմնական պայմանների, այդ թվում` մրցութային հայտ կազմելու և ներկայացնելու պահանջների մասին:

13. Մրցութային հայտի ներկայացման իրավունք ունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

- պետական գրանցում են ստացել մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ տարի առաջ,

- իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,

- ներկայացրել են տեղեկանքներ` դրամաշնորհային ծրագրի իրականացման հնարավորությունների մասին (տեղեկություններ հասարակական կազմակերպության մասին, մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը, տեղեկանքներ հարկային ծառայությունից, բանկից),

- ներկայացրել են երաշխավորություններ անձանցից և կազմակերպություններից,

- համապատասխանում են տվյալ անվանակարգի համար նախատեսված բոլոր մյուս պահանջներին:

14. Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

- ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,

- նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,

- նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,

- ունեն հարկային և ֆինանսական բնույթի այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,

- ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:

15. Մրցութային հայտը` սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով, ներկայացվում է գործընկեր հասարակական կազմակերպությանը: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և պահանջված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը:

16. Հասարակական կազմակերպությունները մրցութային հայտեր ներկայացնում են մինչև մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի ավարտը: Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ:

17. Մրցութային հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Հայտատուին տրվում է համապատասխան ստացական:

18. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը:

Հայտը փոփոխվում է հայտ ներկայացնելու համար սահմանված կարգով` ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը:

19. Հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց ծրարը բացելու, ինչպես նաև սահմանված կարգի մյուս պահանջների խախտումով ներկայացված հայտերը, մերժվում են և վերադարձվում ներկայացնող հասարակական կազմակերպություններին:

20. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

- ՀՀ Նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ,

- անվանակարգին համապատասխանող ոլորտի պետական կառավարման մարմնի (մարմինների) մեկ (մեկական) ներկայացուցիչ,

- գործընկեր հասարակական կազմակերպության մեկ ներկայացուցիչ,

- տվյալ ոլորտի ճանաչված մասնագետներ, հայտնի հասարակական, քաղաքական, գիտական, մշակութային և այլ գործիչներ:

21. Դրամաշնորհային մրցույթ հայտարարելուց հետո գործընկեր հասարակական կազմակերպությունը դիմում է համապատասխան պետական մարմին (մարմիններ), այլ կազմակերպություններ` առաջարկելով ներկայացնել թեկնածություններ` մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:

Պետական կառավարման մարմինները պարտավոր են իրենց ներկայացուցիչների մասին հայտնել եռօրյա ժամկետում:

22. Մրցութային հանձնաժողովի կազմավորման մասին ամփոփ տեղեկությունները զետեղվում են գործընկեր հասարակական կազմակերպության ինտերնետային կայքում, ինչպես նաև մրցույթի մասին հայտարարություն հրապարակած` առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներում:

23. Մրցութային հանձնաժողովը`

1) իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով.

2) առաջին նիստում ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար.

3) իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

24. Մրցութային հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը:

25. Մրցութային հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ապահովումը:

26. Մրցութային հանձնաժողովը հայտերը բացում է մրցույթի մասին հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալու օրը` հայտերի բացման նիստում: Նիստին հրավիրվում են մրցույթի մասնակիցները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

Մրցութային ողջ գործընթացը լուսաբանվում է:

27. Դրամաշնորհային հայտերը մրցութային հանձնաժողովի կողմից բացվելուց հետո ուսումնասիրվում են գործընկեր հասարակական կազմակերպության ներգրաված փորձագետների կողմից, և փորձագիտական եզրակացությունը` համապատասխան առաջարկություններով և առարկություններով, ներկայացվում է մրցույթին հանձնաժողով:

28. Մրցութային հանձնաժողովի անդամները:

- ուսումնասիրում են մրցութային հայտերը և դրանց վերաբերյալ տրված փորձագիտական եզրակացությունները,

- տասը միավոր համակարգով գնահատում են մրցութային հայտերը` գնահատման թերթիկներում համապատասխան նշումներ կատարելու միջոցով,

- գնահատման թերթիկները փոխանցում են հանձնաժողովի քարտուղարին և հաշվարկում յուրաքանչյուր մրցութային հայտին տրված ամփոփիչ գնահատականը,

- սահմանված հերթականությամբ հայտարարում են մրցութային հայտերին տրված ամփոփիչ գնահատականները:

Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, քվեարկում է կողմ կամ դեմ:

29. Հանձնաժողովը եզրափակիչ նիստում ընդունում է որոշում առավել շատ միավորներ հավաքած և մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության` դրամաշնորհ ստանալու իրավունքը հաստատելու մասին:

Հավասար միավորներ հավաքելու դեպքում հաղթող հասարակական կազմակերպությունը որոշվում է վիճակահանությամբ:

Նիստին ներկա անդամները պարտադիր կարգով ստորագրում են հանձնաժողովի որոշումը:

30. Մրցութային հանձնաժողովի որոշումը հրապարակվում է այն զանգվածային լրատվամիջոցով, որում հրապարակել էր մրցույթի մասին հայտարարությունը:

31. Հաղթած հասարակական կազմակերպության ներկայացրած դրամաշնորհային ծրագրի դրույթները դրվում են ծրագրի գնահատման հիմքում:

32. Դրամաշնորհային մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) հայտ չի ներկայացվել,

2) ներկայացված ոչ մի հայտ չի համապատասխանում մրցույթի պահանջներին,

3) տեղի են ունեցել մրցույթի սահմանված կարգի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են մրցույթի արդյունքների վրա:

33. Մրցութային հանձնաժողովի որոշման հիման վրա գործընկեր հասարակական կազմակերպությունը մրցույթում հաղթած հասարակական կազմակերպության հետ տասն աշխատանքային օրվա ընթացքում երեք օրինակով կնքում է համապատասխան երկկողմ պայմանագիր (այսուհետ` պայմանագիր), որով ամրագրվում են կողմերի իրավունքները և պարտականությունները: Ստորագրված պայմանագիրը հաստատում է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

34. Մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը կարող է հրաժարվել դրամաշնորհի հատկացման պայմանագրի կնքումից` իր որոշման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցելով գործընկեր հասարակական կազմակերպությանը: Այս դեպքում պայմանագիր կնքվում է հաջորդ առավել շատ միավորներ հավաքած հասարակական կազմակերպության հետ, որը բավարարել է մրցույթի բոլոր պայմանները:

35. Պայմանագրում, բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, ներառվում են`

1) դրամաշնորհային ծրագրի անվանումը, համառոտ նկարագրությունը,

2) դրամաշնորհային ծրագրի իրականացման վայրը,

3) ծրագրով նախատեսված բյուջեն, հաղթած հասարակական կազմակերպության` իր ստացած դրամաշնորհի 10 տոկոս հաշվին գործընկեր հասարակական կազմակերպության ծախսերը փոխհատուցելու պարտավորությունը,

4) ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները,

5) հասարակական կազմակերպության կողմից կատարման ենթակա գործառույթների նկարագիրը,

6) հասարակական կազմակերպության հետ համագործակցող կառույցների անվանումները,

7) ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը,

8) ծրագրի մշտադիտարկման (մոնիտորինգի) կարգը և գնահատման չափանիշները,

9) պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերի պատասխանատվությունը,

10) քաղաքացիական օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:

36. Պայմանագրին համապատասխան` դրամաշնորհի ձևով հատկացվող գումարը տրամադրվում է երկու փուլով: Գումարի մի մասը հաղթող հասարակական կազմակերպությանն է տրամադրվում պայմանագիրը կնքելուց հետո, իսկ մյուս մասը փոխանցվում է կազմակերպության կողմից համապատասխան ֆինանսական և բովանդակային հաշվետվություն ներկայացվելուց հետո:

37. Դրամաշնորհ ստացած հասարակական կազմակերպությունը`

1) դրամաշնորհային ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփող ֆինանսական և բովանդակային հաշվետվությունները ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմ և գործընկեր հասարակական կազմակերպություն` պահպանելով հաշվետվությունների պատճենները,

2) կարճաժամկետ հաշվետվություն ներկայացնում է մեկ անգամ` ծրագրի ավարտին, միջնաժամկետ դրամաշնորհի դեպքում` երկու անգամ, երկարաժամկետ դրամաշնորհի դեպքում` չորս անգամ` կիսամյակը մեկ,

3) դրամաշնորհային ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմ և գործընկեր հասարակական կազմակերպություն` ծրագրի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

38. Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթած հասարակական կազմակերպության կողմից դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքին հետևում է ՀՀ Նախագահի աշխատակազմի և գործընկեր հասարակական կազմակերպության համատեղ ձևավորած մոնիտորինգի հանձնաժողովը:

39. Մոնիտորինգի հանձնաժողովը`

1) պարբերաբար այցելում է ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպություն,

2) ծանոթանում է ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքներին,

3) ՀՀ Նախագահի աշխատակազմի, գործընկեր հասարակական կազմակերպության և ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպության ուշադրությունը հրավիրում է առկա թերություններին, հայտնաբերված սխալներին,

4) ցուցաբերում է խորհրդատվական աջակցություն,

5) ուսումնասիրման արդյունքների հիման վրա կազմում է համապատասխան եզրակացություն:

40. Մոնիտորինգի հանձնաժողովի բացասական եզրակացության հիման վրա ՀՀ Նախագահի աշխատակազմը դիմում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` դրամաշնորհային ծրագրի պատշաճ իրականացումը չապահովող հասարակական կազմակերպությունից օրենքով սահմանված կարգով դրամական միջոցները գանձելու նպատակով:

 

 

pin
ՀՀ Նախագահ
13.05.2005
N ՆՀ-87-Ն
Հրամանագիր