(ուժը կորցրել է 11.05.98 թիվ 237 որոշում)
i
041.0291.070797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 1997 թ. թիվ 291
i
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 25-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 52 որոշման`
Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՀՈՒԼԻՍԻ 7-Ի
ԹԻՎ 291 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման հարցերի միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) կոչված է նպաստելու Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման միասնական տեխնիկական քաղաքականության իրականացմանը, դրան առնչվող համապատասխան առաջարկությունների մշակմանը:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տնտեսության և սպասարկման ոլորտներում օգտագործման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների տարատեսակների որոշման վերաբերյալ առաջարկությունների մշակումն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն դրանք ներկայացնելը.
բ) հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծման, հանրապետությունում դրանց արտադրության կազմակերպման, շահագործման և տեխնիկական սպասարկման հետ կապված միջգերատեսչական հարցերի կարգավորմանը նպաստելը:
3. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`
ա) նպաստում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, ֆինանսավարկային կազմակերպությունների, բանկային համակարգի` հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծման, տեղական արտադրության կազմակերպման, դրանց շահագործման և տեխնիկական սպասարկման աշխատանքների համակարգմանը.
բ) կազմակերպում է հսկիչ-դրամարկղային մեքենաների փորձարկումներ և փորձաքննություն` Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին, էլեկտրոնային հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պարտադիր պահանջներին, ինչպես նաև դրանց կիրառման պարամետրերը և պայմանները սահմանող պահանջներին համապատասխան.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման մասին:
4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում`
ա) Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից, պետական կառավարման տարածքային մարմիններից, ֆինանսավարկային կազմակերպություններից, բանկային համակարգից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից ստանում է տեղեկատվություն հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծման, տեղական արտադրության կազմակերպման, շահագործման և տեխնիկական սպասարկման վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարություններ և գերատեսչություններ է ներկայացնում եզրակացություն հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծմանը, տեղական արտադրության կազմակերպմանը, դրանց շահագործմանն ու տեխնիկական սպասարկմանն առնչվող նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
գ) հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծման, հանրապետությունում դրանց արտադրության կազմակերպման, շահագործման և տեխնիկական սպասարկման հարցերը քննարկման նախապատրաստելու նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր.
դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում ըստ տնտեսական գործունեության ոլորտների օգտագործման համար թույլատրելի հսկիչ-դրամարկղային մեքենաների տարատեսակների և այն ձեռնարկությունների ցանկի վերաբերյալ, որտեղ, գործունեության առանձնահատկություններից ելնելով, բնակչության հետ կարող են կատարվել գործարքներ` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների:
5. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի նախագահի հաստատած աշխատանքային ծրագրին համապատասխան:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
Հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները դրանց անցկացման պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում են հանձնաժողովի անդամներին և շահագրգիռ նախարարություններ, գերատեսչություններ, պետական կառավարման տարածքային մարմիններ, ֆինանսավարկային կազմակերպություններ, բանկային համակարգ, ձեռնարկություններ, հիմնարկներ և կազմակերպություններ:
7. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, վերահսկողություն իրականացնում, հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ և պատասխանատվություն կրում հանձնաժողովի խնդիրների և գործառույթների իրականացման համար.
գ) ստորագրում է հանձնաժողովի եզրակացությունները, դրա գործունեությանն առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության մասին.
ե) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում.
զ) իրականացնում է սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
ա) հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ կատարում է հանձնաժողովի նախագահի` սույն կանոնադրության 7-րդ կետով սահմանված պարտականությունները.
բ) կազմում և հանձնաժողովի նախագահին է ներկայացնում հաշվետվություն ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
9. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին:
Հանձնաժողովի անդամները, հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության դեպքում, նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) պատասխանատու է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպական-տեխնիկական ապահովման համար.
գ) լուծում է հանձնաժողովի աշխատանքներին վերաբերող օպերատիվ հարցերը:
11. Հանձնաժողովը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ:
12. Հանձնաժողովի գործունեության դադարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: