(ուժը կորցրել է 09.08.05 թիվ 110-Ն որոշում)
i
600.0147.081204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 12 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2004 թվականի N 147-Ն
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի 16 նոյեմբերի
N 147-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի (այսուհետ` Համակարգի օպերատոր) կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների պլանավորման, օպերատիվ կարգավարման, ինչպես նաև գործունեության լիցենզիայով և էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, ծառայությունների մատուցման պայմանագրերով սահմանված այլ գործառույթներ իրականացնելիս Համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի արտադրության (այսուհետ` Արտադրող), հաղորդման (այսուհետ` Հաղորդող) և բաշխման (այսուհետ` Բաշխող) լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց փոխհարաբերությունները:
1. Համակարգի օպերատորի և Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ընդունած և այլ իրավական ակտերով, սույն կարգով:
2. Համակարգի օպերատորը`
ա) Բաշխողի կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի գնման տարեկան պահանջահայտերի (ըստ ամիսների, հզորության առավելագույն և նվազագույն մեծություններով) և Արտադրողների կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի արտադրության առաջարկների հիման վրա հաշվարկում է էլեկտրաէներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները, ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմանից,
բ) հաշվարկված ռեժիմների տվյալները ներկայացնում է Հանձնաժողովին և Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին,
գ) Բաշխողի և Արտադրողների միջև կնքված էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերում նախատեսված ռեժիմներն իրականացնելիս ապահովում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության ու անվտանգության ցուցանիշները,
դ) համաձայն էլեկտրաէներգետիկական համակարգում հաստատված հրահանգների` իրականացնում է իր կառավարման և վարույթի ներքո գտնվող Արտադրողի, Հաղորդողի և Բաշխողի կայանքների օպերատիվ կարգավարումը, ապահովելով այդ կայանքների աշխատանքի հարաչափերի համապատասխանությունը անվտանգության նորմերին,
ե) ապահովում է տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի իրականացումը` ըստ կնքված պայմանագրերի,
զ) հաշվարկում և ներկայացնում է Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին իրենց կայանքներում տեղակայված համակարգային նշանակության ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի նախադրվածքներն ու դրանց անհրաժեշտ փոփոխությունները և իր կողմից սահմանված ու Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի հետ համաձայնեցված կարգով հսկում դրանց (սարքերի) աշխատանքը,
է) համաձայնեցնում է Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի համակարգային նշանակության կայանքների վերանորոգման կամ դրանք այլ նպատակներով աշխատանքից դուրսբերման տարեկան պլանները,
ը) կազմակերպում է համակարգային վթարների, համակարգի հուսալիության խախտման դեպքերի քննությունն ու դրանց քննարկումը Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի և Հանձնաժողովի հետ` ըստ սահմանված կարգի,
թ) Հանձնաժողովի հաստատած կարգով Արտադրողների պայմանագրային հզորությունների պատրաստականության ստուգումներ կատարելու դեպքում կազմում է համատեղ ակտ և մինչև հաջորդ ամսվա 5-ը ներկայացնում է էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզավորված գործունեություն իրականացնող անձին և Բաշխողին,
ժ) նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան վարում և առնվազն երեք տարի պահպանում է օպերատիվ գրանցամատյանները և այլ փաստաթղթեր, օպերատիվ հրահանգների ձայնագրությունները,
ժա) յուրաքանչյուր օր մինչև 16.00-ն ներկայացնում է Արտադրողներին հաջորդ օրվա բեռնվածքի գրաֆիկի առաջադրանքը,
ժբ) Արտադրողին, Հաղորդողին, Բաշխողին տրամադրում է անարգել մուտք իր սերվերներում տեղաբաշխված ֆայլերին` էներգահամակարգի ռեժիմների և օպերատիվ սխեմայի վերաբերյալ և նրանց պահանջով ներկայացնում է լրացուցիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ,
ժգ) ապահովում է էլեկտրաէներգիայի փոխհոսքերի իրականացումը` համաձայն կնքված պայմանագրերի,
ժդ) ապահովում է օպերատիվ տեխնոլոգիական հեռախոսային կապի հաստատված սխեմայի կայուն և որակյալ աշխատանքը, հնարավոր կարճ ժամանակահատվածում վերացնում հայտնաբերված խափանումներն ու թերությունները,
ժե) ապահովում է Արտադրողի, Հաղորդողի, Բաշխողի հաշվեկշռային պատկանելիության սահմանազատման կետերում էլեկտրաէներգիայի որակի պայմանագրային մեծությունները` համաձայն միջպետական ԳՕՍՏ 13109-97 ստանդարտի:
3. Արտադրողը, Հաղորդողը, Բաշխողը`
ա) յուրաքանչյուր տարի, մինչև հոկտեմբերի 1-ը, ներկայացնում են Համակարգի օպերատորին հաջորդ տարվա համար էլեկտրաէներգիայի (հզորության) գնման (վաճառքի) պահանջահայտերը ամսական կտրվածքով` էլեկտրաէներգիայի (հզորության) գնման (վաճառքի) տարեկան պլանավորման համար,
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի տեխնոլոգիական և տնտեսական կարգավարման գործառույթներն իրականացնելու նպատակով անվերապահորեն կատարում են Համակարգի օպերատորի օպերատիվ հրահանգներն ու կարգադրությունները` համաձայն փոխհամաձայնեցված կարգի,
գ) ապահովում են Համակարգի օպերատորի (նրա լիազոր ներկայացուցիչների) իր իրավասությունների սահմաններում պարտականությունների կատարման նպատակով մուտքը իրենց տնօրինության տակ գտնվող տարածքները,
դ) ապահովում են իրենց կայանքներում տեղադրված` Համակարգի օպերատորի սեփականությունը հանդիսացող կապի միջոցների և տեղեկատվական (հեռուստամեխանիկայի) սարքերի պահպանումը,
ե) Համակարգի օպերատորին անհապաղ հայտնում են նրա կառավարման կամ վարույթի ներքո գտնվող` իրենց կայանքներում ի հայտ եկած բոլոր թերությունների ու անսարքությունների մասին, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտել սույն կարգի, գործող հրահանգների կամ էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի, ծառայությունների մատուցման պայմանագրերի կատարումը,
զ) էլեկտրաէներգետիկական համակարգի կրիտիկական (վթարային) իրավիճակներում գործում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի փետրվարի 21-ին թիվ 9-Ն որոշմամբ հաստատված կարգի հիման վրա կազմած ծրագրերի համաձայն: