(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
120.0011.150800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2000 թվականի թիվ 11
«ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳ»-Ը ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Ցուցումներ ՀՀ վիճակագրության մարզային վարչություններին և դրանց տարածքային ստորաբաժանումներին ՀՀ 2000 թվականի փորձնական մարդահամարն անցկացնելու կազմակերպական պլանները կազմելու կարգ»-ը և այդ կարգը բնութագրող հաշվետվական ձևերը (կցվում են):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հաստատված է`
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2000 թվականի օգոստոսի 15-ի
N 11 որոշմամբ
2000 թ. փորձնական մարդահամար
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ՀՀ վիճակագրության մարզային վարչություններին և դրանց տարածքային
ստորաբաժանումներին 2000 թ. փորձնական մարդահամարն անցկացնելու
կազմակերպման պլանները կազմելու կարգի մասին
Ընդհանուր ցուցումներ
1. 2000 թ. փորձնական մարդահամարը ճիշտ կազմակերպելու և բնակչության հաշվառման լրիվությունն ապահովելու համար վիճակագրության Արարատի և Լոռու մարզային վարչությունները` համապատասխան տարածքային ստորաբաժանումների հետ միասին կազմում են մարդահամարն անցկացնելու կազմակերպման պլաններ:
Կազմպլանը բաղկացած է հետևյալ բաժիններից`
մարդահամարային շրջանացում (Ձևեր 1Կ-6Կ)
մարդահամարային կադրերի կոմպլեկտավորում (Ձև 7Կ)
մարդահամարային կադրերի հրահանգավորման և նրանց պատրաստվածությունը ստուգելու պլան (Ձև 8Կ)
բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպման պլան (Ձև 9Կ)
բացատրագիր:
2. Կազմպլանի բոլոր ձևերը բացառությամբ Ձև 1Կ-ից, լրացվում են երկու օրինակից: Կազմպլանի լրացված ձևերը պետք է համեմատվեն քարտեզագրական նյութերի, տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների հետ: Կազմպլանի ձևերում լրացված տվյալները պետք է իրար հետ փոխկապակցված լինեն:
Քաղաքի և տարածաշրջանի համար կազմված կազմպլանը պետք է համաձայնեցվի քաղաքապետարանի կամ մարզպետարանի հետ:
3. Կազմպլանի երկու օրինակները, քարտեզագրական նյութերի հետ միասին, ներկայացվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն` հաստատման: Կազմպլանի հաստատումից հետո, հաստատված մեկ օրինակը, Ձև 1Կ-ի և քաղաքի հատակագծի հետ միասին, վերադարձվում են Ազգային վիճակագրական ծառայության մարզային վարչություններին և դրանց տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին:
Մարդահամարային շրջանացում
4. Մարդահամարն անցկացնելու կազմպլանի հիմնական բաժինը մարդահամարային շրջանացումն է, այսինքն` շրջանների և քաղաքների տարածքի բաժանումը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի: Տվյալ տարածքի ճիշտ բաժանումը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի կապահովի բոլոր բնակավայրերի և տների (շինությունների) ամբողջական ընդգրկումը մարդահամարով: Մարդահամարային շրջանացումն անհրաժեշտ է նաև մարդահամարային կադրերի պահանջարկն որոշելու և նրանց ըստ տեղամասերի ճիշտ տեղաբաշխելու համար:
Յուրաքանչյուր քաղաքի և շրջանի տարածքի բաժանումը մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի կատարվում է քաղաքում տների (շինությունների) ցուցակների, գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների, քաղաքների սխեմատիկ հատակագծերի և շրջանի քարտեզների, ժամանակավոր նշանակության հիմնարկների ցուցակների հիման վրա:
5. Մարդահամարային շրջանացման արդյունքներն անցկացվում են քաղաքների հատակագծերի և տարածաշրջանների քարտեզների վրա:
Մարդահամարային շրջանացումը կատարում է վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարը` մարզային վարչության պետի հետ միասին:
Առաջին հերթին որոշվում են մարդահամարային տեղամասերի տարածքներն ու սահմանները: Փորձնական մարդահամարի ժամանակ ստեղծվելու են 2 մարդահամարային տեղամասեր, որոնք ընդգրկելու են` Լոռու մարզի Սպիտակ քաղաքը և Արարատի մարզի 8 գյուղական բնակավայրերը: Այնուհետև, մարդահամարային տեղամասերը պետք է բաժանել հաշվային տեղամասերի, իսկ հաշվային տեղամասերը միավորել հրահանգչական տեղամասերի մեջ:
Հաշվային տեղամասերը համարակալվում են հրահանգչական տեղամասի սահմաններում, հրահանգչական տեղամասերը` մարդահամարային տեղամասերի սահմաններում, մարդահամարային տեղամասերը` տարածաշրջանի/քաղաքի սահմաններում: Սոցիալական նշանակության (մանկատուն, տուն-ինտերնատ և այլն) և ժամանակավոր բնակության համար նախատեսված (հիվանդանոց, հյուրանոց և այլն) հիմնարկ-ձեռնարկություններում կազմավորված մարդահամարային տեղամասերը համարակալվում են հիմնական տեղամասերից հետո:
Մարդահամարային շրջանացման արդյունքները գրանցվում են 1Կ-6Կ ձևերում: Մարդահամարային շրջանացման ձևերի մեջ չեն մտցվում այն օբյեկտները, որտեղ մարդահամարն անցկացվում է հատուկ կարգով: Այսպիսով, օբյեկտների ցուցակը պետք է նախօրոք համաձայնեցված լինի համապատասխան կազմակերպությունների հետ:
6. Հրահանգչական և հաշվային տեղամասերի թիվն որոշվում է ՀՀ-ում 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթներով մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի համար սահմանված ծանրաբեռնվածության նորմաների հիման վրա:
Քաղաքների մարդահամարային շրջանացում
7. Հաշվարարների, հրահանգիչ-հսկիչների միջին ծանրաբեռնվածության նորմաները պետք է պահպանվեն ամբողջությամբ քաղաքի մասշտաբով, միևնույն ժամանակ դրանք պետք է տարբերակվեն քաղաքի տարբեր մասերի համար, կախված կառուցապատման բնույթից և շինությունների մեծությունից: Միջին ծանրաբեռնվածության նորմաները պետք է բարձրացվեն այն տեղամասերում, որտեղ գերակշռում են խոշոր շենքերը (տները) և իջեցվեն, եթե գերակշռում են մեծ տարածքի վրա ցրված մանր շինությունները:
8. Մարդահամարային տեղամասի տարածքը բաժանվում է հաշվային տեղամասերի: Կախված հաշվարարի համար սահմանված ծանրաբեռնվածության միջին նորմայից և տարածքի կառուցապատման բնույթից` հաշվային տեղամասը կարող է բաղկացած լինել.
. շենքի մի մասից,
. մեկ շենքից,
. մեկ շենքից և ուրիշ շենքի մի մասից,
. մեկ թաղամասի (զանգվածի) սահմաններում գտնվող մի քանի շենքերից,
. մեկ թաղամասից և նրան սահմանակից մյուս թաղամասի մասից,
. մի քանի սահմանակից թաղամասերից (զանգվածներից):
Չի թույլատրվում բաժանել այն տունը (շենքը, թաղամասը, զանգվածը), որի բնակչությունը չի գերազանցում հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությանը (400 մարդ): Տարբեր թաղամասերի (զանգվածների), տների (շենքերի) մասերից հաշվային տեղամասեր կոմպլեկտավորել չի թույլատրվում: Հաշվային տեղամասերն ըստ փողոցների` կոմպլեկտավորվում են միայն այն քաղաքներում, բնակավայրերում կամ քաղաքների մասերում, որոնք բաղկացած են մեկ փողոցից կամ մի քանի զուգահեռ փողոցներից և այդ պատճառով էլ տների ցուցակները` Ձև 1-քաղաքային նույնպես կազմվել են ըստ փողոցների:
Հաշվային տեղամասերը միավորվում են հրահանգչական տեղամասերի մեջ, որոնցում, որպես կանոն, ներառվում են ամբողջությամբ մեկ կամ մի քանի սահմանակից թաղամասեր (զանգվածներ): Չի թույլատրվում մեկ հրահանգչական տեղամասի մեջ միավորել տարբեր թաղամասերի (զանգվածների) մասեր:
Խորհուրդ չի տրվում բաժանել այն թաղամասերը (զանգվածները), որոնց բնակչությունը չի գերազանցում հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությանը` 1800 մարդ:
Պետք է խուսափել մեկ հրահանգչական տեղամասի մեջ այնպիսի թաղամասեր (զանգվածներ) մտցնելուց, որոնք մեկը մյուսից բաժանված են երկաթուղով կամ գետով:
Քաղաքային մարդահամարային տեղամասում բնակչության թիվը չպետք է գերազանցի 16 հազար մարդուց:
9. Քաղաքների մարդահամարային շրջանացման հանրագումարները գրանցվում են կազմպլանի 1Կ-3Կ ձևերում: Մարդահամարային շրջանացման արդյունքներն անցկացվում են քաղաքների սխեմատիկ հատակագծերի վրա (հատակագծի վրա տարբեր գույներով պայմանանշվում են մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի սահմանները` նշելով նրանց համարները և բնակչության թիվը):
Գյուղական վայրի մարդահամարային շրջանացում
10. Գյուղական վայրի մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի թիվն որոշվում է ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպչական և մեթոդաբանական հիմնական դրույթներով, մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի համար` սահմանված միջին ծանրաբեռնվածության նորմաների հիման վրա: Այն գյուղական բնակավայրը կամ գյուղական համայնքի տարածքը, որտեղ բնակչության թիվը գերազանցում է հաշվարարի առավելագույն ծանրաբեռնվածությանը (300 մարդ)` հարկավոր է բաժանել առանձին հաշվային տեղամասերի: Հաշվային տեղամասերի մեջ կարող են մտնել` բնակավայրի մի մասը, ամբողջ բնակավայրը, մի քանի բնակավայրեր, մեկ բնակավայր և մոտակա բնակավայրի մի մասը: Տարբեր գյուղական համայնքների կամ բնակավայրերի մասերից հաշվային տեղամասեր կոմպլեկտավորել չի թույլատրվում:
Հաշվային տեղամասերը միավորվում են հրահանգչական տեղամասի մեջ: Եթե գյուղական համայնքի բնակչության թվաքանակը չի գերազանցում հրահանգիչ-հսկիչի առավելագույն ծանրաբեռնվածությանը (1,5 հազար մարդ), ապա այդպիսի բնակավայրերում ստեղծվում է մեկ հրահանգչական տեղամաս:
Գյուղական վայրերում մարդահամարային տեղամասերի բնակչության թվաքանակը չպետք է գերազանցի 13 հազար մարդուց:
11. Գյուղական վայրի մարդահամարային շրջանացման հանրագումարները գրանցվում են կազմպլանի 4Կ և 5Կ ձևերում:
Մարդահամարային շրջանացման արդյունքներն անցկացվում են տարածաշրջանի քարտեզի վրա: Քարտեզի վրա տարբեր գույներով պայմանանշվում են մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի սահմանները` նշելով դրանց համարները և բնակչության թվաքանակը:
Մարդահամարային տեղամասերի կազմակերպումը սոցիալական նշանակության և
ժամանակավոր բնակության հիմնարկներում
12. Հիմնական մարդահամարային տեղամասերից բացի կատարվում է նաև մարդահամարային տեղամասերի անհրաժեշտ քանակի հաշվարկ.
. սոցիալական նշանակության հիմնարկներում (գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում, ծերերի և հաշմանդամների տներում և նմանատիպ հիմնարկներում),
. ժամանակավոր բնակության հիմնարկներում (հյուրանոցներում, տուրիստական բազաներում, առողջարաններում, հիվանդանոցներում և այլ նմանատիպ հիմնարկներում):
Թվարկված հիմնարկները Ձև 6Կ-ում ցույց են տրվում սկզբում ըստ քաղաքների, իսկ այնուհետև` ըստ գյուղական վայրերի: Ցուցակի վերջում հաշվարկվում է հանրագումարն ըստ մարզի:
Ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում մարդահամարն անց է կացվում սեպտեմբերի 6-ին` մարդահամարի առաջին օրվա ընթացքում:
Սոցիալական նշանակության հիմնարկներում մարդահամարն անց է կացվում հաշվարարների կողմից 1-10 օրվա ընթացքում` կախված նրանցում առկա բնակչության թվաքանակից:
Եթե ձև 6Կ-ում թվարկված հիմնարկներում բնակվողների թիվը և տեղերի քանակը 25-ից պակաս է, ապա այդ հիմնարկներում մարդահամարի անցկացումը հանձնարարվում է այն տեղամասի հաշվարարին, որի տարածքում է գտնվում տվյալ հիմնարկը: Այն հիմնարկներում, որոնցում բնակվողների թիվը և տեղերի քանակը 25 և ավելի է, հարկավոր է կազմակերպել ինքնուրույն հաշվային տեղամասեր: Այդ հիմնարկներում հաշվարարի ծանրաբեռնվածության միջին նորման սահմանվում է 30 մարդ մեկ օրում:
Ձև 6Կ-ում անհրաժեշտ է գրանցել սոցիալական նշանակության և ժամանակավոր կացարան հանդիսացող բոլոր հիմնարկները, ինչպես նաև հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի շենքերում` որպես հյուրանոց հարմարեցված բնակարանները, որոնք գտնվում են տվյալ տարածաշրջանում (քաղաքում):
***
Կազմպլանով հաշվառված բնակչության ընդհանուր թվաքանակը ստացվում է որպես 3Կ ձևի 5-րդ սյունակի, 5Կ և 6Կ ձևերի 4-րդ սյունակների հանրագումար: Ստացված արդյունքները համեմատվում են տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների հիման վրա ստացված հանրագումարների հետ: Տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և այլ բնակատեղերի ցուցակների ստուգումից հետո կազմպլանի ձևերում և քարտեզագրական նյութերում անհրաժեշտության դեպքում պետք է մտցնել համապատասխան փոփոխություններ և ճշգրտումներ:
Մարդահամարային կադրերի հավաքագրումը
13. Մարզերում (տարածաշրջաններում) մարդահամարի աշխատողներ են հանդիսանում`
. ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրա տարածքային ստորաբաժանման ղեկավարի մարդահամարի գծով տեղակալները,
. մարդահամարային տեղամասերի վարիչները,
. մարդահամարային տեղամասերի վարիչների օգնականները,
. հրահանգիչ-հսկիչները,
. հաշվարարները:
14. Մարդահամարի անցկացմանը պետք է ներգրավվեն անձինք, ովքեր կարող են ապահովել մարդահամարի անհրաժեշտ նախապատրաստումն ու հաջող անցկացումը: Մարդահամարային կադրերը կոմպլեկտավորում են հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներից, ուսանողներից, տեխնիկումների բարձր կուրսի սովորողներից, ինչպես նաև չաշխատող բնակչությունից: Նպատակահարմար է առավելություն տալ նախորդ մարդահամարների և հետազոտությունների անցկացման փորձ ունեցող անձանց:
Գյուղական համայնքներում հաշվարարներ և հրահանգիչ-հսկիչներ նպատակահարմար է կոմպլեկտավորել, տվյալ կամ հարևան գյուղի բնակիչներից: Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում, որոնցում կազմակերպվում են մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասեր` մարդահամարային կադրերն առանձնացվում են այդ հիմնարկների ադմինիստրացիայի կողմից: Մարդահամարային կադրերի ընտրությունը կատարվում է հետևյալ ժամկետներում`
. վիճակագրության Լոռու և Արարատի մարզային վարչության մարդահամարի գծով տեղակալներ - այս միջոցառումն իրականացվել է 25.07.2000 թ.
. մարդահամարային տեղամասերի վարիչներ և օգնականներ - այս միջոցառումն իրականացվել է 25.07.2000 թ.
. հրահանգիչ-հսկիչներ - 21.08.2000 թ.
. հաշվարարներ - 28.08.2000 թ.
15. Մարդահամարային կադրերի ընդհանուր թվաքանակը որոշվում է ելնելով հիմնական հաշվային տեղամասերի, սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում կազմակերպված տեղամասերի թվից և նրանց ռեզերվից:
Հաշվարարների ամբողջ ռեզերվը պետք է կազմի հաշվարարների հիմնական անձնակազմի 20 տոկոսից ոչ պակաս, այդ թվում` վճարվող` 5 տոկոս: Հրահանգիչ-հսկիչների ռեզերվը պետք է կազմի 2-3 մարդ յուրաքանչյուր մարդահամարային տեղամասի համար:
Մարդահամարի ժամանակ վճարվող ռեզերվային հաշվարարները պետք է հերթապահեն մարդահամարային, հրահանգչական տեղամասերում, կամ վիճակագրության տարածքային ստորաբաժանման տարածքում և կատարեն իրենց հանձնարարված աշխատանքները: Հաշվարարներից որևէ մեկի աշխատանքի դուրս չգալու դեպքում անհրաժեշտ է նրան փոխարինել ռեզերվային հաշվարարով:
16. Մարդահամարային կադրերի պահանջարկի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են կազմպլանի 7Կ ձևում:
17. Ընտրված կադրերը մարդահամարի աշխատանքներում ներգրավվում են հետևյալ ժամկետներով.
. մարդահամարի գծով ՀՀ վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարների տեղակալներ` 4 ամիս,
. մարդահամարային տեղամասերի վարիչներ և նրանց օգնականներ` 2,5 ամիս,
. հրահանգիչ-հսկիչներ` 45 օր,
. հաշվարարներ` 30 օր:
Մարդահամարային կադրերի ուսուցման (հրահանգավորման) պլան
18. ՀՀ վիճակագրության մարզային վարչության և դրա տարածքային ստորաբաժանման ղեկավարների, նրանց մարդահամարի գծով տեղակալների, մարդահամարային տեղամասերի վարիչների և նրանց օգնականների մարդահամարի հարցերով հրահանգավորումն անցկացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պլանավորման և ծրագրամեթոդաբանության բաժնի աշխատակիցների կողմից, հրահանգիչ-հսկիչների հրահանգավորումը` վիճակագրության տարածքային ստորաբաժանման ղեկավարը և/կամ նրա մարդահամարի գծով տեղակալը, հաշվարարներինը` մարդահամարային տեղամասերի վարիչները և նրանց օգնականները` համապատասխան տեղամասերի հրահանգիչ-հսկիչների մասնակցությամբ:
Հիմնական անձնակազմի հետ միաժամանակ հրահանգավորվում է նաև վճարվող ռեզերվը:
Մարդահամարային կադրերի հրահանգավորումը պարտադիր կերպով պետք է ուղեկցվի մարդահամարի հարցաթերթի և այլ փաստաթղթերի փորձնական լրացմամբ և նրանց պատրաստվածության ստուգմամբ:
Մարդահամարի փաստաթղթերի լրացման կարգը չյուրացրած անձանց չի կարելի թույլատրել մասնակցելու մարդահամարի անցկացման աշխատանքներին և անպայմանորեն պետք է փոխարինել կամ վերապատրաստել:
Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկների մարդահամարային անձնակազմի հրահանգավորումը ցանկալի է անցկացնել հիմնական անձնակազմից առանձին, բայց եթե նրանց թիվը շատ չէ` կարելի է միացնել հիմնական անձնակազմի խմբին: Քաղաքներում և գյուղական վայրերում աշխատելու համար հաստատված մարդահամարային անձնակազմը հրահանգավորվում է, որպես կանոն, 25 մարդուց ոչ ավելի խմբերով:
Մարդահամարն անցկացնող կադրերի տեղաբաշխումն ըստ տեղամասերի պետք է կատարել հրահանգավորումից և գիտելիքների ստուգումից հետո (ավելի լավ պատրաստվածներին` պետք է կցել աշխատանքի ավելի դժվար տեղամասերում) և պետք է ավարտել մինչև շինությունների նախնական շրջագայություն սկսելը:
Մարդահամարային կադրերի հրահանգավորման պլանը կազմվում է կազմպլանի 8Կ ձևում:
ՊԼԱՆ
Զանգվածային-բացատրական աշխատանքների
19. Մարդահամարի անցկացումը պահանջում է լայն բացատրական աշխատանք բնակչության շրջանում` մարդահամարի նպատակի, խնդիրների, անցկացման կարգի և ժամկետների մասին: Այդ աշխատանքի պլանը (Ձև 9Կ) պետք է բովանդակի տարածաշրջանի/քաղաքի, բնակչության շրջանում մարդահամարի նպատակների և խնդիրների, նրա անցկացման կարգի, ժամկետների և քաղաքացիների պարտականությունների պարզաբանման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ: Պլանում անհրաժեշտ է նախատեսել տեղական մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության օգտագործումը` մարդահամարի նպատակների, նրա ծրագրի և անցկացման կարգի, ինչպես նաև մարդահամարի առանձին նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքը լուսաբանելու համար: Հարկավոր է նախատեսել նաև մարդահամարի խնդիրների և նպատակների մասին զեկուցումների, զրույցների, ժողովների անցկացում գործող հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև զանգվածային-բացատրական աշխատանքների իրականացման հնարավոր այլ ձևեր:
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
20. Կազմպլանին կցվում է բացատրագիր, որտեղ պետք է ցույց տրվեն նախապատրաստական աշխատանքների կատարումը, մարդահամարային շրջանացման առանձնահատկությունները, մարդահամարային անձնակազմի ծանրաբեռնվածության սահմանված նորմաների հիմնավորումը, կազմպլանի ձևերի պարզաբանումը: Պետք է հիմնավորել բնակեցման, կառուցապատման և այլ առանձնահատկությունների հետևանքով ծանրաբեռնվածության նորմաների իջեցման և առավելագույն ծանրաբեռնվածության գերազանցման դեպքերը: Անհրաժեշտ է ցույց տալ նաև նախատեսվող մարդահամարային կադրերի բնութագիրը` նշելով նրանց ներգրավման հիմնական աղբյուրները (ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, չաշխատող անձինք և այլն):
Կազմակերպման պլանը բնութագրող ձևերի լրացման կարգը և
դրանց փոխկապակցվածությունը
Ձև 1Կ «Քաղաքների հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» - լրացվում է քաղաքներում յուրաքանչյուր հրահանգչական տեղամասի համար` նշելով յուրաքանչյուր հաշվային տեղամասի կազմը: Տների (շենքերի) գրառումն ըստ թաղամասերի, հնարավորության սահմաններում, պետք է համապատասխանեցնել տվյալ թաղամասի (զանգվածի) համար լրացված ձև-1 քաղաքայինում կատարված գրառմանը, որպեսզի հեշտացվի ձևերի համեմատումն իրար հետ: Հաշվային տեղամասի վերջին տան գրառումից հետո հաշվարկվում է ամբողջ տեղամասի հանրագումարն` ըստ 3-րդ (հաշվային տեղամասում տների քանակը) և 5-7 սյունակների (բնակարանների քանակը և բնակչության թվաքանակը):
8-րդ սյունակում գրանցվում է հիմնական հաշվային տեղամասի տարածքում գտնվող սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության հիմնարկի անվանումը և դրանցում տեղերի քանակը:
Բոլոր հաշվային տեղամասերի վերաբերյալ գրանցումները կատարելուց հետո` հաշվարկվում է հրահանգչական տեղամասի հանրագումարը:
Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում ստեղծված հաշվային տեղամասերը գրվում են հիմնական հաշվային տեղամասերի հանրագումարից հետո:
Ձև 2Կ «Քաղաքների մարդահամարային տեղամասի կազմը» - կազմվում է հրահանգչական տեղամասի 1Կ ձևի հիման վրա:
Յուրաքանչյուր հրահանգչական տեղամաս գրվում է առանձին տողով: 1-ին սյունակում նշվում է հրահանգչական տեղամասի համարը, 3-րդ սյունակում նշվում է թաղամասի (զանգվածի) համարը` 1Կ ձևի 2-րդ սյունակից: 4-8-րդ սյունակներում համապատասխան տվյալները փոխանցվում են 1Կ ձևից, 9-րդ սյունակում` միջին հաշվով մեկ հաշվային տեղամասի բնակչության թվաքանակը, իսկ 10-րդ սյունակում նշվում է սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության հիմնարկների անվանումը և դրանցում տեղերի քանակը:
Բոլոր հիմնական հրահանգչական տեղամասերը գրանցելուց հետո հաշվարկվում է մարդահամարային տեղամասի հանրագումարը:
Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում ստեղծված հրահանգչական և հաշվային տեղամասերը լրացվում են հիմնական հրահանգչական տեղամասերից հետո` նշելով հիմնարկի հասցեն և անվանումը, իսկ դրանց վերաբերյալ տվյալները` համապատասխան սյունակներում:
Բոլոր հրահանգչական տեղամասերի գրանցումից հետո (ինչպես հիմնական, այնպես էլ հիմնարկներում ստեղծված) հաշվարկվում է հանրագումարն ամբողջությամբ ըստ մարդահամարային տեղամասի:
Ձև 3Կ «Քաղաքների մարդահամարային շրջանացում» - լրացվում է մարդահամարային տեղամասի համար` 2Կ ձևի հիման վրա: 1-ին սյունակում դրվում է մարդահամարային տեղամասի համարը, 2-7-րդ սյունակներում փոխանցվում են 2Կ ձևի տվյալները, իսկ 8-12-րդ սյունակների տվյալները հաշվարկվում են:
Ձև 4Կ «Գյուղական վայրի մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի կազմը» - լրացվում է գյուղական վայրերում ստեղծված մարդահամարային տեղամասի համար` նշելով դրա կազմի մեջ մտնող ամեն մի հրահանգչական և հաշվային տեղամաս:
3-րդ սյունակում նշվում է հիմնական բնակավայրի հերթական համարը` հրահանգչական տեղամասի սահմաններում և դրա անվանումը: Եթե հիմնական բնակավայրն իր ենթակայության տակ ունի այլ բնակատեղեր և տներ, ապա այնուհետև գրվում է դրանց հերթական համարը` հիմնական բնակավայրի սահմանում և անվանումը:
4-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի, ներառյալ այլ բնակատեղերի և հիմնական բնակատեղերի տների (շինությունների) և հեռու գտնվող տների (շինությունների) բնակչության թվաքանակը (առկա բնակչության թվաքանակին ավելացնելով բացակայողների թվաքանակը): 5-րդ և 6-րդ սյունակներում գրվում է ամեն մի բնակավայրում ստեղծված հաշվային տեղամասերի համարը և բնակչության թվաքանակը: Եթե բնակավայրը բաժանված է երկու և ավելի հաշվային տեղամասերի, ապա 3-րդ սյունակում կատարվում է «գյուղի մի մասը» գրառումը, իսկ 5-րդ և 6-րդ սյունակներում յուրաքանչյուր հաշվային տեղամասերի համարը, և բնակավայրի այդ մասի բնակչության թվաքանակը:
7-րդ սյունակում նշվում է այն սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսած հիմնարկների անվանումը, որոնցում ինքնուրույն հաշվային տեղամասեր չեն ստեղծվում:
Վերջին հաշվային տեղամասի գրառումից հետո հաշվարկվում է հրահանգչական տեղամասի հանրագումարն ամբողջությամբ, իսկ վերջին հրահանգչական տեղամասի գրառումից հետո` մարդահամարային տեղամասի հանրագումարը:
Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության համար նախատեսված հիմնարկներում ստեղծված հաշվային (հրահանգչական) տեղամասերը գրանցվում են հիմնական հաշվային (հրահանգչական) տեղամասերից հետո: Եթե տվյալ հիմնարկներում բնակվում է մշտական բնակչություն, ապա նրանց թվաքանակը նշվում է 6-րդ սյունակում:
Ձև 5Կ «Գյուղական վայրի մարդահամարային շրջանացում» - լրացվում է 4Կ ձևի հիման վրա` ըստ յուրաքանչյուր մարդահամարային տեղամասի: Առանձին տողով գրանցվում է յուրաքանչյուր մարդահամարային տեղամասի վերաբերյալ տվյալները:
Ձև 6Կ «Սոցիալական նշանակության և ժամանակավոր բնակության հիմնարկների ցուցակ» ձևում այդպիսի հիմնարկների գրանցումը տարվում է, սկզբում, ըստ քաղաքների, իսկ այնուհետև` ըստ գյուղական վայրերի: 6-8-րդ սյունակներում ցույց են տրվում մարդահամարային, հրահանգչական և հաշվային տեղամասերի համարները, ինչպես վերը նշված հիմնարկներում ստեղծված, այնպես էլ այն հիմնական տեղամասերի, որոնց կազմի մեջ դրանք մտել են:
Բոլոր հիմնարկների գրանցումից հետո կատարվում է հանրագումարի հաշվարկ ըստ տարածաշրջանի` քաղաքների և գյուղական վայրերի համար առանձին 4-8-րդ սյունակներում:
Անհրաժեշտ է ստուգել մտցվել են արդյոք 1Կ-4Կ ձևերում գրանցված բոլոր հիմնարկների վերաբերյալ տվյալները ձև 6Կ-ի համապատասխան հաշվային, հրահանգչական և մարդահամարային տեղամասերի կազմում:
Ձև 7Կ «Մարդահամարային կադրերի պահանջարկը» - լրացվում է 3Կ, 5Կ և 6Կ ձևերի հիման վրա: Սկզբում լրացվում են քաղաքների, այնուհետև գյուղական վայրերի վերաբերյալ տեղեկությունները: Այս ձևում առանձին տողով լրացվում է յուրաքանչյուր քաղաքի, իսկ գյուղական վայրում յուրաքանչյուր մարդահամարային տեղամասի վերաբերյալ տվյալները:
Ձև 8Կ «Մարդահամարային կադրերի ուսուցման պլան» - լրացվում է 7Կ ձևի հիման վրա: Այս ձևում մարդահամարային կադրերի վերաբերյալ գրանցումները տարվում են ըստ յուրաքանչյուր քաղաքի, իսկ դրանցում` ըստ յուրաքանչյուր մարդահամարային տեղամասի: Կադրերի ընդհանուր թվաքանակը պետք է համապատասխանի 7Կ ձևի 4, 8, 13 և 14-րդ սյունակներին:
Ձև 9Կ «Բնակչության շրջանում զանգվածային-բացատրական աշխատանքների կազմակերպման պլան» - լրացվում է փորձնական մարդահամարի անցկացման նպատակի, խնդիրների, անցկացման կարգի և ժամկետների մասին բնակչության շրջանում կատարվելիք բացատրական աշխատանքների բովանդակությունը, դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև նշվում է, թե ում կողմից են իրականացվում այդ աշխատանքները:
---------------------------
ԻՐՏԵԿ - ձևերը չեն բերվում