(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0664.160604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 օգոստոսի 2003 թվականի N 664-Ն
i
«ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-06-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` պաղպաղակի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Պաղպաղակի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Պաղպաղակի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-06-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:
Հաստատված է`
ՀՀ առողջապահության նախարարի
2003 թվականի օգոստոսի 1-ի
N 664-Ն հրամանով
ՊԱՂՊԱՂԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ Է ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ
N 2-III-4.1-06-2003
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են պաղպաղակ արտադրող կազմակերպություններին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Պաղպաղակ արտադրող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա սանիտարական պահպանման գոտի` համաձայն «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ-ի պահանջների:
2.2. Տարածքը ստորաբաժանվում է արտադրական և տնտեսական գոտիների:
Արտադրական գոտում տեղակայվում են` արտադրական մասնաշենքը, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստները, կենցաղային շինությունները, իսկ տնտեսական գոտում` պահեստամասերի, շինանյութերի, տարայի և վառելիքի պահեստը, կաթսայատունը, ավտոտնակները, աղբի հավաքման տարողությունները:
2.3. Կազմակերպության տարածքը պետք է լինի ցանկապատված, ունենա թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանցը` կեղտաջրերի, մթնոլորտային տեղումներից և ձնհալոցքից առաջացած ջրերի հեռացման համար: Ստորգետնյա ջրերի մակարդակը պետք է ցածր լինի նկուղային հարկի հատակի մակարդակից 0,5 մ-ից ոչ պակաս:
2.4. Շինանյութի և վառելանյութի, տարայի պահման պահեստամասերը, ինչպես նաև աղբահավաք տարողությունների տեղադրման հարթակները, պետք է լինեն արտադրական մասնաշենքերից 25 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:
2.5. Արտադրական թափոնների և աղբի հավաքման համար ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակի վրա տեղադրվում են կափարիչով ամուր փակվող տարողություններ, որոնք դատարկվում են ամեն օր և ախտահանվում ախտահանիչ միջոցներով: Հարթակների մակերեսը բոլոր կողմերից գերազանցում է կոնտեյներների հիմքի մակերեսը 1 մ-ով:
2.6. Աղբահավաք տարողությունները, բակային զուգարանները, կքափոսերը ախտահանվում են քլորակրի 10%-ոց կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով:
3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Կազմակերպությունների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը միացվում են ընդհանուր ցանցին և համապատասխանում են 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», 2.04.03-85 «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ների պահանջներին:
3.2. Տեխնոլոգիական, տնտեսակենցաղային և խմելու նպատակով, ինչպես նաև տաք ջրամատակարարման համակարգում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Ջրամատակարարման համակարգն օգտագործելուց առաջ և շահագործման ընթացքում ենթարկվում է ախտահանման:
Պաղեցման և պաստերացման սարքերի ջուրը թույլատրվում է օգտագործել տաք ջրամատակարարման համակարգում (ճաշարանի ամանեղենը, սարքավորումները, արտադրական հագուստը և հատակը լվանալու համար)` նախապես ջուրը մինչև 80oC տաքացնելու պայմանով:
3.3. Կազմակերպության անխափան ջրամատակարարումն ապահովելու նպատակով տեղադրվում է ջրի պահուստային տարողություն, որի ջուրը փոխվում է ոչ ուշ, քան 48 ժամը մեկ անգամ:
3.4. Ջրամատակարարման խողովակի մուտքի հատվածը պետք է գտնվի սանիտարատեխնիկական բարվոք վիճակում, ունենա ջրի որակը ստուգելու համար նմուշառման ծորակ, հետադարձ փականներ` ջրի շարժման միայն մեկ ուղղությունը ապահովելու համար և տեղակայված լինի հատականցքեր ունեցող առանձին, փակ սենքում:
3.5. Տեխնիկական նպատակներով (սառնարանային սարքերի համակարգի, կոմպրեսորների, զուգարանների, մեքենաների արտաքին լվացման, տարածքը ջրելու համար) տեխնիկական ջուր օգտագործելու դեպքում նախատեսվում է ջրամատակարարման առանձին համակարգեր, որոնց խողովակագծերը ներկվում են տարբերակիչ գույներով: Վերջիններիս միջև միացումներ չի թույլատրվում: Ջրառման կետերում կատարում են համապատասխան մակնշումներ` «խմելու» և «տեխնիկական»:
3.6. Տնտեսակենցաղային և արտադրական կեղտաջրերի բացթողումը կլանող հորերի և հորատանցքերի մեջ չի թույլատրվում:
3.7. Տեխնոլոգիական սարքավորումներից և լվացման ավազաններից կեղտաջրերի բացթողումը ջրահեռացման խողովակագծերի մեջ իրականացվում է օդային բացվածքի միջոցով` խողովակագծերի վթարների դեպքում տեխնոլոգիական սարքավորումների և լվացման ավազանների կեղտոտումը կանխելու նպատակով:
3.8. Կանխարգելիչ նպատակով յուրաքանչյուր տարի անցկացվում է տեխնիկական վիճակի ստուգում և անհրաժեշտության դեպքում` ջրաղբյուրների, սարքավորումների, ջրավազանների, ջրհորների և այլնի վերանորոգում:
3.9. Յուրաքանչյուր վերանորոգումից հետո ջրի խողովակաշարը ախտահանվում է և լաբորատոր հետազոտության միջոցով ստուգվում ջրի որակը` մինչև դրա օգտագործումը: Ջրի որակի ստուգումը կատարվում է ախտահանումից անմիջապես հետո` համաճարակային առումով առավել վտանգավոր կետերից:
3.10. Արտադրամասերում նախատեսվում է`
. հատակը լվանալու համար ծորակ` ապահովված հոսող տաք և սառը ջրով,
. լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրամատակարարումով, օճառով, խոզանակով, ախտահանիչ լուծույթով, միանվագ օգտագործման սրբիչով:
3.11. Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար նախատեսվում է առանձին հեղեղատար:
Չի թույլատրվում միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին միացվում են բակային ցանցին:
3.12. Տնտեսակենցաղային կեղտաջրերի խողովակների անցկացումը արտադրական սենքերի առաստաղով չի թույլատրվում:
3.13. Պաղպաղակի արտադրության կազմակերպությունների կեղտաջրերը նախքան բաց ջրամբար բացթողնելը, ենթարկվում են քիմիական, մեխանիկական և կենսաբանական մաքրման` բնակավայրի կամ սեփական մաքրման սարքավորումներում:
Կեղտաջրերը բաց են թողնվում բաց ջրամբարներ նախնական մաքրումից և վարակազերծումից հետո:
4. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ, ՕԴԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Բոլոր արտադրական սենքերում լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96-ի պահանջներին:
4.2. Լուսավորման աղբյուրները (լամպերը) պետք է պաշտպանված լինեն պայթունաանվտանգ պիտույքակազմերով` հումքի և պատրաստի արտադրանքի մեջ ապակու բեկորների հայտնվելը կանխելու նպատակով:
4.3. Չի թույլատրվում լուսամփոփների տեղադրումը բաց տեխնոլոգիական գործընթացներ իրականացնող սարքավորումների վերևում:
4.4. Լուսավորման սարքերը և պայթունաանվտանգ պիտույքակազմերը մաքրվում են ըստ անհրաժեշտության:
4.5. Արտադրական և օժանդակ բոլոր սենքերում առավելագույնս օգտագործվում է բնական լուսավորումը:
Լուսային բացվածքները չի թույլատրվում փակել արտադրական սարքավորումներով, պատրաստի արտադրանքով, տարայով:
4.6. Հատուկ սանիտարական ռեժիմ պահանջող տեղամասերում օդը վարակազերծելու համար նախատեսում են մանրէասպան լամպեր: Այդ լամպերի աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման հրահանգի պահանջներին:
4.7. Սենքերի ջեռուցումը և օդափոխությունը պետք է համապատասխանի «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» ՀՀ ՇՆ IV-12.01-2000-ի պահանջներին: Ջեռուցման սարքերը մաքրելու համար պետք է լինեն մատչելի:
4.8. Պաղպաղակի արտադրության կազմակերպություններում` արտադրական, կենցաղային սենքերում, լվացման բաժիններում և լաբորատորիաներում նախատեսվում են ընդհանուր արտաձիգ օդափոխության կամ օդի լավորակման համակարգեր:
4.9. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները ապահովվում են օդափոխության տեղային արտաձիգ համակարգով, իսկ փոշու աղբյուր հանդիսացող սարքավորումները` նաև մաքրման մասնագիտացված համակարգով` հատուկ ֆիլտրերով:
4.10. Արտադրական սենքերի օդում ոչ թունավոր փոշու խտությունը և միկրոկլիման պետք է համապատասխանի «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» ՍՆ 245-71-ի պահանջներին:
4.11. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
4.12. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում` համաձայն II-12-77 «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆԻՊ -ի պահանջների:
4.13. Սարքավորումները, մեքենաները, սարքերը ապահովվում են ցնցումամարիչ հարմարանքներով:
5. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Արտադրական սենքերի տեղակայումը ապահովում է տեխնոլոգիական գործընթացի հոսքայնությունը:
5.2. Չի թույլատրվում արտադրական և օժանդակ սենքերի տեղակայումը նկուղային հարկերում, բացառությամբ սառնարանային խցիկների և տարաների ու գույքի պահեստամասերի:
5.3. Նոր կառուցվող կազմակերպությունները ապահովվում են հետևյալ արտադրական, օժանդակ և պահեստային սենքերով.
- սառցախցիկներ` հումքի (կաթնային պահածոներ, կարագ և այլն) պահման համար,
- պահեստներ` շաքարավազի, ալյուրի և այլ մթերքի պահման համար,
- պահեստներ` ոչ սննդային նյութերի (մանր գույք, փաթեթավորող թուղթ, թաղանթ, ալյումինե նրբաթիթեղ և այլն) պահման համար,
- ապափաթեթավորման բաժին,
- մթերման բաժին,
- մեքենայական բաժին,
- լցանյութերի պատրաստման բաժին,
- սառցափաթթոցման բաժին կամ արտադրամաս,
- ջրդեղման խցիկներ,
- պաղպաղակի պահման սառցախցիկներ,
- վաֆլու պատրաստման արտադրամաս` խմորի պատրաստման, վաֆլու թխման և պահման բաժիններով,
- արտադրական գույքի, ամանեղենի, տարաների լվացման բաժին,
- լաբորատորիա:
5.4. Կաթի ընդունումը կատարվում է փակ շենքերում կամ բեռնաթափման ծածկված հարթակներում` կախված արտադրամասի պրոֆիլից, հզորությունից և տեղակայումից: Կաթի ընդունման հարթակները կամ շենքերը սարքավորված են բարձակով և ճկափողով` կաթը քաշելու համար: Ճկափողը ունի 80-100 սմ-ոց ծայրապանակ, չժանգոտվող պողպատից: Ցիստեռնից կաթը քաշելու համար օգտագործվում են ագուցամանեկ ճկափողեր, որոնք միացվում են ցիստեռնների խողովակաճյուղին:
5.5. Կազմակերպություններում նախատեսվում են հետևյալ սանիտարակենցաղային սենքերը.
- հանդերձարաններ` տնային և աշխատանքային հագուստի և կոշիկների պահման համար,
- ցնցուղարաններ, սան. հանգույցներ` լվացարաններով,
- սննդի ընդունման սենք:
5.6. Արտադրական սենքերի, ինչպես նաև ցնցուղարանների պատերը սալիկապատվում են կամ ունենում են խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկ` 2.5 մ բարձրությամբ, իսկ լվացման բաժնի, սան. հանգույցների, լաբորատորիայի պատերը` 1.8 մ բարձրությամբ: Իսկ հիգիենիկ ծածկից բարձր և առաստաղները սպիտակեցվում կամ ներկվում են ջրաէմուլսիոն կամ այլ ներկերով:
5.7. Առաստաղի և պատերի ընթացիկ վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության:
5.8. Չի թույլատրվում տեխնոլոգիական գործընթացին զուգահեռ կատարել շինարարական և սարքավորումների վերանորոգման աշխատանքներ:
5.9. Բոլոր արտադրական սենքերում հատակը լինում է անջրաթափանց, հարթ, առանց ճեղքերի, ոչ սահուն, հարմար լվանալու, մաքրելու համար և ունենում է թեքություն դեպի հատականցքը:
5.10. Արտադրական սենքերում սարքավորումների և հատակի լվացման կեղտաջրերի հեռացման համար նախատեսվում են հատականցքեր, իսկ հատակը ունենում է թեքություն դեպի հատականցքերը:
5.11. Արտադրական սենքերը պահվում են մաքուր վիճակում, մուտքի մոտ ունենում են ախտահանիչ լուծույթով թրջված գորգիկներ:
5.12. Աղբի և թափոնների հավաքման համար լինում են կափարիչով փակվող, բռնակներ ունեցող մետաղյա արկղեր կամ տակառներ:
5.13. Պատուհանների ապակիները պահվում են մաքուր վիճակում և լվացվում ըստ անհրաժեշտության:
5.14. Արտադրական, օժանդակ, կենցաղային և պահեստային տարածքների մաքրումը կատարվում է տեխնիկական անձնակազմի կողմից, իսկ աշխատատեղի մաքրումը` տվյալ տեխնոլոգիական գործընթացներում աշխատող աշխատակիցների կողմից:
5.15. Տեխնիկական անձնակազմը ապահովվում են մաքրման, լվացման, ախտահանման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ գույքով և միջոցներով:
5.16. Հատակը մաքրվում է ամեն օր (յուրաքանչյուր հերթափոխից հետո). նախապես մաքրվում խոնավ եղանակով, ախտահանվում, ապա լվացվում և չորացվում:
5.17. Արտադրական շենքի մուտքի մոտ նախատեսվում է հատուկ հարմարանք` կոշիկները մաքրելու համար:
5.18. Ամիսը մեկ անգամ անցկացվում է սանիտարական օր/ժամ/ արտադրամասերի, գույքի, սարքավորումների մաքրում, ախտահանում կատարելու նպատակով:
5.19. Արտադրամասերում արգելվում է սնունդ ընդունելը: Սննդի ընդունման կետերը տեղակայվում են կենցաղային սենքերի կազմում:
Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ տեղադրվում են ձեռքերի լվացման համար լվացարաններ` խառնիչով միացված հոսող սառը և տաք ջրով, ապահովված օճառով, էլեկտրաչորացուցիչով կամ միանվագ օգտագործման համար նախատեսված սրբիչով, անձեռոցիկով և նման այլ պարագաներով, կախիչներ` սան. հագուստը կախելու համար:
6. ԳՈՒՅՔԻՆ, ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Սարքավորումները, գույքը, տարաները, սեղանների մակերեսները, փաթեթավորման նյութերը և այլ սարքերը պատրաստվում են` համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված պարենահումքի և սննդամթերքի հետ շփման համար դրական եզրակացություն ունեցող, քիմիապես կայուն, կորոզիայի չենթարկվող նյութերից:
6.2. Պաղպաղակի և հումքի հետ շփվող բոլոր մետաղյա սարքավորումները, տարաները, գույքը պատրաստվում են չօքսիդացվող մետաղից կամ լինում են անագապատված են:
6.3. Արտադրական սեղանների մակերեսները լինում են հարթ, առանց ճեղքերի:
6.4. Արծնապատված վաննաների, ցինկապատ երկաթից և չկլայեկած պղնձից պատրաստված ամանեղենի օգտագործումը չի թույլատրվում:
Չկլայեկած պղնձե կաթսաներում թույլատրվում է եփել միայն օշարակ: Եփման գործընթացի ավարտից հետո կաթսաները անմիջապես դատարկվում են:
6.5. Օգտագործվող փայտյա սարքավորումներն ու գույքը պատրաստվում են փայտի ամուր տեսակներից:
6.6. Հատով պաղպաղակի պահպանման և փոխադրման փայտյա տեփուրները ունենում են հեշտ լվացվող ծածկույթ:
6.7. Բոլոր սարքավորումները և գույքը, օգտագործումից անմիջապես հետո, ենթարկվում են մեխանիկական մաքրման և լվացման:
6.8. Սարքավորումների և գույքի լվացումը ու ախտահանումը կատարվում է հետևյալ կերպ.
1. սառը կամ տաք մաքուր ջրով ողողում` մթերքի մնացորդների հեռացման նպատակով,
2. լվացում 55oC ջերմաստիճանի, 0.5% կալցիումացված սոդայի պարունակությամբ հիմնային լուծույթով,
3. ողողում 60-65oC ջերմաստիճանի ջրով` մինչև հիմքի լրիվ հեռացումը,
4. մշակում շոգիով կամ ախտահանում քլորակրի պարզեցված (150-200 ակտիվ քլոր` 1լ ջրին) կամ համարժեք այլ ախտահանիչ լուծույթով,
5. լվացում ջրով` մինչև ախտահանիչ լուծույթի հոտի անհետանալը: Խողովակագծերը և սարքավորումները, որոնք ենթակա են կազմատման, լվացվում են կազմատված վիճակում:
6.9. Սարքավորումների բոլոր մանր մասերը, կազմատված խողովակները, մանր գույքը սառը ջրով և տաք հիմնային լուծույթով լվանալուց հետո մշակվում են շոգիով կամ եռացվում են հատուկ փակ արկղերում` 10 րոպե տևողությամբ:
Հավաքված խողովակաշարը ներսից շոգեհարումից 2 րոպե տևողությամբ, հետո մշակվում է քլորակրի կամ համարժեք այլ ախտահանիչ լուծույթով` 10 րոպե տևողությամբ, այնուհետև` լվացվում 60-65oC ջերմաստիճանի ջրով:
Չկազմատված խողովակաշարերի (մետաղյա և ապակյա) լվացման համար պահպանվում է հետևյալ կարգը.
1. լվացում սառը ջրով` 3-5 րոպե,
2. լվացում 50-55oC ջերմաստիճանի 0.5-1% կալցիումացված սոդայի կամ 0.15% կաուստիկ սոդայի լուծույթով` 15-20 րոպե,
3. լվացում 60-65oC ջերմաստիճանի ջրով,
4. մանրէազերծում.
ա) մետաղյա խողովակաշարերի` շոգիով 5-7 րոպե,
բ) ապակյա խողովակաշարերի` հիպոքլորիտի քլորային (200 մգ/լ խտությամբ) լուծույթով 10 րոպե,
5. ողողում սառը ջրով:
6.10. Սառեցման գործընթացի ավարտից և պաղպաղակի պարունակությունից դատարկելուց հետո, սառցարանը (ֆրիզեր) ողողվում է սառը, ապա տաք ջրով, այնուհետև լվացվում հիմնային լուծույթով և տաք ջրով, հետո` 5 րոպե տևողությամբ ախտահանվում քլորաջրով և ողողվում մաքուր ջրով:
6.11. Տարողությունների (տանկեր) և կաթի ցիստեռնների դատարկումից հետո նրանք ներսից և դրսից ողողվում են սառը ջրով, հետո լվացվում տաք հիմնային լուծույթով` երկար բռնակ ունեցող խոզանակի օգնությամբ: Հատուկ սանիտարական հագուստ ունեցող աշխատողին թույլատրվում է լվացումը կատարել տարողությունների (տանկեր) և կաթի ցիստեռնների ներսում գտնվելով` վերջիններիս մանրակրկիտ լվացումը ապահովելու նպատակով: Լվացումից հետո ցիստեռնները ողողվում են տաք ջրով և շոգեհարվում, ինչպես նաև մշակվում քլորակրի կամ համարժեք այլ ախտահանիչ լուծույթով, հետո` ողողվում ջրով:
Լվացող սարքերի առկայության դեպքում տարողությունների (տանկեր) լվացումը կատարվում է նաև մեքենայացված եղանակով:
6.12. Պաստերացման սարքերը նախնական լվացումից հետո ախտահանվում են ախտահանիչ լուծույթով:
6.13. Սառեցման բաց սարքավորումների ամբողջ մակերեսը լվացվում է սառը ջրով, սոդայի տաք լուծույթով, ապա ողողվում են տաք ջրով:
6.14. Նախքան աշխատանքը սկսելը, ինչպես նաև խառնուրդով լցնելը, սարքավորումները կրկնակի ողողում են տաք ջրով:
6.15. Առևտրի ցանցից մուտք գործող ֆլյագաները լվացվում, ախտահանվում, այնուհետև ողողվում են տաք ջրով կամ շոգեհարվում:
6.16. Պաղպաղակը դասավորելուց առաջ տեփուրները լվացվում են տաք սոդայաջրով, ապա ողողվում մաքուր սառը ջրով:
6.17. Արտադրական գործընթացում օգտագործվող դանակները մշակվում են շոգիով կամ լվացվում տաք ջրով:
6.18. Խողովակները մինչև հավաքելը պահվում են դարակաշարերի վրա, իսկ մանր սարքավորումները` պահարաններում:
6.19. Արտադրական բոլոր սարքավորումները և գույքը, անսարքության դեպքում, անմիջապես վերանորոգվում են կամ փոխարինվում նորով:
Ամանեղենի, սարքավորումների, տարաների, գույքի կլայեկը վերականգնվում են ըստ մաշվածության:
6.20. Ֆիլտրացման համար օգտագործվող ֆիլտրերը, թանզիֆը լվացվում են տաք ջրով, իսկ թանզիֆը բացի լվանալուց նաև եռացվում է:
6.21. Արտադրական և օժանդակ սենքերի մաքրումը կատարվում է հատուկ անձնակազմի կողմից, որոնք չպետք է մասնակցեն արտադրական աշխատանքներին:
6.22. Մաքրման ամբողջ գույքը մակնշվում է արտադրական գույքից տարբերվող գույնով և պահվում հատուկ այդ նպատակի համար առանձնացված տեղում (պահարան):
6.23. Ամանեղենի և տարայի լվացման համար, լվացման բաժնում տեղադրվում է երկբաժին մետաղյա վաննաներ` ապահովված հոսող սառը և տաք ջրով, միացված ջրահեռացման համակարգին: Ֆլյագաների և պարկուճների լվացման համար կազմակերպություններում տեղադրվում է շատրվանային շոգեհարիչներ:
6.24. Խողովակների և կազմատվող սարքավորումների մանրէազերծման համար լվացման կամ մեքենայական բաժիններում տեղադրվում են մանրէազերծիչներ կամ շարժական վաննաներ:
6.25. Փաթեթավորման նյութերի և պիտակների մակնշման ու դրոշմանշման համար օգտագործվում են միայն այդ նպատակի համար նախատեսված ներկեր:
6.26. Արտադրանքի պիտակավորումը և մակնշումը կատարվում է նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
6.27. Փաթեթավորման համար օգտագործվում են միայն կապարի 1%-ից ոչ բարձր պարունակությամբ ալյումինե կամ անագե նրբաթիթեղ:
6.28. Էսկիմոյի և այլ տեսակի պաղպաղակի համար օգտագործվող փայտիկները լինում են մաքուր, հարթ, մանրէազերծված և պահվում են փաթեթավորված ձևով:
6.29. Բորբոսասնկերի դեմ պայքար տանելու համար խցիկները, սենյակները, միջանցքները մշակում են քլորակրի լուծույթով, անտիսեպտոլով, խիստ ախտահարված և նշված նյութերի անարդյունավետության դեպքերում` նատրիումի օքսիդիֆենոլյատի պատրաստուկով:
6.30. Սառցախցիկներում բոլոր ապրանքները լինում են փաթեթավորված: Տարողությունները դրվում են ապրանքատակերի վրա, վերջիններս պարբերաբար լվանում և ախտահանում են:
6.31. Խցիկների ախտահանման արդյունավետությունը որոշվում է մանրէաբանական հետազոտության արդյունքների հիման վրա:
6.32. Լվացման և ախտահանման համար կարող են օգտագործվել միայն այդ նպատակի համար նախատեսված նյութեր:
7. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Պաղպաղակի արտադրության բոլոր փուլերում (պաստերացում, խառնուրդի պատրաստում, հոմոգենացում, ֆիլտրացում, սառեցում, փաթեթավորում, ջրդեղում) պահպանվում են սանիտարահիգիենիկ պահանջները:
7.2. Տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ հսկողությունը կատարվում է յուրաքանչյուր արտադրատեսակի արտադրման համար արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջների համաձայն:
7.3. Նախքան կաթ ընդունելը, կաթի խողովակները և ցիստեռնները ախտահանվում են քլորակրի լուծույթով և պարզաջրվում խմելու ջրով:
Ընդունումն ավարտելուց հետո խողովակները լվացվում, ախտահանվում, փակվում և կախվում են բարձակների վրա: Լվացող հեղուկները և ախտահանիչ լուծույթները պահպանվում են հատուկ մակնշված տարողություններում:
7.4. Խառնուրդի մանրէային և մեխանիկական աղտոտումը կանխելու նպատակով հումքի նախապատրաստումը իրականացվում է առանձին սենքում:
7.5. Հեղուկ կիսապատրաստվածքի, հատկապես պաստերացումից հետո խառնուրդների փոխադրումը կատարվում է խողովակային համակարգով:
7.6. Պաղպաղակի մեջ կողմնակի իրերի հայտնվելը կանխելու նպատակով, խառնուրդները, շաքարային օշարակները և այլն, անցկացվում են հատուկ ֆիլտրերի կամ մանրէազերծված թանզիֆի միջով, որոնք փոխվում են ըստ աղտոտվածության:
7.7. Խառնուրդի պաստերացումը կատարվում է խստորեն պահպանելով ջերմային ռեժիմը և տևողությունը. 70o-ում խառնուրդը պահվում է 30 րոպե, 75o-ում` 20 րոպե, 80o-ում` 10 րոպե, 85o-ում` 5 րոպե:
Խառնուրդի պաստերացման հսկողությունը կատարվում է հսկիչ-չափիչ սարքավորման օգնությամբ: Չի թույլատրվում օգտագործել սնդիկ պարունակող, ինչպես նաև ապակյա ջերմաչափեր` առանց պաշտպանական հարմարանքի:
7.8. Պաղեցուցիչների աշխատանքը ապահովում է խառնուրդի պաղեցումը` 6oC-ից ոչ բարձր:
7.9. Խառնուրդը պահվում է 6oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում` 24 ժամից ոչ ավելի:
7.10. Պաղպաղակի ջերմաստիճանը սառեցումից հետո լինում է մինուս 3oC-ից ոչ բարձր, ջրդեղումից հետո և պահպանման ժամանակ` մինուս 12oC-ից ոչ բարձր, մրգահատապտղային տեսակներինը` 14oC-ից ոչ բարձր: Չջրդեղված կշռովի պաղպաղակը սառեցումից հետո ունենում է 5oC-ից ոչ բարձր ջերմաստիճան:
7.11. Առևտրի ցանցից վերամշակման համար ընդունել մեխանիկական կեղտոտվածությամբ, ինչպես նաև հալված (հեղուկ խառնուրդի տեսքով) պաղպաղակ չի թույլատրվում:
7.12. Պաղպաղակի արտադրությունում վաֆլու պատրաստման տեղամասը և պայմանները պետք է համապատասխանեն «Հացի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-05-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջներին:
7.13. Պաղպաղակը իր անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի N 2-III-4.9-01-2003-ի պահանջներին:
8. ՀՈՒՄՔԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՄԱՆԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Պաղպաղակի արտադրության մեջ օգտագործվող հումքի և կիսապատրաստվածքների պահումը իրականացվում է համապատասխան նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
8.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, պաղպաղակի արտադրությունում սննդային հավելումները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
8.3. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները պահվում են գործարանային փաթեթներով և ունենում պիտակներ: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով` չի թույլատրվում:
8.4. Սննդային ներկերը և բուրահաղորդիչները օգտագործվում են արտադրական լաբորատորիայի աշխատակիցների կողմից պատրաստված լուծույթների տեսքով:
8.5. Լուծույթների պատրաստման համար օգտագործվող տարողությունները պատրաստվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Ներկանյութերի և բուրահաղորդիչների լուծույթներով տարողությունները ունենում են պիտակներ` սննդային հավելումի անվան և լուծույթի խտության նշումով:
8.6. Աղաթթվի, քացախաթթվի, ինչպես նաև բադի, սագի ձվերի օգտագործումը չի թույլատրվում: Թույլատրվում է օգտագործել միայն հավկիթ, հավկիթի փոշի:
8.7. Չի թույլատրվում կաթի ընդունումն առանց անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան փաստաթղթի առկայության` տնտեսությունների ապահովության մասին:
8.8. Թարմ միրգը և հատապտուղները, նախքան օգտագործումը մանրակրկիտ լվացվում և չորացվում են:
8.9. Չոր մրգերը, չամիչը մաքրվում են կողմնակի խառնուրդներից և լվացվում ցանցերի վրա 5oC ջերմաստիճանի հոսող ջրով:
8.10. Մրգահատապտղային խյուսերը, մրգերի միջուկը, նախքան օգտագործելը, մշակվում են/տրորվում են հատուկ մեքենաներում: Մրգահատապտղային խյուսերի տրորման համար նախատեսված մաղի անցքերի չափսերը լինում են 1,5 մմ-ից ոչ ավել: Ջեմերը և այլ լցոնները նոսրացնել ջրով չի թույլատրվում:
8.11. Օշարակները, շոկոլադե հեղուկ կիսապատրաստվածքները, հալեցված ճարպերը, կաթը քամվում են հատուկ մաղերով: Կաթը մաղով անցկացնելուց հետո եռացվում է: Շաքարի օշարակը քամելու համար նախատեսված մաղի անցքերի չափսերը լինում են 1,5 մմ-ից ոչ մեծ:
8.12. Ընկույզը, նուշը և ձիթապտղային կուլտուրաների սերմերը մաքրվում են կողմնակի խառնուրդներից (տեսակավորող հատուկ մեքենաներով կամ ձեռքով)` հեռացնելով վնասատուներով ախտահարված անորակ և բորբոսնած սերմերը:
8.13. Վնասատուներով ախտահարված կակաոյի պտուղները հատուկ խցիկներում ենթարկվում են ջերմային մշակման 60-65oC ջերմաստիճանում` 10-15 րոպե տևողությամբ:
8.14. Պաղպաղակի պահպանման համար նախատեսված սառցախցիկի ջերմաստիճանը լինում է մինուս 20oC-ից ոչ բարձր:
8.15. Կազմակերպությունների կողմից պաղպաղակը առևտրի ցանց ուղարկվում է փաթեթավորված տեսքով: Փաթեթավորված պաղպաղակի տեղափոխումը իրականացվում է ստվարաթղթե տուփերում, կոնտեյներներում և տեփուրներում դարսված վիճակում:
8.16. Ստվարաթղթե տուփերը սոսնձվում են թղթե ժապավենով, իսկ կոնտեյներները և տեփուրները` կապարակնքվում են:
8.17. Վաֆլե բաժակներով, խողովակներով և բուրգերով պաղպաղակները փաթեթավորվում են թղթե պիտակներով, նրբաթիթեղով կամ պոլիմերային թաղանթով: Փաթեթավորման բացակայության դեպքում պաղպաղակի վաճառքը կատարվում է թղթե անձեռոցիկներով:
8.18. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, պաղպաղակի նոր տեսակները արտադրությունում կարող են ներդրվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
8.19. Պաղպաղակի փոխադրումը կատարվում է հատուկ` մասնագիտացված, փոխադրամիջոցներով` սառեցվող կամ հավասարաջերմ իզոթերմիկ թափք ունեցող մեքենաներով մինուս 12oC-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
8.20. Առևտրի կետում պահպանման համար օգտագործվում է չոր սառույց:
8.21. Փոխադրամիջոցը լինում է մաքուր, սարքին: Թափքի ներքին մակերեսը ունենում է հեշտությամբ լվացվող և մաքրվող հիգիենիկ ծածկ:
8.22. Պաղպաղակի հետ այլ մթերք (մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն, կիսապատրաստվածքներ, ձու, մրգեր) փոխադրել չի թույլատրվում:
8.23. Վարորդ-առաքիչը ըստ սահմանված կարգի ենթարկվում է բժշկական զննության, կրում է սանիտարական հագուստ և իր մոտ ունենում է անձնական բժշկական գրքույկ:
8.24. Հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի որակի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ ռեժիմների պահպանման լաբորատոր հսկողությունը իրականացվում է արտադրական լաբորատորիայի կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
9. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9.1. Պաղպաղակ արտադրող կազմակերպություններում չի թույլատրվում կրծողների և միջատների առկայությունը:
9.2. Կրծողների և միջատների հայտնվելը կանխելու նպատակով, անհրաժեշտ է կազմակերպության տարածքում արտադրական, պահեստային և կենցաղային սենքերում խստորեն պահպանել սահմանված սանիտարահիգիենիկ ռեժիմը:
9.3. Տարվա տաք եղանակին բացվող բոլոր խորշերը ծածկվում են միջատների ներթափանցումը կանխող մետաղյա կամ այլ ցանցերով:
9.4. Կրծողների ներթափանցումը կանխելու նպատակով հատակի, առաստաղի, պատերի բոլոր անցքերը, տեխնիկական գծերի շուրջ եղած մուտքային ճեղքերը փակվում են ցեմենտով, աղյուսով կամ երկաթե թիթեղով:
Օդափոխության համակարգերի բացվածքները ծածկվում են մետաղյա ցանցերով: Կրծողների հայտնաբերման դեպքում կիրառվում են դրանց ոչնչացման մեխանիկական միջոցներ (թակարդներ):
9.5. Միջատների հայտնաբերման դեպքում կատարվում է տարածքների մանրակրկիտ հարդարում և հատուկ մշակում:
9.6. Կրծողների և միջատների ոչնչացման նպատակով քիմիական կրծողասպան և միջատասպան միջոցների (դեռատիզացիա և դեզինսեկցիա) կիրառումը կատարվում է այդ աշխատանքների իրականացման համար իրավասու կազմակերպությունների կողմից:
9.7. Պաղպաղակի արտադրության կազմակերպություններում կրծողների դեմ պայքար կազմակերպել մանրէաբանական եղանակներով չի թույլատրվում:
10. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
10.1. Պաղպաղակի արտադրության կազմակերպությունների յուրաքանչյուր աշխատող պահպանում է անձնական հիգիենայի կանոնները և իր աշխատատեղում կատարում է արտադրությանը ներկայացվող սանիտարական և տեխնոլոգիական ռեժիմների պահանջները:
10.2. Նախքան աշխատանքի ընդունվելը, աշխատողները ենթարկվում են նախնական, իսկ հետագայում` պարբերական բժշկական զննությունների` «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003 թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:
10.3. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, իրականացվում են աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:
10.4. Կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ունի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, որտեղ նշվում են բժշկական զննության արդյունքները, վարակիչ հիվանդություններով հիվանդացման տվյալները:
10.5. Աշխատանքը սկսելուց անմիջապես առաջ, յուրաքանչյուր աշխատող զննվում է, ստուգվում են ձեռքերը` թարախային բշտիկներ հայտնաբերելու նպատակով:
10.6. Արտադրական և պահեստային շինություններում սարքավորումների նորոգման աշխատանքներով զբաղված բանվորները պահպանում են անձնական հիգիենայի կանոնները, կրում են սանիտարական արտահագուստ, գործիքները տեղափոխում են հատուկ փակ, բռնակներ ունեցող արկղերում:
10.7. Չի թույլատրվում արտադրական արտադրամաս բերել կողմնակի իրեր և առարկաներ (պայուսակներ, ծխախոտ, լուցկի և այլն): Աշխատանքի ժամանակ չի թույլատրվում կրել ոսկերչական (արդուզարդ) զարդեր:
10.8. Ծխել թույլատրվում է միայն այդ նպատակի համար նախատեսված հատուկ տեղերում:
10.9. Պաղպաղակի արտադրության կազմակերպության աշխատողները կրում են մաքուր արտահագուստ, ձեռքերը լվանում տաք ջրով, օճառով և ախտահանում քլորակրի պարզեցված 0.2% կամ համարժեք այլ ախտահանիչ լուծույթով:
11. ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
11.1. Կազմակերպության տնօրինությունը պարտավոր է ապահովել.
- անհրաժեշտ պայմաններով` որակյալ ու սպառողների համար անվտանգ արտադրանք թողարկելու համար,
- մանրէաբանական հետազոտության անբավարար արդյունք ստանալու դեպքում անհրաժեշտ միջոցների ձեռնարկում` արտադրանքի օգտագործման հետ կապված զանգվածային հիվանդությունների և թունավորումների կանխարգելման ուղղությամբ,
- համաճարակային անբավարար իրավիճակի առաջացման դեպքում, Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների ցուցումով, կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում,
- աշխատողների, սահմանված կարգով, նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների անցկացում,
- պարտադիր բժշկական զննության ենթակա աշխատողներին անձնական սանիտարական գրքույկներով,
- աշխատողների անձնական հիգիենայի կանոնների պահպանման համար համապատասխան պայմանների ստեղծում,
- բոլոր աշխատողներին արտահագուստով,
- լվացող և ախտահանող լուծույթների բավարար քանակի առկայություն,
- առաջին բուժօգնություն կազմակերպելու համար դեղարկղերի առկայություն,
- աշխատողների աշխատանքի անվտանգության տեխնիկայի և համապատասխան հիգիենիկ նորմերի պահանջների պահպանում,
- կազմակերպությունում առաջացող վնասակար գործոններից շրջակա միջավայրի պահպանություն:
12. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից: