(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին
i
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
i
1. Սահմանել հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման տուրք 5000 ռուբլու չափով, որը հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից մուծվում է պետբանկ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից գրավոր համաձայնություն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:
/1 կետը ուժը կորցրել է 11.06.96 օրենք/
2. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել.
ա) հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման մասին դիմումը.
բ) հասարակական-քաղաքական կազմակերպությունների համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը.
գ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը 4 օրինակից, կարված և ստորագրված կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Կանոնադրության մեջ նշվում են կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը, սեփականության և միջոցների գոյացման աղբյուրները.
դ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրության մեջ թվարկված այն կազմակերպությունների կանոնադրությունները, որոնք հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից ձեռք են բերելու իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե այդ կազմակերպություններից որևէ մեկի կանոնադրությունը չհամապատասխանի օրենսդրության պահանջներին, ապա հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է.
ե) հասարակական-քաղաքական կազմակերպության սեփական միջոցների ցանկը, դրանց գոյացման աղբյուրները և օգտագործման ու տնօրինման վերաբերյալ փաստաթղթերը:
3. Նույն անվանումով հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից:
4. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման մասին տեղեկատվությունը, որի մեջ նշվում է կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, 10 օրվա ընթացքում հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
5. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտում թույլ տված կազմակերպության գրանցումը չի կատարվում մինչև կազմակերպության կողմից այդ խախտումների վերացումը:
6. Հասարակական-քաղաքական կազմակերպության ինքնալուծարքի կամ վերակազմավորման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ մասին 5 օրվա ընթացքում հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
7.»Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել սույն որոշման հրապարակման պահից: