(ուժը կորցրել է 28.04.2023 թվականից` 31.03.2023 թիվ 363-Ն որոշում)
i
041.0435.070704
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2004 թվականի N 435-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման հարաբերությունները կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետը «դրամական» բառից հետո լրացնել «և զենքով» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում է նաև զենքով պարգևատրմամբ: Զենքով պարգևատրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով».
6-րդ կետը «կոլեկտիվներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի հուլիսի 7-ի
N 435-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման հիմքերը, պայմանները, ենթակա անձանց շրջանակը և ներկայացման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է զենքով պարգևատրել` հիմք ընդունելով`
ա) Հայաստանի Հանրապետության անկախ պետականության կայացման ու ամրացման, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման, ռազմական շինարարության, ազգային անվտանգության, հասարակական կարգի և օրինականության պահպանության բնագավառներում մատուցած ծառայությունները, երկարամյա օրինակելի և անբասիր աշխատանքը.
գ) պետական շինարարության և այլ բնագավառներում Հայաստանի Հանրապետությանը մատուցած նշանակալի ու բացառիկ ծառայությունները:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրվում են 27 տարին լրացած հետևյալ անձինք`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողները և աշխատողները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինծառայողներին հավասարեցված անձինք.
բ) քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայողները.
գ) մշակույթի, գիտության և արվեստի գործիչները, գործարարները:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք ձեռք բերելու իրավունք չունեցող անձինք:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման մասին միջնորդագիր ներկայացնում են սույն կարգի 3-րդ կետում նշված պետական մարմինների ղեկավարները:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է առանձին դեպքերում զենքով պարգևատրել սեփական նախաձեռնությամբ և առանց համապատասխան միջնորդագրի:
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման մասին միջնորդագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:
8. Միջնորդագրի հետ ներկայացվում են զենքով պարգևատրելու անհրաժեշտության հիմնավորումը, անձի բնութագիրը, անձնագրի պատճենը, պետական պարգևների առկայության դեպքում դրանց փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշմանը համապատասխան բժշկական եզրակացությունը:
9. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից զենքով պարգևատրման մասին ներկայացված միջնորդագիրը քննարկվում է մեկամսյա ժամկետում:
10. Զենքը հանդիսավոր պայմաններում պարգևատրվողին է հանձնում Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարը:
Պարգևատրվողին է հանձնվում նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը: Որոշման պատճենն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` զենք կրելու և պահելու համապատասխան թույլտվություն ստանալու համար:
11. Առանձնահատուկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից որպես պարգև տրվող զենքի վրա փորագրվում են «Հայաստանի Հանրապետության վարչապետից» բառերը: