Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային կոմիտեն, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,

ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային ձևակերպումների պարզեցման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրությունների շրջանակներում, մաքսային և արժութային կանոնների վերահսկողության ապահովման նպատակով բազմակողմանիորեն կհամագործակցեն և միմյանց կցուցաբերեն մաքսային հարցերով անհրաժեշտ օգնություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրում նախատեսված նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ բեռնային և ուղևորային փոխադրումների, փոստային առաքումների ոլորտում մաքսային ձևակերպումն արագացնելու, մաքսային հսկողության մեթոդներն ու ձևերը կատարելագործելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, բեռների և ուղեբեռի, փոստային առաքումների, արժույթի, այլ վճարամիջոցների և արժութային արժեքների (այսուհետ` ապրանքներ) ապօրինի ներմուծումը, արտահանումը և տարանցումը կանխելու ուղղությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը կապահովեն, որ սահմանով տեղափոխվող ապրանքները ապահովված լինեն Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային և արժութային կանոններին համապատասխանող և բեռնային, ուղևորային ու փոստային հաղորդակցությունում կիրառվող փաստաթղթերով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքով տարանցիկ մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք անցնող, ինչպես նաև Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում ձևակերպված և Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներով տարանցիկ անցնող ապրանքները տեղափոխվում են անարգել և ազատվում են մաքսային ստուգումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելվում է Պայմանավորվող կողմի պետության ազգային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կճանաչեն միմյանց մաքսային փաստաթղթերը, մաքսային կապարակնիքները, կնիքների և դրոշմների դրոշմվածքները, տրանսպորտային միջոցների, բեռների և փոստային առաքումների վրա դրված պաշտոնական նշանները: Նրանք կարող են նաև փոխադարձաբար ճանաչել միմյանց էքսպեդիտորային և տրանսպորտային կազմակերպությունների կապարակնիքները և կնիքները, տրանսպորտային միջոցների վրա դրված նրանց պաշտոնական նշանները:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կփոխանակեն սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում հիշատակված մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովումների նմուշներ, ինչպես նաև այն ապրանքների ցանկերը, որոնց ներմուծումը, արտահանումը կամ տարանցումը նրանց պետությունների տարածքով սահմանափակված կամ արգելված է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ կձգտեն մաքսային փաստաթղթերի միասնականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Եթե մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծվող ապրանքները բաց թողնելու ենթակա չեն, մաքսային, արժութային, սանիտարական, կարանտինային կամ անասնաբուժական կանոնների ու ներմուծման հրահանգների հիման վրա, կամ անվտանգության նկատառումներից ելնելով, ապա Պայմանավորվող կողմերի մաքսային մարմինները տեղեկացնում են իրենց պետությունների տարածք այդ ապրանքների բաց թողնելը մերժելու պատճառի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների` այդ պետությունների տարածքներով տարանցմամբ երրորդ երկիր ուղևորվելիս ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ մաքսային հսկողությունը և բաց թողնելը կատարվում է Պայմանավորվող կողմերի մաքսային օրենսդրությունների պահպանմամբ:

Այդ նպատակով`

- Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրականացնում են Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող ապրանքների բաց թողնելը Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հաստատված մաքսային հայտարարագրի հիման վրա:

- Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձեռքի իրերում և ուղեբեռում գտնվող ապրանքների բաց թողնելը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից հաստատված մաքսային հայտարարագրի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը միմյանց տեղեկություններ են տրամադրում մաքսային գործի հարցերով նորմատիվ իրավական ակտերի մասին:

Պայմանավորվող կողմերը միմյանց ժամանակին կծանուցեն նորմատիվ իրավական ակտերում, ծառայողական հրահանգներում և մաքսային փաստաթղթերի ու ապահովումների ձևերում փոփոխությունների ու լրացումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Մաքսային փաստաթղթերը կազմվում են առաքող պետության ազգային օրենսդրությամբ նախատեսված լեզվով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը գրավոր կամ բանավոր պարբերաբար իրականացնում են մաքսային գործի հարցերով փորձի փոխանակում:

Կողմերի միջև գրագրությունն իրականացվում է ռուսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի կատարման, մեկնաբանման և հոդվածների փոփոխման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Պայմանավորվող կողմերի միջև լուծվում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Երկու Պայմանավորվող կողմերի համաձայնեցմամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Պայմանավորվող կողմերի պետությունների` միջազգային այլ պայմանագրերով ընդունած պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց Համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովող անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցելու օրվանից և կգործի 5 տարվա ընթացքում, որից հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման անհրաժեշտության դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 8-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր