Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև հարաբերությունների հիմունքների մասին 1993 թվականի հունվարի 19-ին ստորագրված Պայմանագրի դրույթներով,

առաջնային նշանակություն տալով լիակատար իրավահավասարության, բարիդրացիության, փոխշահավետության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա երկկողմ տնտեսական համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը,

ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև սերտ և արդյունավետ փոխգործակցության հաստատման կարևորությունը բարենպաստ ձեռներեցային և ներդրումային մթնոլորտի ձևավորման համար,

ցանկանալով նպաստել երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների ձեռներեցության ակտիվացմանը` անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից, նրանց միջև գործնական կապերի հաստատմանը և երկարաժամկետ զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը հիմնում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հայ-ղազախական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

- առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության այլ ոլորտներում Կողմերի պետությունների տնտեսավարման գործունեության սուբյեկտների, անկախ դրանց կազմակերպաիրավական ձևերից, փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների և առաջնային բնագավառների քննարկում և համաձայնեցում,

- առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության այլ ոլորտներում միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի նախագծերի պատրաստում և համաձայնեցում, ինչպես նաև դրանց հետագա իրականացման մոնիտորինգի և Կողմերի լիազորված մարմինների կողմից դրանց կատարման հետ կապված գործունեության համակարգում,

- առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այլ միջոցառումների, ներառյալ «կլոր սեղանները», գիտաժողովների և ցուցահանդեսների անցկացում, ինչպես նաև առևտրական և ներդրումային ռեժիմի պետական կարգավորմանն ուղղված միջոցառումների մասին տեղեկության փոխանակում,

- առևտրատնտեսական համագործակցության բնագավառում երկկողմ համաձայնագրերի և պայմանավորվածությունների իրագործման ընթացքում ծագող ընթացիկ հարցերի քննարկում, ինչպես նաև համագործակցության նոր ձևերի որոնում և ուսումնասիրում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը սույն Համաձայնագիրը ստորագրելուց հետո մեկամսյա ժամկետում նշանակում են Հանձնաժողովի ազգային մասերի համանախագահներին, անդամներին և պատասխանատու քարտուղարին:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն ամենամյա հիմունքով` հաջորդաբար Երևան և Աստանա քաղաքներում: Նիստերի անցկացման ժամկետը, օրակարգը և աշխատակարգը նախապես կհամաձայնեցվեն Հանձնաժողովի համանախագահների միջև:

Նիստերի տեղեկատվական ապահովումը, նյութերի պատրաստումը և առաքումը, Հանձնաժողովի այլ փաստաթղթերի շրջանառությունը կիրականացնեն Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հանձնաժողովի աշխատանքների հիմնական ձևը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան անցկացվող կանոնավոր նիստերն են, ինչպես նաև փոխադարձ խորհրդակցությունները, որոնք կկազմակերպվեն դրա` տնտեսական համագործակցության ուղղություններով աշխատանքային խմբերի միջև, այդ թվում`

- առևտրատնտեսական համագործակցության գծով աշխատանքային խմբի,

- փոքր և միջին ձեռնարկատիրության գծով աշխատանքային խմբի:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Առևտրատնտեսական համագործակցության գծով աշխատանքային խմբի փոխադարձ խորհրդակցությունները կիրականացվեն տնտեսական զարգացման գործընթացների և Կողմերի ընդունած նորմատիվ փաստաթղթերի մասերի ոչ գաղտնի տեղեկության փոխանակման, ինչպես նաև առևտրի և ներդրումների բնագավառում համագործակցության հեռանկարների վրա դրանց ազդեցության քննարկման ուղղությամբ, այդ թվում` հետևյալ հարցերով.

- հիմնական մակրոտնտեսական չափանիշների զարգացման վիճակը և միտումները, ներառյալ տնտեսության, բյուջետային, սոցիալական և դրամավարկային ոլորտների իրական հատվածի ցուցանիշները,

- արտաքին առևտրի և վճարային հաշվեկշռի վիճակը, օտարերկրյա պետությունների և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ տնտեսական համագործակցության զարգացումը,

- առևտրական և ներդրումային ռեժիմի նորմատիվ-իրավական բազան, այդ թվում` հարկման, արտաքին առևտրի սակագնային և ոչ սակագնային կարգավորման, ծառայությունների, բեռների և ուղևորների տարանցման, ներդրումների խրախուսման և պաշտպանության, ապրանքների /ծառայությունների, աշխատանքների/ սերտիֆիկացման կարգի և տնտեսական վեճերի քննարկման հարցերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Փոքր և միջին ձեռնարկատիրության գծով աշխատանքային խմբերի փոխադարձ խորհրդակցությունները կիրականացվեն ոչ գաղտնի տեղեկության փոխանակման և առաջարկությունների մշակման ուղղությամբ` հետևյալ հարցերով`

- փոքր և միջին ձեռնարկատիրության, ձեռնարկությունների սեփականաշնորհման և բաժնետիրացման նորմատիվ-իրավական կարգավորում,

- փոքր և միջին ձեռնարկատիրության հարկային և վարկային խթանման, վարձակալական հարաբերությունների և ֆինանսական լիզինգի զարգացման միջոցառումներ ու մեխանիզմներ,

- փոքր և միջին ձեռնարկատիրության կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ սեմինարների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացում, գործնական կապերի հաստատում և զարգացում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հանձնաժողովի աշխատանքային խմբերի տեղեկատվական և վերլուծական նյութերը, ինչպես նաև հնարավոր հանձնարարականները և առաջարկությունները հերթական նիստերին քննարկման կներկայացվեն Հանձնաժողովի համանախագահների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին ծանուցումը ստացվելու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Աստանա քաղաքում 1999 թվականի սեպտեմբերի 2-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով օգտագործվում է ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 23-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
02.09.1999
Համաձայնագիր