i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունը և Չինաստանի Հանրապետության սպորտի պետական գլխավոր վարչությունը (այսուհետ` Կողմեր) Հայաստանի ու Չինաստանի մարզիկների միջև համագործակցությունը և հետագա սպորտային փոխանակումները զարգացնելու, երկու ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստելու նպատակով, փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետ սկզբունքների հիման վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Երկու Կողմերը կխրախուսեն սպորտային ղեկավարների փոխանակումը` համատեղ քննարկելու երկկողմ փոխանակումները և համագործակցությունը սպորտի ասպարեզում և ընդհանուր խնդիրները` միջազգային սպորտի բնագավառում:
2. Կողմերը կխրախուսեն և կաջակցեն սպորտային կազմակերպությունների, սպորտային ընկերակցությունների, սպորտային գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև ֆիզիկական կրթության համալսարանների և քոլեջների միջև փոխանակումները:
3. Կողմերը կխրախուսեն իրենց կազմակերպած սպորտային գիտահետազոտական սեմինարներին և սիմպոզիումներին միմյանց գիտնականների և ուսումնասիրողների մասնակցությունը:
4. Կողմերը կխրախուսեն իրենց սպորտային թիմերի մասնակցությունը երկու երկրներում անցկացվող միջազգային մրցումներին և սպորտային միջոցառումներին:
5. Երկկողմ սպորտային փոխանակումների ծրագիրը կորոշվի և կիրականացվի կողմերի համապատասխան սպորտային կազմակերպությունների, հաստատությունների կամ սպորտային միությունների կողմից` քննարկումների միջոցով:
6. Կողմերը կհամագործակցեն միջազգային սպորտի բնագավառում, և կփոխանակեն գաղափարներ ու տեսակետներ միջազգային սպորտի շարժման զարգացման վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կխրախուսեն տեղեկություններին, ֆիզիկական կրթությանը, սպորտային գիտությանը, սպորտային բժշկությանը վերաբերող նյութերի փոխանակմանը և բարձրակարգ մարզիկների ու պահեստայինների մարզումները:
ՀՈԴՎԱԾ 3
1. Համաձայն երկկողմ փոխանակման, ուղարկող կողմը կհոգա միջազգային ճանապարհածախսը, իսկ ընդունող կողմը` կեցության, սննդի և տեղի տրանսպորտի, ինչպես նաև բուժական ծառայության ծախսերը վնասվածքի կամ հիվանդության դեպքում:
2. Կողմերի երկրներում կազմակերպված աշխարհի առաջնությունների, միջազգային մրցումների կամ հանդիպումների ֆինանսական պայմանները կիրականացվեն տվյալ միջոցառման կանոններին համապատասխան:
3. Մարզիչների և տեխնիկական աշխատողների փոխանակման ֆինանսական համապատասխան պայմանները կքննարկվեն և կորոշվեն Կողմերի միջև:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի կողմից միմյանց ծանուցելու պահից:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և հաջորդաբար կերկարաձգվի ևս հինգ տարիներով, մինչ կողմերից մեկը երեք ամիս առաջ գրավոր չի ծանուցի Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Պեկին քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն:
Տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 10-ից: