Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ավստրիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետև` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով միմյանց միջև ստեղծել բարենպաստ պայմաններ տնտեսական համագործակցության համար,

ընդունելով այն փաստը, որ ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը կարող է ամրապնդել ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, և սույնը կարող է կարևոր ներդրում ունենալ տնտեսական հարաբերությունների զարգացման համար,

վերահաստատելով իրենց ստանձնած պարտավորությունը` հետևել այս ոլորտում գործող միջազգային ստանդարտներին,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակներով.

1. «Պայմանավորվող կողմի ներդրող» նշանակում է`

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը, համաձայն Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրության, հանդիսանում է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի,

բ) ցանկացած ձեռնարկություն, որը հիմնված կամ կազմավորված է համաձայն Պայմանավորվող կողմի կիրառվող օրենսդրության և, համապատասխանաբար, կատարում է կամ կատարել է ներդրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

2. «Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից արված ներդրում» նշանակում է` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում ակտիվների բոլոր այն տեսակները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի տիրապետման կամ հսկողության ներքո` ներառյալ.

ա) առաջին Պայմանավորվող կողմի կիրառվող օրենսդրության շրջանակներում հիմնված կամ կազմավորված ձեռնարկությունը,

բ) բաժնետոմսերը, արժեթղթերը և սույն կետի «ա» ենթակետում նշված ձեռնարկությունում հավասար մասնակցության այլ ձևերը և այդ մասնակցությունից բխող իրավունքները,

գ) պարտատոմսերը, պարտքի հանձնառությունները, փոխառություններն ու պարտքի այլ տեսակները և պարտքից բխող իրավունքները,

դ) օրենսդրությամբ, իրավասու պետական մարմնի ադմինիստրատիվ ակտով կամ կոնտրակտով տրամադրված ցանկացած իրավունք` ներառյալ իրականացման համար պարտադիր կոնտրակտները (turnkey contracts), բնական պաշարների որոնման, հետազոտման և շահագործման կոնցեսիաները,

ե) դրամական պահանջները և պահանջները տնտեսական արժեք ներկայացնող կոնտրակտի կատարման նկատմամբ,

զ) մտավոր սեփականության իրավունքները, ինչպես որ սահմանված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո կնքված բազմակողմ համաձայնագրերում, ներառյալ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները, ինչպիսիք են առևտրական ապրանքանիշերը, արտոնագրերը, արդյունաբերական ձևավորումը և տեխնիկական գործընթացները, «նոուհաուն» և առևտրական գաղտնիքները, առևտրական անվանումները և բարի համբավը,

է) ցանկացած այլ շարժական կամ անշարժ գույք կամ դրա հետ կապված ցանկացած գույքային իրավունքները, ինչպիսիք են վարձակալությունը, գրավադրությունը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը կամ ուրիշի գույքից և դրա շահույթից օգտվելու իրավունքը:

3. «Ձեռնարկություն» տերմինը նշանակում է` իրավաբանական անձ կամ այլ ցանկացած կազմակերպություն, հիմնված կամ կազմավորված Պայմանավորվող Կողմի կիրառվող օրենսդրության շրջանակներում, շահույթ հետապնդող կամ չհետապնդող, մասնավոր կամ պետական սեփականություն հանդիսացող կամ պետության հսկողության ներքո գտնվող, ներառյալ կորպորացիան, տրեստը, ընկերությունը, բացառիկ սեփականությունը, ձեռնարկության մասնաճյուղը, համատեղ ձեռնարկությունը կամ ասոցիացիան:

4. «Եկամուտներ» տերմինը նշանակում է` ներդրման արդյունքում գոյացած հասույթը, մասնավորապես` շահույթները, տոկոսավճարները, կապիտալից ստացված եկամուտները, շահաբաժինները, ռոյալթիները, արտոնագրերի հետ կապված վճարները և այլ վճարումներ:

5. «Առանց ուշացումների» տերմինը նշանակում է` այնպիսի ժամանակահատված, որը սովորաբար պահանջվում է վճարումների փոխանցումների համար անհրաժեշտ ձևակերպումները կատարելու համար: Այս ժամանակահատվածը փոխհատուցման վճարումների համար պետք է սկսվի օտարման օրվանից, իսկ վճարումների փոխանցումների համար` այն օրվանից, երբ փոխանցման համար դիմում է ներկայացվել: Ամեն դեպքում այն չպետք է գերազանցի մեկ ամիս ժամկետը:

6. «Տարածք» տերմինը նշանակում է` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար` իր ինքնիշխանության տակ գտնվող ցամաքը, ներքին ջրերը, ծովային և օդային տարածքները` ներառյալ սահմանափակ մուտքի իրավունքով տնտեսական գոտին և մայրցամաքային շելֆը, որտեղ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ընդունի և խրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները` համաձայն իր օրենքների և կանոնների:

2. Ցանկացած հաջորդականություն, որի դեպքում ակտիվները ներդրվում կամ վերաներդրվում են, չպետք է փոփոխի ներդրումների բնույթը` պայմանով, որ այդ հաջորդականությունը համապատասխանի այն Պայմանավորվող կողմի օրենքներին և կանոններին, որի տարածքում կատարվել են ներդրումները:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՌԵԺԻՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ պետք է կիրառի արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև ապահովի լիարժեք և հաստատուն պաշտպանվածություն և ապահովություն:

2. Պայմանավորվող կողմը չհիմնավորված պատճառներով կամ խտրական միջոցներով չպետք է վնասի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների կառավարմանը, գործողության մեջ դնելուն, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը, վաճառքին և լուծարմանը:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների և իրենց ներդրումների նկատմամբ պետք է կիրառի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան սեփական կամ երրորդ երկրի ներդրողների և նրանց ներդրման կառավարման, գործողության մեջ դնելու, պահպանման, օգտագործման, տիրապետման, վաճառքի և լուծարման նկատմամբ ռեժիմն է, որն ավելի բարենպաստ կլինի ներդրողի համար:

4. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի այնպես, թե մի Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և նրանց ներդրումներին տրամադրել ներկայումս կամ ապագայում ցանկացած ռեժիմից օգուտ ստանալու հնարավորություն, առավելություն կամ արտոնություն, որոնք արդյունք են`

ա) ցանկացած անդամակցության ազատ առևտրի գոտուն, մաքսային միությանը, ընդհանուր շուկային, տնտեսական միությանը կամ ցանկացած բազմակողմ ներդրումային համաձայնագրի,

բ) հարկման հետ կապված ցանկացած միջազգային համաձայնագրի, միջազգային համաձայնության կամ ներքին օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ հրապարակի կամ այլ կերպ հանրամատչելի դարձնի իր օրենքները, նորմերը, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի գործողության վրա:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է անհապաղ պատասխանի որոշակի հարցերին և խնդրանքի դեպքում մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցերի վերաբերյալ:

3. Պայմանավորվող կողմերից ոչ մեկից չպետք է պահանջվի տրամադրել կամ մատչելի դարձնել առանձին ներդրողներին կամ ներդրումներին վերաբերող տեղեկատվություն, որի հրապարակումը կխոչընդոտի օրենսդրության կիրառմանը կամ կհակասի գաղտնիությունը պաշտպանող իր օրենքներին և կանոններին:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐՈՒՄ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում չպետք է դառնան օտարման, ազգայնացման, սեփականազրկման, բռնագրավման կամ որևէ այլ տեսակի նմանատիպ միջոցառումների (այսուհետև` օտարում) առարկա, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է հանրային շահերը ներկայացնող նպատակներով, առանց խտրականության, օրենսդրությանը համապատասխան և ուղեկցվում է`

ա) նախնական և համարժեք փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ օտարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և

բ) արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ` այն դեպքում, երբ օտարումը իրականացվում է Ավստրիայի Հանրապետության տարածքում:

Այդ վճարումները պետք է կատարվեն ստորև նշված 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:

2. Փոխհատուցումը պետք է`

ա) վճարվի առանց ուշացումների: ՈՒշացման դեպքում ցանկացած տարադրամի ընթացագնի հետ կապված կորուստները պետք է հատուցի ներդրումն ընդունող երկիրը,

բ) համարժեք լինի մինչև օտարման իրականացումը օտարված ներդրումի գործող իրական շուկայական արժեքին: Իրական շուկայական արժեքը չպետք է արտացոլի արժեքի որևէ փոփոխություն` կապված օտարման մասին նախապես հանրորեն հայտնի դառնալու հետ,

գ) պետք է վճարվի և ազատ փոխանցելի լինի դեպի այն երկիրը, որը որոշված է համապատասխան հայցվորների կողմից, այն երկրի տարադրամով, որի քաղաքացիներն են հայցվորները, կամ հայցվորներին հարմար ցանկացած փոխարկելի տարադրամով,

դ) իր մեջ ընդգրկի վճարման տարադրամի համար շուկայական հիմքի վրա ձևավորված նորմալ առևտրային ընթացագնով տոկոսը` սկսած օտարման պահից մինչև փաստացի վճարումը:

3. Մի Պայմանավորվող կողմի ներդրողը, որը հայտարարում է, որ վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի կողմից օտարում իրականացնելու հետևանքով, պետք է վերջին Պայմանավորվող կողմի դատական մարմնի կամ այլ իրավասու և անկախ մարմնի կողմից իր գործի արագ վերանայման իրավունք ունենա, ներառյալ իր ներդրումի գնահատումը և փոխհատուցման վճարումը սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողին, որը իր ներդրման հետ կապված վնասներ է կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակի, հեղափոխության, ապստամբության, քաղաքացիական անկարգությունների կամ որևէ այլ նմանատիպ իրադարձությունների կամ անվերահսկելի գործողությունների (acts of God) կամ անհաղթահարելի ուժի (force majeure) պատճառով, վերջին Պայմանավորվող կողմը պետք է ապահովի կորուստների վերականգնում, վնասների հատուցում կամ որևէ այլ ձևի լուծում, ցուցաբերի ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան այն վերաբերմունքն է, որը նա ցուցաբերում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, որը ավելի բարենպաստ է ներդրողի համար:

2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողին, որը կորուստ է կրել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրադարձություններից մեկի պատճառով, որը հետևանք է`

ա) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումը ամբողջությամբ կամ մասամբ բռնագրավելու, կամ

բ) մյուս Պայմանավորվող կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումը ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու, որը տվյալ պահի անհրաժեշտությունից չի բխել, այդ մյուս Պայմանավորվող կողմը ամեն դեպքում պետք է ապահովի վնասի վերականգնում կամ տրամադրի համարժեք փոխհատուցում: Այս ենթատեքստում կասկածներից խուսափելու համար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր պարտավորությունները պետք է կատարի ընդհանուր միջազգային իրավունքին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի դեպի իր տարածք և իր տարածքից դուրս առանց ուշացման մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրման հետ կապված բոլոր վճարումների ազատ փոխանցումը: Նման փոխանցումները պետք է ներառեն, մասնավորապես`

ա) ներդրման պահպանման կամ ընդլայնման համար սկզբնական կապիտալը և լրացուցիչ գումարները,

բ) եկամուտները,

գ) կոնտրակտից բխող վճարումները` ներառյալ վարկային համաձայնագիրը,

դ) ներդրման ամբողջական կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից ստացվող միջոցները,

ե) սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածներով նախատեսված փոխհատուցման վճարումները,

զ) վեճի լուծումից բխող վճարումները,

է) ներդրումների հետ կապված ծրագրերում ընդգրկված օտարերկրյա անձնակազմի աշխատավարձը և այլ վարձատրությունները:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հետագայում պետք է երաշխավորի, որ նման փոխանցումները կարող են իրականացվել ազատ փոխարկելի տարադրամով` այն Պայմանավորվող կողմի տարածքում փոխանցման օրը գերակայող տարադրամի շուկայական ընթացագնով, որի տարածքից փոխանցումը կատարվում է: Բանկային վճարները պետք է լինեն արդար և հավասար:

3. Տարադրամի փոխանակման շուկայի բացակայության դեպքում պետք է օգտագործվի պարտքային հատուկ իրավունքներին (Special Drawing Rights) փոխարկվող տարադրամների փոխարկման համար տարադրամի վերջին ընթացագինը:

4. Չնայած սույն հոդվածի 1-ից 3-րդ կետերին` Պայմանավորվող կողմը կարող է թույլ չտալ փոխանցում կատարելը` բարեխղճորեն, հավասարապես և ոչ խտրականորեն կիրառելով արժեթղթերի թողարկման, դրանց առք ու վաճառքի և գործարքների, ապրանքների նախապես գնման վերաբերյալ կոնտրակտների (futures) և համաձայնագրերի (derivatives), փոխանցման զեկույցների կամ հաշվետվությունների, քրեական գործերի (ներառյալ` հարկային խնդիրների) վերաբերյալ գործերի հետ կապված և վարչական կամ դատական գործընթացներում գտնվող հրամաններից կամ վճիռներից բխող և համապատասխան օրենքներով ու կանոններով վարկատուներին տրված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները` պայմանով, որ վերջիններս և դրանց կիրառումը չպետք է օգտագործվեն որպես Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարումից խուսափելու հնարավորություն:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

Եթե մի Պայմանավորվող կողմը կամ նրա նշանակած գործակալությունը վճարում է կատարում վնասներ չկրելու երաշխիքով, երաշխավորությամբ կամ ապահովագրական կոնտրակտով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրումների կապակցությամբ, ապա վերջին Պայմանավորվող կողմը, առանց վնասելու սույն Համաձայնագրի 2-րդ գլխի 1-ին մասում նշված ներդրողի իրավունքները, պետք է ճանաչի այդ ներդրողի կողմից առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած գործակալությանը որևէ իրավունքի կամ պահանջի փոխանցումը, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի կամ նրա նշանակած գործակալության իրավունքը` իրականացնել սուբրոգացիայի ուժով որևէ նման իրավունք և պահանջ նույն ծավալով, ինչ որ իր նախորդը` սեփականության իրավունքի ուժով:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է կատարի իր պարտավորությունը, որը առաջանում է` կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող առանձին ներդրումների հետ:

2. Եթե յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը կամ այն միջազգային պարտավորությունները, որոնք գործում են կամ ապագայում կսահմանվեն Պայմանավորվող կողմերի միջև, բացի սույն Համաձայնագրով սահմանվածներից, ներառում են ընդհանուր կամ հատուկ կանոններ, որոնք իրավունք են տալիս մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ձեռնարկությունների կողմից կատարված ներդրումների նկատմամբ կիրառել ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա պետք է գործեն վերոհիշյալ կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԶՐԿԵԼԸ

 

Մի Պայմանավորվող կողմը կարող է զրկել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողին և նրա ներդրումները սույն Համաձայնագրի առավելություններից, եթե այդ ներդրողը ենթարկվում է սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող կողմի ներդրողներին կամ վերահսկվում է նրանց կողմից և չի իրականացնում համապատասխան մակարդակի ձեռնարկատիրական գործունեություն այն Պայմանավորվող կողմի տարածքում, որի օրենքների համաձայն այն ստեղծված կամ կազմավորված է:

 

ԳԼՈՒԽ 2.
ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

ՄԱՍ 1. ՆԵՐԴՐՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 11. ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ԴԵՐԸ

 

Սույն մասը վերաբերում է այն վեճերին, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև, կապված առաջինը հիշատակված Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրի համաձայն ստանձնած պարտավորությունների խախտման հետ, ինչը ներդրողին կամ նրա ներդրմանը կորուստ է պատճառում կամ վնաս է հասցնում:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերը հնարավորության դեպքում պետք է լուծվեն բանակցությունների կամ խորհրդակցությունների միջոցով: Եթե վերոհիշյալ եղանակով վեճը լուծում չի ստանում, ապա ներդրողը այն լուծելու համար կարող է իր ընտրությամբ ներկայացնել`

ա) վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմի իրավասու դատարան կամ այն ներկայացնել վարչական կարգով լուծելու համար,

բ) համաձայն որևէ կիրառելի, նախկինում ծագած վեճի կարգավորման ընթացակարգի, կամ

գ) սույն հոդվածին համապատասխան`

1) Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (այսուհետև` Կենտրոն), որը հիմնված է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի վրա (այսուհետև` ՆՎՎԿՄԿ կոնվենցիա), եթե վեճի կողմ հանդիսացող ներդրողի Պայմանավորվող կողմը և մյուս Պայմանավորվող կողմը ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի կողմ են հանդիսանում,

2) Կենտրոն, դրա քարտուղարության կողմից իրականացվող ընթացակարգերի կարգավորման լրացուցիչ պայմանները կարգավորող կանոնների համաձայն, եթե վեճի կողմ հանդիսացող ներդրողի Պայմանավորվող կողմը կամ մյուս Պայմանավորվող կողմը, բայց ոչ երկուսը, ՆՎՎԿՄԿ կոնվենցիայի կողմ է,

3) առանձին միջնորդ դատավորի կամ հատուկ (ad hoc) միջնորդ դատարանին, որը ստեղծված է Միավորված ազգերի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հաշտեցման մասին կանոններին համապատասխան,

4) Առևտրի միջազգային պալատին, նրա` դատավարության վարույթի կանոնների համաձայն, առանձին միջնորդ դատավորի կամ հատուկ (ad hoc) միջնորդ դատարանի կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` վեճը կարող է լուծման ներկայացվել վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմին դրա մասին ծանուցելու օրվանից վաթսուն օր հետո, բայց ոչ ուշ, քան երեք տարի` սկսած այն օրվանից, երբ ներդրողը ստացել է կամ պետք է ստանար վեճի հանգեցրած իրադարձությունների վերաբերյալ ծանուցում:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույնով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ անվերապահորեն համաձայնում է վեճը կարգավորման համար ներկայացնել միջազգային միջնորդ դատարանի կարգավորմանը` սույն մասին համապատասխան: Սակայն վեճը չի կարող ներկայացվել միջազգային միջնորդ դատարանի կարգավորմանը, եթե Պայմանավորվող կողմերից մեկի դատարանը կայացրել է իր որոշումը վեճի վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնությունը նշանակում է, որ ներքին վարչական կամ դատական պաշտպանության միջոցների անհրաժեշտությունը պետք է սպառված լինի:

 

ՀՈԴՎԱԾ 14. ՀԱՅՑԵՐ

 

Սույն մասի համաձայն` միջնորդ դատարան ներկայացված հայցերը պետք է բխեն առևտրային հարաբերություններից կամ գործարքներից` ելնելով 1958 թ. հունիսի 10-ին Նյու Յորքում ստորագրված «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածից:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Պայմանավորվող կողմը չպետք է որպես պաշտպանության միջոց կամ որևէ այլ պատճառով ներկայացնի հակընդդեմ հայց, հակընդդեմ պահանջ այն մասին, որ վնասներից ամբողջությամբ կամ մասամբ երաշխավորությունը կամ վնասների ամբողջությամբ կամ մասամբ հատուցումը ստացվել է կամ կստացվի համաձայն երաշխավորագրի, երաշխավորության կամ ապահովագրական կոնտրակտի:

 

ՀՈԴՎԱԾ 16. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՔՆԵՐ

 

1. Սույն մասի համաձայն` ստեղծված դատարանը պետք է լուծի վեճը` սույն Համաձայնագրին և միջազգային իրավունքի կիրառելի կանոններին և սկզբունքներին համապատասխան:

2. Այլ համաձայնության բացակայության դեպքում 9-րդ հոդվածում նշված վեճի առարկա հանդիսացող հարցերը պետք է լուծվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում ծագել է վեճը, ինչպես նաև ներդրումների վերաբերյալ լիազորությունները կամ համաձայնագրերը կարգավորող օրենքների և, անհրաժեշտության դեպքում, միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Արբիտրաժային դատարանի որոշումները, որոնք կարող են ներառել նաև տոկոսների վերաբերյալ որոշումներ, պետք է լինեն վերջնական և պարտադիր վիճող կողմերի համար և կարող են նախատեսել պատասխանատվությունից ազատելու հետևյալ ձևերը`

ա) հայտարարություն այն մասին, որ Պայմանավորվող կողմը ի վիճակի չէ կատարելու սույն Համաձայնագրում նշված իր պարտավորությունները,

բ) դրամական փոխհատուցում, որը պետք է ներառի այն տոկոսները, որոնք առաջացել են կորուստը կամ վնասը առաջանալու պահից մինչև փոխհատուցումը վճարելու պահը,

գ) համապատասխան դեպքերում վնասի համարժեք փոխհատուցում` պայմանով, որ երբ նման փոխհատուցումը ռեալ չէ, Պայմանավորվող կողմը դրա փոխարեն կարող է վճարել դրամական փոխհատուցում, և

դ) վեճում ներգրավված կողմերի համաձայնությամբ` պատասխանատվությունից ազատելու այլ ձևեր:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի պայմաններ սույն հոդվածում նշված` իր վերաբերյալ կայացված որոշումների արդյունավետ կատարման համար և պետք է առանց ուշացման կատարի ցանկացած նման որոշում, որը կայացվել է դատավարության ժամանակ:

 

ՄԱՍ 2. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 18. ԲՆՈՒՅԹԸ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՏԵՑՈՒՄԸ

 

Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերը պետք է հնարավորության սահմաններում լուծվեն բարեկամաբար կամ խորհրդակցությունների, միջնորդության և հաշտեցման միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի խնդրանքով կարող է լուծման համար ներկայացվել միջնորդ դատարան մյուս Պայմանավորվող կողմին նման խնդրանքի մասին ծանուցելուց հետո վաթսուն օրվանից ոչ շուտ:

2. Սույն մասի համաձայն` Պայմանավորվող կողմը չի կարող սկսել դատավարություն այն վեճի կապակցությամբ, որը վերաբերում է ներդրողի այն իրավունքների խախտմանը, որի լուծման համար այդ ներդրողը դիմել է միջնորդ դատարան, համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ գլխի 1-ին մասի, եթե մյուս Պայմանավորվող կողմը չի հետևել այդ վեճի վերաբերյալ միջնորդ դատարանի որոշմանը և չի կատարել այն, կամ այդ դատավարությունը ավարտվել է առանց ներդրողի հայցի վերաբերյալ միջնորդ դատարանի կողմից որոշում կայացվելու:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Հատուկ (ad hoc) միջնորդ դատարանը պետք է ստեղծվի հետևյալ կերպ. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի մեկ անդամի, և այդ երկու անդամները պետք է համաձայնության գան երրորդ պետության քաղաքացի հանդիսացող անձի նախագահ նշանակելու վերաբերյալ: Նախագահը պետք է լինի այնպիսի երկրի քաղաքացի, որը դիվանագիտական հարաբերություններ ունի Պայմանավորվող կողմերի հետ: Այդ անդամները պետք է նշանակվեն երկու (2) ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ մի Պայմանավորվող կողմը տեղեկացրել է մյուս Պայմանավորվող կողմին վեճը միջնորդ դատարան ներկայացնելու մտադրության մասին: Միջնորդ դատարանի նախագահը պետք է նշանակվի հաջորդ երկու (2) ամսվա ընթացքում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետները չեն պահպանվում, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, համապատասխան համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար:

Եթե Արդարադատության միջազգային դատարանի նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի, կամ եթե նա չի կարող կատարել վերոհիշյալ նշանակումները, ապա անհրաժեշտ նշանակումները նույն պայմաններով կատարելու համար պետք է հրավիրվի Արդարադատության միջազգային դատարանի ավագության կարգով հաջորդ անդամը:

3. Միջնորդ դատարանի անդամները պետք է լինեն անկախ և անկողմնակալ:

 

ՀՈԴՎԱԾ 21. ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ԼՌԵԼՅԱՅՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Միջնորդ դատարանը պետք է վեճերը լուծի սույն Համաձայնագրի և միջազգային իրավունքի կիրառելի կանոններին և սկզբունքներին համապատասխան:

2. Եթե վիճող կողմերն այլ որոշում չեն ընդունում, ապա սույն մասի այլ դրույթներով չկարգավորված հարցերի դեպքում գործում են Միջնորդ վեճերի մշտական դատարանի ազատ կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

1. Միջնորդ դատարանը իր որոշման մեջ պետք է ընդգրկի տեղեկություն օրենսդրության վերաբերյալ, փաստեր, գործի հետ կապված հիմքերով հանդերձ, և Պայմանավորվող կողմի խնդրանքով կարող է որոշում ընդունել պատասխանատվությունից ազատելու հետևյալ ձևերի վերաբերյալ`

ա) հայտարարություն, որ Պայմանավորվող կողմի գործողությունը հակասում է սույն Համաձայնագրում նշված իր պարտավորություններին,

բ) առաջարկ, որ Պայմանավորվող կողմը համապատասխանեցնի իր գործողությունները սույն Համաձայնագրում նշված իր պարտավորություններին,

գ) Պայմանավորվող կողմի ներդրողի, նրա ներդրման կորստի կամ վնասի դիմաց դրամական փոխհատուցում, կամ

դ) պատասխանատվությունից ազատելու ցանկացած այլ ձև, որին համաձայնել է այն Պայմանավորվող կողմը, որի դեմ որոշում է կայացվել, ներառյալ ներդրողի կրած վնասի դիմաց համապատասխան փոխհատուցումը:

2. Միջնորդ դատարանի որոշումը վեճի կողմ հանդիսացող կողմերի համար պետք է լինի վերջնական և պարտադիր:

 

ՀՈԴՎԱԾ 23. ԾԱԽՍԵՐԸ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է դատավարության ընթացքում կատարի իր ներկայացուցչության ծախսերը: Միջնորդ դատարանի ծախսերը Պայմանավորվող կողմերը պետք է կատարեն հավասարապես, եթե դատարանը չի որոշել, որ ծախսերը պետք է այլ կերպ բաշխվեն:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Դրամական փոխհատուցում նախատեսող միջնորդ դատարանի այն որոշումները, որոնք չեն կատարվել դրանց ընդունման պահից հետո մեկ տարվա ընթացքում, կարող են կատարվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի դատարաններում իր պարտավորությունները չկատարող Կողմի ակտիվների վրա տուգանք դնելու միջոցով:

 

ԳԼՈՒԽ 3.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի այն ներդրումների նկատմամբ, որոնք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում կատարվել են, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, որոնք կատարվել են ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այնպես էլ ուժի մեջ մտնելուց հետո:

2. Սույն Համաձայնագիրը չի կիրառվի այն հայցերի նկատմամբ, որոնք բավարարվել են մինչ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, կամ այն գործընթացների նկատմամբ, որոնք նախաձեռնվել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 26. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմին առաջարկել խորհրդակցություններ անցկացնել սույն Համաձայնագրի հետ կապված որևէ հարցի վերաբերյալ: Այդ խորհրդակցությունները պետք է անցկացվեն դիվանագիտական ուղիներով համաձայնեցված վայրում և ժամկետներում:

 

ՀՈԴՎԱԾ 27. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող իրավական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերը պետք է ծանուցեն միմյանց: Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի վերջին ծանուցման ամսին հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը:

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ պետք է մնա տասը տարի ժամկետով: Հետագայում այն պետք է երկարաձգվի անորոշ ժամկետով և կարող է դադարեցվել յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համապատասխան գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ներկայացնելուց տասներկու ամիս հետո:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը, պետք է սույն Համաձայնագրի դադարեցումից հետո հաջորդ տասը տարվա ժամկետում շարունակեն գործել սույն Համաձայնագրի 1-25-րդ հոդվածների դրույթները:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թ. հոկտեմբերի 17-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը պետք է տրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թ. փետրվարի 1-ից:

 

ա մա

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
17.10.2001
Համաձայնագիր