i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
գիտակցելով, որ զբոսաշրջությունը կարևոր միջոց է երկու պետությունների ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար,
ցանկություն հայտնելով նպաստել երկու երկրների կյանքին, պատմությանը և մշակութային ժառանգությանը լավագույնս ծանոթացմանը, երկու երկրների բնական ռեսուրսների պահպանմանը,
ղեկավարվելով Միավորված ազգերի կազմակերպության 1963 թվականի սեպտեմբերին Հռոմում կայացած` զբոսաշրջության և միջազգային ճամփորդությունների կոնֆերանսի սկզբունքներով և հանձնարարականներով, ինչպես նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ներպետական օրենսդրությանը, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի մասնակցությամբ այլ միջազգային համաձայնագրերին համապատասխան, կնպաստեն միմյանց երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը` իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը կաջակցեն և կխրախուսեն իրենց` զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների գործունեությունը, որն ուղղված է երկու երկրների միջազգային զբոսաշրջության զարգացմանը մասնակցող կազմակերպությունների, ձեռնարկությունների և ընկերությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, կձգտեն երկու երկրների միջև զբոսաշրջիկների փոխանակման հետ կապված վարչական պայմանավորվածությունների պարզեցմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Պայմանավորվող կողմերը կաջակցեն ինչպես կազմակերպված խմբային, այնպես էլ անհատական զբոսաշրջության տարածմանը, ներառյալ` բուժական նպատակներով, կփոխանակեն մասնագիտացված խմբեր` սպորտային միջոցառումներին, երաժշտական և թատերական փառատոններին, ցուցահանդեսներին, գիտաժողովներին, կոնգրեսներին մասնակցելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կաջակցեն իրենց` զբոսաշրջության բնագավառում պետական իրավասու մարմինների միջև զբոսաշրջությանը վերաբերող տեղեկության փոխանակմանը` մասնավորապես.
- զբոսաշրջային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ բազայի վերաբերյալ,
- զբոսաշրջային շուկայի վիճակի, զբոսաշրջության բնագավառում փորձի և ձեռքբերումների վերաբերյալ,
- հյուրանոցների և զբոսաշրջիկների տեղավորման այլ վայրերի կառավարման փորձի վերաբերյալ,
- վիճակագրական, տեղեկատվական-լրատվական և գովազդային նյութեր,
- զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող` բնության և մշակութային արժեքների պաշտպանության և պահպանության ոլորտում ազգային օրենսդրության վերաբերյալ,
- զբոսաշրջության բնագավառում ներդրումների առաջարկների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի մասնագետ կադրերի պատրաստման, զբոսաշրջության բնագավառում գիտական աշխատողների և մասնագետների փոխանակման հարցերում, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների զբոսաշրջության բնագավառում հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների միջև համատեղ գործունեության ու սերտ կապերի հաստատմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Պայմանավորվող կողմերը կաջակցեն թղթակիցների և լրագրողների փոխանակմանը և փոխադարձ այցելություններին` երկու երկրների զբոսաշրջային ներուժի վերաբերյալ հասարակությանը լավագույնս տեղեկացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 8
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում կարող է բացել զբոսաշրջության բնագավառում տեղեկատվության հարցերով իր ներկայացուցչությունը, որը չի իրականացնի առևտրային գործունեություն:
Ներկայացուցչությունների գործունեությունը կկարգավորվի Կողմերի միջև ստորագրվող առանձին համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 9
Տնտեսական, արդյունաբերական, առևտրային և տեխնիկական համագործակցության հայ-բուլղարական համատեղ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվում է զբոսաշրջության հարցերով աշխատանքային խումբ, որը կհետևի և կվերլուծի սույն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարումը, ինչպես նաև կքննարկի զբոսաշրջության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՈԴՎԱԾ 10
Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն սույն Համաձայնագրի կատարմանը վերաբերող հարցերի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում նրանում կկատարեն փոփոխություններ և լրացումներ:
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով երկրորդ գրավոր ծանուցումը ստանալու պահից 30 /երեսուն/ օր անց, որոնց միջոցով Կողմերը միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան 6 ամիս առաջ մինչև համապատասխան ժամկետի լրանալը գրավոր չհայտնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում այն ծրագրերի և նախագծերի կատարման վրա, որոնք համաձայնեցվել են նրա գործողության ժամկետում, եթե Պայմանավորվող կողմերը այլ կերպ չեն պայմանավորվում:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 2-ից: