Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով երկու երկրների տնտեսական զարգացման համար արտաքին առևտրի և տնտեսական համագործակցության տարբեր ձևերի առանձնահատուկ կարևորությունը,

արտահայտելով առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացման համար համագործակցության նոր միջոցներ և ուղիներ փնտրելու իրենց պատրաստակամությունը` համաձայն 1975 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) Եզրափակիչ ակտի և ԵԱՀԽ/ԵԱՀԿ այլ փաստաթղթերի, մասնավորապես` Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայի և Եվրոպայում տնտեսական համագործակցության Բոննի կոնֆերանսի վերջնական փաստաթղթի սկզբունքների և դրույթների,

վերահաստատելով իրենց նվիրվածությունը օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, այդ թվում նաև փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և շուկայական տնտեսության վրա հիմնված բազմակարծիք ժողովրդավարությանը,

ցանկանալով իրենց երկրների միջև առևտրի էական և ներդաշնակ զարգացման և բազմազան դարձնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում առևտրային և տնտեսական համագործակցության խթանման համար բարենպաստ պայմաններ ստեղծել,

պատրաստակամություն հայտնելով իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման հնարավորությունները դիտարկելու և դրանք սույն Համաձայնագրում չընդգրկված բնագավառներում ծավալելու մեջ,

Առևտրի և սակագների գլխավոր համաձայնագրի /ԱՍԳՀ/ և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնադիր պայմանագրի հիմնական սկզբունքների համաձայն առևտրային հարաբերություններ զարգացնելու վճռականությամբ,

հաշվի առնելով, որ Շվեյցարական Համադաշնությունը ԱՀԿ անդամ երկիր է, իսկ Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ ԱՍԳՀ/ԱՀԿ շրջանակներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրի նպատակն է Պայմանավորվող կողմերի միջև հաստատել փոխադարձ առևտրի և տնտեսական հարաբերությունների իրականացման կանոնները և կարգերը: Պայմանավորվող կողմերը, իրենց ներպետական օրենսդրության համաձայն և միջազգային պարտավորությունների սահմաններում, ձեռնամուխ են լինում փոխադարձ առևտրի, ինչպես նաև առևտրային և տնտեսական համագործակցության տարբեր ձևերի ներդաշնակ զարգացմանը:

Պայմանավորվող կողմերը ընդունում են, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ գործընթացով հաստատված սկզբունքները էական նշանակություն ունեն սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՍԳ/ԱՀԿ

 

Պայմանավորվող կողմերը հնարավոր ջանքեր կգործադրեն ԱՍԳ/ԱՀԿ սկզբունքների համաձայն առևտրի խթանման, ընդլայնման և բազմազան դարձնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 3. ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳ

 

1. Պայմանավորվող կողմերը միմյանց նկատմամբ կսահմանեն առավել բարենպաստության ազգային պայմանակարգ` ապրանքների ներմուծման կամ արտահանման կամ դրանց համար վճարումների միջազգային փոխանցումների հետ կապված մաքսատուրքերի և վճարների, ինչպես նաև ներմուծված ապրանքներից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գանձվող հարկերի և այլ վճարների առումով, և այդպիսի տուրքերի, հարկերի և վճարների գանձման մեթոդների և առևտրի հետ կապված բոլոր կանոնների և ընթացակարգերի առումով:

2. Առաջին պարբերությունը չպետք է մեկնաբանել որպես մի Պայմանավորվող կողմի պարտավորություն` մյուս Պայմանավորվող կողմին տրամադրելու այն առավելությունները, որոնք կտրվեին.

- սահմանային առևտրի դյուրացման նպատակով,

- մաքսային միության կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով կամ ԱՍԳՀ-ի 1994թ. XXIV հոդվածի համաձայն նման միության կամ գոտի ստեղծելու նպատակով,

- զարգացող երկրներին` համաձայն ԱՍԳՀ/ԱՀԿ կամ այլ միջազգային համաձայնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերից մեկի տարածք կատարվող ներմուծումների կամ տարածքից կատարվող արտահանումների նկատմամբ ոչ մի արգելք կամ քանակական սահմանափակում, այդ թվում նաև արտոնագրում չի կիրառվի, բացառությամբ այն դեպքերի, երբ նույնատիպ ապրանքի արտահանումը երրորդ երկիր կամ ներմուծումը երրորդ երկրից նույնպես արգելված կամ սահմանափակված են: Նման միջոցներ կիրառող Պայմանավորվող կողմը պետք է իրականացնի դրանք այն եղանակով, որը նվազագույնս կվնասի մյուս Պայմանավորվող կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳ

 

Պայմանավորվող կողմերից մեկի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծված ապրանքներին պետք է տրվի նույնպիսի բարենպաստ պայմանակարգ, ինչպիսին ազգային պայմանակարգ ունեցող ապրանքներին` ներպետական հարկերի և այլ ներպետական վճարների, ինչպես նաև բոլոր օրենքներով, կանոնակարգերով ապրանքների երկրի ներսում վաճառքին, վաճառահանմանը, գնմանը, փոխադրմանը, տարածմանը կամ օգտագործմանը ներկայացվող պահանջների առումով:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

Պայմանավորվող կողմերի միջև ապրանքների առևտրի և ծառայությունների մատուցման համար իրականացվող վճարումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի արժույթով:

Երկրներից որևէ մեկի առանձին գործարքների կողմերը չպետք է պակաս բարենպաստ վերաբերմունքի արժանանան որևէ երրորդ երկրի առանձին գործարքի կողմերի համեմատությամբ` փոխարկելի արժույթի մատչելիության և փոխանցման առումով:

 

ՀՈԴՎԱԾ 7. ԱՅԼ ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Առանձին գործարքների կողմերի միջև ապրանքները պետք է գնվեն և վաճառվեն շուկայական գներով: Մասնավորապես, պետական գործակալությունները և պետական ձեռնարկությունները ներմուծումների գնում և արտահանումների վաճառք պետք է կատարեն բացառապես առևտրային նկատառումներով, ներառյալ` գնով, որակով և առկայությամբ պայմանավորված հիմքերով. նրանք, համաձայն սովորական գործարար պրակտիկայի, մյուս Պայմանավորվող կողմի ձեռնարկություններին համապատասխան հնարավորություն կընձեռեն` նման գործարքներին մասնակցել:

Պայմանավորվող կողմերից ոչ մեկը առանձին գործարքների մասնակից կողմերից չի պահանջի բարտերային կամ ապրանքափոխանակման գործարքների մեջ մտնել, ոչ էլ կխրախուսի նման գործարքները:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Պայմանավորվող կողմերը միմյանց պետք է տեղեկություններ տրամադրեն առևտրային գործունեությանը վերաբերող իրենց օրենսդրության, դատական որոշումների և վարչական կանոնների մասին և պետք է միմյանց տեղեկացնեն իրենց սակագնային կամ վիճակագրական անվանակարգերի փոփոխությունների, ինչպես նաև ներպետական օրենսդրության մեջ կատարվող այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի իրագործման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԱՐՏԱԿԱՐԳ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՇԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

1. Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն այն դեպքերում, երբ որևէ ապրանք ներմուծվում է նրանցից որևէ մեկի տարածք այնպիսի մեծածավալ քանակությամբ կամ այնպիսի պայմաններով, որը կարող է վնասել կամ լրջորեն սպառնալ նմանատիպ ապրանքների կամ ուղղակիորեն դրա հետ մրցակցող ապրանքների ներքին արտադրողներին:

2. Առաջին կետի համաձայն առաջարկվող խորհրդակցությունների նպատակն է նման դեպքերում ծագած հարցերի` փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելը. խորհրդակցությունները պետք է ավարտվեն ոչ ուշ, քան, Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր ծանուցման օրվանից սկսած, 30 օրվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ Պայմանավորվող կողմերը եկել են այլ համաձայնության:

3. Եթե 1-ին և 2-րդ կետերում նշված միջոցառումների հետևանքով Պայմանավորվող կողմերը համաձայնության չգան, ապա վնաս կրած Պայմանավորվող կողմը իրավազոր է մտցնել տվյալ ապրանքների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ այն չափով և այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ կլինի վնասը կանխելու կամ հատուցելու համար: Այդ դեպքում և Համատեղ հանձնաժողովի խորհրդակցություններից հետո մյուս Պայմանավորվող կողմը իրավասու կլինի հրաժարվել սույն Համաձայնագրով նախատեսված իր պարտավորություններից:

4. 3-րդ կետում նկարագրված միջոցները ընտրելիս Պայմանավորվող կողմերը պետք է առաջնահերթությունը տան սույն Համաձայնագրի գործունեության ընթացքին նվազագույնս խոչընդոտող միջոցներին:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերը իրենց օրենսդրությամբ կապահովեն մտավոր սեփականության իրավունքների համարժեք, արդյունավետ և ոչ խտրական պաշտպանությունը, ներառյալ, մասնավորապես, հեղինակային իրավունքի (համակարգչային ծրագրերի և տվյալների բազաների) և հարակից իրավունքների, ապրանքների և ծառայությունների, ապրանքանշանների, ապրանքների և ծառայությունների աշխարհագրական ցուցիչների, տեխնոլոգիայի բոլոր բնագավառներում գյուտերի արտոնագրերի, բույսերի սորտերի, արդյունաբերական նմուշների, ինտեգրալ սխեմաների տոպոգրաֆիաների և գաղտնի տեղեկատվության արդյունավետ և համարժեք պաշտպանությունը:

2. Արտոնագրերի պարտադիր լիցենզավորումը պետք է լինի ոչ բացառիկ, ոչ խտրական, ենթակա լինի արտոնագրի լիցենզիայի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցման և ենթակա լինի դատական կարգով վերանայման: Այս լիցենզիայի շրջանակները և տևողությունը պետք է սահմանափակվեն այն նպատակով, որի համար շնորհվել են: Ոչ աշխատանքային հիմունքներով շնորհված լիցենզիաները, պետք է կիրառվեն միայն այն չափով, որքանով դա անհրաժեշտ է ներքին շուկան պատշաճ առևտրային պայմաններ բավարարելու համար:

3. Պայմանավորվող կողմերը, իրենց ազգային օրենսդրության համաձայն, պետք է ապահովեն կիրարկման դրույթներ, որոնք կլինեն համարժեք, արդյունավետ և ոչ խտրական, որպեսզի երաշխավորեն մտավոր սեփականության իրավունքների լիարժեք պաշտպանությունը խախտումներից, հատկապես կեղծումից և անօրինական օգտագործումից: Այդպիսի դրույթները պետք է ներառեն քաղաքացիական և քրեական սանկցիաներ մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ: Համապատասխան միջոցները պետք է լինեն անկողմնակալ և արդարացի: Դրանք չպետք է ավելորդ բարդացված և թանկ լինեն, հանգեցնեն ոչ խելամիտ ժամանակային սահմանափակումների կամ չարդարացված ձգձգումների: Դրանք պետք է մասնավորապես ներառեն կարգադրագիր, իրավատիրոջ կրած վնասի համարժեք փոխհատուցում, ինչպես նաև ժամանակավոր միջոցառումներ, ներառյալ «inaudita altera parte»: Մտավոր սեփականության հարցերով վերջնական վարչական որոշումները պետք է ենթակա լինեն վերանայման դատական կամ այդպիսի իրավասություն ունեցող այլ ատյանի կողմից:

4. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ներքին օրենսդրությունը չի ապահովում սույն Համաձայնագրի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում նշված պաշտպանությունը, այն չպետք է շտկվի 2000 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ:

5. Պայմանավորվող կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները հետևյալ բազմակողմ պայմանագրերի հիմնական դրույթներին համապատասխան գործելու համար.

ա) ԱՀԿ Համաձայնագիր մտավոր սեփականության իրավունքների առևտրին վերաբերող տեսակետների մասին («TRIPS» համաձայնագիր), 1994 թվականի ապրիլի 15,

բ) 1883 թվականի մարտի 20-ի Փարիզյան կոնվենցիա արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին (Ստոկհոլմյան ակտ, 1967թ.),

գ) 1886 թվականի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիա, Գրականության և արվեստի ստեղծագործությունների պաշտպանության մասին (Փարիզյան ակտ, 1971թ.),

դ) 1961 թվականի հոկտեմբերի 26-ի միջազգային կոնվենցիա Ձայնագրություն կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պաշտպանության մասին (Հռոմի կոնվենցիա):

Ավելին, Պայմանավորվող կողմերը, որոնք վերոհիշյալ համաձայնագրերից մեկի կամ մի քանիսի մասնակից չեն, պետք է դրանց միանան ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում:

6. Այն դեպքում, երբ մտավոր սեփականության իրավունքը ձեռք է բերվում շնորհման կամ գրանցման հիման վրա, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որ շնորհման կամ գրանցման ընթացակարգերը լինեն բարձրորակ, ոչ խտրական, անկողմնակալ և արդարացի: Դրանք չպետք է լինեն ավելորդ բարդացված և թանկ կամ հանգեցնեն ոչ խելամիտ ժամանակային սահմանափակումների կամ չարդարացված ձգձգումների:

Այն Պայմանավորվող կողմը, որը հետևյալ համաձայնագրերից մեկի կամ մի քանիսի մասնակից չէ, պետք է դրանց միանա ոչ ուշ, քան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում.

ա) 1891 թվական ապրիլի 14-ի Մադրիդի Համաձայնագիր Նշանների միջազգային գրանցման վերաբերյալ (Ստոկհոլմյան ակտ, 1967 թվական),

բ) Նշանների միջազգային գրանցման վերաբերյալ Մադրիդի Համաձայնագրի Արձանագրություն (1989 թվական հունիսի 27),

գ) 1925 թվական նոյեմբերի 6-ի Հաագայի Համաձայնագիր Արդյունաբերական նմուշների միջազգային դեպոզիտի վերաբերյալ (Ստոկհոլմյան ակտ, 1967 թվական):

7. Պայմանավորվող կողմերը մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան իրենց քաղաքացիներին: Այս պարտավորություններից բացառություններ կարող են արվել «TRIPS» Համաձայնագրի 3-րդ հոդվածի հիմնական դրույթների համաձայն:

8. Պայմանավորվող կողմերը մյուս կողմի քաղաքացիներին կտրամադրեն ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ, քան մեկ այլ պետության քաղաքացիներին:

Համաձայն «TRIPS» Համաձայնագրի 4-րդ հոդվածի «դ» կետի` Պայմանավորվող կողմերից մեկի համար գործող միջազգային համաձայնագրից բխող յուրաքանչյուր առավելության, նպաստավորության, արտոնության կամ անձեռնմխելիության վերաբերյալ մյուս Պայմանավորվող կողմին ծանուցումը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ամենաուշը 6 ամսվա ընթացքում ազատում է այս պարտավորությունից` պայմանով, որ չի առաջացնում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամայական կամ անարդարացի խտրականություն: Այն Պայմանավորվող կողմը, որը ԱՀԿ անդամ է, կազատվի ծանուցման պարտականությունից, եթե նա արդեն ծանուցել է «TRIPS»-ի Խորհրդին:

9. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակի հետագա կատարելագործման և դրանց առևտրի խախտումներից խուսափելու կամ դրանք շտկելու նպատակով սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածում («Վերանայում և ընդլայնում») նշված վերանայումները կարող են վերաբերել սույն հոդվածին:

10. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը գտնում է, որ մյուսը չի կատարել սույն հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, ապա նա կարող է ձեռնարկել սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով («Համատեղ հանձնաժողով») նախատեսված պայմաններով և ընթացակարգերի համաձայն համապատասխան միջոցներ: Հանձնաժողովը պետք է անհապաղ նախաձեռնի հարցի քննարկումը շահագրգիռ Պայմանավորվող կողմի խնդրանքով` ծանուցում ստանալուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Համատեղ հանձնաժողովը կարող է տալ համապատասխան հանձնարարականներ և որոշում կայացնել հետագա գործողությունների մասին: Եթե ծանուցման օրից 60 օրվա ընթացքում երկկողմ բավարար լուծում չի գտնվել, ապա վնասներ կրած կողմը կարող է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վնասի հետևանքները վերացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ենթարկվելով այն պահանջին, ըստ որի չպետք է կիրառվեն կամայական և չարդարացված խտրականության կամ Պայմանավորվող կողմերի միջև առևտրի քողարկված սահմանափակում պարունակող միջոցներ, սույն Համաձայնագիրը չի արգելում Պայմանավորվող կողմերին միջոցներ ձեռնարկել հետևյալով պայմանավորված դեպքերում.

- հանրության բարքերով,

- մարդու, կենդանական կամ բուսական աշխարհի կյանքի կամ առողջության, շրջակա միջավայրի պաշտպանություն,

- մտավոր սեփականության պաշտպանություն կամ ԱՍԳՀ 1994 թվականի XX հոդվածում նշված ցանկացած այլ միջոց կիրառել:

2. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքը` կատարել ԱՍԳՀ 1994 թվականի XXI հոդվածում նախատեսված հիմքերով արդարացված որևէ գործողություն:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

1. Պայմանավորվող կողմերը կջանան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում տնտեսական համագործակցությունը խրախուսելու և խթանելու համար:

2. Նման տնտեսական համագործակցության նպատակները, ի թիվս այլոց, հետևյալն են.

- ամրապնդել և բազմազան դարձնել Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական կապերը,

- նպաստել Պայմանավորվող կողմերի տնտեսությունների զարգացմանը,

- բացել մատակարարման նոր աղբյուրներ և նոր շուկաներ,

- խրախուսել համագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների միջև` համատեղ ձեռնարկությունների, արտոնագրային պայմանագրերի և համագործակցության այլ ձևերի խթանման նպատակով,

- արագացնել տնտեսությունների կառուցվածքային բարեփոխումները և օժանդակել Հայաստանի Հանրապետությանը առևտրային քաղաքականության հարցերում,

- խրախուսել փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը առևտրի և համագործակցության մեջ,

- շարունակել և խորացնել համագործակցությունը մտավոր սեփականության ոլորտում, այդ թվում նաև` Պայմանավորվող կողմերի իշխանությունների համապատասխան մարմինների միջև տեխնիկական աջակցության համապատասխան ձևեր զարգացնելու միջոցով, այդ նպատակով վերջիններս կհամակարգեն իրենց ջանքերը համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

1. Սույն Համաձայնագրի գործողությունն ապահովելու նպատակով կստեղծվի Համատեղ հանձնաժողով: Այն կազմված կլինի Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից, կգործի փոխադարձ պայմանավորվածությամբ, կգումարվի անհրաժեշտության դեպքում և սովորաբար տարին մեկ անգամ` հաջորդաբար Հայաստանում և Շվեյցարիայում: Նախագահը կլինի հաջորդաբար յուրաքանչյուր Պայմանավորվող կողմից:

2. Համատեղ հանձնաժողովը պետք է.

- վերահսկի սույն Համաձայնագրի գործողությունը, մասնավորապես, նրա դրույթների մեկնաբանման և կիրառման, նրա շրջանակների ընդլայնման հնարավորության առումով,

- քննարկի Պայմանավորվող կողմերի տարածքներում ստեղծված ձեռնարկությունների միջև ուղղակի կապերի զարգացման համար կատարյալ պայմանների նպաստավոր եղանակները,

- ծառայի որպես խորհրդակցական ժողով Պայմանավորվող կողմերի միջև ծագող խնդիրների լուծման համար,

- դիտարկի Պայմանավորվող կողմերի միջև առևտրին առնչվող հարցերը,

- քննարկի Պայմանավորվող կողմերի միջև առևտրի և համագործակցության ընդլայնման առաջընթացը,

- փոխանակի առևտրի հետ կապված տեղեկություն և կանխատեսումներ, ինչպես նաև 8-րդ հոդվածում («Հրապարակայնություն») նկարագրված տեղեկությունը,

- ծառայի որպես խորհրդակցական ժողով 9-րդ հոդվածում նշված դեպքերում (արտակարգ գործողություններ որոշակի ապրանքների ներմուծման կապակցությամբ),

- ծառայի որպես խորհրդակցական ժողով մտավոր սեփականության իրավունքների բնագավառում երկկողմ հարցերի և միջազգային զարգացումների քննարկման կապակցությամբ. նման խորհրդակցությունները կարող են կայանալ նաև Պայմանավորվող կողմերի փորձագետների միջև,

- զարգացնի տնտեսական համագործակցությունը` համաձայն 12-րդ հոդվածի դրույթների,

- ձևակերպի և Պայմանավորվող կողմերի իշխանություններին ներկայացնի սույն Համաձայնագրում կատարվելիք փոփոխությունները` նոր զարգացումները հաշվի առնելու նպատակով, ինչպես նաև սույն Համաձայնագրի գործողությանը և ընդլայնմանը վերաբերող առաջարկները` համաձայն 14-րդ հոդվածի («Վերանայում և ընդլայնում»):

 

ՀՈԴՎԱԾ 14. ՎԵՐԱՆԱՅՈՒՄ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

 

Պայմանավորվող կողմերը կարող են վերանայել սույն Համաձայնագրի դրույթները յուրաքանչյուր կողմի խնդրանքով:

Պայմանավորվող կողմերը իրենց պատրաստակամությունն են հայտնում սույն Համաձայնագրով հաստատված հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և դրանք սույն Համաձայնագրով չընդգրկված այնպիսի բնագավառներում ընդլայնելու մեջ, ինչպիսիք են ծառայությունները և ներդրումները: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ մասին հիմնավորված առաջարկներ ներկայացնել Համատեղ հանձնաժողովին:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագիրը տարածվում է Լիխտենշտեյնի Իշխանության վրա, քանզի վերջինս կապված է Շվեյցարական Համադաշնությանը 1923թ. մարտի 29-ի մաքսային միության համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի դիվանագիտական ուղիներով փոխադարձ ծանուցման օրվան հաջորդող ամսվա առաջին օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 17. ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, բացառությամբ, եթե մի Պայմանավորվող կողմը գրավոր ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին Համաձայնագրի ընթացիկ գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում ամբողջությամբ կամ մասնակիորեն անմիջապես կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, եթե չեն հարգվում սույն Համաձայնագրի հիմնական սկզբունքները, կամ եթե սույն Համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ լուրջ խախտում է տեղի ունեցել:

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճորեն լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Բեռն քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
19.11.1998
Համաձայնագիր