i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իսրայելի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով զարգացնել իրենց երկրների միջև համագործակցությունն առողջապահության և բժշկության բնագավառներում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը կնպաստեն առողջապահության և բժշկության բնագավառներում համագործակցությանը հավասարության, փոխադարձության և փոխշահավետության հիման վրա: Համագործակցության հատուկ բնագավառները կորոշվեն փոխադարձ համաձայնությամբ` ելնելով այդ երկրների շահերից:
ՀՈԴՎԱԾ 2
Պայմանավորվող կողմերը կգործադրեն բոլոր ջանքերը նպաստելու համար, մասնավորապես`
- տեղեկության փոխանակմանը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առողջապահական բնագավառներում,
- ուսումնասիրությունների և խորհրդակցությունների նպատակով մասնագետների փոխանակումներին` ըստ սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված համագործակցության ծրագրերի,
- ուղիղ կապերի հաստատմանը իրենց երկրների հաստատությունների և կազմակերպությունների միջև,
- տեղեկության փոխանակմանը բժշկության և առողջապահության բնագավառում` նոր սարքավորումների, դեղամիջոցների և տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ,
- բժշկագիտության և առողջապահության բնագավառներում փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության նմանատիպ այլ ձևերին:
ՀՈԴՎԱԾ 3
Պայմանավորվող կողմերը կփոխանակեն տեղեկություն առողջապահության և բժշկագիտության խնդիրներին վերաբերող համապատասխան երկրներում գումարվելիք միջազգային համաժողովների և գիտաժողովների մասին: Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով` մյուս Կողմը կտրամադրի նման հավաքների հրատարակած նյութերը:
ՀՈԴՎԱԾ 4
Պայմանավորվող կողմերի համապատասխան մարմինները կփոխանակեն բժշկական գրականության ցուցակների և առողջապահության մասին կինոժապավեններ, ինչպես նաև առողջապահության բնագավառում գրավոր, տեսողական կամ տեսալսողական տեղեկատվական այլ նյութեր:
ՀՈԴՎԱԾ 5
Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի իրականացումը հանձնարարում են Հայաստանի առողջապահության նախարարությանը և Իսրայելի առողջապահության նախարարությանը: Սույն Համաձայնագիրն իրականացնելու համար նախարարությունները կստորագրեն համագործակցության ծրագրեր, որոնցում, ի թիվս այլ խնդիրների, կսահմանվեն նաև ֆինանսական հարցերը:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագիրը կհաստատվի կամ կվավերացվի Պայմանավորվող կողմերի ներպետական իրավական ընթացակարգի համաձայն: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա վավերացման մասին դիվանագիտական հայտագրերի փոխանակման օրվանից և ուժի մեջ կմնա անսահմանափակ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` գրավոր ծանուցելով մյուս Կողմին իր այդ մտադրության մասին, այդ դեպքում Համաձայնագիրը կդադարի գործել նրա գործողության դադարեցման մասին ծանուցման օրից վեց (6) ամիս հետո:
Կատարված է Երուսաղեմ քաղաքում 1998 թվականի հոկտեմբերի 29-ին, որը համապատասխանում է 5759թ. խեշվանի 9-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, եբրայերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 31-ից: