i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի գործադիր իշխանությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները,
ցանկանալով զարգացնել տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցությունը,
ընդունելով, որ նման համագործակցության զարգացման համար անհրաժեշտ պայման է արդյունաբերական սեփականության արդյունավետ պահպանությունը,
գիտակցելով այդ նպատակով արդյունաբերական սեփականության տիրապետողների և հեղինակների իրավունքների օգտագործման և պահպանության համար փոխադարձաբար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը հայտնագործության, արդյունաբերական նմուշների, ապրանքային նշանների, ապրանքների ծագման վայրի անվանման և արդյունաբերական սեփականության այլ օբյեկտների նկատմամբ իրավունքների օգտագործման և պահպանության բնագավառում համագործակցությունն իրականացնում և զարգացնում են փոխշահավետության և հավասարության հիման վրա` այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից են հանդիսանում կամ կհանդիսանան նրանք:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերի համագործակցությունն ուղղված կլինի.
արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների կիրառման և պահպանության հետ կապված հարցերի կարգավորմանը,
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դիմողներին և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դիմողներին պահպանական փաստաթղթեր տալու հայտեր տալու և քննարկման ընթացակարգի փոխադարձ պարզեցմանը,
տեղեկատվության, նորմատիվ և այլ փաստաթղթերի, ինչպես նաև արդյունաբերական սեփականության բնագավառում փորձի փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Մի Կողմի պետության ֆիզիկական և իրավաբանական անձինք մյուս Կողմի պետության տարածքում արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառում կօգտվեն նույն իրավունքներից և առավելություններից, որոնք այդ Կողմի պետության օրենսդրությամբ ներկայումս տրամադրված են կամ կտրամադրվեն իր սեփական ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ելնելով սրանից` այդ մյուս Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները պահպանելիս նրանք կօգտվեն իրավական պաշտպանության նույն միջոցներից նույն հիմունքներով և նույն ծավալով, ինչ որ սեփական ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Ընդ որում, սույն Համաձայնագրով չկարգավորվող հարցերով Կողմերը կկիրառեն 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում վերանայված և 1979 թվականի հոկտեմբերի 2-ին փոփոխված, 1883 թվականի մարտի 20-ի արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ընդունելու համար օրենսդրական ակտեր, որոնք թույլ կտան ապահովել.
այն հայտնագործությունների և արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքների արդյունավետ պահպանության իրականացումը, որոնց համար տրվել են հայտնագործությունների ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր կամ արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրեր,
Կողմերի օրենսդրություններով նախատեսվող պայմաններով և մնացած ժամանակի համար հայտնագործությունների ԽՍՀՄ հեղինակային վկայագրերը կամ արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերը ազգային արտոնագրերով փոխարինելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 5
Հայաստանի Հանրապետության կամ Վրաստանի ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պահպանում է առանց լիցենզավորման պայմանագրի կնքման հայտնագործությունը կամ արդյունաբերական նմուշը օգտագործելու իրավունքը, եթե այդ հայտնագործության կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը օրինականորեն սկսվել է մինչև այլ անձանց կողմից այն հայտնագործությունների կամ արդյունաբերական նմուշների համար ազգային արտոնագիր տալու հայտի ներկայացման ժամկետը, որի կամ որոնց համար նախկինում ներկայացվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի հանձնման համար հայտ կամ տրվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ: Դրա հետ մեկտեղ հեղինակի /հեղինակների/ պարգևատրման վճարումն իրականացվում է այն Կողմի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում օգտագործվում է այդ հայտնագործությունը կամ արդյունաբերական նմուշը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը, իրենց իրավասու մարմինների հայտերով, տեխնիկայի մակարդակը որոշելու համար իրականացնում են տեղեկատվական որոնում այդ հայտերով արտոնագրեր տալու հնարավորությունների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմամբ` ապահովելով ստացված նյութերի գաղտնիությունը:
Նշված աշխատանքները կիրականացվեն պայմանագրային հիմունքներով` Կողմերի համապատասխան ծախսերի ֆինանսավորմամբ:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը պարտավորվում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերում ներառել արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության ապահովման վերաբերյալ դրույթներ:
ՀՈԴՎԱԾ 8
Պահպանական փաստաթղթերի հանձնման հայտի ներկայացման, պահպանական փաստաթղթերի ստացման և դրանց ուժի մեջ պահպանման ժամանակ երկու պետությունների արտոնագրային իրավասուները փոխադարձության սկզբունքի հիման վրա կարող են գործերը վարել անմիջականորեն Կողմերի արտոնագրային գերատեսչությունների հետ` ներկայացնելով, ընդ որում, միայն ազգային դիմողների շահերը: Մի Կողմի պետության ազգային դիմողներին, նույնպես փոխադարձության սկզբունքի հիման վրա, իրավունք է տրվում պահպանական փաստաթղթերի ստացման և ուժի մեջ պահման հետ կապված գործերը վարել անմիջականորեն մյուս Կողմի արտոնագրային գերատեսչության հետ:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը միջոցներ կձեռնարկեն իրենց սահմաններով արտոնագրային փաստաթղթերը, այդ թվում նաև արդյունաբերական սեփականության պահպանման բնագավառին առնչվող պոլիգրաֆիական արտադրանքը, առանց մաքսավճարի բաց թողնելու համար:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում Կողմերի միմյանց ուղարկվելիք բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի իրագործման պատասխանատուներն են հանդիսանում Կողմերի արտոնագրային գերատեսչությունները.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը,
Վրաստանում` Վրաստանի «Սակպատենտի» արտոնագրային գերատեսչությունը:
Արտոնագրային գերատեսչությունների համագործակցության կարգն ու պայմանները սահմանվում են դրանց միջև կնքված հատուկ համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված բոլոր հարցերը Կողմերը կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից:
Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է դրա գործողությունը դադարեցնելու մասին Կողմերից մեկի ծանուցումը ստանալուց վեց ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից դադարում է գործել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի Հանրապետության կառավարության միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» 1993 թվականի դեկտեմբերի 3-ին Երևան քաղաքում ստորագրված Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման համար օգտագործվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի սեպտեմբերի 21-ից: