i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Արգենտինայի Հանրապետությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով 1992 թվականի հունիսի 11-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը,
ցանկանալով զարգացնել համագործակցությունը մշակույթի և կրթության բնագավառներում,
վստահ լինելով, որ նման համագործակցությունը կնպաստի Կողմերի միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կնպաստեն մշակույթի, կրթության, ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի բնագավառներում համագործակցությանը, մասնավորապես`
ա) մանկավարժների և մշակույթի ու կրթության բնագավառների այլ մասնագետների փոխանակման,
բ) համերգների, ցուցահանդեսների, թատերական ներկայացումների և արվեստի այլ միջոցառումների կազմակերպման,
գ) գեղարվեստական գրականության հրապարակման, սույն Համաձայնագրում նշված ոլորտներին վերաբերող գրականության փոխանակման,
դ) ոչ առևտրային հիմունքներով կինոժապավենների ցուցադրման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերից յուրաքանչյուրը, իր հնարավորությունների սահմաններում և փոխադարձ հիմունքներով, պարտավորվում է մյուս Կողմի քաղաքացիներին տրամադրել կրթաթոշակներ` կրթական հաստատություններում ուսանելու և հետազոտական աշխատանքներ կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 3
Յուրաքանչյուր Կողմ, իր ներքին օրենսդրության համաձայն, կուսումնասիրի մյուս Կողմի տարածքում ստացած կրթության փոխադարձաբար ճանաչման պայմանները:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կխթանեն մասնագիտական վերապատրաստման և տեխնոլոգիական կրթության բնագավառում համատեղ ծրագրերի զարգացմանը: Այդ ծրագրերը կապահովեն սերտ կապեր կրթական, տեխնոլոգիական և արտադրական ոլորտների միջև, ինչպես նաև կնպաստեն այդ բնագավառների մասնագետների փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 5
Յուրաքանչյուր Կողմ իր աջակցությունը կցուցաբերի իր տարածքում կազմակերպվող գիտաժողովներին, համաժողովներին, փառատոններին և միջազգային այլ միջոցառումներին մյուս Կողմի ներկայացուցիչների մասնակցությանը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կխթանեն կազմակերպությունների և անհատների միջև համագործակցությունը, որոնց գործունեությունը կապված կլինի սույն Համաձայնագրում նշված բնագավառների հետ:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի դրույթներն իրականացնելու նպատակով Կողմերը դիվանագիտական ուղիներով յուրաքանչյուր երեք տարին մեկ կմշակեն մշակույթի և կրթության բնագավառում համագործակցության մասին գործնական ծրագրեր, որոնցում կնշվեն այդ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումները, ինչպես նաև դրանց իրականացման համար ֆինանսական պայմանները:
ՀՈԴՎԱԾ 8
Իրենց ներքին օրենսդրության համաձայն` Կողմերը կերաշխավորեն իրենց քաղաքացիների հեղինակային իրավունքների փոխադարձաբար պաշտպանությունը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի Կողմերի միջև անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումից 30 օր հետո: Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և դադարում է գործել այդ մասին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, հայերեն և իսպաներեն, ընդ որում երկուսն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 6-ից: