i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը,
հանդիսանալով 1944 թվականի դեկտեմբերի 7-ից Չիկագոյում ստորագրման համար բաց Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի կողմեր,
ցանկանալով համաձայնագիր կնքել իրենց պետական տարածքների միջև, ինչպես նաև արտաքին տարածքներում օդային հաղորդակցություն հաստատելու և իրականացնելու վերաբերյալ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1) Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե տեքստից այլ մեկնաբանություն չի հետևում, ապա`
ա) «Կոնվենցիա» նշանակում է 1944 թվականի դեկտեմբերի 7-ից Չիկագոյում ստորագրման համար բաց Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան և ներառում է հիշյալ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն ընդունված բոլոր Հավելվածները, ինչպես նաև Կոնվենցիայում և վերջինիս Հավելվածներում համաձայն Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների կատարված բոլոր փոփոխությունները, եթե վերոնշյալ Հավելվածները կամ փոփոխությունները գործողության մեջ են դրվել կամ վավերացվել Պայմանավորվող կողմերի կողմից.
բ) «ավիացիոն իշխանություններ»-ը Հայաստանի Հանրապետությունում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` տրանսպորտի դաշնային նախարարությունը կամ Պայմանավորվող կողմերը ներկայացնող ցանկացած այլ անձ կամ գործակալություն, որը լիազորված է իրականացնելու վերոնշյալ ատյանների ստանձնած պարտականությունները.
գ) «նշանակված ավիաընկերություն» նշանակում է ավիաընկերություն, որին Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, ըստ սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի, մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու եղանակով նշանակում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով:
2) «Տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն» և «վայրէջք ոչ առևտրային նպատակներով» տերմինները սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառության մեջ ունեն Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում ամրագրված նշանակությունը:
3) «Սակագին» տերմինը նշանակում է ուղևորների, ուղեբեռների կամ բեռների (բացառությամբ փոստի) միջազգային փոխադրումների (այն է` երկու կամ ավելի պետությունների տարածքներում տեղակայված կետերի միջև իրականացվող փոխադրումների) հաշվարկված արժեքը և ներառում է.
ա) ցանկացած տարանցիկ սակագին կամ գումար, որը հաշվարկվում է որպես միջազգային փոխադրումների վճար, և որը վաճառվում կամ իրացվում է որպես այդպիսին, ներառյալ այն տարանցիկ սակագները, որոնք կազմում են միջազգային երթուղիներով կամ միջազգային երթուղիների մաս կազմող ներքին հատվածներով փոխադրումների համար սահմանված այլ սակագների կամ հավելյալ սակագների կիրառման դեպքում.
բ) ուղևորների կամ ուղեբեռների փոխադրումների համար տոմսերի վաճառքի դիմաց կամ բեռների փոխադրումների ընթացքում համապատասխան միջոցառումների ձեռնարկման համար տրվող կոմիսիոն վճարները, և
գ) այն պայմանները, որոնք պայմանավորում են սակագնի կամ փոխադրումների արժեքի, ինչպես նաև միջնորդավճարի կիրառությունը:
Այն ներառում է նաև.
դ) փոխադրումների իրականացման կապակցությամբ կատարված բոլոր վճարումները.
ե) ցանկացած սակագին, որը կիրառվում է որպես միջազգային փոխադրումների հարակից հատված օգտագործվող ներքին երթուղիներով փոխադրումների արժեքի համար, որը գործադրելի չէ միմիայն ներքին երթուղիներով փոխադրումների համար և որը միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող բոլոր փոխադրողներին կամ նրանց պատվիրատուներին հավասար պայմաններով չի տրամադրվում:
ՀՈԴՎԱԾ 2. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու նպատակով տալիս է.
ա) իր տարածքով անվայրէջք թռիչքի իրավունք.
բ) ոչ առևտրային նպատակներով իր տարածքում վայրէջք կատարելու թույլտվություն, և
գ) 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման, ուղեբեռների, բեռների կամ փոստի բեռնման կամ բեռնաթափման նպատակով իր տարածքի պայմանավորված կետերում վայրէջք կատարելու թույլտվություն:
2) Այն երթուղիները, որոնցով Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին արտոնվում է միջազգային օդային հաղորդակցություն իրականացնել, սահմանվում են չվացուցակում, որի մասին Կողմերը համաձայնության են գալիս ծանուցումների փոխանակման եղանակով:
3) Սույն հոդվածի 1-ին պարբերությունը Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վարձատրության դիմաց կետից կետ ուղևորներ, բեռներ, ուղեբեռներ և փոստ փոխադրելու կիրառում (կաբոտաժ) չի վերապահում:
4) Համաձայն 1-ին պարբերության` շնորհված երթևեկության իրավունքները չեն ներառում այդ իրավունքները տրամադրող Կողմի կամ երրորդ երկրի տարածքում կետից կետ և հակառակ ուղղությամբ ուղևորներ, ուղեբեռ, բեռներ և փոստ փոխադրելու իրավունքը (հինգերորդ ազատություն): Հինգերորդ ազատության իրավունքները վերապահվում են երկու Պայմանավորվող կողմերի ավիացիայի ատյանների միջև կնքվող հատուկ համաձայնագրերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 3. ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
1) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունները կարող են սկսվել ցանկացած պահի, եթե`
ա) այն Պայմանավորվող կողմը, որը ստացել է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ հիշատակված իրավունքները, գրավոր կերպով նշանակել է մեկ կամ ավելի ավիաընկերությունների, և
բ) հիշյալ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմը նշանակված ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին օդային հաղորդակցություն բացելու արտոնություն է շնորհել:
2) Հիշյալ իրավունքները տրամադրող Պայմանավորվող կողմը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններում, ինչպես նաև 9-րդ հոդվածում ամրագրված պայմանների կատարման դեպքում առանց հապաղելու միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելու թույլտվություն է տալիս:
3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ցանկացած ավիաընկերությունից կարող է ապացույցներ պահանջել առ այն, որ վերջինս որակավորված է բավարարելու առաջին Պայմանավորվող կողմի` միջազգային օդային հաղորդակցության իրականացումը կանոնակարգող օրենսդրության և կանոնակարգերի ներկայացրած պահանջները:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակած ավիաընկերության մերժել 2-րդ հոդվածով նախատեսվող իրավունքների գործադրումը, եթե նշանակված ավիաընկերությունը, ըստ պահանջման, ի վիճակի չէ ապացույցներ ներկայացնել առ այն, որ ավիաընկերության սեփականատիրական իրավունքը և փաստական վերահսկողությունը գերազանցապես պատկանում են համապատասխան Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ միավորումներին կամ իրեն` Պայմանավորվող կողմին: Նկատի առնելով Եվրոպական համայնքի առջև Գերմանիայի Դաշնային Հանրապետության ստանձնած իրավական պարտավորությունները` մյուս Պայմանավորվող կողմը վերոնշյալ իրավունքը կարող է գործադրել միայն այն դեպքում, եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նշանակված ավիաընկերությունը, ըստ պահանջի, ապացույցներ չի ներկայացնում, որոնք փաստում են, որ հիշյալ ավիաընկերության սեփականատիրական իրավունքը գերազանցապես պատկանում է Եվրոպական միությանն անդամակցող որևէ պետության կամ այդ պետությունների քաղաքացիներին կամ միավորումներին, և որ ավիաընկերությունը գտնվում է Եվրոպական միությանն անդամակցող որևէ պետության կամ այդ պետության քաղաքացիների, միավորումների փաստական վերահսկողության ներքո:
5) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է 1-ից 4-րդ պարբերությունների համաձայն իր կողմից նշանակված ավիաընկերության փոխարեն այլ ավիաընկերություն նշանակել: Նոր նշանակված ավիաընկերությունն օգտվում է նույն իրավունքներից և կրում նույն պարտավորությունները, որոնք ուներ նշանակված նախորդ ավիաընկերությունը:
ՀՈԴՎԱԾ 4. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի չեղյալ հայտարարել կամ պայմաններ պարտադրելով սահմանափակել սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն շնորհված թույլտվությունը, եթե նշանակված ավիաընկերությունը չի պահպանում իրավունքներ տրամադրող Պայմանավորվող կողմի օրենքները և կանոնակարգերը, սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև չի կատարում վերջինից բխող պարտավորությունները: Մինչև շահագործման իրավունքների չեղյալ հայտարարումը կամ սահմանափակումը սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն հրավիրվում են խորհրդակցություններ, բացառությամբ այն դեպքերի, եթե շահագործման իրավունքների կասեցումը կամ պայմանների պարտադրումն անհրաժեշտ են օրենքների և կանոնների հետագա խախտումները կանխելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5. ՏՈՒՐՔԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության օդանավերի կողմից օդանավակայանների կամ ավիագնացության այլ կառույցների օգտագործման դիմաց գանձվող տուրքերը չեն կարող գերազանցել այն տուրքաչափերը, որոնք գանձվում են համանման միջազգային օդային հաղորդակցություն իրականացնող հայրենական ավիաընկերությունների օդանավերից:
ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՔՍԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏՈՒՄ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ցանկացած ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերը, որոնք վայրէջք են կատարում և այնուհետև թռչում մյուս Պայմանավորվող կողմի տարածքից կամ թռիչքներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով, ներառյալ օդանավում գտնվող վառելանյութի, քսայուղերի և օդանավի պահնոցներում պահեստավորված տեխնիկական այլ անհրաժեշտ նյութերի պահուստները (հակասառեցուցիչ, հիդրավլիկ, սառեցնող հեղուկներ և այլն), ինչպես նաև պահեստամասերը, մշտական գործածության սարքերը և պաշարները ազատվում են մաքսային տուրքերից և ապրանքների ներկրման, արտահանման և տարանցիկ փոխադրումների համար սահմանված այլ գանձումներից: Սույնը տարածվում է նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքով թռիչքի ընթացքում գործածվող ապրանքների վրա:
2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածք ժամանակավորապես ներկրվող վառելանյութը, քսայուղերի և օդանավերի շահագործման նպատակով գործածվող այլ տեխնիկական նյութերի պաշարները, որոնք անմիջապես կամ պահեստավորվելուց հետո կրկին բեռնվում են մյուս Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերության ցանկացած օդանավ կամ այլ եղանակով կրկին արտահանվում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքից, մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներկրելիս նույնպես ազատվում են 1-ին պարբերության մեջ հիշատակված մաքսային տուրքերից և այլ գանձումներից:
Մի Պայմանավորվող կողմի որևէ նշանակված ավիաընկերության փոխադրումների փաստաթղթերը մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծման դեպքում նմանապես ազատվում են 1-ին պարբերությունում նշված մաքսային տուրքերից և այլ գանձումներից:
3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում մի Պայմանավորվող կողմի` մյուս Պայմանավորվող կողմի օդանավ բեռնված և օդային հաղորդակցության նպատակով օգտագործվող վառելիքը, քսայուղերը և գործածվող այլ տեխնիկական նյութերի պաշարներն ազատվում են 1-ին պարբերության մեջ հիշատակված մաքսային տուրքերից և այլ գանձումներից, ինչպես նաև այլ հատուկ վճարներից:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է 1-ից 3-րդ պարբերություններում հիշատակված ապրանքների վրա մաքսային հսկողություն սահմանել:
5) Նկատի առնելով, որ 1-ից 3-րդ պարբերություններում հիշատակված ապրանքների վրա մաքսային տուրքեր և այլ հարկեր չեն դրվում, հիշյալ ապրանքների վրա չեն տարածվում նաև վերջիններիս ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրումների նկատմամբ գործող տնտեսական արգելքները և սահմանափակումները:
6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, փոխադարձության հիման վրա, մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակած ավիաընկերությանը վերջինիս գործունեությունն ապահովելու նպատակով մատակարարվող ապրանքները և մատուցվող ծառայություններն ազատում է շրջանառության և այլ անուղղակի հարկերից: Հարկային արտոնությունը կարող է իրականացվել հարկերից ազատման կամ փոխհատուցման վճարման եղանակով:
ՀՈԴՎԱԾ 7. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակած ավիաընկերության վերապահում է իր տարածքում օդային փոխադրումների վաճառքից գոյացած եկամուտները ցանկացած ժամանակ, ցանկացած եղանակով, ազատորեն, առանց որևէ սահմանափակման, ազատ փոխարկելի արժույթով, տվյալ արժույթի պաշտոնական փոխարժեքով իր գլխավոր գրասենյակ փոխանցելու իրավունք:
ՀՈԴՎԱԾ 8. ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին ընձեռվում է սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով օդային հաղորդակցություն իրականացնելու արդարացի և հավասար հնարավորություններ:
2) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցություն իրականացնելիս յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերություն հաշվի է առնում մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության շահերը` մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կողմից նույն երթուղիներով կամ վերջիններիս որևէ հատվածով իրականացվող օդային հաղորդակցության վրա անբարենպաստ ազդեցությունները բացառելու նպատակով:
3) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով օդային հաղորդակցության իրականացումն առաջին հերթին նպատակ ունի ապահովել փոխադրումների այնպիսի առաջարկ, որը համապատասխանում է դեպի այն Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից իրականացվող փոխադրումների նախատեսվող պահանջարկին, որի կողմից նշանակվել են ավիաընկերությունները: Նշանակված ավիաընկերություններին սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով մյուս Պայմանավորվող կողմի կամ երրորդ պետության տարածքում տեղակայված կետերի միջև փոխադրումներ իրականացնելու շնորհված իրավունքը գործադրվում է ի շահ միջազգային օդային հաղորդակցության կանոնակարգված զարգացման` ապահովելով, որ փոխադրումների առաջարկը համապատասխանի`
ա) դեպի ավիաընկերությունը նշանակած Պայմանավորվող կողմի տարածք կամ նրա տարածքից իրականացվող փոխադրումների պահանջարկին.
բ) փոխադրումների պահանջարկին, որն առկա է այն շրջաններում, որոնցով անցնում է երթուղին` հաշվի առնելով տեղական և տարածաշրջանային օդային հաղորդակցությունը.
գ) տարանցիկ հաղորդակցության երթուղիների տնտեսական շահագործման պահանջներին:
4) Ցանկացած նշանակված ավիաընկերության նկատմամբ արդարացի և հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով հարկ է հաղորդակցության հաճախականությունը, օդանավերի տեսակը հաշվի առնելով` տարողությունը, ինչպես նաև չվացուցակները համաձայնեցնել Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հետ:
5) Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները անհրաժեշտության դեպքում ձգտում են գոհացուցիչ համաձայնության գալ փոխադրումների ծավալի և հաճախականության վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 9. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1) Յուրաքանչյուր նշանակված ավիաընկերություն սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցության հաստատումից առնվազն մեկ ամիս առաջ և մինչև յուրաքանչյուր հաջորդող թռիչքաշրջանի սկիզբը Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին տեղեկություններ է հաղորդում հաղորդակցության եղանակի, օդանավերի մակնիշի և չվացուցակների վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կատարվելիք փոփոխությունների մասին հարկ է ծանուցել անհապաղ:
2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիայի ատյանները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին վերջիններիս պահանջով ներկայացնում են պարբերական կամ այլ վիճակագրական տվյալներ պարունակող փաստաթղթեր, որոնք հիմնավորված կերպով կարող են պահանջվել սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով առաջին Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության կողմից իրականացվող փոխադրումների ծավալը ստուգելու նպատակով: Այդպիսի փաստաթուղթը պետք է ներառի իրականացվող փոխադրումների ծավալի, թռիչքի մեկնարկման կետի և նպատակակետի որոշման համար անհրաժեշտ բոլոր տվյալները:
ՀՈԴՎԱԾ 10. ՍԱԿԱԳՆԵՐ
1) Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն սահմանված երթուղիներով նշանակված ավիաընկերության կողմից ուղևորների փոխադրումների համար կիրառվող սակագները հարկ է համաձայնեցնել այն Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների հետ, որի տարածքում գտնվում է թռիչքի մեկնարկման կետը (համաձայն փոխադրումների փաստաթղթերի տվյալների):
2) Իրենց սակագներում նշանակված ավիաընկերությունները հաշվի են առնում շահագործման ծախսերը, համապատասխան շահույթի ապահովումը, մրցակցության և շուկայի առկա պայմանները, ինչպես նաև սպառողների շահերը: Ավիացիոն իրավասու իշխանություններն իրավունք ունեն չհաստատել ներկայացված սակագները միմիայն այն դեպքում, եթե սակագինը չի բավարարում վերոնշյալ չափանիշները:
3) Նշանակված ավիաընկերությունները սակագները ավիացիոն իշխանությունների հաստատմանն են ներկայացնում այդ սակագների կիրառման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ:
4) Եթե որևէ Պայմանավորվող կողմի ավիացիայի ատյանները համաձայն չեն հաստատել ներկայացված սակագները, ապա առնչվող ավիաընկերությանը տեղեկացնում են այդ մասին սակագնի ներկայացման օրվանից հետո 21 օրվա ընթացքում: Նման դեպքերում ներկայացված սակագինը չի թույլատրվում կիրառել: Շարունակում է կիրառվել մինչ այդ գործող այն սակագինը, որը պետք է փոխարինվեր նոր սակագնով:
ՀՈԴՎԱԾ 11. ԿՈՄԵՐՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերությանն անհրաժեշտության դեպքում իր տարածքում գրասենյակներ հիմնադրելու, ինչպես նաև վարչական, առևտրական և տեխնիկական աշխատակազմ պահելու իրավունք է վերապահում:
2) 1-ին պարբերության մեջ նշված գրասենյակների հիմնադրումը և աշխատակազմի ներգրավումն իրականացվում է Պայմանավորվող կողմի այն օրենքների և կանոնակարգերի համաձայն, որոնք կանոնակարգում են համապատասխան Պայմանավորվող կողմի տարածք մուտքի և կացության պայմանները: Համաձայն 1-ին պարբերության գրասենյակներում աշխատանքի ներգրավված աշխատակազմից աշխատանքի թույլտվություն չի պահանջվում:
3) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ փոխադարձության հիման վրա մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության վերապահում է այդ Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունների համար ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրումներն ինքնուրույն ձևակերպելու և սպասարկելու իրավունք: Այդ իրավունքը չի ներառում օդանավակայանների իրավասության ոլորտին պատկանող վերգետնյա ուղիների սպասարկումները (օդանավերի վերգետնյա սպասարկում):
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ցանկացած նշանակված ավիաընկերության վերապահում է իր կողմից իրականացվող փոխադրումները փոխադրումների իր փաստաթղթերով, անմիջաբար իր վաճառասրահներում, ինչպես նաև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իր գործակալների միջոցով ցանկացած գնորդի, ցանկացած ազատ փոխարկելի արժույթով վաճառելու իրավունք:
ՀՈԴՎԱԾ 12. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1) Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել մյուս Պայմանավորվող կողմին` պահանջելով հրավիրել օդագնացության սարքերի, թռիչքային անձնակազմի, օդանավերի և նշանակված ավիաընկերությունների գործունեության անվտանգության ապահովման նպատակով մյուս Պայմանավորվող կողմի կողմից կիրառվող անվտանգության չափանիշներին նվիրված խորհրդակցություն: Եթե խորհրդակցությունների արդյունքում պարզվում է, որ Պայմանավորվող կողմերից մեկը գործնականում չի կիրառում և չի պահպանում վերոնշյալ ճյուղերի համար գործող անվտանգության այն չափանիշները և պահանջները, որոնք համապատասխանում են Կոնվենցիայի ներկայացրած անվտանգության նվազագույն պահանջներին, ապա ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին այդ եզրակացությունների, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք պահանջվում է ձեռնարկել անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով: Մյուս Պայմանավորվող կողմը հայտագրված թերությունները վերացնելու նպատակով պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկի: Եթե մյուս Պայմանավորվող կողմը որոշակի ժամանակահատվածում, առավելագույնը 15 օրվա ընթացքում, հարկ եղած քայլերը չի ձեռնարկում, ապա դա դիտվում է որպես 4-րդ հոդվածի կիրառման հիմք:
2) Եթե որևէ ավիաընկերության գործունեության անվտանգության ապահովման նկատառումով անհրաժեշտ է անհապաղ միջոցներ գործադրել, ապա Պայմանավորվող կողմերը կարող են 4-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներն իրականացնել մինչև խորհրդակցություն գումարելը:
3) Համաձայն 1-ին և 2-րդ պարբերությունների Պայմանավորվող կողմերից մեկի ձեռնարկած ցանկացած միջոցառում կասեցվում է, եթե մյուս Պայմանավորվող կողմն ապահովում է սույն հոդվածով նախատեսված անվտանգության նվազագույն պահանջները:
ՀՈԴՎԱԾ 13. ՕԴԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
1) Համաձայն միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքների և պարտավորությունների` Պայմանավորվող կողմերը հավաստում են քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը հակաօրինական գործողություններից պաշտպանելու փոխադարձ պարտավորությունները: Չսահմանափակելով միջազգային իրավունքից բխող իրենց իրավունքների և պարտավորությունների ընդհանրական բնույթը` Պայմանավորվող կողմերը մասնավորապես գործում են համաձայն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված` «Օդանավերում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված` «Օդանավերի հակաօրինական բռնազավթման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված` «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված հակաօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի և որպես վերջինիս լրացում` 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում հակաօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» արձանագրության:
2) Համապատասխան խնդրանք ստանալու դեպքում Պայմանավորվող կողմերը քաղաքացիական օդանավերի հակաօրինական բռնազավթումը, այդ օդանավերի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և օդագնացության սարքերի կամ քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք կանխելու նպատակով միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում:
3) Քաղաքացիական օդանավերի հակաօրինական բռնազավթման միջադեպի կամ այդպիսի օդանավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների կամ օդագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված հակաօրինական գործողությունների կամ այդպիսի գործողությունների սպառնալիքի առկայության դեպքում Պայմանավորվող կողմերը, անցկացնելով երկկողմ խորհրդակցություններ, հեռահաղորդակցության պարզեցման և այլ համապատասխան միջոցառումների միջոցով աջակցում են միմյանց` նպատակ ունենալով հնարավորին չափ արագ, կյանքի նվազագույն վտանգումով հարթել այդօրինակ միջադեպերը կամ կանխել միջադեպերի սպառնալիքը:
4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ձեռնարկում է իրագործելի բոլոր միջոցները, որպեսզի կասեցվի իր տարածքում գտնվող բռնազավթված կամ հակաօրինական այլ գործողությունների ենթարկված օդանավի թռիչքը, եթե թռիչքը հարկադրված չէ օդանավի անձնակազմի և ուղևորների կյանքը պաշտպանելու առաջնահերթ պարտավորությունը կատարելու հանգամանքով:
Հնարավորության առկայության դեպքում վերոնշյալ միջոցառումները պետք է ձեռնարկվեն երկկողմ խորհրդակցությունների հիման վրա:
5) Պայմանավորվող կողմերն իրենց փոխհարաբերություններում առաջնորդվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից ընդունված օդային անվտանգության ապահովման վերաբերյալ դրույթներով, որոնք ամրագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից և սահմանված են Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի հավելվածներում, որքանով անվտանգության ապահովման վերոհիշյալ դրույթները կիրառելի են Պայմանավորվող կողմերի նկատմամբ, նրանք պետք է պահանջեն, որ իրենց կողմից գրանցված օդանավերի սեփականատերերը կամ օդանավերի այն սեփականատերերը, որոնց ձեռնարկությունների գլխավոր նստավայրը կամ բնակության մշտական վայրը գտնվում է իրենց տարածքում, կամ իրենց տարածքում գտնվող օդանավակայանները շահագործողները գործեն համաձայն օդային անվտանգության ապահովման վերոհիշյալ դրույթների:
6) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հայտարարում է, որ համաձայն է, որ օդանավերի շահագործողներին պահանջ ներկայացվի` պահպանելու սույն հոդվածի 5-րդ պարբերության մեջ հիշատակված անվտանգության այն դրույթները, որոնք սահմանված են մյուս Պայմանավորվող կողմից` իր տարածք մուտքի, ելքի և տարածքում գտնվելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում ապահովում է օդանավերի պաշտպանությունը, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և ուղեբեռների համապատասխան զննումը լուսարկող սարքերով, ինչպես նաև բեռների, օդանավում գտնվող պաշարների ստուգման նպատակով գործուն միջոցառումների գործադրումը բեռնումից առաջ և բեռնման ընթացքում: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը բարեհաճորեն քննության է առնում մյուս Պայմանավորվող կողմից ստացված` որոշակի սպառնալիքի կանխման նպատակով անվտանգության ապահովման հատուկ միջոցառումների իրականացման վերաբերյալ ցանկացած դիմում:
7) Եթե Պայմանավորվող կողմերից մեկը շեղվում է օդային անվտանգության ապահովման վերաբերյալ սույն հոդվածի դրույթներից, ապա մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են անհապաղ խորհրդակցություն գումարելու պահանջով դիմել առաջին Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին: Եթե վերոնշյալ դիմումի ներկայացման օրվանից մեկ ամսվա ընթացքում այդ հարցով գոհացուցիչ համաձայնություն չի կայանում, ապա դա դիտվում է որպես մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանը կամ ավիաընկերություններին շնորհված երթևեկության թույլտվության կասեցման, գործողության դադարեցման, սահմանափակման կամ պայմանների պարտադրման հիմք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերը կարող են ժամանակավոր միջոցներ ձեռնարկել նախքան մեկամսյա ժամկետի լրանալը:
ՀՈԴՎԱԾ 14. ՄՈՒՏՔ ԵՐԿԻՐ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ
1) Ցանկացած Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերություններին իրավունք է վերապահում իր տարածքում միջոցառումներ իրականացնել, որոնք կապահովեն մյուս Պայմանավորվող կողմի տարածք միայն այն անձանց փոխադրումը, ովքեր տվյալ երկրի մուտքի կամ տվյալ երկրի տարածքով տարանցիկ փոխադրումների համար պահանջվող փաստաթղթեր ունեն:
2) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հետագա քննություն անցկացնելու նպատակով իր տարածքում ընդունում է այն անձին, ում մերժել է ընդունել ուղևորության նպատակակետ հանդիսացող երկիրը` տվյալ երկիր մուտքի իրավունք չունենալը պարզելուց հետո, եթե տվյալ անձը մեկնումից առաջ այդ Պայմանավորվող կողմի տարածքում գտնվել է ոչ միայն անմիջապես որպես տարանցիկ ուղևոր: Պայմանավորվող կողմերը վերոնշյալ անձին չեն վերադարձնում այն երկիր, որտեղ մինչ այդ արձանագրվել է, որ նա մուտքի արտոնություն չունի:
3) Սույն սահմանումը չի խոչընդոտում, որ իշխանությունները հետագա քննություն անցկացնեն` մերժված, մուտքի իրավունք չունեցող անձանց տվյալ պետության կողմից ընդունվելու հնարավորությունը վերջնականորեն պարզելու կամ այդ անձանց փոխադրումը, հեռացումը կամ վտարումն այն պետություն, որի քաղաքացիներն են, և կամ այլ պետություն, որտեղ այդ անձինք կարող են ընդունվել այլ պատճառներով, ապահովելու նպատակով: Այն դեպքերում, եթե մուտքի իրավունք չունեցող անձը կորցրել կամ փչացրել է իր ճամփորդական փաստաթղթերը, համապատասխան Պայմանավորվող կողմը վերոնշյալ փաստաթղթերի փոխարեն ընդունում է այն Պայմանավորվող կողմի ատյանների կողմից տրված` մեկնման և ժամանման հանգամանքները հավաստող փաստաթղթերը, որի տարածքում արձանագրվել է, որ տվյալ անձը մուտքի արտոնություն չունի:
ՀՈԴՎԱԾ 15. ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների միջև իրականացվում է կարծիքների փոխանակում` սույն Համաձայնագրի կիրառությանն առնչվող հարցերում սերտ համագործակցություն և փոխըմբռնում հաստատելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Համաձայնագրում կամ չվացուցակում փոփոխություններ մտցնելու կամ վերջիններիս մեկնաբանման նպատակով յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ դիմել մյուս Պայմանավորվող կողմին` խնդրելով խորհրդակցություն հրավիրել: Վերոնշյալը վերաբերում է նաև սույն Համաձայնագրի կիրառությանը վերաբերող քննարկումներին, եթե ըստ Պայմանավորվող կողմերից մեկի տեսակետի` 15-րդ հոդվածի համաձայն կայացած կարծիքների փոխանակումը գոհացուցիչ արդյունքի չի հանգեցրել:
Խորհրդակցությունները գումարվում են մյուս Պայմանավորվող կողմի ներկայացրած դիմումի ստացման օրվանից հետո երկու ամսվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 17. ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
1) Եթե սույն Համաձայնագրի մեկնաբանությանը կամ կիրառմանը վերաբերող որևէ տարաձայնություն ըստ սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի հնարավոր չէ կարգավորել, ապա այն Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով կարող է ներկայացվել միջնորդ դատարան:
2) Միջնորդ դատարանը նշանակվում է ad hoc, ընդ որում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ անդամ, նշանակված երկու անդամները համաձայնության են գալիս երրորդ պետության քաղաքացու միջնորդ դատարանի նախագահի թեկնածության վերաբերյալ, որին նշանակում են Պայմանավորվող կողմերի կառավարությունները: Դատարանի անդամները նշանակվում են Պայմանավորվող կողմերից մեկի` տարաձայնությունը միջնորդ դատարանով լուծելու վերաբերյալ մտադրության ծանուցումից հետո երկու, իսկ նախագահը` երեք ամսվա ընթացքում:
3) Եթե 2-րդ պարբերության մեջ հիշատակված ժամկետները չեն պահպանվում, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դիմել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խորհրդի նախագահին` խնդրելով կատարել անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահն այս կամ այն Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ այլ հանգամանքներ խոչընդոտում են նշանակումների կատարմանը, ապա անհրաժեշտ նշանակումները կատարում է խորհրդի փոխնախագահը:
4) Միջնորդական դատարանն իր որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Դատարանի որոշումները Պայմանավորվող կողմերի համար պարտադիր են: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վճարում է իր կողմից նշանակված անդամի, ինչպես նաև միջնորդական դատավարության ընթացքում իր ներկայացուցչության ծախսերը: Դատարանի նախագահի և այլ դատական ծախսերը Պայմանավորվող կողմերը ստանձնում են հավասար բաժնեմասերով: Բոլոր այլ առումներով միջնորդական դատարանն ինքն է որոշում իր դատավարական ընթացակարգը:
ՀՈԴՎԱԾ 18. ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ
Այն դեպքերում, եթե ուժի մեջ է մտնում օդային հաղորդակցության վերաբերյալ բազմակողմանի կոնվենցիա, որը վավերացվել է Պայմանավորվող կողմերի կողմից, ապա գերակայում են այդ կոնվենցիայի դրույթները: Քննարկումները, որոնք նպատակ ունեն սահմանել, թե Կոնվենցիան ինչպիսի ներգործություն ունի սույն Համաձայնագրի իրավազորության վրա, կորցնում է ուժը, փոխարինվում է, լրացումներ կամ շտկումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում, կայացվում են սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 19. ԳՐԱՆՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սույն Համաձայնագիրը, Համաձայնագրի տեքստում կատարված փոփոխությունները, ինչպես նաև համաձայն 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության փոխանակված հայտագրերը գրանցվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO):
ՀՈԴՎԱԾ 20. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մեկ ամիս անց այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց ծանուցում են, որ ավարտված են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված սահմանադրական ընթացակարգերը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջին ծանուցման ստացման օրը:
2) Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:
ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել, որ որոշում է ընդունել դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը: Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման մասին միաժամանակ ծանուցվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO): Այդ դեպքում սույն Համաձայնագիրը կորցնում է ուժը մյուս Պայմանավորվող կողմի ծանուցման ստացման օրվանից տասներկու ամիս անց, եթե գործողության դադարեցման մասին ծանուցումը մինչ այդ ժամկետի լրանալը փոխադարձ համաձայնության հիման վրա հետ չի վերցվում: Եթե մյուս Պայմանավորվող կողմը չի հավաստում ծանուցման ստացումը, ապա որպես ծանուցման ստացման օր ընդունվում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) ծանուցման ստացման տասնչորսերորդ օրը:
Կատարվել է Բոնն քաղաքում 1998 թվականի մայիսի 4-ին, երկու բնօրինակով, գերմաներեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Գերմաներեն և հայերեն տեքստերի մեկնաբանությունների հակասության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Հայտագիր
Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը պատիվ ունի, վկայակոչելով «Օդային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թ. մայիսի 4-ին ստորագրված Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ներկայացնելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև չվացուցակի մասին կնքվելիք համաձայնագիրը.
I. Չվացուցակ
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից իրականացվելիք թռիչքային երթուղիներ:
Կետեր Գերմանիայի Միջանկյալ Կետեր Այլ
Դաշնային կետեր Հայաստանի կետեր
Հանրապետու- Հանրապե-
թյունում տությունում
Կետեր Բոլոր Երկու կետ Բոլոր
Գերմանիայի կետերը կետերը
Դաշնային
Հանրապետու-
թյունում
II. Հայաստանի Հանրապետության նշանակած ավիաընկերությունների կողմից իրականացվելիք թռիչքային երթուղիներ:
Կետեր Միջանկյալ Կետեր Այլ
Հայաստանի կետեր Գերմանիայի կետեր
Հանրապետու- Դաշնային
թյունում Հանրապե-
տությունում
Կետեր Բոլոր Երկու կետ Բոլոր
Հայաստանի կետերը կետերը
Հանրապետու-
թյունում
III. Նշանակված ավիաընկերությանն իրավունք է վերապահվում ցանկության դեպքում սահմանված երթուղու վրա շրջանցել մեկ կամ մի քանի կետեր` այն պայմանով, եթե տվյալ երթուղու մեկնարկման կետը գտնվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որը նշանակել է այդ ավիաընկերությանը:
IV. Նշանակված ավիաընկերություններին արտոնվում է սահմանված երթուղիներում թռիչքներ իրականացնել առանց օդանավի տեսակի և կոնֆիգուրացիայի վերաբերյալ սահմանափակումների:
V. Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությանն արտոնվում է բոլոր միջանկյալ կետերից և/կամ այլ կետերից մինչև մյուս Պայմանավորվող կողմի տարածք թռիչքներ իրականացնել առանց հինգերորդ ազատության երթևեկության իրավունքների կիրարկման:
Մի Պայմանավորվող կողմի նշանակած ավիաընկերությունը կարող է իրականացնել հինգերորդ ազատության երթևեկության իրավունքները միայն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունների նախնական համաձայնությամբ:
VI. Նախնական փուլում թռիչքների հաճախականությունը կսահմանափակվի շաբաթական երկու թռիչքով:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է գերմաներեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Գերմաներեն և հայերեն տեքստերի տարընթերցման դեպքում նախապատվություն է տրվում անգլերեն տեքստին:
Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնություն հայտնի 1-ին և 2-րդ կետերում ներկայացված առաջարկներին, ապա սույն հայտագիրը և Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը հայտնող պատասխան հայտագիրը կկազմեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև, որը ուժի մեջ կմտնի պատասխան հայտագրի թվագրման օրվանից:
Օգտվելով առիթից` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը վերստին իր խորին հարգանքն է հավաստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 1-ից: