i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը,
հաշվի առնելով իրենց երկու ժողովուրդների միջև պատմության ընթացքում հաստատված առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները և բազմաբնույթ կապերը,
ցանկանալով իրենց կապերն ամրապնդել դարերի խորքից եկող բարեկամության ոգով և զարգացնել իրենց համագործակցությունը բոլոր բնագավառներում,
վերահաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքից, մասնավորապես Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունից բխող պարտավորություններին,
ցանկանալով նպաստել մերձավորարևելյան տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Իրենց երկկողմ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը գործում են որպես ինքնիշխան և իրավահավասար պետություններ, բարեկամության ու փոխադարձ վստահության ոգով` զարգացնելով համագործակցությունը միմյանց միջև:
Երկու Կողմերը կնքում են այլ համաձայնագրեր սույն Պայմանագրի լույսի ներքո:
ՀՈԴՎԱԾ 2
Երկու երկրների արտգործնախարարությունները կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ` միմյանց տեսակետները փոխանակելու նպատակով: Այս նպատակով, անհրաժեշտության դեպքում, Կողմերի միջև հանդիպումներ տեղի կունենան երկու երկրների արտգործնախարարությունների, ինչպես նաև այլ նախարարությունների պատասխանատուների միջև` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ քննարկելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ են անցկացնում միջազգային այն կազմակերպությունների շրջանակներում, որոնց անդամակցում են:
ՀՈԴՎԱԾ 4
Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը հավաստում են զանգվածային ոչնչացման զենքերի զինաթափման համաձայնագրերի վճռական դերը մերձավորարևելյան տարածաշրջանի և միջազգային անվտանգության երաշխավորման գործում: Երկու Կողմերը հատուկ կարևորություն են ցուցաբերում զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանն ուղղված միջոցառումներին և այդ նպատակով համաձայնեցված գործունեություն են ծավալում միջազգային ատյաններում, որպեսզի չմիացած երկրները միանան միջուկային զենքի չտարածման պայմանագրին և իրենց կառույցները դնեն միջազգային հսկողության ներքո:
ՀՈԴՎԱԾ 5
Երկու երկրների միջև խորհրդակցություններ կանցկացվեն ՄԱԿ-ի բանաձևերի կենսագործման աշխատանքի վերաբերյալ, հատկապես երկու երկրների տարածքային ամբողջականության հարցի շուրջ:
ՀՈԴՎԱԾ 6
Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը նպաստում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լիբանանի Հանրապետության Պատգամավորական պալատի միջև համագործակցության հաստատմանն ու փորձի փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Երկու երկրները կուսումնասիրեն համագործակցության ձևերը միմյանց միջև` հետևյալ բնագավառներում.
- տնտեսություն և շինարարություն,
- տրանսպորտ,
- կապ,
- էներգետիկա,
- գյուղատնտեսություն և սննդի արդյունաբերություն,
- ռեսուրսների շահագործում,
- արդյունաբերություն,
- տեխնիկական գիտություններ,
- շրջակա միջավայրի պահպանություն:
Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է անմիջական ներդրումները, համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավոր նախաձեռնությամբ խրախուսումը, տեխնիկական և գիտական փորձի փոխանակումը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և վարչական բնագավառի մասնագետների վերապատրաստումը:
Կողմերը աջակցում են հյուպատոսական և առևտրաարդյունաբերական հարաբերությունների զարգացմանը, խրախուսում են կապերի ամրապնդումը, հատկապես առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական պալատների միջև:
ՀՈԴՎԱԾ 8
1. Հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը` Հայաստանի ու Լիբանանի ժողովուրդների առավել փոխճանաչման նպատակով Կողմերը խրախուսում են մշակույթի և տեղեկատվական հարաբերությունների զարգացումն ու խորացումը: Այդ նպատակի իրականացման համար երկու երկրների համապատասխան իշխանությունները կուսումնասիրեն բոլոր միջոցները:
2. Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը առանձնահատուկ ուշադրություն կցուցաբերեն` Հայաստանում արաբերենի և Լիբանանում` հայոց լեզվի ուսուցմանը, քանի որ լեզուն անհրաժեշտ նախադրյալ է երկարաժամկետ համագործակցության համար:
ՀՈԴՎԱԾ 9
Ելնելով երկու երկրների Սահմանադրությունների հիմնադրույթներից և գործող օրենքներից` Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը խրախուսում են ապակենտրոնացված համագործակցությունը, մասնավորապես, տեղական մարմինների եղբայրացումը:
ՀՈԴՎԱԾ 10
Հայաստանի Հանրապետությունը և Լիբանանի Հանրապետությունը նպաստում են երկու երկրների դատական ատյանների և հասարակական անվտանգությունն ապահովող, հատկապես` ոստիկանության մարմինների միջև համագործակցության զարգացմանը: Կողմերը համագործակցում են մասնավորապես Ինտերպոլի շրջանակներում` կազմակերպված հանցագործության, թմրադեղերի անթույլատրելի առևտրի, մաքսանենգության, ինչպես նաև արվեստի գործերի անօրինական առևտրի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Պայմանագրի դրույթները ոչ մի կերպ չեն անդրադառնում երրորդ պետության նկատմամբ Կողմերի ստանձնած պարտավորությունների վրա և ուղղված չեն նրանցից որևէ մեկի դեմ:
ՀՈԴՎԱԾ 12
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակումից հետո:
2. Սույն Պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե Կողմերից որևէ մեկը մյուս Կողմին ընթացիկ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ գրավոր չզգուշացնի Պայմանագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հոկտեմբերի 20-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Արաբերեն և հայերեն տեքստերի տարընթերցման դեպքում հիմք է հանդիսանում ֆրանսերեն տեքստը:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի սեպտեմբերի 16-ից: