i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
կարևոր նշանակություն տալով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության բնագավառում համագործակցության իրականացմանը և գործողությունների համակարգմանը,
համարելով, որ փոխշահավետ համագործակցության զարգացումը կնպաստի կայուն զարգացման և էկոլոգիական անվտանգության սկզբունքների ամրապնդմանը,
հաշվի առնելով ազգային օրենսդրությունների պահանջները, առկա պրակտիկան և միջազգային պարտավորությունները,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կիրականացնեն համագործակցություն` հիմնվելով հավասարության և շահերի փոխադարձաբար հարգման, քաղաքացիների` էկոլոգիապես բարենպաստ շրջակա միջավայրում առողջ ապրելակերպի իրավունքի պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը ջանքեր կգործադրեն շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի (այդ թվում նաև` ռադիացիոն) ազգային համակարգերի և համապատասխան տվյալների տեղեկատվական բանկերի միջև փոխադարձ կապ հաստատելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կձգտեն շրջակա միջավայրի վիճակի որակի գնահատման և հսկողության միասնական մոտեցումների, չափանիշների, նորմատիվների, ստանդարտների, մեթոդների և ընթացակարգերի կիրառմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կհամագործակցեն շրջակա միջավայրի պահպանման գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման հարցում, այդ թվում` կլիմայի գլոբալ փոփոխության, օզոնային շերտի և կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրների հարցում:
ՀՈԴՎԱԾ 5
Սոցիալ-տնտեսական կայուն զարգացում ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են համագործակցել ռեսուրսներ խնայող և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների կատարելագործման, ներդրման, փոխանցման և ադապտացման բնագավառներում, անցկացնել համատեղ գիտահետազոտական աշխատանքներ, մշակել և իրագործել շրջակա միջավայրի պահպանության կարճաժամկետ և երկարաժամկետ համատեղ ծրագրեր:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կմշակեն և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն թռչունների և կաթնասունների միգրացվող տեսակների, ինչպես նաև նրանց ապրելավայրերի և միգրացիոն ուղիների պահպանությունն ապահովելու համար:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը կհամագործակցեն անբարենպաստ անտրոպոգեն ազդեցության ենթարկված սահմանամերձ էկոհամակարգերի պահպանության և կարգավորման բնագավառում և միջոցներ կձեռնարկեն դրանց վերականգնման և կենսագործունեության ապահովման ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը կհամագործակցեն անդրսահմանային էկոհամակարգերի կամ դրանց առանձին տեղամասերի առկայության վայրերում հատուկ պահպանվող գոտիների ստեղծման գործում` այդ գոտիներում Կողմերի կողմից տնտեսական գործունեության ռեժիմի հետագա մշակմամբ և համաձայնեցմամբ:
ՀՈԴՎԱԾ 9
Հնարավոր անդրսահմանային ներգործությամբ տեխնածին վթարների, տարերային և այլ աղետների արդյունքում արտակարգ էկոլոգիական իրավիճակներ առաջանալու դեպքում Կողմերը պարտավորվում են օպերատիվորեն տեղեկացնել միմյանց, ինչպես նաև ձեռնարկել դրանց հետևանքների վերացման համատեղ անհետաձգելի միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 10
Անդրսահմանային փոխադրումների էկոլոգիական ասպեկտների կարգավորման նպատակով Կողմերը պարտավորվում են համակարգել գործողությունները իրենց ազգային օրենսդրություններին և միջազգային պարտավորություններին համապատասխան`
բնական ռեսուրսների (օգտակար հանածոների, անտառանյութի, բուժիչ բուսական հումքի, կենդանիների, դրանց առանձին մասերի և կենսագործունեության արգասիքների) անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս,
վտանգավոր բեռների, թափոնների և երկրորդային հումքային նյութերի անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս,
անհետացման եզրին գտնվող բույսերի, կենդանիների, թռչունների տարբեր տեսակների, դրանց մասերի կամ կենսագործունեության արգասիքների անդրսահմանային փոխադրումներ իրականացնելիս:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը պարտավորվում են հանդես գալ համատեղ բնապահպանական նախաձեռնությամբ հարակից երկրների և համաշխարհային հանրության առջև, անցկացնել համատեղ խորհրդակցություններ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունված էկոլոգիական ծրագրերի և նախագծերի իրագործման համար:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը փոխադարձ կապերի զարգացման և ամրապնդման նպատակով կփոխանակեն տեղեկություն շրջակա միջավայրի պահպանության բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը պարտավորվում են համագործակցել կադրերի էկոլոգիական դաստիարակության, կրթության, որակավորման բարձրացման և հասարակայնության հետ աշխատանքների բնագավառում: Այդ նպատակով նրանք իրականացնում են փորձի փոխանակում, անցկացնում են համատեղ սեմինարներ, գիտաժողովներ, անձնակազմի ուսուցում:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերը կազմակերպում են կանոնավոր հանդիպումներ սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմինների ղեկավարների մակարդակով, անցկացնում են համատեղ փորձագիտական խորհրդակցական աշխատանքներ սույն Համաձայնագրի դրույթներից բխող աշխատանքների կազմակերպման և կատարման ուղղությամբ համաձայնեցված որոշումներ կայացնելու, համագործակցության ծրագրերի և պլանների իրագործման, այդ ուղղությամբ աշխատանքների վիճակի վերլուծության կատարման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի դրույթները դրա գործողության ընթացքում կարող են լրացվել կամ փոփոխվել Կողմերի համաձայնությամբ: Այդ լրացումները և փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու իրավասու մարմիններն են`
Հայաստանի Հանրապետությունում` բնապահպանության նախարարությունը,
Վրաստանում` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարությունը:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` երրորդ երկրների հետ կնքած համաձայնագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող Կողմերի վերջին ծանուցման պահից և կգործի հինգ տարվա ընթացքում:
Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման նպատակով ռուսերեն տեքստը ունի գերակայություն:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի նոյեմբերի 30-ից: