(ուժը կորցրել է 28.02.08 թիվ 146-Ն հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
«02» օգոստոսի 1996 թ. թիվ 303
1. Հաստատել «Ձեռնարկությունների, կազմակերպությունների եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվության ձևերի լրացման մասին» հրահանգը:
2. Սույն հրահանգը ուժի մեջ է մտնում 1996 թվականի երրորդ եռամսյակից (ներառյալ) սկսված:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«02» ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ԹԻՎ 303 ՀՐԱՄԱՆՈՎ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
i
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և սահմանում է հաշվապահական հաշվետվության ձևերի լրացման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպությունների) հաշվապահական հաշվետվության լրացման կարգը:
1.2. ՀՀ կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվապահական հաշվետվությունները, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` եռամսյակային հաշվետվություններ:
1.3. Կազմակերպության հաշվետվության մեջ մտցվում է նաև առանձնացված հաշվեկշռով աշխատող տվյալ կազմակերպության արտադրությունների, տնտեսությունների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների և ներկայացուցչությունների հաշվետվությունների ցուցանիշները:
1.4. Կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
1.5. Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:
1.6. Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի (եռամսյակ) է համարվում նրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա (եռամսյակի) վերջին օրը ներառյալ ընկած ժամանակահատվածը:
1.7. Լուծարված կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում տարեսկզբից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի համար:
1.8. Հաշվապահական հաշվետվությունների մեջ պարունակող տեղեկատվությունը հիմնվում է սինթետիկ և վերլուծական (անալիտիկ) հաշվառման տվյալների վրա:
1.9. Հաշվեկշռային հաշվետվությունում տարեսկզբի տվյալները պետք է համապատասխանեն նախորդ տարվա սահմանված կարգով հաստատված եզրափակիչ հաշվեկշռային հաշվետվության տարեվերջի տվյալների հետ: Հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային հաշվետվության տարեսկզբի տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ է նշել պատճառները:
1.10. Հաշվապահական հաշվետվությունների ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարվա (դրա սահմանված կարգով հաստատումից հետո) տվյալները փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ, որի ժամանակ հայտնաբերվել է տվյալների անճշտությունը:
Հաշվապահական հաշվետվության մեջ սխալների ուղղումները հաստատվում են այն անձանց ստորագրություններով, ովքեր ստորագրում են հաշվապահական հաշվետվությունը և նշվում է ուղղման ամսաթիվը:
1.11. Ներկայացվող հաշվապահական հաշվետվությունների առաջին էջերում լրացվում է ձեռնարկության, կազմակերպության անվանումը, գործունեության տեսակի, տնտեսական կառավարման մարմնի և հարկ վճարողի հաշվառման համարի ծածկագրերը, հաշվետվություններում արտացոլված գումարների չափի միավորը, ինչպես նաև ձեռնարկության, կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսի համարը:
1.12. Սույն հրահանգի համապատասխան ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում տվյալներն արտացոլվում են հազար դրամներով:
1.13. Հաշվապահական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը, եթե հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետի կողմից, ապա հաշվապահական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:
2. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ ԹԻՎ 1)
2.1. Հաշվեկշռային հաշվետվության (այսուհետև հաշվեկշիռ) 3-րդ սյունակում ցույց են տրվում տարեսկզբի տվյալները, այսինքն նախորդ տարվա հաստատված տարեկան հաշվետվության 4-րդ սյունակի տվյալները, իսկ 4-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջի տվյալները:
2.2. Հաշվեկշռի «Երկարաժամկետ ակտիվներ» I-ին բաժնի «Հիմնական միջոցներ» հոդվածում (տող 010) արտացոլվում է ինչպես գործող, այնպես էլ կոնսերվացված կամ պահեստում գտնվող (բացի տեղակայման ենթակա սարքավորումներից) աշխատանքի միջոցները, ինչպես նաև ոչ արտադրական նշանակության երկարատև օգտագործվող գույքը` մնացորդային արժեքով:
Առանձին (տող 011) տողով ցույց է տրվում նաև այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքը և առանձին (տող 012) տողով` հիմնական միջոցների մաշվածության գումարը, որոնց արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.3. «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հոդվածում (տող 020) արտացոլվում է կազմակերպության կողմից երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) վարձակալված հիմնական միջոցների մնացորդային արժեքը: Առանձին (021, 022) տողերով համապատասխանաբար ցույց է տրվում այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքը և մաշվածությունը, որոնց արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.4. «Տեղակայման ենթակա սարքավորումների» հոդվածում (տող 030) ցույց է տրվում տեղակայման ենթակա առկա տեխնոլոգիական, էներգետիկ, արտադրական և այլ սարքավորումների մնացորդ գումարները, որոնք նախատեսվում են կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտներում տեղակայելու համար:
2.5. «Կապիտալ ներդրումներ» հոդվածում (տող 040) արտացոլվում է կազմակերպության կապիտալ ներդրումների մեծության մնացորդ գումարները` անավարտ շինարարության, տեղակայման ընթացքում գտնվող սարքավորումների, հիմնական հոտի կազմավորման անավարտ ծախսերի, ինչպես նաև այլ կապիտալ աշխատանքների և ծախսերի չափով:
2.6. Հաշվեկշռի 050 տողում ցույց է տրվում I-ին բաժնի I-ին ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.7. «Ոչ նյութական ակտիվներ» հոդվածում (տող 060) ցույց է տրվում կազմակերպության տնտեսական գործունեության մեջ երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) օգտագործվող և եկամուտ բերող այն իրավունքների մնացորդ գումարները, որոնց թվին են դասվում ֆիրմայի անվանական վկայագրերը և դրանց օգտագործման արտոնագրային պայմանագրերը, առևտրային մակնիշները, ապրանքային նշանները, «ֆիրմայի գինը» և այլ ոչ նյութական ակտիվները:
Հաշվեկշռում առանձին հոդվածներով համապատասխանաբար ցույց է տրվում ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը (տող 061) և ամորտիզացիան (տող 062): Վերջիններիս մնացորդները չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.8. Հաշվեկշռի 070 տողում ցույց է տրվում I-ին բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.9. «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածում (տող 080) արտացոլվում է դուստր, համատեղ և այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեմասերում) ներդրած գումարների, ձեռք բերած բաժնետոմսերի և այլ երկարաժամկետ ներդրումների մնացորդները` այն մասի չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
2.10. «Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից» հոդվածում (տող 090) արտացոլվում է վարձակալական պայմանագրի հիման վրա վարձատուի կողմից ընդհանուր կարգով երկարաժամկետ վարձակալության տրված հիմնական միջոցների դիմաց ստացման ենթակա գումարների մնացորդները:
2.11. Հաշվեկշռի 100 տողում ցույց է տրվում I-ին բաժնի III-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.12. «Երկարաժամկետ հաշվարկներ» ենթաբաժնում (տող 110) արտացոլվում են հաշվապահական թիվ 61, 62, 76, 78 հաշիվների մնացորդները` այն մասի չափով, որոնց վճարման պայմանագրային ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
Վերոհիշյալ հաշիվների մնացորդների այն մասը, որոնց վճարման պայմանագրային ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին, արտացոլվում է հաշվեկշռի ակտիվի «Շրջանառու ակտիվներ» բաժնի 2-րդ` «Կարճաժամկետ հաշվարկներ» ենթաբաժնի համապատասխան հոդվածներում:
2.13. Հաշվեկշռի 120 տողում ցույց է տրվում I-ին բաժնի IV-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարները:
2.14. Հաշվեկշռի 130 տողում ցույց է տրվում I-ին բաժնի (տող 050+ 070+ 100+ 120) ենթաբաժինների հանրագումարը:
2.15. Հաշվեկշռի «Շրջանառու ակտիվներ» 2-րդ բաժնի «նյութեր» հոդվածում (տող 140) ցույց է տրվում կազմակերպության հումքի, նյութերի, վառելիքի, պահեստամասերի, տարայի և այլ նյութական արժեքների մնացորդները` դրանց ձեռք բերման փաստացի ինքնարժեքով, (որի մեջ մտնում է ձեռք բերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն): Ելնելով կազմակերպության նյութերի մուտքագրման հաշվառման վարման ձևից, հաշվեկշռի այս տողում կարող է արտացոլվել նաև 15` «Նյութերի մթերում և ձեռք բերում» և 16` «Նյութերի արժեքի շեղում» հաշիվների մնացորդները:
2.16. «Աճեցվող և բտվող կենդանիներ» հոդվածում (տող 150) արտացոլվում է մատղաշ անասունների, գիրացման հանձնված անասունների, թռչունների, մեղվաընտանիքների և այլնի, ինչպես նաև հիմնական հոտի խոտանված և բնակչությունից վաճառքի համար գնված անասունների արժեքը:
2.17. «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հոդվածում (տող 160) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող փոքրարժեք և արագամաշ առարկաների, տնտեսական գույքի, պիտույքների ընդհանուր և հատուկ նշանակության գործիքների և աշխատանքի այլ առարկաների մնացորդային արժեքը: Միաժամանակ հաշվեկշռում (տող 161) առանձին տողով արտացոլվում է փոքրարժեք և արագամաշ առարկաների սկզբնական արժեքը և առանձին (տող 162) տողով` մաշվածության գումարը: Սակայն վերջիններիս արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.18. Հաշվեկշռի «Անավարտ արտադրություն» հոդվածում (տող 170) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման թիվ 20 «Հիմնական արտադրություն», 21 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 23 «Օժանդակ արտադրություն» հաշիվների` հիմնական արտադրության վրա կատարված ծախսերը, կազմակերպության սեփական արտադրության կիսապատրաստուքների վրա կատարված ծախսերը, ինչպես նաև օժանդակ համարվող արտադրության ծախսերի մնացորդը գումարները:
2.19. «Այլ անավարտ արտադրություն» հոդվածում (տող 180) արտացոլվում է կազմակերպության անձնակազմի կենցաղային կարիքների սպասարկման հետ կապված ծախսերի, ինչպես նաև ոչ կապիտալ աշխատանքների կատարման ծախսերի մնացորդ գումարները:
2.20. «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հոդվածում (տող 190) արտացոլվում են այն ծախսերը, որոնք կատարվել են տվյալ ժամանակահատվածում, բայց վերաբերվում են գալիք ժամանակաշրջանին: Մասնավորապես, այդպիսի ծախսեր են հանդիսանում հանքանախապատրաստման աշխատանքների ծախսերը, նախապես փոխանցված վարձավճարի գումարները, արտադրանքի նոր տեսակի արտադրության յուրացման ծախսերը և այլ նմանատիպ ծախսեր:
2.21. «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հոդվածում (տող 200) արտացոլվում է բազմափուլ, երկարաժամկետ բնույթի (շինարարական, գիտական նախագծային և այլն) աշխատանքների մեջ ներառվող ինքնուրույն նշանակություն ունեցող, ավարտված փուլերի արժեքի դուրս չգրված գումարները:
2.22. «Պատրաստի արտադրանք» հոդվածում (տող 210) ցույց է տրվում նյութական արտադրության ճյուղերի կազմակերպությունների սեփական արտադրանքը` փաստացի արտադրական ինքնարժեքով: Գնված պատրաստի շինվածքները, որոնք նախատեսված են համալրման կամ վաճառքի համար, ինչպես նաև դրսի համար կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքը չի արտացոլվում այս հոդվածում:
2.23. «Ապրանքներ» հոդվածում (տող 220) արտացոլվում է մատակարարման, վաճառքի համար ձեռք բերված ապրանքները` գնման արժեքով (որի մեջ մտնում է ձեռք բերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն)
Հաշվեկշռում առանձին հոդվածներով համապատասխանաբար ցույց է տրվում ապրանքների առևտրային հավելագնի (տող 221) և վաճառքի գնի (տող 222) մնացորդ գումարները: Վերջիններիս մնացորդները չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
Հաշվեկշռում առանձին ցույց է տրվում նաև «Ապրանքներ» հոդվածի մեջ ներառված «Վարձույթով տրվող առարկաներ» ենթահաշվի մնացորդային արժեքը (տող 223), սկզբնական արժեքը ( տող 224) և մաշվածությունը (տող 225), որոնց մնացորդները նույնպես չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:
2.24. «Շրջանառության ծախքեր» հոդվածում (տող 230) ցույց է տրվում մատակարարման, վաճառահանման, առևտրային և միջնորդ այլ կազմակերպությունների շրջանառության ծախքերի մնացորդ գումարները:
2.25. Հաշվեկշռի «Բեռնված ապրանքներ և կոմերցիոն ծախսեր» հոդվածում (տող 240) ցույց է տրվում մինչև գնորդի (պատվիրատուի) կողմից ընդունվելը (ակցեպտավորվելը) առաքված արտադրանքի, ապրանքների գումարները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով: Այդ հոդվածում ցույց է տրվում նաև արտադրանքի առաքման հետ կապված ծախսերը (շինվածքի փաթեթավորում, արտադրանքի առաքում, կայարան տեղափոխելու և այլ ծախսեր) մնացորդ գումարները:
2.26. Հաշվեկշռի 250 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի I-ին ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.27. «Հաշվարկներ տրված կանխավճարների գծով» հոդվածում (տող 260) ցույց է տրվում առաջիկա գործարքների դիմաց մյուս կազմակերպություններին տրված կանխավճարները:
2.28. «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հոդվածում (տող 270) ցույց է տրվում գնորդների և պատվիրատուների հետ իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի մնացորդ գումարները:
2.29. «Հաշվարկներ գանգատների գծով» հոդվածում (տող 280) արտացոլվում է մատակարարներին, կապալառուներին, տրանսպորտային և այլ կազմակերպություններին ներկայացված գանգատարկված գումարների մնացորդները:
2.30. «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով» հոդվածում (տող 290) ցույց է տրվում գույքի և անձնակազմի ապահովագրության (բացի սոցիալական և բժշկական ապահովագրությունից) գծով հաշվարկների մնացորդ գումարները:
2.31. «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հոդվածում (տող 300) արտացոլվում է հասանելիքից ավելի արտաբյուջե մուծված, ինչպես նաև կազմակերպությանը արտաբյուջեից հատկացումների գծով պարտքերի գումարները:
2.32. «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (310) ցույց է տրվում հասանելիքից ավելի բյուջե մուծված, ինչպես նաև կազմակերպությանը բյուջեից հատկացումների գծով պարտքերի գումարները:
2.33. Հաշվեկշռի «հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հոդվածում (տող 320) ցույց է տրվում հասանելիքից ավելի կազմակերպության անձնակազմի պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ փոխանցված գումարների մնացորդը:
2.34. «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հոդվածում (տող 330) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմին աշխատանքի վարձատրման գծով հասանելիքից ավելի վճարված գումարների մնացորդը:
2.35. «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հոդվածում ( տող 340) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով (ապառիկ վաճառված ապրանքներ, տրամադրված փոխառություններ, նյութական վնասի հատուցում) հասանելիքից ավելի պահված, տրամադրված կամ վճարված գումարների մնացորդը:
2.36. «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ» հոդվածում (տող 350) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների հետ վարչատնտեսական, գործառնական ծախսերի, ինչպես նաև գործուղման համար առհաշիվ տրված միջոցների դեբետային մնացորդ գումարները:
2.38. «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հոդվածում (տող 360) ցույց է տրվում կանոնադրական (բաժնեգումարների) կապիտալ հիմնադիրների (մասնակիցների) փաստացի պարտքի և այլ հաշվարկների մնացորդները:
2.38. «Հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ» հոդվածում (տող 370) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով դեբետային մնացորդները:
2.39. «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» հոդվածում (տող 380) ցույց է տրվում համատեղ գործունեության պայմանագրի մասնակից կողմերի հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների դեբետային մնացորդ գումարները:
2.40. «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» հոդվածում (տող 390) ցույց է տրվում դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների դեբետային մնացորդները:
2.41. «Պակասորդների և արժեքների փչացումից կորուստներ» հոդվածում (տող 400) ցույց է տրվում պակասորդների, յուրացումների, հափշտակումների (ներառյալ նաև դրամական միջոցների) ինչպես նաև արժեքների փչացումից կորուստների գծով հաշվարկների մնացորդ գումարները:
2.42. Հաշվեկշռի 410 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.43. Հաշվեկշռի 420 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի (250+410) հոդվածների հանրագումարը:
2.44. Հաշվեկշռի III-րդ «Դրամական միջոցներ» բաժնի «Դրամարկղ» (տող 430, «Հաշվարկային հաշվի» (տող 440), «Արժութային հաշիվ» (տող 450) հոդվածներում ցույց է տրվում դրամարկղներում, բանկերի հաշվարկային և արժութային հաշիվներում դրամական միջոցների մնացորդները:
2.45. «Հատուկ հաշիվներ բանկերում» հոդվածում (տող 460) ցույց է տրվում բանկերի հատուկ հաշիվներում առկա գումարների, դրամավարկագրերի, վճարագիր գրքույկների և այլ վճարային փաստաթղթերի մնացորդ գումարները:
2.46. «Դրամական փաստաթղթեր» հոդվածում (տող 470) արտացոլվում է կազմակերպության դրամարկղում գտնվող, անվանական արժեքով արտահայտված դրամական փաստաթղթերի (նամականիշներ, մաքսանիշներ, մուրհակներ և այլն) մնացորդ գումարները:
2.47. «Դրամական փոխանցումներ ճանապարհին» հոդվածում (տող 480) ցույց է տրվում ճանապարհին գտնվող ՀՀ արժույթով և արտարժույթով դրամական միջոցների մնացորդները, որոնց համար հիմք է ծառայում բանկերի, խնայբանկերի, փոստային բաժանմունքների անդորրագրերը:
2.48. «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածում (տող 490) արտացոլվում է այլ կազմակերպությունների արժեթղթերի, պետական և տեղական փոխառությունների տոկոսաբեր պարտատոմսերի, ինչպես նաև այլ կազմակերպություններին տրված փոխատվությունների գումարները, որոնք ներդրված են մինչև մեկ տարի ժամկետով:
Այս հոդվածում արտացոլվում է նաև «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածի երկարաժամկետ ներդրումները` այն գումարի չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:
2.49. Հաշվեկշռի 500 տողում ցույց է տրվում III-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:
2.50. Հաշվեկշռի 510 տողում ցույց է տրվում I-ին (տող 130), II-րդ (տող 420) և III-րդ (տող 500) բաժինների հանրագումարը:
2.51. Հաշվեկշռի «Սեփական կապիտալ» I-ին բաժնի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում (տող 520) ցույց է տրվում կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալի մեծությունը, որը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում հիմնադիրների (մասնակիցների) գրանցված ներդրումների (ավանդների, փայաբաժինների, անվանական արժեքով բաժնետոմսերի, փայավճարների) արտացոլումն է գումարային արտահայտությամբ:
2.52. «Պահուստային կապիտալ» հոդվածում (տող 530) արտացոլվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադիր փաստաթղթերի հիման վրա ստեղծված պահուստային կապիտալի մեծության մնացորդ գումարը: Ընդ որում առանձին տողով (տող 531) ցույց է տրվում պահուստային կապիտալի այն մասը, որը հաշվետու տարվա շահույթի բացակայության կամ անբավարարության դեպքում նախատեսվում է մասնակիցներին շահաբաժինների վճարման համար: Պահուստային կապիտալի այդ մասը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:
2.53. Հաշվեկշռի «Լրացուցիչ կապիտալ» հոդվածում (տող 540) արտացոլվում է վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճից, էմիսիոն եկամուտներից և անհատույց ստացված արժեքներից առաջացած գումարների մնացորդները:
2.54. «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հոդվածում (տող 550) արտացոլվում է կազմակերպություններին և քաղաքացիներին առաքված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով ստեղծված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստի պահուստի գումարի մնացորդը:
2.55. «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հոդվածում (տող 560) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշվի մնացորդը` այն չափով, որը գոյացել է կուտակման նպատակով` պետական միջոցառումների նպատակային ֆինանսավորման հաշվին:
2.56. Հաշվեկշռի «Հաշվետու տարվա չօգտագործված շահույթ» հոդվածում (տող 570) ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում ստացված և օգտագործված շահույթի դրական տարբերության գումարների մնացորդը:
2.57. Հաշվեկշռի պասիվում առանձին տողով արտացոլվում է «Հաշվետու տարվա շահույթ» հոդվածի (տող 571) և «Շահույթի օգտագործում» հոդվածի (տող 572) մնացորդները, որոնք հաշվեկշռի հանրագումարի մեջ չեն մտնում:
2.58. Հաշվեկշռի «Վնասներ» հոդվածում (տող 580) արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վնասները` 80 «Շահույթ և վնաս» հաշվի դեբետային մնացորդը: Տարեկան հաշվապահական հաշվետվության կազմման ժամանակ տարեվերջի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարի և համարվում է նոր հաշվետու տարվա տարեսկզբի մնացորդ: «Վնասներ» հոդվածի մնացորդը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.59. «Հաշվետու տարվա ավելի օգտագործված շահույթ» հոդվածում (տող 590) ցույց է տրվում ստացված հաշվեկշռային շահույթից ավելի օգտագործված շահույթի գումարի մնացորդը («Շահույթ և վնաս» հաշվի և 81 «Շահույթի օգտագործում «հաշվի բացասական տարբերությունը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.60. «Չբաշխված շահույթ» հոդվածում (տող 600) արտացոլվում է ինչպես նախորդ տարվա չբաշխված, այնպես էլ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ չօգտագործված շահույթի մնացորդ գումարը:
2.61. «Չհատուցված վնաս» հոդվածում (տող 610) ցույց է տրվում ինչպես նախորդ տարիների, այնպես էլ հաշվետու տարվա ընթացքում չբաշխված շահույթի հաշվին կատարված վճարումների հետևանքով առաջացած չհատուցված վնասի մնացորդ գումարը (88 «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետային մնացորդը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:
2.62. Հաշվեկշռի 620 տողում ցույց է տրվում I-ին բաժնի 520, 530, 540, 550, 560, 570, 600 տողերի հանրագումարի և 580, 590, 600 տողերի հանրագումարի տարբերությունը:
Հաշվեկշռի պասիվի I-ին բաժնում հոդվածների հանրագումարի բացասական արդյունքի դեպքում ստացված մնացորդը տող 620-ում արտացոլվում է բացասական նշանով և հանվում է պասիվի մյուս ենթաբաժինների հանրագումարից:
2.63. Հաշվեկշռի «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» 2-րդ բաժնի «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հոդվածում (տող 630) ցույց է տրվում հանրապետության կամ արտերկրի բանկերից ստացված վարկերի չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
2.64. «Երկարաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 640) ցույց է տրվում հանրապետությունում կամ արտերկրում ստացված երկարաժամկետ փոխառությունների գծով (բացի բանկի վարկերից) հաշվարկների մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:
2.65. «Վարձակալական պարտավորություններ» հոդվածում (տող 650) արտացոլվում է վարձակալ կազմակերպության կողմից վարձակալված երկարաժամկետ հիմնական միջոցների հաշվարկների մնացորդները:
2.66. «Այլ երկարաժամկետ պարտավորություններ» հոդվածում (տող 660) ցույց է տրվում հաշվեկշռի 60, 64, 65, 67, 71, 76, 77, 78 հաշիվների (որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին) և այլ կրեդիտորական պարտքերի մնացորդները:
2.67. Հաշվեկշռի 670 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:
2.68. Հաշվեկշռի «Կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններ» III-րդ բաժնի «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հոդվածում (տող 680) ցույց է տրվում մինչև մեկ տարի ժամկետով հանրապետության կամ արտերկրի բանկերից տարբեր նպատակների համար ստացված վարկերի (առանց այդ վարկերի համար հաշվարկված տոկոսների) չմարված մնացորդները:
2.69. «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հոդվածում (տող 690) ցույց է տրվում հաշվեկշռի 630 տողում չարտացոլված երկարաժամկետ վարկերի չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին: Ընդ որում այդ վարկերը արտացոլվում են առանց հաշվարկված տոկոսների:
2.70. «Երկարաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 700) ցույց է տրվում հաշվեկշռի 640 տողում չարտացոլված երկարաժամկետ փոխառությունների չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:
2.71. Հաշվեկշռի «Բանկերի վարկեր աշխատողների համար» հոդվածում (տող 710) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների համար տարբեր նպատակներով ստացված վարկերի չմարված գումարները:
2.72. «Կարճաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 720) արտացոլվում են հանրապետությունում կամ ակտերում մինչև մեկ տարի ժամկետով ստացված (բացի բանկերի վարկերից) փոխառությունների գծով չմարված պարտքերի գումարները:
2.73. «Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հոդվածում (տող 730) արտացոլվում է հաշվեկշռի պասիվի II-րդ և III-րդ բաժիններում արտացոլված ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսների մնացորդ գումարը:
2.74. «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հոդվածում (տող 740) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշվի մնացորդը այն չափով, որը գոյացել է կառավարական մարմինների տրամադրած նպաստներից և այլ աղբյուրներից ստացված նպատակային ֆինանսավորումից:
2.75. Հաշվեկշռի «Վարկային էմիսիայի միջոցներ» հոդվածում (տող 750) արտացոլվում է վարկային էմիսիայի չմարված պարտքերի մնացորդ գումարը:
2.76. Հաշվեկշռի 760 տողում ցույց է տրվում III-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:
2.77. Հաշվեկշռի «Հաշվարկներ վճարումների գծով և այլ կրեդիտորների հետ» IV-րդ բաժնի «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով» հոդվածում (տող 770) արտացոլվում է գույքի և անձնակազմի ապահովագրության (բացի սոցիալական և բժշկական ապահովագրությունից) հետ կապված հաշվարկների մնացորդ գումարը:
2.78. «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հոդվածում (տող 780) արտացոլվում է կազմակերպության պարտքի գումարը արտաբյուջետային վճարումների գծով:
2.79. «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (տող 790) ցույց է տրվում պետական բյուջեի հետ կազմակերպության հաշվարկների` այդ թվում նաև հաշվարկված տույժերի ու տուգանքների մնացորդ գումարը:
Ընդ որում տույժերի և տուգանքների գումարը ցույց է տրվում նաև առանձին հոդվածով (տող 791), որը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:
2.80. «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հոդվածում (տող 800) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմի պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին հատկացումների` այդ թվում հաշվարկված տույժերի և տուգանքների մնացորդ գումարը: Ընդ որում տույժերի և տուգանքների գումարը ցույց է տրվում նաև առանձին հոդվածով (տող 801), որը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:
2.81. «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հոդվածում (տող 810) ցույց են տրվում հաշվարկված աշխատավարձի, բոլոր տեսակի պարգևատրումների, նպաստների և փոխհատուցումների մնացորդ գումարները:
2.82. «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ» հոդվածում (տող 820) արտացոլվում է կազմակերպության աշխատողների գործուղման, վարչատնտեսական և գործառնական ծախսերի համար առհաշիվ անձանց տրված գումարների մնացորդը:
2.83. «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հոդվածում (տող 830) ցույց է տրվում կազմակերպության հիմնադիրներին (մասնակիցներին) հաշվարկված շահաբաժինների մնացորդ գումարը:
2.84. Հաշվեկշռի 840 տողում ցույց է տրվում IV-րդ բաժնի I-ին ենթաբաժնի` հաշիվների հանրագումարը:
2.85. «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հոդվածում (տող 850) արտացոլվում է մատակարար և կապալառու կազմակերպությունների հետ իրականացվող հաշվարկների (ապրանքանյութական արժեքների ստացում, կատարված աշխատանքների ընդունում, մատուցված ծառայություններ և այլն) մնացորդ գումարները:
2.86. Հաշվեկշռի «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» հոդվածում (տող 860) ցույց է տրվում գնորդներից ու պատվիրատուներից ստացված կանխավճարների մնացորդ գումարները:
2.87. «Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ» հոդվածում (տող 870) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդները:
2.88. «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» հոդվածում (տող 880) ցույց է տրվում համատեղ գործունեության պայմանագրի մասնակից կողմերի հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների կրեդիտային մնացորդները:
2.89. «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» հոդվածում (տող 890) արտացոլվում է դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ հաշվարկների կրեդիտային մնացորդները:
2.90. Հաշվեկշռի 900 տողում ցույց է տրվում պասիվի IV բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:
2.91. Հաշվեկշռի 910 տողում ցույց է տրվում IV-րդ բաժնի (տող 840, տող 900) ենթաբաժինների հանրագումարը:
2.92. Հաշվեկշռի «Այլ պասիվներ» V-րդ բաժնի «Գալիք ժամանակաշրջանի եկամուտների» հոդվածում (տող 920) արտացոլվում են այն եկամուտների մնացորդ գումարները, որոնք ձևավորվել են հաշվետու ժամանակաշրջանում, սակայն վերաբերվում են գալիք հաշվետու ժամանակաշրջանին:
2.93. «Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ» հոդվածում (տող 930) արտացոլվում է սահմանված կարգով պահուստավորված գումարների (գալիք ժամանակաշրջանի արձակուրդների վճարում, երկարամյա աշխատանքների համար վճարում, հիմնական միջոցների նորոգում) մնացորդը:
2.94. Հաշվեկշռի 940 տողում ցույց է տրվում V-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:
2.95. Հաշվեկշռի 950 տողում ցույց է տրվում I-ին (տող 620), II-րդ (տող 670), III-րդ (տող 760), IV (տող 900) և V (տող 940) բաժինների հանրագումարը:
3. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
3.1. Հաշիվ 001 «Վարձակալված հիմնական միջոցներ»
001 «Վարձակալված հիմնական միջոցներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 01) արտացոլվում է կազմակերպության վարձակալված հիմնական միջոցների (բացի երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներից, որոնք հաշվառվում են 03 «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հաշվեկշռային հաշվում) մնացորդ գումարները:
3.2. Հաշիվ 002 «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ»
002 «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 02) արտացոլվում է պատասխանատու պահպանման ընդունված արժեքների մնացորդ գումարը:
3.3. Հաշիվ 003 «Վերամշակման ընդունված նյութեր»
003 «Վերամշակման ընդունված նյութեր» արտահաշվեկշռային հաշվում (տող 03) արտացոլվում է պատվիրատուից վերամշակման ընդունված հումքի և նյութերի մնացորդ գումարները:
3.4. Հաշիվ 004 «Հանձնուրդի ընդունված ապրանքներ»
004 «Հանձնուրդի ընդունված ապրանքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 04) արտացոլվում է պայմանագրով նախատեսված հանձնուրդի ընդունված ապրանքների մնացորդ գումարը:
3.5. Հաշիվ 005 «Տեղակայման ընդունված սարքավորումներ»
005 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է կապալառու կազմակերպությունների կողմից տեղակայման համար պատվիրատուներից ստացված բոլոր տեսակի սարքավորումների մնացորդ գումարը:
3.6. Հաշիվ 006 «Խիստ հաշվառման բլանկներ»
006 «Խիստ հաշվառման բլանկներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է հաշվետու անձանց մոտ գտնվող խիստ հաշվառման բլանկների մնացորդ գումարը:
3.7. Հաշիվ 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր»
007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտապանների անվճարունակության հետևանքով վնասներով դուրս գրված դեբիտորական պարտքերի մնացորդ գումարը:
3.8. Հաշիվ 008 «Պարտավորությունների և ստացված վճարումների
ապահովում»
008 «Պարտավորությունների և ստացված վճարումների ապահովում» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտավորությունների և վճարումների կատարման ապահովվածության վերաբերյալ ստացված երաշխիքների մնացորդ գումարը:
3.9. Հաշիվ 009 «Ստանձնած պարտավրությունների և վճարումների
ապահովում»
009 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտավորությունների և վճարումների կատարումն ապահովելու համար տրված երաշխիքների մնացորդ գումարը:
3.10. Հաշիվ 010 «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ»
010 «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է կազմակերպության սեփականաշնորհման համար մասնակիցներից հավաքագրված սեփականաշնորհման սերտիֆիկատների մնացորդ գումարը:
3.11. Հաշիվ 011 «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր»
011 «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է ֆինանսական արդյունքներով ձևակերպված անհուսալի կրեդիտորական պարտքերի մնացորդ գումարը:
4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՎ 2
4.1. Ֆինանսական հաշվետվության I-ին` «Ֆինանսական արդյունքներ» բաժնում արտացոլվում է կազմակերպությունների` հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի, ապրանքների աշխատանքների, ծառայությունների և այլ իրացումից ստացված հասույթը ու դրանց դիմաց կատարված ծախսերը, արտաիրացումային գործունեությունից ստացված եկամուտների ու ծախսերը, անուղղակի հարկերը, իրացումից արդյունքը, ինչպես նաև հաշվեկշռային շահույթը կամ վնասը:
4.2. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը» հոդվածում (տող 010) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հետ միասին:
4.3. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 020) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.4. «Ակցիզային հարկ» հոդվածում (տող 030) ցույց է տրվում իրացված արտադրանքի ակցիզային հարկի գումարը:
4.5. «Իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը» հոդվածում (տող 040) ցույց է տրվում իրացված արտադրանքի և ծառայությունների ինքնարժեքի մեծությունը:
4.6. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 050) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթի (տող 010) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 020), ակցիզային հարկի (տող 030) ու ինքնարժեքի մեծության (տող 040) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.7. «Ապրանքների իրացումից հասույթը» (մեծածախ առևտուր) հոդվածում (տող 060) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի գումարը, ավելացված արժեքի հարկի հետ միասին:
4.8. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 070) ցույց է տրվում ապրանքների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.9. «Ապրանքների գնման արժեքը» հոդվածում (տող 080) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, առանց ավելացված արժեքի հարկի:
4.10. «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 090) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:
4.11. «Ապրանքների իրացումից (մեծածախ առևտուր) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 100) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի (տող 060) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 070), գնման արժեքի (տող 080) ու շրջանառության ծախքերի (տող 090) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.12. «Ապրանքների իրացումից հասույթը» (մանրածախ առևտուր) հոդվածում (տող 110) ցույց է տրվում մանրածախ առևտրում իրացված ապրանքների իրացումից ստացված հասույթը ներառյալ ավելացված արժեքի հարկը:
4.13. «Ապրանքների գնման արժեքը» հոդվածում (տող 120) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
4.14. «Ապրանքների իրացումից ստացված համախառն եկամուտը» հոդվածում (տող 130) ցույց է տրվում ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) հասույթի (տող 110) և ապրանքների գնման արժեքի (տող 120) տարբերության գումարը, որը ենթաբաժնի հանրագումարին չի մասնակցում:
4.15. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 140) ցույց է տրվում ապրանքների իրացման համախառն եկամուտից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:
4.16. «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 150) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:
4.17. «Ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 160) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի (տող 110) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 140) ու շրջանառության ծախքերի (տող 150) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.18. «Ընդամենը հիմնական գործունեությունից ստացված շահույթը (վնաս)» հոդվածի 3-րդ սյունակում (տող 170) ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3 ենթաբաժինների 3-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի և վերոհիշյալ ենթաբաժինների 4-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի դրական տարբերությունը:
4-րդ սյունակում (տող 170) ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3 ենթաբաժինների 3-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի և վերոհիշյալ ենթաբաժինների 4-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի բացասական տարբերությունը:
4.19. «Հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից հասույթը» հոդվածում (տող 180) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից ստացված հասույթը ավելացված արժեքի հարկի հետ միասին:
4.20. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 190) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացման (օտարման) շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկը:
4.21. «Իրացված հիմնական միջոցների մնացորդային արժեքը» հոդվածում (տող 200) ցույց է տրվում իրացված (օտարված) հիմնական միջոցների մնացորդային (բացառությամբ անհատույց տրված) արժեքը:
4.22. «Հիմնական միջոցների իրացման (օտարման) հետ կապված ծախսերը» հոդվածում (տող 210) ցույց է տրվում իրացված (օտարված) հիմնական միջոցների իրացման (օտարման) հետ կապված ծախսերը:
4.23. «Հիմնական միջոցների իրացումից (օտարումից) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 220) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացումից (օտարումից) ստացված հասույթի (տող 180) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 190), մնացորդային արժեքի (տող 200), իրացման հետ կապված ծախսերի (տող 210) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.24. «Այլ ակտիվների իրացումից հասույթ» հոդվածում (տող 230) ցույց է տրվում այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, հումք և նյութեր, փոքրարժեք և արագամաշ առարկաներ, արժեթղթեր և այլն) իրացումից ստացված հասույթը ավելացված արժեքի հետ միասին:
4.25. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 240) ցույց է տրվում այլ ակտիվների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկը:
4.26. «Այլ ակտիվների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը» հոդվածում (տող 250) ցույց է տրվում իրացված այլ ակտիվների հաշվեկշռային (ոչ նյութական ակտիվները, փոքրարժեք և արագամաշ առարկաները տվյալ տողում ցույց են տրվում մնացորդային արժեքով) արժեքը, առանց ավելացված արժեքի հարկի:
4.27. «Այլ ակտիվների իրացման հետ կապված ծախսերը» հոդվածում (տող 260) ցույց է տրվում դրանց իրացման հետ կապված ծախսերը:
4.28. «Այլ ակտիվների իրացումից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 270) ցույց է տրվում այլ ակտիվների իրացումից ստացված հասույթի (230) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 240), այլ ակտիվների հաշվեկշռային արժեքի (տող 250), դրանց իրացման հետ կապված ծախսերի (տող 260) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.29. «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և ծախսեր» հոդվածում (տող 280) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտները ավելացված արժեքի հետ միասին և ծախսերը, այդ թվում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի դուրս գրման հետ կապված (դեբիտորական պարտքերի պահուստի ձևավորումից և ուղղակի դուրս գրումից ստացված վնասները, կրեդիտորական պարտքերի դուրս գրումից ստացված օգուտները, ինչպես նաև դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից առաջացած օգուտները և դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարումից առաջացած վնասները) (տող 281) արժեթղթերից (տող 282), բաժնեմասնակցությունից (տող 283), վարձակալության տալուց (տող 284) և այլ արտաիրացումային գործառնություններից (տող 285):
4.30. «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներից ավելացված արժեքի հարկը» հոդվածում (տող 290) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը:
4.31. «Արտաիրացումային գործառնություններից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 300) ցույց է տրվում 6-րդ ենթաբաժնի 3-րդ և 4-րդ սյունակների գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):
4.32. «Ընդամենը շահույթ և վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3, 4, 5, 6 ենթաբաժինների 3-րդ սյունակի 170, 220, 270, 300 տողերի հանրագումարը, 4-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3, 4, 5, 6 ենթաբաժինների 4-րդ սյունակի 170, 220, 270, 300 տողերի հանրագումարը:
4.33. «Հաշվեկշռային շահույթ կամ վնաս» հոդվածի (տող 320) 3-րդ սյունակում ցույց է տրվում «Ընդամենը շահույթ և վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ և 4-րդ սյունակների դրական տարբերությունը, իսկ 4-րդ սյունակում «Ընդամենը շահույթ կամ վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ և 4-րդ սյունակների բացասական տարբերությունը:
4.34. Ֆինանսական հաշվետվության II-րդ «Շահույթի օգտագործում» բաժնում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին շահույթի օգտագործման ուղղությունները, հաշվետու տարվա ընթացքում չօգտագործված (ավելի օգտագործված) շահույթի մեծությունը և հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթի մեծությունը:
4.35. «Շահույթից բյուջեին հասանելիք հարկեր» հոդվածում (տող 330) ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում շահույթի հաշվին վճարումները բյուջեին (շահութահարկ և այլ մուծումներ շահույթից):
4.36. «Մասհանումները պահուստային կապիտալին» հոդվածում (տող 340) ցույց է տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադիր փաստաթղթերի հիման վրա, շահույթից մասհանումները պահուստային կապիտալին:
4.37. «Մասհանումներ հիմնադրամներին» հոդվածում (տող 350) ցույց է տրվում շահույթից հիմնադրամներին մասհանումների ընդհանուր գումարը, այդ թվում կուտակման հիմնադրամին (տող 351), սպառման հիմնադրամին (տող 352), սոցիալական ոլորտի հիմնադրամին (տող 353), այլ նպատակներով ստեղծված հիմնադրամներին (տող 354):
4.38. «Մասհանումներ շահաբաժինների վճարման համար» հոդվածում (տող 360) ցույց է տրվում շահույթից շահաբաժինների վճարման մասհանումների մեծությունը հաշվետու ժամանակաշրջանում:
4.39. «Այլ նպատակներով օգտագործված շահույթ» հոդվածում (տող 370) ցույց է տրվում շահույթի օգտագործումը այլ նպատակներով, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում:
4.40. «Ընդամենը բաշխված շահույթ» հոդվածում (տող 380) ցույց է տրվում 330, 340, 350, 360, 370 տողերի հանրագումարը:
4.41. «Հաշվետու տարվա ընթացքում չօգտագործված (ավելի օգտագործված) շահույթ» հոդվածում (տող 390) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 80 «Շահույթը և վնաս» և 81 «Շահույթի օգտագործում» հաշիվների` «Ֆինանսական արդյունքներ» բաժնի տող 320-ի և «Շահույթի օգտագործում» բաժնի տող 380-ի տարբերության գումարը: Հաշվետու տարվա ընթացքում ավելի օգտագործված շահույթը տող 390-ում ցույց է տրվում բացասական նշանով: Ընդ որում այս տողը լրացվում է եռամսյա, կիսամյա և իննամսյա հաշվետվության կազմման ժամանակ:
4.42. «Հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթ» հոդվածում (տող 400) ցույց է տրվում հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթի մեծությունը: Ընդ որում այս տողը լրացվում է տարեկան հաշվետվության կազմման ժամանակ:
4.43. Ֆինանսական հաշվետվության III-րդ «Հաշվարկներ բյուջեի հետ» բաժնում արտացոլվում է կազմակերպության և բյուջեի հաշվարկների մնացորդը հաշվետու տարվա սկզբում, ըստ հաշվարկի բյուջեին վճարվելիք գումարները, փաստացի վճարված գումարները և հաշվարկների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
4.44. 1-ին` «Հարկեր» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`
ա/ շահութահարկ (տող 410)
բ/ ավելացված արժեքի հարկ (տող 420)
գ/ Ավելացված արժեքի հարկ առանձնացված հաշվառման դեպքում (տող 430)
դ/ եկամտահարկ (տող 440)
ե/ ակցիզային հարկ (տող 450)
զ) գույքահարկ (տող 460)
է/ հողի հարկ (տող 470)
ը/ այլ հարկեր (տող 480)
թ/ տույժեր (տող 490)
ժ/ տուգանքներ (տող 500)
4.45. «Ընդամենը» հոդվածում (տող 510) ցույց է տրվում առաջին ենթաբաժնի 410, 420, 430, 440, 450, 460, 470, 480, 490, 500 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:
4.46. 2-րդ` «Տուրքեր» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`
ա/ պետական տուրք (տող 520)
բ/ մաքսային տուրք (տող 530)
գ/ տույժեր (տող 540)
դ/ տուգանքներ (տող 550)
4.47. «Ընդամենը» հոդվածում (տող 560) ցույց է տրվում երկրորդ ենթաբաժնի 520, 530, 540, 550 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:
4.48. 3-րդ «Ոչ հարկային վճարներ» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`
ա/ ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման,
նորոգման և պահպանման համար մասհանումներ (տող 570)
բ/ վճար բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա
միջավայրի աղտոտման համար (տող 580)
գ/ վճարներ պետական ձեռնարկությունների վարձակալությունից (տող 590)
դ/ այլ վճարներ (տող 600)
ե/ տույժեր (տող 610)
զ/ տուգանքներ (տող 620)
4.49. «Ընդամենը» հոդվածում (տող 630) ցույց է տրվում երրորդ ենթաբաժնի 570, 580, 590, 600, 610, 620 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:
4.50. «Ընդամենը 1-ին, 2-րդ, 3-րդ ենթաբաժիններով» հոդվածում (տող 640) ցույց է տրվում 510, 560 և 630 տողերի հանրագումարը:
4.51. Ֆինանսական հաշվետվության III-րդ «Դրամական միջոցների շարժը» բաժնում արտացոլվում է կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում ՀՀ ազգային արժույթի և արտարժույթի (այսուհետև` դրամական միջոցներ) մնացորդների, մուտքերի և ելքերի շարժի տվյալները: Արտարժույթով ցույց տրված դրամական միջոցները պետք է արտացոլվեն վերահաշվարկված դրամով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.52. «Դրամական միջոցների մնացորդը տարեսկզբին» հոդվածում (տող 650) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում դրամական միջոցների մնացորդները տարեսկզբին:
4.53. «Մուտքագրվել են դրամական միջոցներ» ենթաբաժնում ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում դրամական միջոցների մուտքը կազմակերպության դրամարկղ և բանկային հաշիվներ`
ա/ արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և մատուցված
ծառայությունների իրացումից (տող 660)
բ/ այլ ակտիվների իրացումից (տող 670)
գ/ արտաիրացումային գործառնություններից (տող 680)
դ/ անհատույց (տող 690)
ե/ կանխավճարներից (տող 700)
զ/ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների
իրացումից (տող 710)
է/ հիմնադիրներից (մասնակիցներից) (տող 720)
ը/ այլ աղբյուրներից (տող 730)
4.54. «Ընդամենը մուտքեր գործառնական, ինվեստիցիոն և ֆինանսական գործունեության արդյունքներով» հոդվածում (տող 740) ցույց է տրվում երկրորդ ենթաբաժնի 660, 670, 680, 690, 700, 710, 720, 730, տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:
4.55. «Բանկից» հոդվածում (տող 750) ցույց է տրվում բանկային հաշիվներից կազմակերպության դրամարկղ մուտք եղած գումարները:
4.56. «Դրամարկղից» հոդվածում (տող 760) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղից բանկային հաշիվներ մուտք եղած գումարները:
4.57. «Արտարժութային փոխարժեքային դրական տարբերությունից» հոդվածում (տող 770) ցույց է տրվում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետևանքով առաջացած դրական տարբերության գումարները, կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում:
4.58. «Ընդամենը 2-րդ ենթաբաժնով» հոդվածում (տող 780) ցույց է տրվում 740, 750, 760 և 770 տողերի հանրագումարը:
4.59. «Ելքագրվել է դրամական միջոցներ» ենթաբաժնում ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում դրամական միջոցների ելքը կազմակերպության դրամարկղից և բանկային հաշիվներից հետևյալ ուղղություններով.
ա/ ձեռք բերված ապրանքանյութական պաշարների, կատարված
աշխատանքների և ծառայությունների դիմաց (տող 790)
բ/ աշխատավարձ և սպառմանն ուղղված այլ վճարումների համար (տող 800)
գ/ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների համար (ներառյալ
ֆինանսական պատժամիջոցներ) (տող 810)
դ/ փոխառությունների դիմաց տոկոսների վճարման համար (տող 820)
ե/ կանխավճարների համար (տող 830)
զ/ առհաշիվ տրված գումարների համար (տող 840)
է/ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռք
բերման համար (տող 850)
ը/ ֆինանսական ներդրումների համար (տող 860)
թ/ շահաբաժինների վճարման համար (տող 870)
ժ/ այլ նպատակների համար (տող 880)
4.60. «Ընդամենը ելքեր գործառնական, ինվեստիցիոն և ֆինանսական գործունեության նպատակներով» հոդվածում (տող 890) ցույց է տրվում երրորդ ենթաբաժնի 790, 800, 810, 820, 830, 840, 850, 860, 870, 880 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:
4.61. «Հանձնվել է բանկ» հոդվածում (տող 900) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղից բանկային հաշիվներ մուտք եղած գումարները:
4.62. «Մուտքագրվել է դրամարկղ» հոդվածում (տող 910) ցույց է տրվում բանկային հաշիվներից կազմակերպության դրամարկղ մուտք եղած գումարները:
4.63. «Արտարժույթի փոխարժեքային բացասական տարբերություն» հոդվածում (տող 920) ցույց է տրվում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետևանքով առաջացած բացասական տարբերության գումարները, կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում:
4.64. «Ընդամենը 3-րդ ենթաբաժնով հոդվածում» (տող 930) ցույց է տրվում 890, 900, 910 և 920 տողերի հանրագումարը:
4.65. «Դրամական միջոցների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ» հոդվածում (տող 940) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղի և բանկային հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (տող 650 + տող 780 - տող 930):
Սույն հրահանգն ուժի մեջ է մտնում 1996 թ. երրորդ եռամսյակից (ներառյալ) սկսված:
--------------------------------------------------------------
i
հեղինակների կողմից հաշվետվության ձևերը տես հաջորդ մասում
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «19» 08 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960043