i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1996-2000 ԹԹ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական բարեկեցության նախարարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, նպատակ ունենալով խթանել երկկողմ հարաբերությունները հանրային առողջապահության բնագավառում, համոզված լինելով, որ համատեղ ջանքերը կաջակցեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բժշկական խնդիրների ցանկալի լուծմանը և մեծապես կնպաստեն երկու ժողովուրդների առողջական վիճակի բարելավմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն ու կծավալեն համագործակցություն հանրային առողջապահության բնագավառում` խթանելով փորձի փոխանակումը երկու Կողմերի համար առաջնահերթ համարվող ոլորտներում:
ՀՈԴՎԱԾ 2
1. Պայմանավորվող կողմերը կկազմակերպեն ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալ երկու երկրների առողջապահության համակարգերին և բարելավել իրենց առողջապահության և գիտահետազոտական ոլորտների աշխատողների մասնագիտական ուսուցումը:
2. Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները և այլ տվյալներ` փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ: Ժամանման օրվա և երթուղու մասին ուղարկող Կողմը ընդունող Կողմին պետք է տեղեկացնի առնվազն 15 օր առաջ:
ՀՈԴՎԱԾ 3
1. Պայմանավորվող կողմերը կաջակցեն բժշկական գիտահետազոտական հաստատությունների` վերջիններիս միջև կնքված անմիջական համաձայնագրերի հիման վրա իրականացվող համագործակցությանը:
Վերոհիշյալ համագործակցությունը կիրականացվի գիտական նյութերի, տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև ընդհանուր աշխատանքային ծրագրերի և մեթոդաբանության վրա հիմնված համատեղ գիտահետազոտական ծրագրերի միջոցով:
Հաստատությունների ղեկավարների կողմից ստորագրված համագործակցության ծրագրերը կիրառելի կդառնան յուրաքանչյուր երկրի իրավասու մարմինների կողմից հաստատվելուց հետո:
2. Պայմանավորվող կողմերը կօժանդակեն հիվանդանոցների միջև անմիջական փոխըմբռնման վրա հիմնված ուղղակի համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 4
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի և պլակատների փոխանակմանը:
2. Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն առողջապահական վիճակագրական տվյալներ և համաճարակաբանական հաշվետվություններ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ:
3. Պայմանավորվող կողմերը խնդրանքի դեպքում կփոխանակեն տեղեկություններ առողջապահական օրենսդրության մասին և նմանատիպ պաշտոնական փաստաթղթեր:
4. Պայմանավորվող կողմերը կնպաստեն բժշկական հրատարակչությունների միջև համագործակցության զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 5
1. Սուր ախտաբանական վիճակների կամ անհետաձգելի բուժօգնություն պահանջող այլ հիվանդությունների դեպքում որևէ Կողմի տարածքում ժամանակավոր այցելություն կատարող մյուս Կողմի քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմը, Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ:
2. Պայմանավորվող կողմերը կարող են յուրաքանչյուր դեպքում փոխադարձ համաձայնության հիման վրա ախտորոշման և բուժման նպատակով միմյանց ուղարկել հիվանդներ: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:
3. Կողմերից մեկի քաղաքացու` մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը փոխադարձաբար կապահովեն դատաբժշկական ծառայություններ, ներառյալ դիակի զմռսման կամ պահպանման այլ ձևերը: Դատաբժշկական ծառայությունների, դիակի զմռսման և տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերը կստեղծեն Համակարգող կոմիտե, որը պատասխանատու կլինի սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար, երկու Կողմերի նախարարություններին պարբերաբար կտեղեկացնի սույն համագործակցության ընթացքի և զարգացման մասին:
Համակարգող կոմիտեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի սույն Համաձայնագրի կիրառումը դյուրացնելու ուղղությամբ: Սույն Համաձայնագիրն իրագործելու համար երկու երկրների առողջապահության նախարարությունները պետք է ստորագրեն համագործակցության հաջորդական երկամյա ծրագրեր, որտեղ կճշգրտվեն նաև ֆինանսական պայմանները:
Այդ կոմիտեն Կողմերից յուրաքանչյուրից կներառի երեքական անձ և կղեկավարվի առողջապահության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն թվականից, երբ Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջվող բոլոր ներպետական ընթացակարգերի ավարտի մասին:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա 5 տարի, որից հետո կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս 5 տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը համապատասխան ժամանակահատվածի ավարտից առնվազն 6 ամիս առաջ գրավոր չծանուցի Համաձայնագրի դադարեցման մասին:
Սույն հոդվածին համապատասխան սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա շրջանակներում իրականացվող անավարտ մնացած ցանկացած փոխանակման կամ համագործակցության ծրագիր կմնա ուժի մեջ մինչև ավարտը:
Կատարված է Աթենք քաղաքում 1996 թվականի հունիսի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հունարեն, հայերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնության դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի սեպտեմբերի 7-ից: