i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը,
հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև պատմության ընթացքում հաստատված առանձնահատուկ ավանդական բարեկամական հարաբերությունները և բազմաբնույթ կապերը,
ցանկանալով ամրապնդել իրենց կապերը հազարամյակների խորքից եկող բարեկամության ոգով և զարգացնել համագործակցությունը բոլոր բնագավառներում,
վերահաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքից բխող պարտավորություններին, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը,
գիտակցելով այն պարտավորությունների կարևորությունը, որ իրենք ստանձնել են` ստորագրելով Հելսինկիի Եզրափակիչ ակտը և Փարիզի խարտիան Նոր Եվրոպայի համար, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում այլ փաստաթղթերը, և ցանկանալով ստեղծել անվտանգության և համագործակցության մեխանիզմներ ողջ եվրոպական մայրցամաքում,
ցանկանալով նպաստել միացյալ Եվրոպայի կայունությանն ու զարգացմանը, հաշվի առնելով Եվրոպական միության կառուցման հեռանկարները և խաղաղ ու համերաշխ Եվրոպայի կառուցման գործում նրա ներդրումը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Իրենց երկկողմ հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը գործում են որպես ինքնիշխան և իրավահավասար պետություններ` բարեկամության և փոխադարձ վստահության ոգով սերտորեն համագործակցելով բոլոր բնագավառներում:
Երկու Կողմերը, ըստ անհրաժեշտության, կկնքեն այլ համաձայնագրեր և ձեռք կբերեն պայմանավորվածություններ` սույն Պայմանագրի դրույթներն իրագործելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 2
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը, ընդունելով ազատության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, համագործակցում են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության և խթանման բնագավառում, մասնավորապես, համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նրանք միավորում են իրենց ջանքերը միջազգային անվտանգությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և պետությունների հարաբերություններում միջազգային իրավունքի նորմերը հարգելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը կանոնավոր խորհրդակցություններ են անցկացնում համապատասխան մակարդակներով երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների, Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ` տեսակետներ փոխանակելու նպատակով:
Այդ բնագավառներում Կողմերը ձգտում են հնարավորին չափ ներդաշնակեցնել իրենց դիրքորոշումները և, ըստ անհրաժեշտության, վարում են համատեղ կամ համաձայնեցված քաղաքականություն:
Այդ նպատակով Կողմերի միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումներ տեղի կունենան` ըստ համաձայնության, ընդ որում արտաքին գործերի նախարարների միջև` առնվազն տարին մեկ անգամ: Նախարարությունների ստորաբաժանումների միջև կհաստատվի սերտ համագործակցություն:
Երկու պետությունների կառավարությունների մյուս անդամները կհանդիպեն, ըստ անհրաժեշտության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար:
ՀՈԴՎԱԾ 4
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը խորհրդակցություններ կանցկացնեն այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, որոնց անդամակցում են, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպությունում` անհրաժեշտության դեպքում իրենց դիրքորոշումները հնարավորին չափ ներդաշնակեցնելու և այդ շրջանակներում ընդունված որոշումները առավելագույն արդյունավետությամբ իրագործելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5
Հունաստանի Հանրապետությունը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կապերի զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված երկկողմ Համաձայնագրերում Հունաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով հարգվում են Եվրոպական միության հիմնարար պայմանագրերը և դրանցից բխող իրավական նորմերը:
ՀՈԴՎԱԾ 6
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը սերտորեն համագործակցում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում:
Կողմերը համաձայնեցված գործունեություն են ծավալում պետական կառույցների ամրապնդման նպատակով, մասնավորապես, իրավական ոլորտում, որպեսզի նպաստեն կայունությանը, անվտանգությանը և իրավական պետության ստեղծմանը եվրոպական մայրցամաքում:
Նրանք աջակցում են, մասնավորապես, այն նորմերի ընդունմանը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխմանը:
Կողմերը համագործակցում են` միմյանց միջև, ինչպես նաև այլ շահագրգիռ երկրների հետ Եվրոպայի անվտանգության պայմանագիր կնքելու նպատակով:
Հունաստանի Հանրապետությունը ընդգծում է Եվրոպական միության կառուցման կարևորությունը, որը, իրագործելով ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականություն, թույլ կտա ամրապնդել համագործակցությունը Եվրոպայի պետությունների միջև և կարևորագույն ներդրում կունենա եվրոպական մայրցամաքի և ամբողջ աշխարհի կայունության գործում:
ՀՈԴՎԱԾ 7
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը, ընդգծելով զինաթափման համաձայնագրերի վճռական դերը Եվրոպայի և միջազգային անվտանգության գործում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության շրջանակներում սատար են կանգնում զինաթափման գործընթացին, վստահության և անվտանգության ամրապնդմանը և հակամարտությունների կանխմանը Անվտանգության համաժողովի շրջանակներում:
Կողմերն առանձնահատուկ կարևորություն են տալիս զանգվածային ոչնչացման զենքերի չտարածմանն ուղղված միջոցառումներին և այդ նպատակով համաձայնեցված գործունեություն են ծավալում միջազգային ատյաններում:
ՀՈԴՎԱԾ 8
Հաշվի առնելով Եվրոպայի անվտանգության հարցերում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և, մասնավորապես, առճակատման իրողության ավարտը, Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը զարգացնում և խորացնում են իրենց կապերը ռազմական ասպարեզում` պարբերաբար տեսակետներ փոխանակելով պաշտպանության իրենց հիմնադրույթների վերաբերյալ:
Այդ նպատակով նրանք խրախուսում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև երկու պետությունների բանակների գլխավոր շտաբների միջև կապերը:
ՀՈԴՎԱԾ 9
Այն դեպքում, երբ Կողմերից մեկի կարծիքով ծագում է խաղաղությանը սպառնացող կամ նրա անվտանգության հիմնական շահերը հարցականի տակ դնող իրավիճակ, տվյալ Կողմը կարող է դիմել մյուս Կողմին, որ այդ խնդրի շուրջ անհապաղ խորհրդակցություններ անցկացվեն: Նրանք կձգտեն որդեգրել մի ընդհանուր դիրքորոշում և կգործեն միջազգային ատյաններում` այդ իրավիճակին դիմակայելու համար:
ՀՈԴՎԱԾ 10
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը նպաստում են երկու պետությունների խորհրդարանների և պատգամավորների միջև համագործակցությանը և փորձի փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 11
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը զարգացնում են համագործակցությունը ժողովրդավարական կառույցների և իրավական պետության կայացման ոլորտներում:
ՀՈԴՎԱԾ 12
1. Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը զարգացնում են իրենց տնտեսական համագործակցությունը` իրենց իրավասության շրջանակներում ստեղծելով բարենպաստ մթնոլորտ համապատասխան համաձայնագրեր կնքելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ կձգտի բարելավել մյուս Կողմի ձեռնարկությունների գործունեության պայմաններն իր տարածքում: Կողմերը խրախուսում են անմիջական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, «նոու-հաու»-ների փոխանակումը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական բնագավառի մասնագետների պատրաստումը:
3. Կողմերը սերտ համագործակցություն են զարգացնում այն բնագավառներում, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն իրենց ապագայի համար, մասնավորապես, հետևյալ ոլորտներում.
տնտեսության վերակառուցում և կառավարում,
շինարարություն,
հաղորդակցություն և տեղեկությունների փոխանակում,
տրանսպորտ և օդային հաղորդակցություն,
էներգետիկա,
գյուղատնտեսության և սննդի արդյունաբերություն,
ռեսուրսների շահագործում,
շրջակա միջավայրի պաշտպանություն,
սեյսմիկ պաշտպանություն,
զբոսաշրջություն,
առողջապահություն,
բանկային և ֆինանսական ծառայություններ և ապահովագրություն,
ապրանքաշրջանառություն և բաշխում:
4. Հաշվի առնելով իրենց փոխադարձ շահերը և կապի մեջ լինելով Եվրոպական միության մյուս երկրների հետ` Կողմերը կհամագործակցեն միջազգային տնտեսական և ֆինանսական հաստատությունների, մասնավորապես, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի և Միջազգային դրամական ֆոնդի շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 13
1. Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը, ցանկանալով զարգացնել հարաբերություններն իրենց ժողովուրդների միջև և նպաստել եվրոպական մայրցամաքի բոլոր ժողովուրդների համար բաց մշակութային տարածքի ստեղծմանը, ամրապնդում են իրենց համագործակցությունը գիտության, տեխնիկայի, կրթության և մշակույթի բնագավառներում` առանձնահատուկ կարևորություն տալով կադրերի պատրաստմանը, մասնավորապես, տնտեսական և վարչական կառավարման բնագավառներում, ինչպես նաև փոխանակումներին և համատեղ գործողություններին:
2. Կողմերն աջակցում են գիտահետազոտական հիմնարկների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապերի զարգացմանը` խրախուսելով համատեղ գիտական նախագծերի մշակումը:
3. Կողմերն աջակցում են հունարենի ուսուցմանը Հայաստանում և հայոց լեզվի ուսուցմանը Հունաստանում:
4. Հայաստանի և Հունաստանի ժողովուրդների` միմյանց ավելի լավ ճանաչելու նպատակով Կողմերն օժանդակում են փոխանակումների զարգացմանը մշակույթի և գեղարվեստի բնագավառներում: Նրանք նպաստում են համագործակցության զարգացմանը զանգվածային լրատվության ասպարեզում, ինչպես նաև մյուս Կողմի գրականության և մամուլի տարածմանը: Կողմերը նպաստում են միմյանց մշակութային կենտրոնների ստեղծմանը:
5. Կողմերը, ցանկանալով միմյանց միջև հաստատել հավասարակշռված և իրենց պետությունների շահերին համապատասխանող համագործակցություն, համաձայնում են պարբերաբար մշակել փոխանակումների համատեղ ծրագրեր մշակույթի, կրթության և տեխնիկայի ասպարեզներում:
ՀՈԴՎԱԾ 14
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Հույն ուղղափառ եկեղեցու միջև, ինչպես նաև այլ կրոնական համայնքների միջև համագործակցության, հոգևոր արժեքների զարգացման համար:
ՀՈԴՎԱԾ 15
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը խրախուսում են կապերը երկու երկրների քաղաքացիների, մասնավորապես, հայ և հույն երիտասարդների միջև:
Այդ նպատակով նրանք նպաստում են հատկապես դպրոցների, լիցեյների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղիղ համագործակցությանը` աշակերտների, ուսուցիչների և դասախոսների, գիտաշխատողների փոխանակման ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերն աջակցում են երկու երկրների քաղաքական, հասարակական և արհմիութենական կազմակերպությունների միջև համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 17
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը խրախուսում են իրենց տեղական վարչական մարմինների միջև համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 18
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը կընդլայնեն իրենց համագործակցությունը հյուպատոսական ծառայությունների բնագավառում:
Կողմերը համապատասխան պայմաններ կստեղծեն դյուրացնելու համար երկու երկրների քաղաքացիների տեղաշարժը:
ՀՈԴՎԱԾ 19
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը կնպաստեն համագործակցությանը համապատասխան հաստատությունների միջև իրավական փոխօգնության բնագավառում:
Կողմերը կկազմակերպեն համագործակցություն, մասնավորապես, Ինտերպոլի շրջանակներում, հանրային անվտանգությունն ապահովող մարմինների միջև, հատկապես ոստիկանությունների միջև կազմակերպված հանցավորության, թմրադեղերի, անթույլատրելի առևտրի, մաքսանենգության, ինչպես նաև արվեստի գործերի անօրինական առևտրի դեմ պայքարի համար: Նրանք համապատասխան համագործակցություն կսկսեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 20
Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը երաշխավորում են անհրաժեշտ պայմանների ստեղծում և համապատասխան միջոցառումների իրագործում` Հունաստանի Հանրապետությունում բնակվող ազգությամբ հայ և Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգությամբ հույն քաղաքացիների էթնիկական, մշակութային և կրոնական ինքնության պահպանման և զարգացման համար` միջազգային նորմերին համապատասխան:
Կողմերը պետական մակարդակով աջակցում են հունահայ համայնքի և հայաստանաբնակ հունական համայնքի հասարակական, հոգևոր, մշակութային, կրթական, մարզական և բարեգործական գործունեությանը:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Պայմանագրի դրույթները ոչ մի կերպ չեն ազդում երրորդ պետությունների նկատմամբ Կողմերի ստանձնած պարտավորությունների վրա և ուղղված չեն որևէ երրորդ պետության դեմ:
ՀՈԴՎԱԾ 22
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերը փոխանակելու պահից:
2. Սույն Պայմանագիրը կնքվում է 10 տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հինգ տարին մեկ, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին ընթացիկ ժամկետի ավարտից մեկ տարի առաջ գրավոր չտեղեկացնի Պայմանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ իր որոշման մասին:
ՀՈԴՎԱԾ 23
Սույն Պայմանագիրը գրանցվելու է ՄԱԿ-ի քարտուղարությունում` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի:
Կատարված է Աթենք քաղաքում 1996 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունարեն և ֆրանսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տարաձայնության դեպքում գերակայությունը տրվում է ֆրանսերեն տեքստին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի մայիսի 12-ից: