i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
կարևոր նշանակություն տալով քրեական գործերով իրավական օգնության բնագավառում համագործակցության զարգացմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցույց տալ սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան:
2. Իրավական օգնությունն իր մեջ ներառում է անձանց հետախուզումը և ճանաչումը, դատական ծանուցագրերի և դատական այլ փաստաթղթերի հանձնումը, կասկածյալների, մեղադրյալների և ամբաստանյալների հարցաքննումը, ապացույցների առգրավումը. փաստաթղթերի և իրերի առաքումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը, ձերբակալված անձանց հանձնումը` դատավարական գործողություններ կատարելու համար, դատավճիռների կամ դատվածության մասին փաստաթղթերի պատճենների առաքումը, դատավճիռների վերաբերյալ տեղեկատվությունը և նորմատիվ ակտերի փոխանակումը:
3. Պայմանավորվող կողմերը կկիրառեն նաև իրավական օգնության այլ ձևեր, եթե դրանք համապատասխանում են հայցվող Կողմի օրենսդրությանը:
4. Սույն Պայմանագրի գործողությունը չի տարածվում`
ա) հանձնման և հանձնման նպատակով անձի ձերբակալման վրա,
բ) Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի դատարանների կողմից կայացված դատավճիռների կատարման վրա,
գ) պատիժը կրելու համար դատապարտված անձանց փոխանցման վրա,
դ) քրեական վարույթի փոխանցման վրա:
ՀՈԴՎԱԾ 2. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Իրավական օգնություն ցույց կտրվի այն դեպքում, եթե արարքը, որի համար պահանջվում է այդպիսի օգնություն, հանցագործություն է համարվում ինչպես հայցող, այնպես էլ հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 3. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
1. Իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել, եթե`
ա) գործողությունները, որոնք պահանջվում է կատարել իրավական օգնություն ցույց տալու համար, հակասում են հայցվող Պայմանավորվող կողմի օրենքին կամ իրավունքի հիմնական սկզբունքներին,
բ) հայցվող Պայմանավորվող կողմը հիմք ունի համարելու, որ ռասան, կրոնը, սեռը, ազգությունը, լեզուն, քաղաքական համոզմունքները և անձնական ու հասարակական դիրքը կարող են բացասական ներգործություն ունենալ քրեական վարույթի արդյունքների վրա,
գ) անձը, որի նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի տարածքում իրականացվում է քրեական վարույթը, հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում այդ նույն հանցագործության համար դատապարտվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով և չի խուսափում պատիժը կրելուց,
դ) հայցվող Պայմանավորվող կողմը համարում է, որ իրավական օգնություն ցույց տալը կարող է վնաս հասցնել նրա ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ ազգային այլ շահերին:
2. Իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդպիսի օգնություն ցույց տալը կարող է խանգարել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում սկսված մեկ ուրիշ քրեական վարույթի: Այդ դեպքում, սակայն, հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի համաձայնությամբ, կարող է կամ հետաձգել իրավական օգնություն ցույց տալը, կամ էլ այն ցույց տալ որոշակի պայմաններով:
3. Հայցվող Պայմանավորվող կողմը պարտավոր է հայցող Պայմանավորվող կողմին վաղօրոք ուղարկել իրավական օգնություն ցույց տալու իր մերժման, այն ցույց տալու հետաձգման կամ որոշակի պայմաններով այն ցույց տալու մասին պատճառաբանված ծանուցում:
ՀՈԴՎԱԾ 4. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Իրավական օգնություն ցույց տալու մասին հանձնարարության մեջ պետք է նշվեն`
ա) տեղեկություններ քրեական վարույթն իրականացնող մարմինների մասին, այն անձի մասին, որի նկատմամբ այն հարուցվել է, վարույթի առարկայի և բնույթի մասին, ինչպես նաև կիրառվող քրեաիրավական նորմերի մասին,
բ) հանձնարարության առարկան և բնույթը,
գ) այլ տվյալներ, որոնք առկա են հայցվող Պայմանավորվող կողմի մոտ և անհրաժեշտ են իրավական օգնության իրականացման համար,
դ) հատուկ կարգը և պայմանները, որոնք անհրաժեշտ է կիրառել իրավական օգնության մասին հանձնարարությունը կատարելիս, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ քրեական վարույթի մասնակիցների մասին:
ՀՈԴՎԱԾ 5. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՆԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Իրավական օգնության մասին խնդրանքը կատարելիս հայցվող Պայմանավորվող կողմը կիրառում է իր օրենսդրության նորմերը:
2. Հայցող Պայմանավորվող կողմի պահանջով հայցվող Պայմանավորվող կողմը ծանուցում է իրավական օգնության կատարման ժամանակի և վայրի մասին:
Այդ դեպքում հայցող Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները, ինչպես նաև գործով կողմերը կարող են, հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, ներկա գտնվել կամ նպաստել հանձնարարության կատարմանը:
ԲԱԺԻՆ II
ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ
1. Փաստաթղթերի հանձնումը իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում:
2. Հայցվող Պայմանավորվող կողմը փաստաթղթերի հանձնման մասին տեղեկացնում է հայցող Պայմանավորվող կողմին` նրան ուղարկելով ստացման մասին ծանուցումը կամ արձանագրությունը, որը պարունակում է հանձնման ձևի ու ժամանակի փաստաթղթերն ստացած անձի մասին տվյալներ, և որը ստորագրվում է հանձնողի և ստացողի կողմից:
ՀՈԴՎԱԾ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
1. Փաստաթղթերի փոխանցման մասին հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմին ուղարկում է հայցվող փաստաթղթերի վավերացված պատճենները կամ, ըստ հնարավորության, իսկական փաստաթղթերը` այն դեպքում, եթե հայցող Պայմանավորվող կողմը դա կպահանջի:
2. Հայցվող Պայմանավորվող կողմի պահանջով հայցող Պայմանավորվող կողմը, ըստ հնարավորության, վերադարձնում է այն փաստաթղթերը և իրերը, որոնք նա ստացել է մյուս Պայմանավորվող կողմի կողմից` հանձնարարությունը կատարելու արդյունքում:
3. Սույն Պայմանագրին համապատասխան փոխանցվող իրերը հարկերով և տուրքերով չեն հարկվում:
ՀՈԴՎԱԾ 8. ՀԱՅՑՎՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ
Անձանց ներկայանալու մասին հանձնարարությունը կատարելիս, կապված հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում նրանց կատարած գործողությունների հետ, այդ Կողմը կարող է այդ անձանց նկատմամբ կիրառել իր օրենսդրությամբ նախատեսված հարկադրանքի միջոցներ և պատժատեսակներ:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՅՑՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՏԱՐԱԾՔ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ
1. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող անձանց անձամբ ներկայանալու անհրաժեշտություն է առաջանում, ապա հարկավոր է դիմել այդ Պայմանավորվող կողմին` ծանուցագրի հանձնման մասին հանձնարարությամբ: Չներկայանալու դեպքում անձը չի կարող ենթարկվել պատժամիջոցների կամ այլ հարկադրական միջոցների:
2. Հայցող Պայմանավորվող կողմն իր պահանջով ներկայացած վկային և փորձագետին, իր օրենսդրության համաձայն, վճարում է համապատասխան վարձատրություն ու փոխհատուցում: Հայցվող Պայմանավորվող կողմը, մյուս Կողմի պահանջով, կարող է տրամադրել կանխավճար:
3. Իրավական օգնության մասին խնդրանքի հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի հիմնարկ որպես վկա, տուժող կամ փորձագետ կանչված անձն իրավունք ունի հրաժարվելու ցուցմունքներ տալուց կամ այլ գործառույթներ կատարելուց միայն այն դեպքերում, եթե հրաժարվելու իրավունքն ու պարտականությունը նախատեսված են Պայմանավորվող կողմերից մեկի օրենսդրությամբ: Հայցող Պայմանավորվող կողմի հիմնարկները, անհրաժեշտության դեպքում, խնդրանքին պետք է կցեն տեղեկանք վերոհիշյալ իրավունքներին և պարտականություններին վերաբերող օրենսդրության մասին:
ՀՈԴՎԱԾ 10. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
1. Հանձնարարության հիման վրա հայցող Պայմանավորվող կողմի տարածք ներկայացված անձի նկատմամբ չեն կարող կիրառվել հարկադրանքի կամ նրա ազատությունը սահմանափակող միջոցներ այն արարքների համար, որոնք կատարվել են մինչև ծանուցագրի հանձնումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթը չի կիրառվի, եթե ներկայացած անձը իր ներկայությունն անհրաժեշտ չլինելու մասին ծանուցում ստանալուց հետո 15 օրվա ընթացքում չհեռանա հայցող Պայմանավորվող կողմի տարածքից, կամ եթե այդ տարածքից հեռանալուց հետո նա կամավոր վերադառնա այնտեղ:
Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում անձը չէր կարող թողնել հայցող Պայմանավորվող կողմի տարածքը իրենից անկախ պատճառներով:
ՀՈԴՎԱԾ 11. ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ
Երկու Պայմանավորվող կողմերը խնդրանքով միմյանց ուղարկում են իրենց իրավասու դատարանների կողմից մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած դատավճիռների պատճենները, ինչպես նաև այդ անձանց դատվածության մասին փաստաթղթերի քաղվածքները: Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմի պահանջով դատավճիռն ուղարկելիս նրան տրամադրում է նաև տվյալ գործի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:
ՀՈԴՎԱԾ 12. ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերը յուրաքանչյուր տարի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում, տեղեկություն են փոխանակում իրենց դատական մարմինների կողմից մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների նկատմամբ կայացված դատավճիռների մասին:
2. Պայմանավորվող կողմերը, ըստ խնդրանքի, միմյանց տեղեկություն են տրամադրում նաև իրենց օրենսդրության և դատական պրակտիկայի մասին:
ԲԱԺԻՆ III
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԾԱԽՍԵՐ
ՀՈԴՎԱԾ 13. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով: Կենտրոնական մարմիններ են համարվում`
Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կամ դատախազությունը,
Վրաստանի համար` Վրաստանի արդարադատության նախարարությունը և դատախազությունը:
Պայմանավորվող կողմերը միմյանց հետ կարող են հաղորդակցվել նաև դիվանագիտական ուղիներով:
2. Իրավական օգնության մասին հանձնարարությունը, ինչպես նաև նրան կից հաղորդումները, ակտերը և մյուս փաստաթղթերն ուղարկվում են հայցող Պայմանավորվող կողմի լեզվով և ուղեկցվում են ռուսերենով վավերացված թարգմանությամբ:
3. Պաշտոնական փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճենները, որոնք փոխանակում են Պայմանավորվող կողմերը, ազատվում են օրինականացումից:
ՀՈԴՎԱԾ 14. ԾԱԽՍԵՐ
1. Իրավական օգնության հետ կապված ծախսերը կրում է հայցվող Պայմանավորվող կողմը:
2. Հայցող Պայմանավորվող կողմի տարածքում, փորձաքննությունների անցկացման հետ կապված, ձերբակալված անձի փոխանցման ծախսերը, ինչպես նաև սույն Պայմանագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծախսերը կատարվում են հայցող Պայմանավորվող կողմի հաշվին:
ԲԱԺԻՆ IV
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 15. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Պայմանավորվող կողմերը սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կատարման հարցերով ծագած վեճերը կլուծեն սույն Պայմանագրի 13-րդ հոդվածում նշված կենտրոնական մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:
ՀՈԴՎԱԾ 16. ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
1. Պայմանավորվող կողմերը պարբերաբար տեղեկություն կփոխանակեն սույն Պայմանագրի կիրառման պրակտիկայի մասին և խորհրդակցություններ կանցկացնեն դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերով:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Պայմանագրի 17-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:
2. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից 30 օր անցնելուց հետո:
3. Սույն Պայմանագիրը կնքված է անորոշ ժամանակով և գործելու է ընդհուպ մինչև վեց ամիս անցնելը այն օրից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով կհայտնի մյուս Պայմանավորվող կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Թբիլիսի քաղաքում 1996 թվականի հունիսի 4-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Պայմանագրի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում Պայմանագրի ռուսերեն տեքստը:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի նոյեմբերի 22-ից: