Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով ուժեղացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը երկու Կողմերի միջև,

ձգտելով մի Կողմի տարածքում մյուս Կողմի ներդրողների համար ստեղծել ու պահպանել բարենպաստ պայմաններ,

ընդունելով, որ ներդրումների խրախուսումը և փոխադարձաբար պաշտպանությունը, համաձայն սույն Համաձայնագրի, կխթանի գործարար նախաձեռնությունն այս ոլորտում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Ներդրում» տերմինը կներառի ակտիվների ցանկացած տեսակ, որը տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով մի Կողմի ներդրողների կողմից ներդրվում է մյուս Կողմի տարածքում` վերջինիս գործող օրենսդրության համաձայն և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է`

ա) շարժական և անշարժ գույքը (շենքեր, կառույցներ, սարքավորումներ, և այլ նյութական արժեքներ) և դրանց հետ կապված գույքային իրավունքներ, ինչպիսիք են հիպոթեքային իրավունքը, գրավի իրավունքը և նման իրավունքներ,

բ) բաժնետոմսեր, արժեթղթեր, պարտատոմսեր, վերաներդրված եկամուտներ, ներդրումների կատարման հետ կապված նպատակային բանկային և ֆինանսական ավանդներ,

գ) դրամական միջոցների և տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքներ,

դ) մտավոր սեփականության իրավունքներ, ներառյալ հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, արտոնագրերը, արդյունաբերական նմուշները, տեխնոլոգիական գործընթացները, «նոու-հաու»-ները, առևտրային գաղտնիքները, ֆիրմային անվանումները և բարի համբավը` կապված ներդրումների հետ,

ե) օրենսդրությանը համապատասխան տրված արտոնագրեր և թույլտվություններ, ներառյալ բնական պաշարներ հետախուզելու, արդյունահանելու և վերամշակելու կոնցեսիաները:

Ակտիվների ներդրման ձևի ցանկացած փոփոխություն չի ազդի դրանց բնույթի վրա` որպես ներդրում:

2. «Ներդրող» տերմինը նշանակում է`

ա) ցանկացած ֆիզիկական անձ, որն ունի յուրաքանչյուր Կողմի քաղաքացիություն կամ մշտական բնակության վայր այդ Կողմի տարածքում` նրա օրենքներին համապատասխան,

բ) յուրաքանչյուր Կողմի գործող օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած իրավաբանական անձ, որը ներդրում է կատարում մյուս Կողմի տարածքում:

3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է ներդրումների հետևանքով որպես շահույթ ստացված դրամական գումարները և ներառում է, մասնավորապես, բայց ոչ բացառապես, տոկոսները, կապիտալի հավելաճը, շահութաբաժինը, ռոյալթին և ծառայությունների դիմաց վճարումները:

4. «Տարածք» տերմինը յուրաքանչյուր Կողմի համար նշանակում է` այդ Կողմի տարածքը, ներառյալ ծովային շրջանները, ինչպես նաև մայրցամաքային ելուստը և տնտեսական գոտին, որի վրա այդ Կողմը, իր ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն է իրականացնում:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրի պայմանները կկիրարկվեն բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մի Կողմի ներդրողի կողմից մյուս Կողմի տարածքում` սկսած 1991 թվականից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կխրախուսի և բարենպաստ պայմաններ կստեղծի մյուս Կողմի ներդրողների համար` իր տարածքում ներդրումներ կատարելու կապակցությամբ, և թույլ կտա նման ներդրումներն իր օրենքների և կանոնների համաձայն:

2. Յուրաքանչյուր Կողմի ներդրողների ներդրումները մյուս Կողմի տարածքում օգտվում են արդարացի և իրավահավասար վերաբերմունքից, լիակատար պաշտպանությունից և անվտանգությունից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳ (ՌԵԺԻՄ)

 

1. Յուրաքանչյուր Կողմ իր տարածքում մյուս Կողմի ներդրողների կատարած ներդրումներին կտրամադրի արդարացի ու իրավահավասար և ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ (ռեժիմ), քան այն, որը տրամադրում է իր սեփական ներդրողների կամ որևէ երրորդ պետության ներդրողների կատարած ներդրումներին և բացառում է խտրական բնույթի միջոցները, որոնք կարող են խոչընդոտել սեփական ներդրումների կառավարմանը և տնօրինմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետը չպետք է մեկնաբանվի որպես մի Կողմին պարտադրող` մյուս Կողմի ներդրողներին տրամադրելու ցանկացած պայմանակարգից (ռեժիմից) բխող օգուտներ, արտոնություններ կամ առավելություններ, որոնք կարող են տարածվել վերջինիս կողմից և բխում են`

ա) ցանկացած մաքսային միությունից կամ ազատ առևտրի գոտուց, կամ նման այլ միջազգային համաձայնագրերից, որոնք ազդում են համագործակցության ներդրումային պայմանակարգի (ռեժիմի) կամ համագործակցության այլ ձևերի վրա, որի մասնակիցն է կամ կարող է դառնալ ցանկացած Կողմը,

բ) ցանկացած միջազգային համաձայնագրից կամ պայմանավորվածությունից, որոնք լիովին կամ մասամբ վերաբերում են հարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Երբ ցանկացած Կողմի ներդրողների կատարած ներդրումները մյուս Կողմի տարածքում կորուստներ են կրում պատերազմի, զինված հակամարտության, ազգային արտակարգ դրության, հեղաշրջման, ապստամբության, դավադրության, տարերային աղետների, վթարների կամ նման այլ հանգամանքների հետևանքով, ապա նման ներդրումներին` դրանց վերականգնման, փոխհատուցման կամ որևէ այլ որոշում կայացնելու կապակցությամբ կտրամադրի ոչ պակաս բարենպաստ պայմանակարգ (ռեժիմ), քան տրամադրում է իր սեփական ներդրողների կամ որևէ երրորդ պետության ներդրողների ներդրումների նկատմամբ:

2. Չհակասելով սույն հոդվածի 1-ին կետի պայմաններին` մի Կողմի ներդրողներին, որոնք մյուս Կողմի տարածքում սույն կետում նշված որևէ իրադարձության հետևանքով վնասներ են կրում, կապված`

ա) իշխանությունների կողմից իր սեփականության բռնագրավման,

բ) իշխանությունների կողմից իր սեփականության ավերման, որը պայմանավորված չէ պատերազմական գործողություններով կամ իրավիճակի անհրաժեշտությամբ,

կտրամադրվի ազնիվ ու համարժեք փոխհատուցում կորուստների դիմաց, որոնք կրել են ներդրողները բռնագրավման կամ սեփականության ավերման արդյունքում:

Վճարումները, որոնք կծագեն, կփոխանցվեն ազատ փոխանակելի տարադրամով` առանց հետաձգման:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՕՏԱՐՈՒՄ

 

1. Ցանկացած Կողմի ներդրողների ներդրումները մյուս Կողմի տարածքում չեն կարող ազգայնացվել, բռնագրավվել կամ ենթարկվել այնպիսի միջոցառումների, որոնք կունենան նմանօրինակ ազդեցություն (այսուհետ` բռնագրավում), բացառությամբ ազգային օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Օտարումը կիրականացվի դատավարությանը համապատասխան, ոչ խտրական հիմունքներով, որին կհետևի համապատասխան և արդյունավետ փոխհատուցման անհապաղ վճարումը: Նման փոխհատուցումը հավասար կլինի ներդրման այն պահի շուկայական արժեքին, երբ հայտնի է դառնում բռնագրավումը կամ մոտալուտ բռնագրավումը, կներառի «LIBOR» տոկոսադրույք` սկսած բռնագրավման օրվանից, և կվճարվի այն տարադրամով, որով կատարվել է ներդրումը կամ, Կողմերի համաձայնությամբ, ներդրողի համար ընդունելի ցանկացած այլ տարադրամով, կկատարվի առանց ձգձգումների, կլինի արդյունավետորեն իրացվելի և ազատ փոխանցելի:

2. Տուժած ներդրողն իրավունք ունի անհապաղ դիմելու այդ Կողմի դատական իշխանություններին` իր դեպքը վերանայելու և իր ներդրումը, սույն հոդվածի սկզբունքներին համապատասխան, գնահատելու հարցով:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև այն դեպքում, երբ Կողմը բռնագրավում է այն ընկերության միջոցները, որն ստացել է բաժնետիրական ընկերության կարգավիճակ կամ հաստատվել է իր տարածքի ցանկացած մասում` գործող օրենսդրությանը համապատասխան, և որտեղ մյուս Կողմի ներդրողներն ունեն փայաբաժիններ:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

 

1. Կողմերը, իրենց գործող օրենսդրություններին համապատասխան, բոլոր հարկերի և այլ պարտադիր վճարումների կատարումից հետո երաշխավորում են ներդրումներին և եկամուտներին վերաբերող վճարումների փոխանցումը ազատ փոխանակելի արժույթով: Փոխանցումները կիրականացվեն առանց որևէ սահմանափակման և ուշացման:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար փոխարժեքները կլինեն պաշտոնական փոխարժեքները, որոնք ուժի մեջ են փոխանցման օրը, եթե այլ պայմանավորվածություն չկա:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ

 

Եթե Կողմերից մեկը մյուս Կողմի տարածքում իր ներդրողի կողմից կատարվող ներդրումների համար ֆինանսական երաշխիքներ է տալիս ոչ առևտրային ռիսկերի դիմաց և, այդ երաշխիքին համապատասխան, կատարում է վճարում, ապա մյուս Կողմը, սուբրոգացիայի հիման վրա, կճանաչի ներդրողի իրավունքի փոխանցումը առաջին Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՄԻ ԿՈՂՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՂԻ ՄԻՋԵՎ

 

1. Մի Կողմի ներդրողի և մյուս Կողմի միջև` վերջինիս տարածքում կատարած ներդրման առնչությամբ ծագող յուրաքանչյուր վեճ վիճող Կողմերի միջև կլինի բանակցությունների առարկա:

2. Եթե մի Կողմի ներդրողի և մյուս Կողմի միջև ծագած որևէ վեճ չի լուծվում այդ եղանակով գրավոր պահանջ ներկայացվելուց հետո վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողն իրավունք է ստանում այդ վեճը հանձնել`

ա) այն Կողմի դատական մարմնի քննմանը, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) ներդրումների առնչությամբ վեճերի լուծման միջազգային կենտրոնին (ICSID)` նկատի առնելով 1965թ. մարտի 18-ին Վաշինգտոնում (Կոլումբիայի մարզ) ստորագրման համար բաց` Պետությունների և մյուս պետությունների քաղաքացիների միջև ներդրումների առնչությամբ վեճերի լուծման մասին Կոնվենցիայի համապատասխան պայմանները, եթե երկու Կողմերն էլ այդ Կոնվենցիայի մասնակիցներ են հանդիսանում, կամ

գ) միջնորդ դատավորին կամ միջազգային «ad hoc» միջնորդ դատարանին, որը հիմնվել է համաձայն ՄԱԿ-ի Միջազգային առևտրի իրավունքի գծով հանձնաժողովի արբիտրաժային կանոնների («UNCITRAL»): Վեճի Կողմերը կարող են համաձայնել գրավոր փոփոխել այդ կանոնները: Միջնորդ դատարանի որոշումները կլինեն վերջնական և պարտադիր վեճի երկու Կողմերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը առաջին հերթին պետք է լուծվեն փոխադարձ խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:

2. Եթե այդպիսի վեճը դրա ծագման օրից հետո վեց ամսվա ընթացքում չի լուծվում նման եղանակով, ապա, ցանկացած Կողմի խնդրանքով, այն կհանձնվի միջնորդ դատարանին` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

3. Միջնորդ դատարանը կկազմվի յուրաքանչյուր առանձին դեպքի համար` հետևյալ եղանակով. արբիտրաժային որոշման մասին գրավոր դիմում ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ կնշանակի այդ դատարանի մեկական անդամ: Այնուհետև այդ երկու անդամները կընտրեն երրորդ երկրի քաղաքացու, որը, Կողմերի հավանությամբ, կնշանակվի դատարանի նախագահ (այսուհետ` նախագահ):

Նախագահը կնշանակվի մյուս երկու անդամների նշանակումից հետո երեք ամսվա ընթացքում:

4. Եթե անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում սույն հոդվածի 3-րդ կետում նշանակված ժամկետներում, ապա, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, յուրաքանչյուր Կողմը կարող է հրավիրել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե վերջինս որևէ Կողմի քաղաքացի է կամ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար կհրավիրվի փոխնախագահը: Եթե վերջինս նույնպես որևէ Կողմի քաղաքացի է կամ որևէ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումները կատարելու համար կհրավիրվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի` ըստ ավագության հաջորդ անդամը, որը ոչ մի Կողմի քաղաքացի չէ և առանց խոչընդոտների կարող է իրականացնել նշված գործառույթը:

5. Միջնորդ դատարանն իր որոշումները կընդունի ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումները պարտադիր կլինեն յուրաքանչյուր Կողմի համար: Յուրաքանչյուր Կողմը կկրի արբիտրաժային դատավարությունում իր անդամի և իր ներկայացուցչության ծախսերը, նախագահին վերաբերող և մյուս ծախսերը կկրեն հավասար չափով: Միջնորդ դատարանն ինքը կորոշի իր ընթացակարգը:

 

ՀՈԴՎԱԾ 11. ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

1. Եթե հարցը միաժամանակ կարգավորվում է սույն Համաձայնագրով և միջազգային այլ համաձայնագրերով, որի մասնակիցներ են երկու Կողմերն էլ, ապա սույն Համաձայնագրում ոչինչ չի կարող խոչընդոտել Կողմերին կամ նրանց ներդրողներին, որոնք ներդրումներ են կատարում մյուս Կողմի տարածքում, օգտվել իրենց համար ավելի բարենպաստ կանոնների առավելություններից:

2. Եթե այն պայմանակարգը (ռեժիմը), որը մի Կողմը, իր օրենքներին կամ կանոնակարգին համապատասխան, տրամադրում է մյուս Կողմի ներդրողներին, ավելի բարենպաստ է, քան այն, որը տրամադրվում է սույն Համաձայնագրով, ապա կտրամադրվի առավել բարենպաստը:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններն ու լրացումները կկատարվեն Կողմերի միջև գրավոր համաձայնությամբ: Ցանկացած ուղղում ուժի մեջ կմտնի, երբ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին ծանուցի նման ուղղման ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր համապատասխան ընթացակարգերի կատարման մասին:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումների փոխանակումից 30 օր անց:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է 10 տարի: Այնուհետև այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը նախապես` 12 ամիս առաջ, մյուս Կողմին գրավոր չի ծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

3. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը կատարված ներդրումների առնչությամբ սույն Համաձայնագրի պայմանները (1-11-րդ հոդվածներ) ուժի մեջ են դրա գործողության դադարեցման օրից տասը տարվա ընթացքում:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1996 թվականի հունիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների տարընթերցման դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 18-ից:

 

 

pin
Վրաստանի Հանրապետություն
Համաձայնագիր