i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով մյուս երկրի մարդկային ռեսուրսները, մշակույթին ու գիտությանը լավագույնս ծանոթանալու երկու երկրների ժողովուրդների ձգտումը,
ղեկավարվելով մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցությունն ու փոխանակումը զարգացնելու և խորացնելու փոխադարձ հետաքրքրությամբ,
համոզված, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ավանդական բարեկամական կապերի խորացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը երկու երկրների ապրելակերպին, մշակութային ժառանգությանը և ժամանակակից մշակութային ու գիտական նվաճումներին փոխադարձաբար ծանոթանալու, ինչպես նաև մասնագիտական փորձի փոխանակման նպատակով կխրախուսեն և կզարգացնեն համագործակցությունը մշակույթի, գիտության, կրթության, տեղեկատվության, երիտասարդական, մարզական ու զբոսաշրջային փոխանակումների ասպարեզում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կխրախուսեն համագործակցությունն ու ուղիղ կապերը համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և մյուս պետական հիմնարկների, բարձրագույն ու միջնակարգ ուսումնական հաստատությունների, գիտական հիմնարկների, ստեղծագործական միությունների, հասարակական երիտասարդական, մարզական և ոչ կառավարական այլ կազմակերպությունների միջև, ինչպես նաև համագործակցությունը` սույն Համաձայնագրով նախատեսված ասպարեզում աշխատող քաղաքացիների միջև:
ՀՈԴՎԱԾ 3
Կրթության բնագավառում համագործակցելու նպատակով Կողմերը.
1. կաջակցեն ակադեմիաների, բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների և այլ ուսումնական ու գիտահետազոտական հիմնարկների միջև փոխանակմանը,
2. կնպաստեն գիտնականների և դասախոսություն կարդալու համար դասախոսների փոխադարձ այցելություններին, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելուն, մասնակցությանը գիտաժողովներին, կոնֆերանսներին ու սեմինարներին,
3. կաջակցեն և կնպաստեն սովորելու, ստաժավորվելու, սեմինարներին մասնակցելու և գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների փոխանակմանը,
4. կրթաթոշակներ կտրամադրեն մյուս Կողմի` սույն հոդվածի երրորդ կետում թվարկված անձանց` համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններում սովորելու կամ կրթությունը շարունակելու համար,
5. կզարգացնեն մանկավարժական ու մեթոդական գրականության, ուսումնական ու դիտողական պարագաների, ուսումնական կինոնկարների փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կհամագործակցեն` ձգտելով հասնել դպրոցական դասագրքերում մյուս երկրի պատմության, աշխարհագրության ու մշակույթի այնպիսի լուսաբանման, որը կնպաստի ավելի լավ փոխըմբռնմանը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը նկատի ունենալով դասավանդման և գիտական հետազոտությունների ասպարեզում համագործակցության հետագա զարգացումը համարժեք են ճանաչում միջնակարգ մասնագիտական կրթության ատեստատները, պրոֆեսիոնալ-տեխնիկական և միջնակարգ մասնագիտական կրթության վկայականներն ու վկայագրերը` անկախ սովորողների գիտելիքների գնահատման գոյություն ունեցող կարգից:
Կողմերը անհրաժեշտ աշխատանք կտանեն բարձրագույն կրթության դիպլոմները փոխադարձաբար ճանաչելու հետ կապված հարցերի կարգավորման համար:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կաջակցեն Հայաստանում ապրող ուկրաինացի քաղաքացիների և ՈՒկրաինայում ապրող հայազգի քաղաքացիների մշակութային ու կրոնական պահանջմունքների բավարարման, ինչպես նաև ազգային ավանդույթների ու լեզվի պահպանության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Նրանք կխրախուսեն ազգային փոքրամասնությունների հասարակական մշակութային կազմակերպությունների գործունեությունը` գործող օրենսդրության շրջանակներում նրանց տալով մյուս երկրից օգնություն ստանալու իրավունք:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը կնպաստեն երկկողմ մշակութային համագործակցության` փոխշահավետ հիմունքով զարգացմանը:
Այդ նպատակով նրանք, իրենց հնարավորությունների շրջանակներում, կաջակցեն, մասնավորապես.
1. համերգներով, թատերական ներկայացումներով ու գեղարվեստական այլ ծրագրերով գեղարվեստական կոլեկտիվների, խմբերի և առանձին կատարողների հյուրախաղային ուղևորությունների ժամանակ անկախ այն բանից դրանք իրականացվում են համապատասխան կազմակերպությունների ու հիմնարկների միջև կնքված համաձայնագրերով, թե առևտրային ճանապարհով,
2. համագործակցության զարգացման, փորձի փոխանակման համար կամ ծանոթացման նպատակով նկարիչների, ճարտարապետների, քանդակագործների, կոմպոզիտորների, գրողների, լրագրողների, հրատարակչական, գրադարանային, թանգարանային, արխիվային աշխատողների և մշակույթի այլ ներկայացուցիչների ուղևորություններ կազմակերպելիս,
3. ցուցահանդեսներ, զեկուցումներ ու դասախոսություններ կազմակերպելիս,
4. սոցիալական, մշակութային ու գիտական բնույթի գրքերի և այլ հրապարակումների, արխիվային փաստաթղթերի ու կինոնկարների, մշակութային բովանդակության գրամոֆոնային և մագնիտաֆոնային ձայնագրությունների փոխանակում իրականացնելիս,
5. գեղարվեստական, գիտական ու մասնագիտական գրականության երկերի թարգմանությունները հրատարակելիս:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը կաջակցեն կինոյի ասպարեզում համագործակցությանը: Այդ նպատակով նրանք կխրախուսեն մասնավորապես, կինոշաբաթների ու կինոպրեմիերաների անցկացումը, գեղարվեստական փաստավավերագրական կինոնկարների փոխանակումը, գեղարվեստական ու փաստագրական կինոնկարների համատեղ արտադրությունը, ինչպես նաև փոխադարձ մասնակցությունը միջազգային փառատոններին:
Կխրախուսեն կինոկազմակերպությունների ու կինոպրոդյուսերների միջև անմիջական համագործակցությունը, կինոաշխատողների պատվիրակությունների և առանձին մասնագետների փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը կաջակցեն հեռուստառադիոհաղորդումների ոլորտում համագործակցությանը, մասնավորապես, հեռուստատեսային ու ռադիոծրագրերի փոխանակմանը, հեռուստատեսային կինոնկարների համատեղ արտադրությանը և ռադիոծրագրերի ու հեռուստատեսային կինոնկարների արտադրության ժամանակ ծառայությունների մատուցմանը:
Կխրախուսվի հեռուստատեսության և ռադիոյի կազմակերպությունների անմիջական համագործակցությունը, ինչպես նաև պատվիրակությունների առանձին մասնագետների փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը հոգ կտանեն իրենց տարածքում գտնվող մյուս երկրի հուշարձանների և պատմության ու մշակույթի օբյեկտների մասին և կապահովեն դրանք ուսումնասիրելու հնարավորությունները:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս երկրի տարածքում հիմնել իր մշակութային կենտրոնը, կնպաստի սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը:
Այդ կենտրոնների իրավաբանական կարգավիճակն ու աշխատանքի պայմանները կկարգավորվեն առանձին արձանագրությամբ:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը կխրախուսեն սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ասպարեզում, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդության արտադպրոցական դաստիարակության մյուս հիմնարկների միջև համագործակցությունն ու փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 13
Ելնելով սույն Համաձայնագրի նպատակներից` Կողմերը կխրախուսեն հանգստի կազմակերպման համար և ապրելաձևին, աշխատանքին ու մշակույթին փոխադարձաբար լավագույնս ծանոթանալու նպատակով զբոսաշրջային փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերն կաջակցեն հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կհամաձայնեցնեն համագործակցության երկարամյա ծրագրեր:
Ընդ որում, չի բացառվում աջակցությունը ծրագրերում չներառված, բայց իրենց բնույթով սույն Համաձայնագրի ոգուն համապատասխանող այլ միջոցառումների անցկացմանը:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերը կխրախուսեն տեղեկությունների ու տեղեկատվական նյութերի փոխանակման և լրագրողների մասնագիտական մակարդակի բարձրացման նպատակով հեռագրական գործակալությունների, զանգվածային տեղեկատվական մարմինների միջև, ինչպես նաև լրագրողների կազմակերպությունների միջև ուղիղ համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 17
Կողմերը կհիմնեն Խառը հանձնաժողով, որը կգումարվի համագործակցության երկամյա ծրագրի գործողության ժամանակամիջոցում առնվազն մեկ անգամ, հերթով Հայաստանի Հանրապետությունում և ՈՒկրաինայում:
Խառը հանձնաժողովն իր նիստերում կամփոփի փոխանակման ու համագործակցության արդյունքները, կմշակի սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված երկամյա ծրագրերը և կհամաձայնեցնի դրանց իրագործման տեխնիկական ու ֆինանսական պայմանները: Խառը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակամիջոցում երկամյա ծրագրերում լրացումներ կամ փոփոխություններ կարող են կատարվել փոխադարձ համաձայնությամբ:
Կողմերը գործող ծրագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կկատարեն ծրագրերի իրենց նախագծերի փոխանակումը:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ գործադրման առնչությամբ վեճերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 19
Կողմերը, փոխադարձության հիմունքով և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, ամեն կերպ կաջակցեն սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
ՀՈԴՎԱԾ 20
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ Կողմերը կփոխանակեն ծանուցումներ այն մասին, որ դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարված են:
Սույն Համաձայնագիրը գործելու է հինգ տարի ժամկետով, այն յուրաքանչյուր անգամ ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե հերթական հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Կողմերից ոչ մեկը մյուս Կողմին գրավոր ծանուցում չուղարկի դրա գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության ընդհատումը հիմք չի հանդիսանա դրա հիման վրա ընդունված` գործող ծրագրերի դադարեցման համար, եթե Կողմերը այլ պայմանավորվածություն չունենան:
Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մայիսի 14-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ուկրաիներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի սեպտեմբերի 4-ից: