i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
նկատի ունենալով միջազգային համագործակցության աճող դերը էներգետիկայի համակարգում,
ճանաչելով երկու երկրների միջև տեխնիկական համագործակցության առանձնակի կարևորությունը,
ձգտելով ընդլայնել համատեղ գործողությունները էներգետիկայի բնագավառում,
հետևելով տնտեսական հարաբերություններում իրավունքների հավասարության և փոխշահավետության և միջազգային իրավունքի այլ սկզբունքներին,
որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կաջակցեն միմյանց էներգետիկայի բնագավառում գիտական ու տեխնիկական համագործակցությանը, իրենցից յուրաքանչյուրի ներքին օրենսդրության համաձայն, ինչպես միջկառավարական, այնպես էլ համապատասխան գերատեսչությունների մակարդակով:
Հատուկ ջանքերը կուղղվեն նման համագործակցության խրախուսմանը հետևյալ ուղղություններում.
1. հիդրոէներգետիկական և հիդրոտեխնիկական կառույցների դիագնոստիկա և վերականգնում,
2. փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների համատեղ կառուցում և շահագործում, նախագծում,
3. փոքր հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների արտադրության կազմակերպում,
4. փոքր հիդրոէլեկտրակայանների կարգավորման և ավտոմատ կառավարման սարքավորումների արտադրության կազմակերպում, այդ թվում` համատեղ ձեռնարկության կարգավիճակով,
5. նավթավերամշակման գործարանի կառուցման կամ քիմիական արդյունաբերության` «Պոլիվինիլացետատ» գործարանի վերապրոֆիլավորման նախագծերի հիմնավորման մշակում և հետագա իրացում,
6. մասնագետների փոխանակում և որակավորման բարձրացում նավթի հանույթի, վերամշակման, տեղափոխման բնագավառներում,
7. համագործակցության հետագա ծավալում էներգետիկայի բնագավառում` ըստ Սևծովյան տարածաշրջանային էներգետիկական կենտրոնի ծրագրի,
8. համագործակցության հետագա ծավալում միջուկային էներգետիկայի անվտանգության բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 2
Նշված գիտական և տեխնիկական համագործակցությունը կիրականացվի հետևյալ միջոցներով.
1. գիտական և տեխնիկական տեղեկության ու փաստաթղթերի փոխանակում,
2. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ էներգետիկ հետազոտական ծրագրերի մշակում,
3. փոխադարձ համագործակցություն էներգաշինարարության բնագավառում:
Համագործակցության կոնկրետ ծրագրերը, որպես կանոն, կիրագործվեն պայմանագրային հիմունքներով:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրին համապատասխան` համագործակցության յուրաքանչյուր կոնկրետ ոլորտին առնչվող հարցերով աշխատանքային ծրագրեր կկազմվեն և կիրականացվեն երկու երկրների իրավասու պետական մարմինների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա:
Պայմանավորվող կողմերի իրավասու ներկայացուցիչները պարբերաբար` տարին մեկ անգամ, կարող են փոխադարձաբար հանդիպել Հայաստանում և Ռումինիայում` սույն Համաձայնագրի դրույթների կատարման ապահովման և աշխատանքային ծրագրերի խթանման ու վերահսկման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն համագործակցության Համաձայնագրի բոլոր ծախսերը` կապված պատվիրակությունների միջազգային ճամփորդությունների հետ, կկատարվեն ուղարկվող երկրի կողմից: Ընդունող Կողմը կկատարի ժամանող պատվիրակության հյուրընկալության ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 5
Համագործակցության սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկու երկրների գործող օրենսդրության համաձայն, իրավասու մարմինների կողմից վավերացման վերաբերյալ ծանուցումը ստանալու պահից և կգործի 5 տարի ժամկետով` սկսած ստորագրման պահից:
Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերից ոչ մեկը համապատասխան ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չտեղեկացնի մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է 1996 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տեքստի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 24-ից: