i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն ընդունում են հրապարակման համար բաց և նորմատիվ իրավական ակտերի թեմատիկ ցանկում /կցվում է/ նշված հարցերով տեղեկության երկկողմ փոխանակման անհրաժեշտությունը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս Կողմին տրամադրել իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկություն: Համագործակցության ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկությունը կարող է երրորդ կողմի տրամադրվել միայն այդ տեղեկությունը տրամադրած Կողմի համաձայնության դեպքում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական պաշարները, իրավական տեղեկության փոխանակման համար կազմակերպում են անհրաժեշտ տվյալների սեփական չափանիշային կայաններ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը, իրականացնելով իրավական տեղեկության փոխանակման համակարգի ստեղծման համաձայնեցված միջոցառումներ, համապատասխանաբար որոշում են.
այն լիազոր մարմինը (նախարարություն, կոմիտե, գերատեսչություն), որն իրականացնում է տվյալների ազգային չափանիշային կայանների ստեղծման և հաղորդակցման միջոցների զարգացման աշխատանքների համակարգումը` իրավական տեղեկության միջպետական փոխանակման համար,
տեղեկատվությունից օգտվող սուբյեկտների ցանկը,
տեղեկատվության իրավական կարգավիճակը, նորմատիվ կարգով սահմանված կանոնները, որոնք որոշում են տեղեկատվության բաց լինելու աստիճանը, փաստաթղթավորման, մատչելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը ապահովում են համատեղ օգտագործման համար սահմանված իրավական տեղեկատվության ազգային միջոցների (տվյալների չափանիշային կայանների) մատչելիությունը, դրանք ապահովում են այժմեական (հսկիչ) վիճակում և պատասխանատվություն են կրում տեղեկատվական տվյալների ու ծառայությունների ամբողջականության, հավաստիության և ժամանակին տրամադրելու համար:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ իրավական տեղեկության փոխանակումներն իրականացնում են փաստաթղթերի էլեկտրոնային փոխանցման միջոցով` պահպանելով միջազգային ստանդարտներով բաց համակարգերի համար հաղորդակցությունների և փաթեթների կոմուտացիայի հաստատված ձևերը, կամ տեղեկությունը իրավական ակտերն օգտագործող սուբյեկտներին թղթակիրների վրա ռուսերենով տրամադրելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերն անհրաժեշտ են համարում.
տվյալների կայանները փոխանակելիս միմյանց տրամադրել Կողմերի ու նրանց հաստատությունների դասակարգիչները,
իրավական տեղեկության փոխանակում կատարել` օգտագործելով համակարգերի գործող` տեղեկատվական, հաղորդակցական միջոցների համակարգերը, ինչպես նաև գաղտնի կապի նոր ստեղծվող համակարգերը:
ՀՈԴՎԱԾ 8
Իրավական տեղեկության փոխանակումն իրականացվում է Համաձայնագրին մասնակցող Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
Կողմերը կքննարկեն իրենց տարածքներում գործող օրենսդրական ակտերի մերձեցման մասին հարցը:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին ծանուցումների փոխանակման պահից:
Կողմերն իրավունք ունեն դուրս գալու սույն Համաձայնագրից: Սույն Համաձայնագրին մասնակցելուց Կողմի հրաժարվելը ուժի մեջ է մտնում հրաժարման մասին Կողմի գրավոր ծանուցումը փոխանցելուց վեց ամիս հետո:
Կողմերն իրավասու են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում: Բոլոր փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Կատարված է Երևան քաղաքում 1996 թվականի մարտի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և թուրքմեներեն:
Համաձայնագրի բոլոր տեքստերն էլ ունեն միատեսակ իրավաբանական ուժ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի օգոստոսի 30-ից:
Հավելված
«Հայաստանի Հանրապետության
կառավարության և Թուրքմենստանի
կառավարության միջև իրավական
տեղեկության փոխանակման մասին»
Համաձայնագրի
ՑԱՆԿ
միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի
1. Պետական կարգի հիմունքներ
2. Քաղաքացիական իրավունք
3. Ամուսնություն և ընտանիք
4. Քաղաքացիական դատավարության օրենսդրություն
5. Արբիտրաժային դատավարություն
6. Աշխատանքի տեղավորում և բնակչության զբաղվածություն
7. Աշխատանք
8. Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն
9. Ֆինանսներ և վարկ
10. Ժողովրդական տնտեսություն (ամբողջությամբ)
11. Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն
12. Արդյունաբերություն
13. Կապիտալ շինարարություն և հիմնանորոգում
14. Քաղաքաշինություն և ճարտարապետական համալիրներ
15. Գյուղատնտեսություն և ագրոարդյունաբերական համալիրներ
16. Առևտուր
17. Բնակարանային կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային
սպասարկում
18. Տրանսպորտ և կապ
19. Կրթություն
20. Գիտություն
21. Մշակույթ
22. Քաղաքացիների առողջության պահպանում
23. Բնակչության ֆիզիկական դաստիարակություն
24. Շրջակա բնական միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների
ռացիոնալ օգտագործում (ամբողջությամբ)
25. Հողի մասին օրենսդրություն
26. Ընդերքի մասին օրենսդրություն
27. Անտառների պահպանություն և օգտագործում
28. Ջրերի պահպանություն և օգտագործում
29. Կենդանական աշխարհի պահպանություն և օգտագործում
30. Մթնոլորտային օդի պահպանություն
31. Երկրաբաշխություն և քարտեզագրություն
32. Հիդրոօդերևութաբանություն
33. Պետական ծառայություն
34. Պաշտպանություն
35. Պետական անվտանգություն
36. Մաքսային գործ
37. Հասարակական կարգի պահպանություն
38. Դատարան: Արդարադատություն: Դատախազություն
39. Քրեական օրենսդրություն
40. Քրեական դատավարության օրենսդրություն
41. ՈՒղղիչ աշխատանքային օրենսդրություն
42. Վարչական պատասխանատվություն
43. Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ
44. Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն
45. Արտաքին տնտեսական հարաբերություններ