i
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը,
ձգտելով աջակցել երկու պետությունների բարեկամական հարաբերությունների զարգացմանը,
Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև երկու պետությունների և նրանց քաղաքացիների իրավունքների ու շահերի առավել արդյունավետ պաշտպանության նպատակով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ
Սույն Կոնվենցիայում`
1) «հյուպատոսական հիմնարկ» նշանակում է` ցանկացած գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն,
2) «հյուպատոսական շրջան» նշանակում է` այն շրջանը, որը հյուպատոսական հիմնարկին հատկացված է իր պարտականությունների կատարման համար,
3) «հյուպատոսական հիմնարկի ղեկավար» նշանակում է` անձ, որին հանձնարարված է հանդես գալ որպես այդպիսին,
4) «հյուպատոսական պաշտոնատար անձ» նշանակում է` ցանկացած անձ, ներառյալ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է հյուպատոսական գործառույթների կատարումը` որպես այդպիսին,
5) «հյուպատոսական հիմնարկի աշխատակից» նշանակում է` հյուպատոսական հիմնարկում վարչական կամ տեխնիկական պարտականություններ կատարող ցանկացած անձ,
6) «անձնակազմին սպասարկող աշխատող» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի սպասարկման գծով պարտականություններ կատարող ցանկացած անձ,
7) «հյուպատոսական հիմնարկի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ,
8) «հյուպատոսական անձնակազմի աշխատողներ» նշանակում է` հյուպատոսական պաշտոնատար անձինք /բացառությամբ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի/, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ և սպասարկող անձնակազմի աշխատողներ,
9) «մասնավոր տնային աշխատող» նշանակում է` բացառապես հյուպատոսական հիմնարկի աշխատողի մոտ մասնավոր ծառայության մեջ գտնվող անձ,
10) «հյուպատոսական շինություններ» նշանակում է` բացառապես հյուպատոսական հիմնարկի համար օգտագործվող շենքը կամ շենքերի մի մասը և տվյալ շենքը կամ շենքերի մի մասը սպասարկող հողակտորը, ում էլ որ պատկանելիս լինի դրանց սեփականության իրավունքը,
11) «հյուպատոսական արխիվները» ընդգրկում են հյուպատոսական հիմնարկի բոլոր թղթերը, փաստաթղթերը, թղթակցությունները, գրքերը, ֆիլմերը, ձայներիզները, սկավառակներն ու ցուցակները` ծածկագրերի ու գաղտնագրերի, քարտարանների և կահավորանքի ցանկացած առարկայի հետ մեկտեղ, որոնք նախատեսված են դրանց պահպանվածությունն ապահովելու կամ պահելու համար,
12) «Ներկայացվող պետության նավ» նշանակում է` ցանկացած նավ, բացառությամբ ռազմանավերի, որը գրանցված է Ներկայացվող պետության օրենսդրությանը համապատասխան և իրավունք ունի նավարկելու Ներկայացվող պետության դրոշի տակ,
13) «Ներկայացվող պետության օդանավ» նշանակում է` ցանկացած թռչող սարք, բացառությամբ ռազմական թռչող սարքերի, որը գրանցված է Ներկայացվող պետության օրենսդրությանը համապատասխան և իրավունք ունի կրելու այդ պետության տարբերիչ նշանները,
14) «Ներկայացվող պետության քաղաքացի» նշանակում է` Ներկայացվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ. կիրառելի դեպքերում նաև նշանակում է Ներկայացվող պետության ցանկացած իրավաբանական անձ,
15) «ընտանիքի անդամ» նշանակում է` հյուպատոսական հիմնարկի աշխատողի կինը /ամուսինը/, երեխաները և ծնողները, որոնք ապրում են նրա հետ և նրա խնամքի տակ են գտնվում:
ՀՈԴՎԱԾ 2. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԲԱՑԵԼԸ
1. Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկ Ընդունող պետության տարածքում կարող է բացվել միայն Ընդունող պետության համաձայնությամբ:
2. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը, նրա կարգը, հյուպատոսական շրջանը և հյուպատոսական պաշտոնատար անձանց թվաքանակը սահմանվում են Ներկայացվող պետության և Ընդունող պետության միջև կայացված համաձայնությամբ:
3. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի, նրա կարգի և հյուպատոսական շրջանի կամ հյուպատոսական պաշտոնատար անձանց թվաքանակի հետագա փոփոխությունները Ներկայացվող պետության կողմից իրագործվել կարող են միայն Ընդունող պետության համաձայնությամբ:
4. Ընդունող պետության համաձայնությունն է պահանջվում նաև, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում են փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն բացել ոչ այն բնակավայրում, որտեղ դրանք գտնվում են:
5. Ընդունող պետության` որոշակի արտահայտված նախնական համաձայնությունն է անհրաժեշտ նաև գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի մասը կազմող գրասենյակ բացելու համար /հիմնարկի գտնվելու վայրից դուրս/:
ՀՈԴՎԱԾ 3. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՒՄԸ
1. Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումից առաջ դիվանագիտական կամ այլ համապատասխան ուղիներով պետք է ստացվի Ընդունող պետության համաձայնությունը առաջադրվող անձի նկատմամբ:
Եթե Ընդունող պետությունը որևէ անձի` որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակմանը համաձայնություն չի տալիս, նա պարտավոր չէ այդպիսի մերժման շարժառիթները հայտնել Ներկայացվող պետությանը:
2. Ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով Ընդունող պետության արտաքին գործերի նախարարին հյուպատոսական հիմնարկի ղեկավար նշանակելու համար հյուպատոսական վկայագիր կամ ուրիշ համանուն փաստաթուղթ է ուղարկում: Այդ փաստաթղթում նշվում են հյուպատոսական հիմնարկի ղեկավարի անունը, ազգանունը, նրա աստիճանակարգը, հյուպատոսական շրջանը և հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը:
3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման համար հյուպատոսական վկայագիր կամ համանման այլ փաստաթուղթ ստանալիս Ընդունող պետությունը նրան տալիս է էկզեկվատուրա /հյուպատոսական ճանաչումը հաստատող փաստաթուղթ/:
4. Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում և 4-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր գործառույթների կատարմանը ձեռնամուխ լինել կարող է միայն այդպիսի էկզեկվատուրա կամ այլ թույլտվություն ստանալուց հետո:
5. Ընդունող պետությունը կարող է հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրել իր գործառույթները կատարել ժամանակավոր հիմունքներով` մինչև էկզեկվատուրա կամ այլ թույլտվություն ստանալը: Այս դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:
6. Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվի, նույնիսկ ժամանակավորապես, կատարել իր գործառույթները, Ընդունող պետությունն անհապաղ այդ մասին պետք է ծանուցի հյուպատոսական շրջանի իրավասու մարմիններին: Բացի այդ, նա ապահովում է այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր պաշտոնական պարտականությունները և օգտվել սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից:
ՀՈԴՎԱԾ 4. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը որևէ պատճառով չի կարող իր գործառույթները կատարել, կամ եթե այդ պաշտոնը թափուր է, Ներկայացվող պետությունը կարող է Ընդունող պետությունում տվյալ կամ մեկ այլ հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձի կամ Ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներից մեկին լիազորել որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողի: Ներկայացվող պետությունը պետք է Ընդունող պետությանը վաղօրոք հաղորդի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնն ու աստիճանակարգը:
2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողը օգտվում է սույն Կոնվենցիայով հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տրվող իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:
3. Դիվանագիտական անձնակազմի այն անդամը, որը նշանակված է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է օգտվել դիվանագիտական այն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նրան տրված են իր դիվանագիտական կարգավիճակի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 5. ԾԱՆՈՒՑՈՒՄ ԺԱՄԱՆՄԱՆ ԵՎ ՄԵԿՆՈՒՄԻ ՄԱՍԻՆ
1. Ներկայացվող պետությունը հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի իրավասու մարմիններին գրավոր հաղորդում է հետևյալը`
ա) հյուպատոսական հիմնարկի աշխատողների լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանակարգը, նրանց ժամանման և վերջնական մեկնման կամ նրանց պարտականությունների դադարեցման օրը, ինչպես նաև` հյուպատոսական հիմնարկում աշխատելու ժամանակամիջոցում նրանց ծառայողական դրության մեջ կատարված փոփոխությունների մասին,
բ) հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամների և մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնումի օրը, ինչպես նաև` նրանց կարգավիճակում կատարված փոփոխությունների մասին:
2. Ժամանման և վերջնական մեկնումի մասին ծանուցումը պետք է կատարվի հնարավորին չափ վաղօրոք:
3. Ընդունող պետության իրավասու մարմինները համապատասխան վկայականներ են տալիս հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին:
ՀՈԴՎԱԾ 6. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ
Հյուպատոսական պաշտոնատար անձ կարող է լինել միայն Ներկայացվող պետության քաղաքացին, սակայն նա չպետք է լինի Ընդունող պետությունում մշտական բնակվող անձ:
ՀՈԴՎԱԾ 7. «PERSONA NON GRATA» ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՆՁԻՆՔ
1. Ընդունող պետությունը կարող է դիվանագիտական ուղիներով Ներկայացվող պետությանը ցանկացած ժամանակ ծանուցել այն մասին, որ այս կամ այն հյուպատոսական պաշտոնատար անձը «անցանկալի անձ» է, կամ, որ հյուպատոսական անձնակազմի ցանկացած աշխատող անընդունելի է: Այդ դեպքում Ներկայացվող պետությունը պետք է, համապատասխանաբար, հետ կանչի այդ անձին կամ դադարեցնի նրա պարտականությունների կատարումը հյուպատոսական հիմնարկում:
2. Եթե Ներկայացվող պետությունը հրաժարվի կատարել կամ խելամիտ ժամանակամիջոցում չկատարի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված իր պարտականությունները, Ընդունող պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ հայտարարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ այլ որոշումը կամ էլ դադարի նրան հյուպատոսական անձնակազմի աշխատող համարելուց:
3. Որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան Ընդունող պետության տարածք ժամանելը կամ, եթե նա արդեն Ընդունող պետությունում է գտնվում, ապա նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Ցանկացած այդպիսի պարագայում Ներկայացվող պետությունը չեղյալ է հայտարարում նրա նշանակումը:
4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում հիշատակված դեպքերում Ընդունող պետությունը պարտավոր չէ իր որոշման շարժառիթների մասին հաղորդել Ներկայացվող պետությանը:
ՀՈԴՎԱԾ 8. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ
1. Ներկայացվող պետությունն իրավունք ունի իր անունից կամ իր կողմից լիազորված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան և այդ պետության համաձայնությամբ, որպես սեփականություն ձեռք բերել, օգտագործելու համար ստանալ, վարձակալել կամ ցանկացած որևէ ձևով ունենալ`
ա) հյուպատոսական շենքեր, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայր, ինչպես նաև բնակելի շենք ցանկացած հյուպատոսական հիմնարկի և հյուպատոսական հիմնարկի աշխատակցի համար, որն Ընդունող պետության քաղաքացի չէ կամ այդ պետությունում մշտական բնակության վայր չունի,
բ) այդպիսի ցանկացած հյուպատոսական կամ բնակելի շենքերի կառուցման համար նախատեսված հողամաս:
2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պայմաններին համապատասխան` Ներկայացվող պետությունը կարող է նաև բարելավել այդպիսի հյուպատոսական ու բնակելի շենքերը կամ հողամասը:
3. Ընդունող պետությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն և աջակցություն է ցույց տալիս Ներկայացվող պետությանը:
4. Սույն հոդվածում ոչինչ չպետք է մեկնաբանել որպես Ներկայացվող պետությունը Ընդունող պետության` շենքերի տեղադրությունն ու կառուցվածքը կարգավորող օրենքներն ու կանոնները, ինչպես նաև քաղաքային պլանավորումը, շրջանայնացումն ու հողօգտագործումը կարգավորող օրենքներն ու կանոնները պահպանելու պատասխանատվությունից ազատող:
ՀՈԴՎԱԾ 9. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼԸ
Ընդունող պետությունը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի հյուպատոսական հիմնարկը կատարի իր պարտականությունները: Նա հյուպատոսական հիմնարկի աշխատողների համար ապահովում է իր պաշտպանությունը և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատողները կարողանան կատարել իրենց պարտականությունները և, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, օգտվել արտոնություններից և անձեռնմխելիությունից:
ՀՈԴՎԱԾ 10. ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ
1. Ներկայացվող պետությունը, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իրավունք ունի Ընդունող պետությունում օգտվելու իր պետական դրոշից ու զինանշանից:
2. Ներկայացվող պետության պետական դրոշը կարող է կախվել և նրա պետական զինանշանը ամրացվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքի վրա` մուտքի դռների վերևում, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրում և, երբ դա կապված է ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա երթևեկության միջոցների վրա:
3. Ներկայացվող պետությունը սույն հոդվածում նախատեսված իրավունքներն իրականացնելիս ուշադրության է առնում Ընդունող պետության օրենքները, կանոններն ու սովորույթները:
ՀՈԴՎԱԾ 11. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Հյուպատոսական շենքերն անձեռնմխելի են սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
2. Ընդունող պետության իշխանությունները չեն կարող մտնել հյուպատոսական շենքերի այն մասը, որը բացառապես օգտագործվում է հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար, ոչ այլ կերպ, քան միայն հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ նրանցից մեկի կողմից նշանակված անձի համաձայնությամբ: Եթե չլինի սույն կետում հիշատակված անձանց ուղղակի մերժումը, ապա հրդեհի կամ պաշտպանության անհապաղ միջոցառումները պահանջող մեկ այլ տարերային աղետի դեպքում Ընդունող պետության իշխանությունները կարող են մուտք գործել հյուպատոսական շենքերը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով` Ընդունող պետության վրա ընկած է այլևայլ ներխուժումներից կամ վնաս հասցնելուց հյուպատոսական շենքերը պաշտպանելու և հյուպատոսական հիմնարկի անդորրի ամեն մի խանգարումը կամ նրա արժանապատվության վիրավորումը կանխելու համար հարկ եղած բոլոր միջոցները ձեռնարկելու հատուկ պարտականությունը:
4. Հյուպատոսական շենքերը, նրանց կահավորանքի իրերը, հյուպատոսական հիմնարկի գույքը, ինչպես նաև նրա երթևեկության միջոցները Ընդունող պետության պետական պաշտպանության նպատակով կամ նրա հասարակական կարիքների համար բոլոր տեսակի բռնագրավումների հարցում օգտվում են անձեռնմխելիությունից:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները տարածվում են նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շենքերի վրա:
ՀՈԴՎԱԾ 12. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Հյուպատոսական արխիվներն ու հյուպատոսական փաստաթղթերը անձեռնմխելի են ցանկացած ժամանակ և անկախ դրանց գտնվելու վայրից:
ՀՈԴՎԱԾ 13. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Հյուպատոսական շենքերը և հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրը, որոնց սեփականատերը կամ վարձակալը Ներկայացվող պետությունն է կամ նրա անունից գործող որևէ անձ, ազատվում են պետական, շրջանային կամ տեղական /մունիցիպալ/ բոլոր հարկերից, գանձումներից ու տուրքերից, բացառությամբ նրանց, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման կոնկրետ տեսակների համար վարձավճար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հարկային պահումները չեն տարածվում այն գանձումների ու մաքսատուրքերի վրա, որոնցով, ըստ Ընդունող պետության օրենքների ու կանոնների, հարկվում են Ներկայացվող պետության կամ նրա անունից գործող անձի հետ պայմանագիր կնքած անձինք:
ՀՈԴՎԱԾ 14. ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Քանի դեռ դա չի հակասում Ընդունող պետության այն գոտիների մասին օրենքներին ու կանոններին, որտեղ մուտք գործելն արգելվում է կամ կարգավորվում է պետական անվտանգության նկատառումներով, Ընդունող պետությունը հյուպատոսական հիմնարկի բոլոր աշխատողների համար ապահովում է իր տարածքով տեղաշարժվելու և ուղևորություն կատարելու ազատություն:
ՀՈԴՎԱԾ 15. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդունող պետությունը պետք է բոլոր պաշտոնական նպատակների համար թույլատրի և պահպանի հյուպատոսական հիմնարկի հարաբերությունների ազատությունը: Ներկայացվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հարաբերվելիս, որտեղ էլ որ դրանք գտնվելիս լինեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել բոլոր հարմար միջոցներից` ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական ու հյուպատոսական վալիզները /փոստապարկ/ և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Սակայն հյուպատոսական հիմնարկը ռադիոընդունիչ տեղակայել և դրանից օգտվել կարող է միայն Ընդունող պետության համաձայնությամբ:
2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունն անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրության տակ հասկացվում է հյուպատոսական հիմնարկին և նրա գործառույթներին վերաբերող ողջ թղթակցությունը:
3. Հյուպատոսական վալիզը /փոստապարկը/ կազմող բոլոր տեղերը պետք է ունենան դրանց բնույթը նշող` տեսանելի արտաքին նշաններ և կարող են պարունակել միայն պաշտոնական գրագրություններ ու փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:
4. Հյուպատոսական վալիզը /փոստապարկը/ ենթակա չէ ոչ բացման, ոչ էլ կալանման, սակայն այն դեպքում, երբ Ընդունող պետության իրավասու իշխանությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ այն սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված թղթակցությունից, փաստաթղթերից կամ առարկաներից բացի, ինչ-որ այլ բան է պարունակում, նրանք կարող են պահանջել, որ վալիզը իրենց ներկայությամբ բացի Ներկայացվող պետության լիազոր ներկայացուցիչը: Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության իշխանությունները հրաժարվեն այդ պահանջը կատարելուց, վալիզը կվերադարձվի այնտեղ, որտեղից այն ուղարկվել է:
5. Հյուպատոսական սուրհանդակին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշվում են նրա կարգավիճակն ու հյուպատոսական վալիզը կազմող տեղերի թվաքանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ կա Ընդունող պետության համաձայնությունը, սուրհանդակը չի կարող լինել ոչ Ընդունող պետության քաղաքացի, ոչ էլ, թե նա Ներկայացվող պետության քաղաքացին չէ, Ընդունող պետությունում մշտական բնակվող անձ: Իր պարտականությունները կատարելիս նա գտնվում է Ընդունող պետության պաշտպանության տակ, օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ ոչ ձերբակալման, ոչ էլ որևէ ձևով կալանման:
6. Ներկայացվող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հյուպատոսական հատուկ սուրհանդակներ: Այդպիսի դեպքերում նույնպես կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները` այն բացառությամբ, որ դրանում հիշատակված անձեռնմխելիությունը դադարեցվում է այն պահից, երբ այդպիսի սուրհանդակն իրեն վստահված հյուպատոսական վալիզը հասցնում է նշանակված կհասցնի:
7. Հյուպատոսական վալիզը կարող է վստահվել այն նավահանգիստը կամ օդանավակայանը մեկնող նավի կամ քաղաքացիական ինքնաթիռի հրամանատարին, որտեղ թույլատրված է ժամանել: Նրան տրվում է պաշտոնական փաստաթուղթ` նշելով վալիզը կազմող տեղերի թիվը, բայց նա հյուպատոսական սուրհանդակ չի համարվում: Տեղական իրավասու մարմինների համաձայնությամբ հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատողներից մեկին ուղարկել` անմիջականորեն և անարգել վալիզն ընդունելու նավի կամ ինքնաթիռի հրամանատարից, ինչպես նաև նրան այդպիսի վալիզ հանձնելու:
ՀՈԴՎԱԾ 16. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամներն օգտվում են անձնական անձեռնմխելիությունից: Նրանք ենթակա չեն ձերբակալման կամ որևէ ձևով կալանման:
2. Ընդունող պետությունը հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամներին վերաբերվում է պատշաճ հարգանքով և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է նրանց անձնական ազատության և արժանապատվության նկատմամբ որևէ ոտնձգություն կանխելու համար:
ՀՈԴՎԱԾ 17. ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Ընդունող պետությունում օգտվում են քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից, բացի հետևյալ քաղաքացիական հայցերի`
ա) որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձանց կնքած պայմանագրերից, որոնցով նրանք ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ չեն ստանձնել որպես Ներկայացվող պետության գործակալներ,
բ) երրորդ կողմի հայցով` այն վնասի համար, որ հասցրել է ճանապարհատրանսպորտային միջոցի, նավի կամ ինքնաթիռի պատճառած դժբախտ դեպքը:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներն ու սպասարկող անձնակազմի աշխատողները ենթակա չեն Ընդունող պետության քրեական, քաղաքացիական ու վարչական իրավազորությանը այն բանում, ինչը վերաբերում է նրանց ծառայողական գործունեությանը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում շարադրված քաղաքացիական հայցերի:
ՀՈԴՎԱԾ 18. ՎԿԱՅԻ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը պարտավոր է որպես վկա ցուցմունքներ տալ:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցն ու հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողը կարող են որպես վկա ցուցմունքներ տալու համար կանչվել Ընդունող պետության դատարանների կամ այլ իրավասու իշխանությունների առջև: Նրանք կարող են հրաժարվել ծառայողական գործունեությանը վերաբերող հանգամանքների մասին որպես վկա ցուցմունքներ տալուց:
Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում, հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողի նկատմամբ որևէ հարկադիր միջոց ձեռնարկելն անթույլատրելի է:
3. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, որոնց հարկավոր է հյուպատոսական հիմնարկի որևէ աշխատակցի կամ սպասարկող անձնակազմի աշխատողի ցուցմունքները, պետք է խուսափեն նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց: Նրանք կարող են, եթե դա հնարավոր է, այդ աշխատակցից կամ սպասարկող անձնակազմի աշխատողից այդ ցուցմունքները ստանալ հյուպատոսական շենքում կամ նրանց տանը կամ էլ` նրանցից գրավոր ցուցմունքներ վերցնել:
ՀՈԴՎԱԾ 19. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ
1. Ներկայացվող պետությունը կարող է մերժել հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ցանկացած արտոնություն ու անձեռնմխելիությունը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներում:
2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի, այդպիսի մերժումը միշտ պետք է լինի որոշակիորեն արտահայտված և այդ մասին պետք է գրավոր հաղորդվի Ընդունող պետությանը:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կողմից գործի հարուցումը այն դեպքում, երբ նա, 17-րդ հոդվածի համաձայն, կարող էր օգտվել իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հակընդդեմ հայցի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը վկայակոչելու իրավունքից:
4. Քաղաքացիական կամ վարչական գործի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության մերժումը չի նշանակում մերժել դատական վճռի արդյունք հանդիսացող հարկադիր գործողությունների նկատմամբ անձեռնմխելիությունը. նման գործողությունների նկատմամբ հարկավոր է առանձին մերժում:
ՀՈԴՎԱԾ 20. ԱԶԱՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԳՐԱՆՑԵԼՈՒՑ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱԶԱՏՈՒՄԸ
Հյուպատոսական պաշտոնատար անձինք, հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամներն ազատվում են օտարերկրացիների գրանցման վերաբերյալ Ընդունող պետության օրենքներով ու կանոններով նախատեսված բոլոր պարտավորություններից և բնակության համար թույլտվություն ստանալուց:
ՀՈԴՎԱԾ 21. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒՑ ԱԶԱՏՈՒՄԸ
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողներն այն բանում, ինչը Ներկայացվող պետության համար աշխատանք կատարելուն է վերաբերում, ազատվում են աշխատանքի համար թույլտվություն ստանալու հետ կապված բոլոր պարտավորություններից, որոնք սահմանված են օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու վերաբերյալ Ընդունող պետության օրենքներով ու կանոններով:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների մասնավոր տնային աշխատողները, եթե նրանք Ընդունող պետությունում եկամուտ ստանալու նպատակով որևէ այլ գործունեությամբ չեն զբաղվում, ազատվում են այն պարտականություններից, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում:
ՀՈԴՎԱԾ 22. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐ
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի, Ընդունող պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումները հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների վրա չեն տարածվում այն մասով, ինչը վերաբերում է Ներկայացվող պետության համար նրանց կատարած աշխատանքին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված բացառումը տարածվում է նաև մասնավոր տնային աշխատողների վրա, որոնք բացառապես գտնվում են հյուպատոսական հիմնարկի աշխատողների մոտ ծառայության մեջ, պայմանով, որ`
ա) նրանք Ընդունող պետության քաղաքացիներ չեն և այնտեղ մշտապես չեն բնակվում, և
բ) նրանց վրա տարածվում են Ներկայացվող պետությունում կամ երրորդ պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ կանոնները:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք վարձում են այնպիսի անձանց, որոնց վրա չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված բացառումները, պետք է կատարեն Ընդունող պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումներով վարձակալների վրա դրվող պարտավորությունները:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված բացառումները չեն խոչնդոտում Ընդունող պետությունում սոցիալական ապահովության համակարգի կամավոր մասնակցությանը` պայմանով, որ այդպիսի մասնակցությունը թույլատրվում է այդ պետության կողմից:
ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն ազատվում են անձնական ու գույքային, պետական, շրջանային և տեղական /մունիցիպալ/ բոլոր հարկերից, գանձումներից ու տուրքերից, բացառությամբ`
ա) անուղղակի հարկերի, որոնք սովորաբար ներառվում են ապրանքների կամ սպասարկման արժեքի մեջ,
բ) Ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի համար կատարվող գանձումներից ու հարկերից` 13-րդ հոդվածի դրույթներում նախատեսված բացառումներով,
գ) ժառանգված գույքի վրա դրվող հարկերի կամ ժառանգելու համար դրվող տուրքերի կամ գույքի փոխանցման վրա դրվող հարկերի, որոնք գանձում է Ընդունող պետությունը 25-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներում նախատեսված բացառություններով,
դ) մասնավոր եկամտի, ներառյալ այն կապիտալից ստացվող եկամուտների վրա դրվող հարկերն ու գանձումները, որոնց աղբյուրը Ընդունող պետությունում է գտնվում, և Ընդունող պետությունում առևտրային կամ ֆինանսական ձեռնարկություններում կապիտալ ներդրումների հարկերի,
ե) սպասարկման կոնկրետ տեսակների համար գանձվող հարկերի,
զ) գրանցման, դատական և ռեեստրային տուրքերի, հիպոթեքային /անշարժ գույքի գրավադրման/ գանձումների, դրոշմատուրքերի` 13-րդ հոդվածի դրույթներում նախատեսված պահումների:
2. Սպասարկող անձնակազմի աշխատողներն ազատվում են հյուպատոսական հիմնարկում իրենց կատարած աշխատանքի համար ստացած աշխատավարձի վրա դրվող` Ընդունող պետության հարկերից, գանձումներից ու մաքսատուրքերից:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք այնպիսի անձանց են վարձում, որոնց աշխատավարձը Ընդունող պետությունում ազատված չէ եկամտահարկից, կատարում են այդ պետության օրենքներով ու կանոններով վարձակալների վրա դրվող պարտավորություններն այն բանում, ինչը եկամտահարկի գանձմանն է վերաբերում:
ՀՈԴՎԱԾ 24. ԱԶԱՏՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻՑ ԵՎ ԶՆՆՈՒՄԻՑ
1. Ընդունող պետությունը, նրանում ընդունված օրենքներին ու կանոններին համապատասխան, թույլատրում է ներկրել և ազատում է բոլոր մաքսատուրքերից, հարկերից ու դրանց հետ կապված գանձումներից, բացառությամբ պահման, տեղափոխման և այդօրինակ ծառայությունների համար գանձումների`
ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված իրերը,
բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամների անձնական օգտագործման համար նախատեսված իրերը, ներառյալ նրա բարեկեցության համար նախատեսված իրերը: Սպառողական ապրանքների քանակը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջականորեն սպառման համար անհրաժեշտ քանակը:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված արտոնություններից և ազատումներից օգտվում են այն իրերի նկատմամբ, որոնք ներկրել են իրենց սկզբնական տեղավորման ժամանակ:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռը, որը տարվում է այդ անձանց հետ, ազատվում է զննումից: Այն կարող է զննվել միայն այն դեպքում, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դրանում պարունակվում են այլ առարկաներ, քան այդ նշված է սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, կամ էլ առարկաներ, որոնց ներկրումն ու արտահանումը արգելված է Ընդունող պետության օրենքներով ու կանոններով, կամ որոնք ընկնում են նրա կարանտինային օրենքների ու կանոնների տակ:
Այդպիսի զննումը պետք է կատարվի հյուպատոսական համապատասխան պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ:
ՀՈԴՎԱԾ 25. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում Ընդունող պետությունը`
ա) թույլատրում է դուրս բերել մահացածի շարժական գույքը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել Ընդունող պետությունում, և որի դուրսբերումը արգելված է եղել նրա մահվան պահին,
բ) պետական, շրջանային կամ տեղական /մունիցիպալ/ ոչ մի հարկ չի գանձում ժառանգության համար կամ այն շարժական գույքը ժառանգելու համար, որն Ընդունող պետությունում է գտնվում բացառապես մահացածի` որպես հյուպատոսական աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի` այդ պետությունում գտնվելու կապակցությամբ:
ՀՈԴՎԱԾ 26. ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՐՀԱԿՆԵՐԻՑ ԵՎ ՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Ընդունող պետությունը պարտավոր է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին ազատել աշխատանքային ու պետական բոլոր պարհակներից` անկախ դրանց բնույթից, ինչպես նաև այնպիսի զինվորական պարհակներից, ինչպիսիք են բռնագրավումը, ռազմատուգանքը, զինվորական օթևանումը:
ՀՈԴՎԱԾ 27. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ ԵՎ ՎԵՐՋԸ
1. Հյուպատոսական հիմնարկի յուրաքանչյուր աշխատող սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում է Ընդունող պետության տարածք մուտք գործելու պահից` իր նշանակման վայր մեկնելիս, կամ, եթե նա այդ տարածքում է գտնվում` այն պահից, երբ նա անցել է իր պարտականությունների կատարմանը:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամները և նրանց մասնավոր տնային աշխատողները սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան նրանց արտոնություններ և անձեռնմխելիություն տալու պահից կամ Ընդունող պետության տարածք նրանց մուտք գործելու պահից կամ էլ այն պահից, երբ նրանք դարձել են նրա ընտանիքի անդամներ կամ նրա մասնավոր տնային աշխատողներ` նայած, թե ինչն է ավելի ուշ կատարվել:
3. Եթե հյուպատոսական հիմնարկի աշխատողի գործառույթները դադարեցվում են, նրա արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կամ նրա մասնավոր տնային աշխատողի արտոնություններն ու անձեռնմխելիությունը սովորաբար դադարեցվում են այն պահին, երբ տվյալ անձը հեռանում է Ընդունող պետությունից կամ խելամիտ ժամկետը լրանալիս, որպեսզի այդ բանն արվի, կախված այն բանից, թե այդ պահերից որը շուտ կլինի, բայց մինչ այդ պահը դրանք շարունակում են գոյություն ունենալ, նույնիսկ զինված բախման դեպքում: Ինչ վերաբերում է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված անձանց, նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը դադարեցվում է այն ժամանակ, երբ նրանք դադարում են հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամներ լինելուց կամ հեռանում են նրա մոտ ծառայելուց, սակայն վերապահումով, որ եթե այդպիսի անձինք մտադիր են խելամիտ ժամկետի ընթացքում հեռանալ Ընդունող պետությունից, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:
4. Սակայն իրենց պարտականությունները կատարելիս հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից կատարվող գործառույթների առնչությամբ Ընդունող պետության իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը շարունակում է գոյություն ունենալ առանց որևէ ժամկետի սահմանափակման:
5. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են իրենց արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվել մինչև այն պահը, երբ նրանք կհեռանան Ընդունող պետությունից կամ մինչև Ընդունող պետությունից հեռանալու համար խելամիտ ժամկետի լրանալը` նայած, թե այդ պահերից որ մեկն ավելի շուտ կլինի:
ՀՈԴՎԱԾ 28. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՐԳՈՒՄԸ
1. Արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, առանց իրենց արտոնությունների և անձեռնմխելիության համար վնասի, հարգել Ընդունող պետության օրենքներն ու կանոնները: Նրանք պարտավոր են նաև չմիջամտել այդ պետության ներքին գործերին:
2. Հյուպատոսական շինությունները չպետք է օգտագործվեն հյուպատոսական պարտականությունների կատարման հետ անհամատեղելի նպատակներով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղակայման հնարավորությունը շենքի այն մասում, որտեղ գտնվում է հյուպատոսական հարկաբաժինը` պայմանով, որ այդպիսի գրասենյակներին հատկացված հարկաբաժինները կառանձնացվեն այն շինություններից, որոնցից օգտվում է հյուպատոսական հիմնարկը: Այդ դեպքում հիշյալ գրասենյակները, սույն Կոնվենցիայի համաձայն, հյուպատոսական շինության մաս չեն հանդիսանում:
4. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները պետք է պահպանեն Ընդունող պետության օրենքներով ու կանոններով նախատեսված բոլոր պահանջներն այն վնասից ապահովելու նկատմամբ, որը կարող է երրորդ անձանց պատճառվել ցանկացած ճանապարհատրանսպորտային միջոց, նավ կամ օդանավ օգտագործելու կապակցությամբ:
5. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները չպետք է անձնական եկամուտ ստանալու նպատակով որևէ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ զբաղվեն Ընդունող պետությունում:
ՀՈԴՎԱԾ 29. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՕԳՏՎՈՂ ԱՆՁԻՆՔ
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներն ու հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողները սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից չեն օգտվում, եթե նրանք Ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ են, բացառությամբ 18-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերի:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամներն արտոնություններից ու անձեռնմխելիությունից չեն օգտվում այն դեպքում, եթե հիշյալ անձինք Ընդունող պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այնտեղ:
3. Մասնավոր տնային աշխատողը չի օգտվում սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
4. Ընդունող պետությունը, սակայն, պետք է այդ անձանց նկատմամբ իր իրավազորությունն օգտագործի այնպես, որ անհարկի խոչընդոտներ չստեղծի հյուպատոսական հիմնարկի գործառույթների կատարման համար:
ՀՈԴՎԱԾ 30. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հյուպատոսական պաշտոնատար անձանց գործառույթներն են`
1. Ներկայացվող պետության և նրա քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ինչպես նաև Ներկայացվող պետության քաղաքացիներին օգնություն ցուցաբերելը,
2. Ներկայացվող պետության և Ընդունող պետության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելը առևտրային, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական, զբոսաշրջության և այլ բնագավառներում,
3. Ընդունող պետությունում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում տիրող դրությունը բոլոր օրինական ճանապարհներով պարզելը,
4. Ներկայացվող պետության կողմից թույլատրված մյուս գործառույթների կատարումը, որոնք չեն արգելվում Ընդունող պետության օրենքներով ու կանոններով, կամ որոնց կատարման դեմ Ընդունող պետությունն առարկություններ չունի:
ՀՈԴՎԱԾ 31. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
1: Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) Ներկայացվող պետության օրենքներին համապատասխան` ընդունել քաղաքացիական հարցերով միջնորդություններ,
բ) կատարել Ներկայացվող պետության քաղաքացիների հաշվառում,
գ) գրանցել Ներկայացվող պետության քաղաքացիների ծնունդն ու մահը և համապատասխան վկայականներ տալը, Ներկայացվող պետության օրենսդրության համաձայն, պայմանով, որ դա չի հակասի Ընդունող պետության օրենսդրությանը,
դ) Ներկայացվող պետության օրենսդրության համաձայն և, եթե դա չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը, գրանցել ամուսնությունները /պայմանով, որ ամուսնացող երկու անձինք Ներկայացվող պետության քաղաքացիներ են/ և ամուսնության վկայական տալ:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում Ընդունող պետության օրենքներն ու կանոնները պահպանելու պարտականությունից:
ՀՈԴՎԱԾ 32. ԱՆՁՆԱԳՐԵՐ ԵՎ ՎԻԶԱՆԵՐ ՏԱԼԸ
Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի տալու, երկարաձգելու, անվավեր համարելու, վերացնելու կամ ժամանակավորապես պահելու անձնագրերն ու ճամփորդական մյուս փաստաթղթերը Ներկայացվող պետության քաղաքացիների, տալու, երկարաձգելու կամ անվավեր համարելու այն անձանց վիզաները կամ հյուպատոսական փաստաթղթերը, ովքեր կամենում են Ներկայացվող պետություն մեկնել, ինչպես նաև իրավունք ունի փոփոխություններ մտցնել այդ բոլոր փաստաթղթերում:
ՀՈԴՎԱԾ 33. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԼԵԳԱԼԱՑՈՒՄԸ /ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ/
1. Ներկայացվող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան` հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`
ա) ցանկացած անձի խնդրանքով, անկախ նրա քաղաքացիությունից, նրան տալ Ներկայացվող պետությունում օգտագործելու համար հարկավոր տարբեր փաստաթղթեր,
բ) Ներկայացվող պետության քաղաքացիների խնդրանքով նրանց տալ Ընդունող պետությունում կամ նրա սահմաններից դուրս օգտագործելու համար հարկավոր տարբեր փաստաթղթեր,
գ) ապահովել Ներկայացվող պետության կամ Ընդունող պետության պաշտոնական լեզվով փաստաթղթերի թարգմանությունն ու հաստատել այդ թարգմանությունների ճշտությունը,
դ) օրինականացնել Ներկայացվող պետության կամ Ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը,
ե) կազմել, հաստատել և ի պահ ընդունել Ներկայացվող պետության քաղաքացիների կտակները,
զ) կազմել և հաստատել Ներկայացվող պետության քաղաքացիների միջև կնքված ակտերն ու գործարքները, եթե այդ ակտերն ու գործարքները չեն հակասում Ընդունող պետության օրենսդրությանը և չեն վերաբերում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների հաստատմանը կամ փոխանցմանը, կազմել և հաստատել, մի կողմից, Ներկայացվող պետության քաղաքացիների, մյուս կողմից, պետությունների քաղաքացիների միջև ակտերն ու գործարքները, քանի որ այդ ակտերն ու գործարքները բացառապես պատկանում են Ներկայացվող պետությունում գույքին կամ իրավունքներին և վերաբերում են այդ պետությունում քննարկման ենթակա գործերին` պայմանով, որ այդ ակտերն ու գործարքները չեն հակասում Ընդունող պետության օրենսդրությանը,
է) հաստատել Ներկայացվող պետության քաղաքացիների ստորագրությունները բոլոր տեսակի փաստաթղթերի վրա,
ը) ի պահ ընդունել Ներկայացվող պետության քաղաքացիների գույքն ու փաստաթղթերը, եթե դա չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կազմված, հաստատված կամ թարգմանված փաստաթղթերը Ընդունող պետությունում քննարկվելու են որպես նույնպիսի իրավական և ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ինչպես որ եթե դրանք լինեին Ընդունող պետության իրավասու իշխանությունների ու հիմնարկների կողմից կազմված, հաստատված կամ թարգմանված` պայմանով, որ դրանք համապատասխանեն Ընդունող պետության օրենսդրությանը:
Այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ըստ Ընդունող պետության օրենսդրության, փաստաթղթերը պետք է լեգալացվեն /օրինականացվեն/:
ՀՈԴՎԱԾ 34. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության քաղաքացիների հետ հանդիպել ու առնչվել, նրանց խորհուրդներ տալ և ամենայն աջակցություն ցուցաբերել` ներառյալ նրանց իրավական օգնություն ցույց տալու համար միջոցներ ձեռնարկելը:
Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ընդունող պետության տարածքում մշտական բնակվող կամ ժամանակավորապես գտնվող` Ներկայացվող պետության անհայտ կորած քաղաքացիների հետախուզմանն աջակցելու համար դիմել Ընդունող պետության իրավասու իշխանություններին:
Ընդունող պետությունը ամենևին չի սահմանափակում Ներկայացվող պետության քաղաքացիների հարաբերությունները հյուպատոսական հիմնարկի հետ և նրանց մուտքը հյուպատոսական հիմնարկ:
2. Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության քաղաքացին հյուպատոսական շրջանի շրջաններում ձերբակալվել է, կալանավորվել կամ որևէ այլ ձևով ազատությունից զրկվել, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները պատահածից հետո չորս օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում են հյուպատոսական հիմնարկին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի այցելել Ներկայացվող պետության քաղաքացուն, որը ձերբակալվել է, կալանավորվել, որևէ այլ ձևով ազատությունից զրկվել կամ իր պատիժն է կրում բանտարկության մեջ, առնչվել նրա հետ, հանդիպել նրան: Իրավասու իշխանությունները, հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով, պետք է Ներկայացվող պետության հիշյալ անձի հետ հյուպատոսական պաշտոնատար անձի հանդիպումը կազմակերպեն ծանուցումից հետո երեք օրվա ընթացքում: Հետագա այցելությունները կարող են իրականացվել դրանց միջև ընկած խելամիտ ժամանակամիջոցում:
4. Ներկայացվող պետության կալանավորված քաղաքացու կողմից հյուպատոսական հիմնարկին հասցեագրված ամեն մի հաղորդում Ընդունող պետության մարմինների կողմից անհապաղ հանձնվում է այդ հյուպատոսական հիմնարկին:
5. Ընդունող պետության իրավասու իշխանությունները պետք է Ներկայացվող պետության ձերբակալված, կալանավորված կամ որևէ այլ ձևով ազատազրկված քաղաքացուն անհապաղ տեղեկացնեն նրա իրավունքների մասին` սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթներին համապատասխան:
6. Սույն հոդվածում նախատեսված իրավունքներն իրականացվում են Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան: Սակայն Ընդունող պետության օրենքների ու կանոնների կիրառումը չպետք է սահմանափակի սույն հոդվածում նախատեսված իրավունքների իրագործումը:
ՀՈԴՎԱԾ 35. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ
1. Ընդունող պետության իրավասու իշխանություններն իրենց մոտ տեղեկության առկայության դեպքում հյուպատոսական պաշտոնատար անձին ծանուցում են այն մասին, որ Ներկայացվող պետության քաղաքացու համար, որը Ընդունող պետության տարածքում մշտական բնակություն ունի, անհրաժեշտ է խնամակալ կամ հոգաբարձու նշանակել:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ի կետում նշված հարցով համագործակցում է Ընդունող պետության իրավասու իշխանությունների հետ և իրավունք ունի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարման համար հարմար մարդկանց երաշխավորել` Ընդունող պետության օրենսդրությանը համապատասխան:
3. Եթե Ընդունող պետության դատարանը կամ այլ իրավասու իշխանությունները գտնեն, որ առաջարկված անձը ինչ-ինչ պատճառներով որպես խնամակալ կամ հոգաբարձու անընդունելի է, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է այլ թեկնածու առաջարկել:
ՀՈԴՎԱԾ 36. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Եթե Ներկայացվող պետության քաղաքացին չի կարող իր իրավունքների ու շահերի պաշտպանությունը Ընդունող պետությունում իրականացնել Ընդունող պետությունում համապատասխան օրենքների բացակայության կամ այլ պատճառներով, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է այդ քաղաքացուն առանց հատուկ լիազորության ներկայացնել Ընդունող պետության դատարանում և այլ մարմիններում կամ նրա պատշաճ ներկայացումն ապահովել այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ քաղաքացին չի նշանակել իր լիազորին կամ չի ստանձնել իր իրավունքների ու շահերի պաշտպանությունը:
ՀՈԴՎԱԾ 37. ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
1. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, տեղեկության առկայության դեպքում, հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են Ներկայացվող պետության քաղաքացիների` Ընդունող պետությունում տեղի ունեցած մահվան բոլոր դեպքերի մասին և նրա խնդրանքով տալիս մահվան վկայական կամ մահվան փաստը հաստատող որևէ փաստաթղթի պատճենը:
2. Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության մահացած քաղաքացին ժառանգություն է թողել Ընդունող պետությունում, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները հնարավորինս կարճ ժամկետում հյուպատոսական հիմնարկին տեղեկացնում են ժառանգվող գույքի կազմի, ժառանգների, կտակն ստացողների, ինչպես նաև կտակի առկայության մասին:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է ներկա լինել գույքացուցակի կազմմանը և ժառանգական գույքի կնքմանը, որը նշված է սույն հոդվածի 2-րդ կետում:
4. Եթե Ներկայացվող պետության որևէ քաղաքացի ստացել է Ընդունող պետությունում մահացած որևէ քաղաքացիական անձի գույքը ժառանգելու կամ ստանալու իրավունք, ապա, եթե նույնիսկ Ներկայացվող պետության այդ քաղաքացին Ընդունող պետության սահմաններից դուրս է գտնվում, Ընդունող պետության իրավասու իշխանությունները իրենց մոտ տեղեկության առկայության դեպքում պետք է հյուպատոսական հիմնարկին ծանուցեն այն մասին, որ Ներկայացվող պետության տվյալ քաղաքացին ժառանգորդն է կամ կտակը ստացողը:
5. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է Ներկայացվող պետության քաղաքացու անունից դատարանից, այլ իշխանություններից կամ առանձին անձանցից ստանալ որևէ անձի մահվան հետևանքով այդ քաղաքացուն հասնող դրամը կամ այլ գույքը, ներառյալ` ժառանգությունը, փոխհատուցման և ապահովագրության հասնող գումարների վճարը և այդ փողերն ու գույքը հանձնել հիշյալ քաղաքացուն:
6. Ներկայացվող պետության` ժամանակավորապես Ընդունող պետությունում գտնվող քաղաքացու մահվան դեպքում, ինչպես նաև եթե մահացածը Ընդունող պետությունում չունի ազգականներ կամ իր ներկայացուցիչները, և ի լրումն դրա, նրա թողած իրերը կապված չեն Ընդունող պետությունում գտնվելու ժամանակ մահացածի ստանձնած պարտավորությունների հետ, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը իրավունք ունի ստանալու, պահպանելու և ըստ նշանակման հանձնելու թողնված իրերը:
ՀՈԴՎԱԾ 38. ՕԴԱՆԱՎԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ
1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի հյուպատոսական շրջանի սահմաններում հարկ եղած օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել Ներկայացվող պետության օդանավին, որը Ընդունող պետության օդանավակայանում է գտնվում:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի օդանավ բարձրանալ, հրամանատարի և անձնակազմի անդամների հետ առնչվել Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել Ընդունող պետության իրավասու մարմիններին և նրանց պաշտպանությունը խնդրել Ներկայացվող պետության օդանավին, նրա հրամանատարին, անձնակազմի անդամներին և ուղևորներին վերաբերող բոլոր հարցերում իր պարտականությունների կատարման համար:
ՀՈԴՎԱԾ 39. ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ
1. Այնքանով, որքանով ներքոհիշյալ գործողությունները չեն հակասում Ընդունող պետության օրենքներին, հյուպատոսական պաշտոնատար անձն իր հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի.
ա) հետաքննել Ներկայացվող պետության ինքնաթիռին պատահած ցանկացած միջադեպ, հարցաքննել Ներկայացվող պետության օդանավի հրամանատարին և անձնակազմի ցանկացած անդամի, ստուգել օդանավի փաստաթղթերը, ընդունել հայտարարություններ, ստանալ տեղեկություններ երթուղու և նշանակման կետի վերաբերյալ, ինչպես նաև օգնություն ցույց տալ ինքնաթիռի վայրէջքի, թռիչքի ու կանգառի կազմակերպման գործում,
բ) լուծել հրամանատարի և անձնակազմի անդամների միջև վեճերը,
գ) ապահովել օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների բուժումը բժշկական հիմնարկներում և Ներկայացվող պետություն նրանց վերադառնալու միջոցներ ձեռնարկել,
դ) ստանալ, կազմել, երկարաձգել գործողության ժամկետը կամ վավերացնել ցանկացած հայտարարագիր կամ այլ փաստաթուղթ, ինչը նախատեսում են Ներկայացվող պետության օդանավի, նրա անձնակազմի, ուղևորների կամ բեռի վերաբերյալ Ներկայացվող պետության օրենքները,
ե) ընդունել օդային հաղորդակցությունների նկատմամբ Ներկայացվող պետության օրենքներն ու կանոնները կիրառելու համար այլ միջոցներ:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձը, Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան, իրավունք ունի հրամանատարի կամ անձնակազմի ցանկացած անդամի ուղեկցել դատարանում կամ Ընդունող պետության այլ մարմիններում` նրանց օգնություն ցույց տալու համար:
ՀՈԴՎԱԾ 40. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
1. Այն դեպքում, եթե Ընդունող պետության դատական կամ այլ իրավասու իշխանությունները մտադիր են Ներկայացվող պետության օդանավի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել կամ օդանավում պաշտոնական հետաքննություն անցկացնել, նրանք այդ մասին նախապես ծանուցում են հյուպատոսական հիմնարկին այն բանի համար, որ հյուպատոսական պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կարողանան ներկա գտնվել այդպիսի գործողություններն իրականացնելիս: Եթե այդ մասին հյուպատոսական հիմնարկի նախնական ծանուցումը /հարցի հրատապության նկատառումով/ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէ, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները ձեռնարկված վերոհիշյալ գործողություններից անմիջապես հետո ծանուցում են հյուպատոսական հիմնարկին և, հյուպատոսական պաշտոնատար անձի խնդրանքով, հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լրիվ տեղեկություն են տալիս այդ գործողությունների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև այն դեպքում, եթե օդանավի հրամանատարը կամ անձնակազմի անդամները Ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից կանչվում են օդանավին վերաբերող հարցերով ցուցմունքներ տալու համար:
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ դա իրականացվում է Ներկայացվող պետության հյուպատոսական պաշտոնատար անձի կամ անձնակազմի հրամանատարի խնդրանքով կամ թույլտվությամբ, Ընդունող պետության դատական կամ այլ իրավասու մարմինները չեն միջամտում Ներկայացվող պետության օդանավի ներքին գործերին` պայմանով, որ դրանով հանդերձ չեն խախտվում Ընդունող պետության անդորրը ու անվտանգության ապահովմանը վերաբերող օրենքներն ու կանոնները:
4. Սույն հոդվածի դրույթները, սակայն, չեն կիրառվում մաքսային, անձնագրային կամ սանիտարական հսկողության ժամանակ, ինչպես նաև Ընդունող պետության իրավասու մարմինների կողմից ձեռնարկվող ցանկացած գործողության ժամանակ, որոնք կատարվել են օդանավի հրամանատարի խնդրանքով կամ համաձայնությամբ: Սույն հոդվածը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են նրանց միջև գործող բազմակողմ պայմանագրերից:
ՀՈԴՎԱԾ 41. ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՕԴԱՆԱՎԻՆ
1. Եթե Ներկայացվող պետության օդանավը վթարի ենթարկվի Ընդունող պետության տարածքում, կամ Ընդունող պետության իրավասու իշխանություններին հայտնի դառնա, որ Ընդունող պետության տարածքում վթարի ենթարկված երրորդ պետության օդանավում եղել են Ներկայացվող պետության քաղաքացիներ և նրանց գույքը, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները այդ մասին հնարավորինս կարճ ժամկետում հայտնի են դարձնում հյուպատոսական հիմնարկին, ինչպես նաև ծանուցում են Ներկայացվող պետության օդանավը և քաղաքացիներին, ինչպես նաև նրանց գույքը փրկելու համար ձեռնարկված միջոցների մասին:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ներկայացվող պետության վթարի ենթարկված օդանավին, նրա անձնակազմի անդամներին և ուղևորներին օգնություն ցույց տալու համար, ինչպես նաև կարող է այդ նպատակով օգնության համար դիմել Ընդունող պետության իրավասու իշխանություններին:
3. Եթե Ներկայացվող պետության օդանավը, որը վթարի է ենթարկվել Ընդունող պետության կամ երրորդ պետության տարածքում, նրա իրերը կամ բեռը, որ գտնվել են Ընդունող պետության տարածքում, և միաժամանակ բացակայում են օդանավի հրամանատարը, սեփականատերը, նրա գործակալը կամ ապահովագրողները, կամ էլ եթե նրանք ի վիճակի չեն այդ գույքը պահպանելու կամ էլ այն տնօրինելու համար միջոցներ ձեռնարկել, ապա հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի նրանց անունից միջոցներ ձեռնարկել վթարի ենթարկված օդանավը և գույքը պահպանելու կամ տնօրինելու համար:
4. Եթե Ներկայացվող պետության օդանավը, նրա իրերն ու բեռը, որ նշված են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում, բերվել են Ընդունող պետությունում չվաճառվելու կամ օգտագործելու համար, ապա դրանք մաքսատուրքերի կամ համանման այլ տուրքերի չեն ենթարկվում Ընդունող պետությունում:
ՀՈԴՎԱԾ 42. ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Սույն Կոնվենցիայի 38-41-րդ հոդվածները կիրառվում են նաև Ներկայացվող պետության ծովային նավերի նկատմամբ` այնքանով, ինչքանով դրանք չեն հակասում ծովային նավագնացության բնագավառում կնքված ցանկացած միջազգային պայմանագրի, որի կողմեր են հանդիսանում երկու պետությունները:
ՀՈԴՎԱԾ 43. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Իրենց գործառույթները կատարելիս հյուպատոսական պաշտոնատար անձինք կարող են դիմել`
ա) իրենց հյուպատոսական շրջանի իրավասու տեղական մարմիններին,
բ) Ընդունող պետության իրավասու կենտրոնական մարմիններին` այնքանով, որքանով դա թույլ են տալիս Ընդունող պետության օրենքները, կանոններն ու սովորույթները կամ համապատասխան միջազգային պայմանագրերը:
ՀՈԴՎԱԾ 44. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐ
1. Հյուպատոսական հիմնարկը կարող է Ընդունող պետության տարածքում հյուպատոսական ակտեր կատարելու համար գանձել Ներկայացվող պետության օրենքներով ու կանոններով նախատեսվող հարկեր ու տուրքեր:
2. Հարկերի և տուրքերի ձևով հավաքվող գումարները, որոնց մասին հիշատակվում է սույն հոդվածի 1-ին կետում, և այդպիսի հարկերի ու տուրքերի անդորրագրերը Ընդունող պետությունում ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից ու գանձումներից:
ՀՈԴՎԱԾ 45. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի գործառույթները դադարեցվում են, մասնավորապես`
ա) Ներկայացվող պետության կողմից Ընդունող պետությանն արված այն ծանուցումներից հետո, որ նրա գործառույթները դադարեցվում են,
բ) էկզեկվատուրան կամ Ընդունող պետության կողմից տրված մեկ այլ թույլտվություն չեղյալ հայտարարվելուց հետո` սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան,
գ) Ընդունող պետության կողմից Ներկայացվող պետությանն արված այն ծանուցումից հետո, որ Ընդունող պետությունը դադարել է նրան հյուպատոսական անձնակազմի աշխատող ճանաչելուց:
ՀՈԴՎԱԾ 46. ԸՆԴՈՒՆՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿՆՈՒՄԸ
Ընդունող պետությունը, նույնիսկ զինված բախման դեպքում, պետք է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և մասնավոր տնային աշխատողներին, որոնք Ընդունող պետության քաղաքացիներ չեն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից, տրամադրի ժամանակ ու պայմաններ, որ անհրաժեշտ են այն բանի համար, որ նրանք կարողանա համապատասխան աշխատողների գործառույթները դադարեցվելուց հետո պատրաստվել մեկնելու և մեկնեն հնարավորինս արագ: Մասնավորապես, նա պետք է անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրության տակ դնի փոխադրամիջոցներ, ինչպիսիք կպահանջվեն անձամբ նրանց կամ Ընդունող պետություններում նրանց ձեռք բերած գույքի համար, որի դուրսբերումը մեկնումի պահին արգելված չէ:
ՀՈԴՎԱԾ 47. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ
1. Երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերությունների խզման դեպքում`
ա) Ընդունող պետությունը նույնիսկ զինված բախման դեպքում պետք է հարգի ու պահպանի հյուպատոսական շենքերը, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի գույքն ու հյուպատոսական արխիվը,
բ) Ներկայացվող պետությունը կարող է հյուպատոսական շենքերի, ինչպես նաև դրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել մի երրորդ պետության, որն ընդունելի է Ընդունող պետության համար,
գ) Ներկայացվող պետությունը կարող է իր և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել մի երրորդ պետության, որն ընդունելի է Ընդունող պետության համար:
2. Հյուպատոսական հիմնարկը ժամանակավորապես կամ վերջնականապես փակելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները: Բացի դրանից`
ա) եթե Ներկայացվող պետությունը Ընդունող պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող է վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շենքերի պահպանությունը` նրանցում գտնվող գույքի ու հյուպատոսական արխիվի հետ մեկտեղ և, Ընդունող պետության համաձայնությամբ, հյուպատոսական գործառույթների կատարումը այդ հյուպատոսական հիմնարկի շրջանում, կամ
բ) եթե Ներկայացվող պետությունը Ընդունող պետությունում չունի ոչ դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ էլ մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 48. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՆ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
1. Սույն Կոնվենցիան, Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո երեսուներորդ օրը:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնան մինչև վեց ամիսն անցնելը այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցի սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 29-ից: