i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Փարիզում 1993 թվականի մարտի 12-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև փոխըմբռնման, բարեկամության և համագործակցության պայմանագրի վրա,
առաջնորդվելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության մասին Հելսինկիի Խորհրդաժողովի Եզրափակիչ ակտով /ԵԱՀԽ/, Նոր Եվրոպայի համար փարիզյան Խարտիայով, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության փաստաթղթերով /ԵԱՀԿ/,
ընդունելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային, գիտական և տեխնիկական փոխհարաբերությունների զարգացումը օգտակար կլինի Նոր Եվրոպայի կառուցման համար,
ոգեշնչվելով իրենց ժողովուրդների միջև բարեկամական կապերի ու պատմական փոխհարաբերությունների սերտացման ընդհանուր ցանկությամբ,
որոշելով խրախուսել կրթության, մշակույթի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը` միմյանց ազգային ինքնիշխանությունը փոխադարձաբար հարգելով և հաշվի առնելով յուրաքանչյուրի մշակութային ինքնությունն ու տնտեսական շահերը,
ցանկանալով երկու երկրներից յուրաքանչյուրում գործող օրենսդրության և կարգավորման նորմերի շրջանակներում խրախուսել հայկական և ֆրանսիական տեղական համայնքների միջև ուղղակի համագործակցությունը` իբրև լրացում պետական համագործակցությանը,
մարդու իրավունքների հարգման և ժողովրդավարության կանոնների հիման վրա,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Ընդունելով, որ միմյանց լեզուների փոխադարձ իմացությունը երկարաժամկետ համագործակցության համար անհրաժեշտ նախապայման է Կողմերն օժանդակում են, իրենց կրթական հաստատություններում և դրանցից դուրս, մի երկրի լեզվի ուսուցմանը և տարածմանը մյուս երկրում:
Այդ նպատակով նրանք կազմակերպում են ուսուցիչների կամ թարգմանիչների համար լեզվական վերապատրաստման դասընթացներ, ուսումնական այցելություններ, դասավանդողների, օրինակ` մանկավարժական ինստիտուտների, համալսարանների և բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների դասախոսների կամ ասիստենտների փոխանակումներ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների փոխանակումներ` մասնավորապես դպրոցների մերձեցման շրջանակներում:
Կողմերն աջակցում են Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանը և կիրառմանը դպրոցական կրթության հաստատություններում երկլեզու դասարանների ընդլայնման միջոցով, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում` երկլեզու ճյուղերի ստեղծման ճանապարհով, որտեղ սոցիալ-տնտեսական պահանջները բավարարելու նպատակով մասնավոր ուշադրություն է հատկացվում մասնագիտական ֆրանսերենին:
Նրանք խրախուսում են Ֆրանսիայում հայերենի ուսուցումը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում` հատկապես նկատի առնելով այդ լեզվի ներառումը բակալավրում ներկայացված լեզուների թվում:
Նրանք նպաստում են կրթության բնագավառում համագործակցությանը որակյալ մասնագետների փոխանակումների և դասագրքերի ու մանկավարժական այլ փաստաթղթերի համատեղ մշակման միջոցով: Նրանք ձեռնամուխ են լինում բոլոր տեսակի տեղեկությունների փոխանակմանը, որն օգտակար կարող է լինել ուսուցման բովանդակության, ուսման կազմակերպման ու ծրագրերի կատարելագործման, ինչպես նաև ուսուցման բնագավառում նոր տեխնոլոգիաների ստեղծման համար:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը, մշակույթի աճող դերը գնահատելով իբրև պետությունների միջև փոխհարաբերությունների կայունության գործոն, ընդգծում են իրենց մշակութային համագործակցության որոշիչ դերը և գտնում, որ այդ համագործակցությունը նշանակալի կերպով նպաստում է Եվրոպայի մշակութային տարածմանը:
Նրանք համատեղում են իրենց ջանքերը, որպեսզի դյուրացնեն իրենց պետական կամ տեղական մշակութային վարչակարգերի միջև համագործակցությունը, ինչպես նաև իրավական համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծելու մշակութային` ժամանակակից եվրոպական նորմերին համապատասխանող իրավական դաշտ:
Նրանք մեծ կարևորություն են տալիս մշակութային ժառանգությունների պահպանման մասնագետների շփումներին և փորձի ու փաստաթղթերի փոխանակումներին: Նրանք մասնավորապես խրախուսում են համագործակցությունը մշակութային ժառանգության գույքագրման, հնագիտական մնացորդների պահպանության, ինչպես նաև արվեստի ու ճարտարապետական հուշարձանների վերականգնման բնագավառներում:
Նրանք նպաստում են գեղարվեստական միջոցառումների փոխանակումներին (թատրոն, օպերա, բալետ, երաժշտություն, կրկես, կերպարվեստ և այլն), որպեսզի մի պետության մշակույթը ավելի լավ ճանաչվի մյուս երկրում: Նրանք առաջնայնություն են տալիս համատեղ արտադրություններին, արվեստի գործիչների ու մասնագետների հանդիպումներին: Նրանք ջանքեր են գործադրում երկու պետություններում նոր ստեղծագործողներ ու գործիչներ հայտնաբերելու համար և դյուրացնում են նրանց հանդիպումները: Նրանք հատուկ հետաքրքրություն են հանդես բերում գեղարվեստական այն ծրագրերին, որոնք համատեղում են ստեղծագործելը և վերապատրաստումը: Նրանք նաև դյուրացնում են արվեստագետների մուտքը արվեստի և մշակույթի շուկա և առաջարկում են գործընկերության պայմանագրերի ստորագրում:
Նրանք հրավիրում են մյուս երկրի արվեստի աշխարհի, մտավորականության ու փորձագետների ազգային կամ միջազգային մշակութային հանդիսությունների առիթով, ինչպիսիք են «Գրքի ցուցահանդեսը» կամ արվեստի փառատոները: Նրանք խրախուսում են մշակութային արվեստների և մշակույթի կառավարման բնագավառի մասնագետների վերապատրաստումը, օրինակ, կրթաթոշակների հատկացման ու վերապատրաստման դասընթացների միջոցով:
Նրանք ջանքեր են գործադրում ապահովելու մի երկրում մյուս երկրի գրքերի, ամսագրերի և մշակութային, կրթական, գիտական ու տեխնիկական բնույթի այլ հրապարակումների հնարավորին չափ լայն տարածումը: Նրանք աջակցում են մյուս երկրում գրքերի ցուցահանդեսների կազմակերպմանը, երկու երկրների գրողների, թարգմանիչների, հրատարակիչների և գրքի մասնագետների հանդիպումների կազմակերպմանը, հրատարակչական գործի մասնագետների վերապատրաստմանը:
Նրանք հաստատում են երկու պետությունների հրատարակչական մարմինների միջև համագործակցության զարգացման իրենց շահագրգռվածությունը, ինչը հնարավորություն կտա մեծացնելու հասարակական ու սոցիալական գիտությունների, գրականության, փիլիսոփայության և այլ տիպի նոր լույս տեսած գործերի թարգմանության, հրատարակման, համատեղ հրատարակման և նոր լույս տեսած գործերի տարածման աշխատանքները, ինչպես, օրինակ, Վահան Տերյանի տպագրության համար օգնության ծրագիրը:
Նրանք հովանավորում են ամեն տեսակի համագործակցությունը արխիվային նյութերի պահպանման գործում իրավասու հաստատությունների, թանգարանների և գրադարանների, հատկապես երկու պետությունների ազգային գրադարանների և Մատենադարանի միջև:
Նրանք աջակցում են ստեղծագործողների իրավունքների պաշտպանության հարցում (հեղինակային իրավունքներ և հարակից իրավունքներ) համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 3
Յուրաքանչյուր պետության հասարակության համար մյուս պետության մշակույթի ուղղակի ճանաչումը դյուրացնելու նպատակով Կողմերն իրենց աջակցությունն են ցույց տալիս մշակութային այնպիսի հաստատությունների գործունեությանը, որոնք մի Կողմի ջանքերով կբացվեն մյուս Կողմի տարածքում, ինչպես, օրինակ, մշակութային կենտրոններ, լեզվի ուսուցման կենտրոններ, գրադարաններ, փաստաթղթերի կենտրոններ, հիմնաղբյուրների կենտրոններ, և, իրենց օրենսդրությունների շրջանակներում, ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները դրանց հիմնադրումն ու գործունեությունը դյուրացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը խրախուսում են ճշգրիտ և կիրառական գիտությունների, ինչպես նաև հասարակական ու սոցիալական գիտությունների բնագավառներում իրենց գիտական շրջանակների միջև համագործակցությունը: Նրանք մասնավորապես աջակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությանը և նպաստում են Հայաստանում ֆրանսագիտության և Ֆրանսիայում հայագիտության զարգացմանը:
Նրանք խթանում են գիտնականների, մասնագետների, ճարտարագետների և տեխնիկների փոխանակումները, մասնավորապես, երկու երկրների հետազոտական հաստատությունների և լաբորատորիաների միջև ուղիղ կապերի շրջանակներում, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումը, գիտական ու տեխնիկական տեղեկության ու փաստաթղթերի փոխանակումը, դասընթացների, գիտաժողովների, գիտական ու տեխնոլոգիական հավաքների կազմակերպումը:
Նրանք խրախուսում են կապերի հաստատումը հետազոտական գործունեության և արդյունաբերական զարգացման միջև` հարգելով իրենց ազգային օրենսդրությունն ու կանոնակարգը, ինչպես նաև մտավորական ու արդյունաբերական սեփականության հարցում իրենց միջազգային պարտավորությունները:
Նրանք ջանքեր են գործադրում` խթանելու և զարգացնելու Հայաստանի և Ֆրանսիայի համալսարանների ու բարձրագույն ուսումնական այլ հաստատությունների միջև գործընկերությունը, մասնավորապես, հնարավորություններ ստեղծելով այնպիսի Կոնվենցիաների ստորագրման, որոնք կնախատեսեն ուսանողների, դասավանդողների և հետազոտողների փոխանակումներ, համաղեկավարությամբ թեզեր, վկայագրերի փոխադարձաբար ճանաչման ընթացակարգի վերաբերյալ տեղեկության փոխանակումներ և համագործակցություն մանկավարժության բնագավառում:
Նրանք վարում են կրթաթոշակների հատկացման ու վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու քաղաքականություն, ըստ որում, Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մյուս պետության ներկայացուցչի համար ապահովում է ուսանելու, հետազոտելու կամ մասնագիտական կատարելագործման համար անհրաժեշտ համապատասխան պայմաններ:
Ֆրանսիական Կողմը հայկական Կողմին օգնություն է ցուցաբերում հատկապես բազմակողմ ծրագրերի շրջանակներում` վերջինիս համալսարանական, մասնավորապես, իրավունքին և տնտեսությանը վերաբերող դասընթացները ժամանակակից հասարակության պահանջներին հարմարացնելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը հնարավորին չափ սերտ համագործակցություն են ծավալում տեխնիկական` հետագայում, արտահայտված ցանկությունների հիման վրա փոխադարձ համաձայնությամբ ճշգրտվելիք բնագավառներում և, ըստ համաձայնեցված եղանակների, ինչպես, օրինակ, փորձագետների այցելություններ, համատեղ սեմինարներ, Հայաստանում կամ Ֆրանսիայում վերապատրաստման դասընթացներ, փաստաթղթերի մշակում: Անհրաժեշտության դեպքում ապագա հայ փորձնակների համար կկազմակերպվեն լեզվական իմացության մակարդակը բարձրացնող դասընթացներ, մասնավորապես, հայկական կառավարման համակարգում ֆրանսերենի դասավանդման ծրագրերի միջոցով:
Ֆրանսիական Կողմը հայկական Կողմին իր օգնությունն է ցուցաբերում իրավական պետության հաստատման, ժողովրդավարական հաստատությունների ստեղծման, հասարակական ազատությունների, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության պաշտպանության գործում: Նա նաև օգնություն է ցուցաբերում պետական կառավարման, ինչպես նաև ձեռնարկությունների կառավարման մասնագետների պատրաստման գործում:
Ֆրանսիական Կողմն իր օգնությունն է ցույց տալիս շուկայական տնտեսության անցման շրջանակներում Հայաստանում ընթացող տնտեսական բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև արտադրության համակարգի արդիականացմանը:
Կողմերը խրախուսում են եվրոպական և միջազգային ասպարեզներում փոխհամաձայնեցված գործողությունների զարգացումը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը խրախուսում են փոխանակումները սպորտի և երիտասարդության բնագավառում, մասնավորապես, վերապատրաստման դասընթացների, արձակուրդային այցելությունների, մշակութային կամ սպորտային հանդիսություններին հրավիրելու միջոցով: Նրանք առաջնայնություն են տալիս ուղիղ կապերին կառավարական կամ ոչ կառավարական կազմակերպությունների, երիտասարդական ընկերությունների, սպորտային ֆեդերացիաների միջև, ինչպես նաև` երիտասարդների վերապատրաստմանը:
ՀՈԴՎԱԾ 7
Հաշվի առնելով մշակութային և սոցիալական այն առավելությունը, որ ընձեռում է պետական ու մասնավոր որակյալ ռադիոհաղորդումների և հեռուստատեսության զարգացումը, Կողմերը համաձայնում են զարգացնել իրենց համագործակցությունն այս բնագավառներում: Նրանք համատեղում են իրենց ջանքերը Հայաստանում ֆրանսիական ծրագրերի, հատկապես RFI, TV5 et CFI ծրագրերի հեռարձակումը կազմակերպելու նպատակով: Նրանք առանձնակի կարևորություն են տալիս վերապատրաստմանը և ռադիոյի ու հեռուստատեսության կազմակերպությունների ու մասնագետների փոխանակումներին:
Նրանք պայմանավորվում են ամրապնդել իրենց համագործակցությունը կինոյի բնագավառում, մասնավորապես, երկու երկրների կինոգործիչների ու դերասանների միջև հանդիպումների, կինոցուցադրումների, օրինակ, փառատոներ կամ հետահայաց ցուցադրումներ, ինչպես նաև ֆիլմերի համատեղ արտադրության և վերապատրաստման միջոցով: Նրանք ջանքեր են գործադրում նաև դյուրացնելու համար ֆիլմերի համատեղ արտադրությունը տեսաֆիլմերի բնագավառում:
Նրանք իրականացնում են փոխանակումներ լրագրային գործի բնագավառում, մասնավորապես, մասնագիտական վերապատրաստման միջոցով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը խրախուսում են զբոսաշրջային փոխանակումները, մասնավորապես, իբրև երկու երկրների մշակութային ու մարդկային արժեքների ճանաչման միջոց:
Կողմերը խրախուսում են զբոսաշրջության բնագավառում փորձի և տեղեկության փոխանակումը` մասնավոր ուշադրություն հատկացնելով կադրերի վերապատրաստմանը, տեսարժան վայրերի բարեկարգմանն ու ենթակառույցների վերականգնմանը:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը պայմանավորվում են արդյունավետ համագործակցության եզրեր գտնել իրենց երկկողմ գործունեության և բազմակողմ գործունեության միջև` լինի դա Եվրամիության գործունեությունը, ինչպես TACIS ծրագիրը, թե Եվրամիության գործունեությունից դուրս, ինչպես համաշխարհային բանկի կամ ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում գործունեությունը:
Կողմերը աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրենց ազգային հանձնաժողովների միջև համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 10
Յուրաքանչյուրի կանոնակարգի շրջանակներում Կողմերը ջանքեր են գործադրում` նպաստավոր պայմաններ ստեղծելու սույն Համաձայնագրով նախատեսված փոխանակումների մասնակիցների մուտքը, բնակությունը և տեղաշարժը իրենց տարածքում ապահովելու նպատակով: Նրանք ամեն կերպ դյուրացնում են իրենց համագործակցության համար անհրաժեշտ իրերի փոխադրումները:
ՀՈԴՎԱԾ 11
Հայ-ֆրանսիական Խառը հանձնաժողովին հանձնարարվում է հսկել սույն Համաձայնագրի դրույթների իրականացումը:
Անհրաժեշտության պարագայում Հանձնաժողովը հանդիպումներ կանցկացնի հաջորդաբար Հայաստանում և Ֆրանսիայում` կատարված փոխանակումների արդյունքներն ի մի բերելու, ապագա համագործակցության առաջնայնություններն ու գլխավոր ուղղությունները որոշելու և, անհրաժեշտության դեպքում, քննարկելու ընդհանուր բնույթի այն խնդիրները, որոնք կարող է առաջ բերել սույն Համաձայնագրի իրագործումը:
Ըստ ճյուղերի, նեղ աշխատանքային խառը խմբերը կարող են հանդիպել Ֆրանսիայում կամ Հայաստանում, եթե դրա անհրաժեշտությունը զգացվի: Առիթի դեպքում նրանք հսկում են համագործակցության տարբեր բնագավառներում կոնկրետ ծրագրերի մշակումը և որոշում են դրանց իրականացման գործնական ձևերը:
Խառը հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքների համակարգումը ապահովվում է Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերից յուրաքանչյուրը մյուսին տեղյակ կպահի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար իր ներպետական ընթացակարգերը կատարած լինելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այդ ծանուցումներից վերջինի ստացման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
Սույն Համաձայնագիրը կնքված է հինգ տարի ժամկետով: Դրա գործողության ժամկետը կերկարաձգվի, ամեն անգամ` հինգ տարով, ինքնաբերաբար, բացառությամբ, եթե Կողմերից մեկը ընթացքի մեջ գտնվող ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր որոշման մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի սեպտեմբերի 1-ից:
@ ՉԳ