Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը,

ելնելով յուրաքանչյուր պետության ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունքից,

ձևավորելով պայմաններ ապրանքների և ծառայությունների ազատ փոխադրման համար,

ապահովելով փոխադարձ առևտրում հավասարակշռվածությունը և երկու երկրների ներքին տնտեսական ներուժի կայունացումը,

ղեկավարվելով յուրաքանչյուր երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացման ձգտումով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման և արտահանման վրա, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար:

Բացառությունները տվյալ առևտրական ռեժիմից` համաձայնեցված ապրանքացանկով, ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող փաստաթղթերով, եթե Պայմանավորվող կողմերը դա անհրաժեշտ են համարում:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և նրա գործունեության ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են` ապրանքներ`

ա) ամբողջովին արտադրված Պայմանավորվող կողմերի տարածքում,

բ) երրորդ երկրների հումքի, նյութերի և լրակազմող հանգույցների օգտագործմամբ, Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում վերամշակման ենթարկված և դրա հետևանքով արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) գոնե չորս առաջին նիշերից մեկով պատկանելությունը փոխած,

գ) սույն կետի «բ» ենթակետում նշված հումքի, նյութերի և լրակազմող հանգույցների օգտագործմամբ ստացված` այն պայմանով, որ դրանց համախառն արժեքը չի գերազանցում իրացվող ապրանքների արտահանման արժեքի ֆիքսված մասը:

Ապրանքների ծագման մանրամասն կանոնները կհամաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի միջև առանձին փաստաթղթով, որը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը`

- սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված ներքին հարկերը և գանձումները,

- սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ չեն ներկայացնի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրության մեջ չի կիրառվի ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ,

- Պայմանավորվող կողմերի տարածքից դուրս եկած ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան այնպիսիք, ինչպիսիք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում ձեռնպահ կմնան փոխադարձ առևտրում խտրական միջոցառումների կիրառումից, ապրանքների արտահանման և ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումներ կամ դրանց համանման միջոցառումներ մտցնելուց:

Կողմերը կարող են միակողմանիորեն քանակական սահմանափակումներ սահմանել, սակայն խելամիտ շրջանակներում և խիստ որոշակի ժամկետով:

Տվյալ սահմանափակումները պետք է ունենան բացառիկ բնույթ և կարող են կիրառվել միայն վճարման հաշվեկշռի սուր պակասուրդի դեպքում:

Սույն հոդվածին համապատասխան` քանակական սահմանափակումներ կիրառող Պայմանավորվող կողմը պետք է հնարավորին չափ վաղ մյուս Պայմանավորվող կողմին տրամադրի ամբողջական տեղեկություն հիշյալ սահմանափակումները մտցնելու հիմնական պատճառների, ձևերի և ենթադրվող ժամկետների վերաբերյալ, որից հետո կնշանակվեն խորհրդակցություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության բնագավառում բոլոր հաշվարկները և վճարումները կիրագործվեն համաձայն Պայմանավորվող կողմերի լիազորված բանկերի միջև կնքված համաձայնագրի:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը պարբերաբար կփոխանակեն տեղեկություններ`

- օրենքների և այլ նորմատիվ ակտերի մասին, որոնք կապված են առևտրատնտեսական գործունեության հետ, այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկադրման, բանկային ապահովագրական գործունեության և այլ` տրանսպորտային և մաքսային հարցերով ֆինանսական ծառայությունների, ներառյալ մաքսային վիճակագրությունը, հետ:

Պայմանավորվող կողմերը միմյանց անհապաղ տեղեկացնում են ազգային օրենսդրության մեջ այն փոփոխությունների մասին, որոնք կարող են ազդել սույն Համաձայնագրի կատարման վրա:

Պայմանավորվող կողմերի լիազորված մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկության փոխանակման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պայմանավորվող կողմերը կձգտեն մոտեցնել մաքսային սակագների մակարդակները, որոնք կիրառվում են երրորդ երկրների հետ իրականացվող առևտրում, և այդ նպատակով համաձայնեցին կանոնավոր խորհրդակցությունների անցկացման մասին:

2. Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն գործող մաքսային սակագների և դրանցից կատարվող բոլոր բացառությունների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ պրակտիկ գործունեությունը և պարտավորվում են թույլ չտալ և վերացնել, մասնավորապես, բայց ոչ բացառապես, նրա հետևյալ մեթոդները`

- ձեռնարկությունների միջև պայմանագրերը, ձեռնարկությունների միավորման կողմից ընդունված որոշումները և պրակտիկ գործունեության ընդհանուր մեթոդները, որոնք նպատակ ունեն խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել նրա պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքներում,

- գործողությունները, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերիշխող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ամբողջ տարածքի կամ նրա նշանակալի մասի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը երկկողմ տնտեսական հարաբերությունների տարիֆային և ոչ տարիֆային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային արարողությունների անցկացման համար կօգտագործեն արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է Եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգի և համակցված տարիֆավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, Պայմանավորվող կողմերը իրենց սեփական կարիքների համար իրականացնում են ապրանքային անվանացանկի ընդլայնում ինը նիշերի սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը համաձայն են, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի միջազգային բաժանման ու կոոպերացման համակարգին նրանց միանալու գործընթացի էական տարրը:

Այս կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրների մաքսային տարածքներից և մյուս Պայմանավորվող կողմի կամ որևէ այլ երրորդ պետության մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը և չի ենթարկի անհիմն ուշացումների և սահմանափակումների ապրանքների տարանցիկ փոխադրումները և դրա համար արտահանողներին, ներմուծողներին ու փոխադրողներին կտրամադրի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները սեփական արտահանողներին և ներմուծողներին կամ երրորդ երկրների արտահանողներին, ներմուծողներին և փոխադրողներին այդ նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ վատ պայմաններով:

Պայմանավորվող կողմերը տարանցման հարցերով կկնքեն առանձին համաձայնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերի իրավունքին` ձեռնարկելու միջոցառումներ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում իրենց կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայման անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից են նրանք հանդիսանում կամ պատրաստվում են դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`

ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկությանը,

զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,

պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,

միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի և սարքավորումների առաքմանը,

հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,

արդյունաբերական կամ մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին և քարերին,

մարդկանց, կենդանիների և բուսականության առողջության պաշտպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Երրորդ երկրների նկատմամբ արտահանման վերահսկողության բնագավառում համաձայնեցված քաղաքականություն իրագործելու նպատակով Պայմանավորվող կողմերը կանցկացնեն պարբերական խորհրդակցություններ և կընդունեն փոխհամաձայնեցված միջոցառումներ արտահանման վերահսկողության արդյունավետ համակարգի ստեղծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև մինչև այժմ կնքված համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կա՛մ անհամատեղելի են առաջինների հետ, կա՛մ նույնական են դրանց:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին` իրականացնել սույն Համաձայնագրի նպատակներին և պայմաններին չհակասող հարաբերություններ սույն Համաձայնագրի Կողմ չհանդիսացող պետությունների, ինչպես նաև նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կլուծվեն բանակցությունների ճանապարհով:

Փոխադարձ առևտրի մեջ Պայմանավորվող կողմերը կձգտեն խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից:

Պայմանավորվող կողմերը որոշում են, որ առևտրական պայմանագրերի և գործարքների մեկնաբանման կամ իրագործման հետևանքով երկու երկրների տնտեսավարող սուբյեկտների միջև առարկությունները և վեճերը, եթե դրանք հնարավոր չէ լուծել բարեկամական ճանապարհով` խորհրդակցությունների և բանակցությունների հիման վրա, և եթե այլ բան համաձայնեցված չէ, կհանդիսանան միջնորդ դատարանների (մշտական կամ «ad hok») բացառիկ իրավասությունը, որոնք ստեղծված են Պայմանավորվող կողմերի կամ երրորդ երկրների տարածքներում, որը կորոշեն պայմանագրերը ստորագրած Կողմերը:

Վերջիններս կարող են նաև սահմանել կիրառվող նյութական իրավունքը, նորմերը և ընթացակարգերը, ինչպես նաև դատավարության վայրը:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի, որ իր տարածքում լինեն միջնորդ դատարանի վճիռները ճանաչելու և իրագործելու արդյունավետ միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել հայ-թուրքմենական հանձնաժողով, որը Կողմերից որևէ մեկի ցանկությամբ հաջորդաբար կհրավիրվի Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Թուրքմենստանի կառավարությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը Թուրքմենստանում: Պայմանավորվող կողմերը այդ առևտրական ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, գործառույթները և տեղակայման վայրը կհամաձայնեցնեն առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի ծանուցումների փոխանակման օրվանից:

Համաձայնագիրը կորցնում է իր ուժը նրա գործողության դադարեցման մտադրության մասին Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից վեց ամիս անցնելուց հետո:

Սույն Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցնելուց հետո կկիրառվի երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:

 

Կատարված է Աշգաբադ քաղաքում 1995 թվականի հոկտեմբերի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի տարբեր մեկնաբանումների դեպքում որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 4-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
Համաձայնագիր