Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

գիտակցելով Կողմերի միջև գաղթերի (միգրացիայի) նշանակությունը և մասշտաբները,

ձգտելով Կողմերի տարածքներում քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է այն անձանց /այսուհետ` աշխատողներ/ և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կամ ՈՒկրաինայի քաղաքացի են կամ մշտական բնակության վայր ունեն Կողմերից որևէ մեկի տարածքում (այսուհետև` մեկնման Կողմ) և իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են սեփականության բոլոր ձևերի ձեռնարկություններում, հիմնարկություններում, կազմակերպություններում (այսուհետ` գործատուներ), մյուս Կողմի տարածքում (այսուհետ` աշխատանքի տեղավորման Կողմ)` նրա օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրն իրականացնող Կողմերին ներկայացնելու համար լիազորված մարմիններ (այսուհետ` լիազորված մարմիններ) են հանդես գալիս`

հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը,

ուկրաինական Կողմից` ՈՒկրաինայի աշխատանքի նախարարությունը:

Լիազորված մարմիններն իրավունք ունեն ներգրավել Կողմերի իրավասու մարմիններին սույն Համաձայնագրից բխող հարցերի լուծման համար:

Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված բոլոր հարցերը Կողմերի լիազորված մարմինների միջև լուծվում են փոխադարձ խորհրդակցությունների միջոցով: Այդ նպատակով նրանք կարող են ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում մի Կողմի աշխատողները կարող են աշխատանքային գործունեություն իրականացնել մյուս Կողմի տարածքում`

1/ գործատուի և աշխատողի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի /կոնտրակտի/ հիման վրա,

2/ երկու Կողմերի տնտեսական գործունեության սուբյեկտների միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի նպատակն է աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում իրականացնել որոշակի ծավալի աշխատանքներ կամ ծառայություններ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Աշխատանք ստանալու համար աշխատողներին անհրաժեշտ է աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքի տեղավորման համապատասխան մարմնի կողմից աշխատանքի տեղավորվելու թույլտվություն` տրված այդ Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով:

2. Աշխատանքի տեղավորման թույլտվությունը տրվում է որոշակի գործատուի մոտ աշխատանքներ կատարելու ժամկետի համար:

3. 1-ին կետում նշված թույլտվությունը կտրվի պայմանով, որ աշխատողը չզբաղվի որևէ այլ վճարովի գործունեությամբ, բացի նրանից, որի համար նրան տրվել է թույլտվությունը:

Եթե հաստատվի, որ աշխատողը զբաղված է այլ վճարովի գործունեությամբ կամ ինքնակամորեն փոխել է գործատուին, ապա թույլտվությունը չեղյալ կհամարվի:

4. Աշխատանքային պայմանագիրը /կոնտրակտը/ ստորագրելիս աշխատողը պարտավորություն է ստանձնում, որ ինքը աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում սահմանված ժամանակից, որի համար նա թույլտվություն է ստացել, ավելի երկար չի մնա:

5. Աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու համար գործատուին անհրաժեշտ է սահմանված կարգով լուծել աշխատանքի թույլտվության երկարաձգման հարցը նրա գործողության ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ազգային աշխատաշուկաներում իրադրության փոփոխման դեպքում Կողմերը կարող են մյուս Կողմի աշխատողներին աշխատանքի ընդունելու սահմանափակումներ մտցնել:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Տարիքը, որից սկսած թույլատրվում է աշխատողներին աշխատանքի ընդունել, սահմանվում է աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է /առանց օրինականացման/ վկայագրերը, կրթության մասին վկայականները, որակավորում, կարգ և կոչում շնորհելու մասին համապատասխան փաստաթղթերը և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար այլ անհրաժեշտ փաստաթղթերը և մեկնման Կողմի տարածքում սահմանված կարգով վավերացված նրանց թարգմանությունները աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով կամ ռուսերենով:

Աշխատանքային պայմանագրի /կոնտրակտի/ ավարտից հետո գործատուի կողմից աշխատողի աշխատանքային գրքույկում արվում է համապատասխան գրառում, և տրվում է աշխատավարձի մասին տեղեկանք աշխատած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների մեկնումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք, այնտեղ մնալը և այնտեղից մեկնելը կարգավորվում են այդ Կողմի օրենսդրությամբ և համապատասխան միջազգային համաձայնագրերով:

Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների մեկնումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք թույլատրվում է միայն այդ Կողմի իրավասու մարմնի պահանջներին համապատասխանող բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:

2. Աշխատողների և նրանց ընտանիքների անդամների անձնական իրերի, անհրաժեշտ աշխատանքային գործիքների, սարքավորումների ներմուծումը աշխատանքի տեղավորման Կողմի տարածք, իսկ վերադառնալու դեպքում` մեկնման Կողմի տարածք, ինչպես նաև աշխատանքի տեղավորման Կողմի տարածքում աշխատանքային եկամուտների հաշվին ձեռք բերված ապրանքների արտահանումը իրականացվում է Կողմերի մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Աշխատողի աշխատանքային գործունեությունը, որի մասին խոսվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում, ձևակերպվում է աշխատանքի տեղավորման Կողմի պետական լեզվով և ռուսերենով` գործատուի հետ այդ Կողմի աշխատանքային օրենսդրությանը համապատասխան կնքված աշխատանքային պայմանագրով /կոնտրակտով/, որը տրվում է աշխատողին մինչև աշխատանքի մեկնելը:

Աշխատանքային պայմանագրում /կոնտրակտում/ պետք է պարունակվեն գործատուի և աշխատողի հիմնական ռեկվիզիտները, աշխատողին ներկայացվող մասնագիտական պահանջները, տեղեկություններ աշխատանքի բնույթի, աշխատանքի պայմանների և դրա վճարման, դրանից կատարվող պահումների, աշխատաժամանակի և հանգստի տևողության, բնակվելու պայմանների և դրա համար վճարելու, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի /կոնտրակտի/ գործողության ժամկետի, նրա լուծման պայմանների, ճանապարհային ծախսերը ծածկելու կարգի մասին:

Եթե աշխատանքային պայմանագիրը /կոնտրակտը/ լուծվել է ձեռնարկության /հիմնարկության, կազմակերպության/ լուծարման, վերակազմավորման կամ վերապրոֆիլավորման, աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման կապակցությամբ, աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրության համաձայն, աշխատողի վրա տարածվում են նշված հիմքերով ազատված աշխատողների համար նախատեսված արտոնությունները և փոխհատուցումները:

Այդ դեպքում աշխատողը ենթակա է վերադարձման մեկնման Կողմի տարածք գործատուի միջոցների հաշվին:

Աշխատողին մշտական բնակության վայրում տրվում է ընդհանուր հիմունքներով աշխատանքի տեղավորման իրավունք: Գործազրկության նպաստը նշանակվում է և վճարվում մեկնման Կողմի օրենսդրությամբ և նրա հաշվին:

2. Աշխատողներն օգտվում են իրավունքներից և կատարում պարտականություններ, որոնք սահմանված են աշխատանքի տեղավորման Կողմի աշխատանքային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Աշխատողների աշխատանքային եկամուտների հարկումը, որոնց մասին նշվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում, իրականացվում է աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատողների կենսաթոշակային ապահովության հարցերը, որոնց մասին նշվում է 3-րդ հոդվածի 1-ին կետում, կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992թ. մարտի 13-ի Համաձայնագրով և այդ բնագավառում երկկողմ համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագրով` դրա 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը /բացի կենսաթոշակային ապահովությունից/ իրականացվում է աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրության հիման վրա:

Սոցիալական ապահովության հետ կապված բոլոր ծախսերը /բացի կենսաթոշակային ապահովությունից/ կրում է աշխատանքի տեղավորման Կողմը:

Աշխատողների բժշկական սպասարկումը նույնպես իրականացվում է աշխատանքի տեղավորման Կողմի գործատուի հաշվին և նրա քաղաքացիներին հավասար մակարդակով:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը պետք է հետևեն աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված կամ առողջությունը քայքայող այլ վնասվածքների հետևանքով աշխատողին հասցված վնասի /կորստի/ հատուցման հետևյալ կարգին, որոնց մասին նշված է 3-րդ հոդվածի 1-ին կետում.

ա) աշխատանքային խեղման կամ առողջությանը հասցված այլ վնասվածքի, ինչպես նաև տուժողի մահվան հետևանքով վնասի /կորստի/ հատուցումը կատարում է այն Կողմը, որի օրենսդրությունը տարածվում է աշխատողի վրա խեղում ստանալու պահին,

բ) մասնագիտական հիվանդության կամ դրան հետևող մահվան վնասի /կորստի/ հատուցումը կատարում է այն Կողմը, որի օրենսդրությունը տարածվում էր աշխատողի վրա նրա աշխատանքային գործունեության ընթացքում, որը մասնագիտական հիվանդության պատճառ էր դարձել, եթե անգամ նշված հիվանդությունն առաջին անգամ բացահայտվել է մյուս Կողմի տարածքում, այն դեպքերում, երբ մասնագիտական հիվանդություններ ստացած աշխատողը երկու պետություններում էլ աշխատում էր այնպիսի պայմաններում և գործունեության բնագավառներում, որոնք կարող էին մասնագիտական հիվանդություններ առաջացնել, վնասի /կորստի/ հատուցումն իրականացնում է այն Կողմը, որի տարածքում վերջին անգամ կատարվել է նշված աշխատանքը,

գ) հիվանդության սրման դեպքում մասնագիտական հիվանդության հետևանքով վնասի /կորստի/ փոխհատուցումը Կողմերից մեկի կողմից` վերանայվում է այդ Կողմի օրենսդրությանը համապատասխան:

Սակայն այս դրույթը չի կիրառվում, եթե հիվանդության սրումը կապված է մյուս Կողմի ձեռնարկություններում /հիմնարկություններում, կազմակերպություններում/ աշխատանքային գործունեության հետ, ինչը կարող էր առաջացնել մասնագիտական հիվանդություն, և որի ընթացքում աշխատողի նկատմամբ կիրառվել էր մյուս Կողմի օրենսդրությունը:

Գործատուի մեղքով աշխատանքային խեղման կամ առողջությանը հասցված այլ վնասի հետևանքով աշխատունակության կորստի կամ աշխատողի մահվան դեպքում գործատուն վճարում է ճանապարհածախսը, իսկ հարկ եղած դեպքում` ուղեկցողի` ուղեկցելու և վերադառնալու ծախսերը:

Աշխատանքի տեղավորման Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տուժողի վերջնական մեկնման դեպքում գործատուն պարտավոր է նրան փոխանցել առողջությանը հասցված վնասը /կորուստը/ փոխհատուցող միջոցներ աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրությամբ նախատեսված չափերով:

Գործատուն փոխհատուցում է տուժողի բուժման և վերականգնման փաստացի ծախսերը` բուժում և վերականգնում անցկացնող Կողմի սոցիալական ապահովության և առողջապահության պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից ներկայացված ակտերի /հաշիվների/ համաձայն:

Եթե լուծարված ձեռնարկության իրավունքները և պարտականությունները չեն փոխանցվում իրավահաջորդին, նա պարտավոր է կապիտալավորել և այս վճարումները ֆինանսավորող մյուս Կողմի մարմիններ մուծել վնասի /կորստի/ հատուցման համար նախատեսված գումարները:

Սույն հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, որոնք առաջացել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Աշխատողի մահվան դեպքում գործատուն կազմակերպում է մահացողի մարմնի և անձնական գույքի փոխադրումը մեկնման Կողմի տարածք, կրում է դրա հետ կապված բոլոր ծախսերը և տեղեկացնում է այդ Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությանը` նրանց տրամադրելով մահվան փաստի վերաբերյալ նյութեր:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Աշխատողները կարող են իրականացնել աշխատած միջոցների փոխանցում մեկնման Կողմի տարածք` աշխատանքի տեղավորման Կողմի օրենսդրության համաձայն և հաշվի առնելով այս հարցերը կարգավորող հատուկ համաձայնագրերը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Լիազոր մարմինները միմյանց տեղեկացնում են`

աշխատանքի, զբաղվածության, արտագաղթի և ներգաղթի բնագավառում ազգային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի, այդ թվում նաև աշխատողների կյանքի պայմանների մասին,

կողմերի աշխատաշուկաների վիճակի մասին:

Լիազոր մարմինները նախաձեռնում են անհրաժեշտ միջոցառումներ միջնորդների միջոցով աշխատողների աշխատանքի տեղավորումը կանխելու նպատակով, որոնք չունեն մեկնման Կողմի իրավասու մարմինների` նման գործողություններ կատարելու համապատասխան թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերից մեկի տարածքում բնակվող յուրաքանչյուր անձ անմիջականորեն կամ բնակության վայրի իրավասու մարմնի միջոցով կարող է դիմել մյուս Կողմի իրավասու մարմնին:

Կողմերից մեկը մյուս Կողմի իրավասու մարմինների հարցումների հիման վրա ներկայացնում է այն փաստաթղթերը և արխիվային նյութերը, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրից բխող հարցերի լուծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է հաստատման Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, ինչը հաստատվում է հայտագրերի փոխանակման միջոցով և ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումը ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով:

Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր ծանուցման միջոցով մյուս Կողմին տեղյակ չպահի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում դրա դրույթներն ուժի մեջ են մնում գործատուների հետ աշխատողների կնքած աշխատանքային պայմանագրերի /կոնտրակտների/ նկատմամբ մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը:

3. Սույն Համաձայնագրի դրույթները կարող են փոփոխվել և լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը ձևակերպվում է այդ Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող համապատասխան արձանագրություններով:

 

Կատարված է Կիև քաղաքում 1995 թվականի հունիսի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի մարտի 12-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
17.06.1995
Համաձայնագիր