i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լիբանանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խրախուսել տնտեսական համագործակցությունը` ելնելով երկու պետությունների փոխշահավետությունից,
մտադրվելով նպաստավոր պայմաններ ստեղծել և պահպանել մի Պայմանավորվող կողմի կապիտալ ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,
ճանաչելով երկու պետությունների տնտեսական բարգավաճումը խթանելու նպատակով օտարերկրյա ներդրումները զարգացնելու ու պաշտպանելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Ներդրող» տերմինը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար նշանակում է.
ա) ֆիզիկական անձինք, ովքեր, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համաձայն, հանդիսանում են նրա քաղաքացիներ,
բ) իրավաբանական անձինք, ներառյալ ընկերությունները, կորպորացիաները, գործարար ասոցիացիաները և այլ կազմակերպությունները, որոնք հիմնվել են կամ պատշաճ այլ ձևով կազմակերպվել են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համաձայն և ունեն իրենց նստավայրն ու իրական տնտեսական գործունեությունը այդ նույն Պայմանավորվող կողմի տարածքում:
Չհակասելով այս ենթակետի դրույթներին` սույն Համաձայնագիրը կկիրառվի Պայմանավորվող կողմերից ցանկացածում գրանցված հոլդինգային կամ օֆշորային ընկերությունների նկատմամբ:
2. «Ներդրումներ» տերմինը ներառում է գույքային արժեքների բոլոր տեսակները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես`
ա) շարժական ու անշարժ սեփականությունը, ինչպես նաև այլ «in rem» իրավունքները, ինչպիսիք են` գրավը, գրավաթղթերը,
բ) բաժնետոմսերը, փայաբաժինները կամ ընկերակցություններում մասնակցության այլ ձևերը,
գ) դրամական միջոցների կամ ցանկացած տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության պահանջի իրավունքները,
դ) մտավոր սեփականության իրավունքները, ինչպիսիք են` հեղինակային իրավունքը, արտոնագրերը, արդյունաբերական նմուշները կամ մոդելները, առևտրական կամ ծառայությունների նշանները, առևտրական անունները, «նոու-հաու»-ները և բարի համբավը, ինչպես նաև Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ ճանաչվող այլ նմանատիպ իրավունքները,
ե) օրենքով տրվող կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հայտնաբերման, հետախուզման կամ շահագործման, ինչպես նաև օրենքով տրված այլ իրավունքները, որոնք տրվում են լիազորված մարմնի կոնտրակտով կամ որոշմամբ` համաձայն օրենքի:
Ներդրված կամ վերաներդրված ունեցվածքների ձևի որևէ փոփոխություն ազդեցություն չի ունենա նրանց բնույթի վրա` որպես ներդրումի:
3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրումների հետևանքով ստացված գումարներ, որոնք ներառում են, մասնավորապես, բայց ոչ բացառապես, շահույթը, շահաբաժինը, տոկոսները, ռոյալթիները, կառավարումը և տեխնիկական օժանդակությունը կամ այլ վճարումները անկախ եկամտի վճարման ձևից:
4. «Տարածք» տերմինը նշանակում է Պայմանավորվող կողմերի տարածքը, ներառյալ տարածքային ջրերը և տնտեսական բացառիկ գոտիները, որոնց վրա պետությունը, միջազգային և ներպետական օրենսդրության համաձայն, իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավազորություն:
ՀՈԴՎԱԾ 2. ԽՐԱԽՈՒՍՈՒՄ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ հնարավորության սահմաններում կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները իր տարածքում և կթույլատրի նման ներդրումները` իր օրենսդրության և կանոնակարգերի համաձայն:
2. Երբ Պայմանավորվող կողմը թույլատրի ներդրումը իր տարածքում, համաձայն իր օրենսդրության և կանոնակարգերի, համաձայնություն կտա այդպիսի ներդրման հետ կապված անհրաժեշտ թույլտվություններ ստանալուն, ներառյալ ղեկավարման և տեխնիկական աշխատակազմի ընտրության վերաբերյալ լիազորագրերը` անկախ ազգությունից:
ՀՈԴՎԱԾ 3. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՌԵԺԻՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրությանը և կանոնակարգերին համապատասխան, կպաշտպանի իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից արված ներդրումները և անհիմն կամ խտրական միջոցներով չի խախտի այդ ներդրումների կառավարումը, պահպանումը, օգտագործումը, շահագործումը, ընդլայնումը, վաճառքը կամ լուծարումը: Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կամ նրա իրավասու մարմինները կտան սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անհրաժեշտ լիազորությունները:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կերաշխավորի արդարացի և համարժեք վերաբերմունք իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների նկատմամբ:
Այդ վերաբերմունքը պետք է լինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տալիս է իր տարածքում իր սեփական ներդրողների կամ երրորդ պետության ներդրողների կողմից արված ներդրումների նկատմամբ, եթե վերջինիս վերաբերմունքը ավելի բարենպաստ է: Այնուամենայնիվ, Լիբանանի դեպքում այս ենթակետը չի վերաբերում այլ արաբական երկրների ներդրողներին տրվող ռեժիմին, մասնավորապես սեփականության իրավունքի ոլորտում, իսկ Հայաստանի դեպքում, այս ենթակետը չի վերաբերվի Լիբանանի ներդրողներին սեփականության իրավունքի ոլորտում տրվող ռեժիմին:
3. Առավել բարենպաստության ռեժիմը չպետք է պարտավորեցնի մի Պայմանավորվող կողմին` հատկացնել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին և ներդրումներին արտոնություններ, որոնք արդյունք են որևէ առկա կամ ապագայում ստեղծվելիք մաքսային կամ տնտեսական միության, ազատ առևտրի գոտու կամ տնտեսական տարածաշրջանային կազմակերպության, որի անդամ է կամ կարող է դառնալ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը: Ինչպես նաև ցանկացած արտոնության հետ կապված ռեժիմ, որը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ տալիս է երրորդ պետության ներդրողների երկակի հարկման համաձայնագրի կամ հարկային հարցերով այլ համաձայնագրերի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 4. ԱԶԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի տարածքում կատարված են ներդրումներ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից, պետք է ապահովի այդ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխանցում` մասնավորապես.
ա) եկամուտների, սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն,
բ) ներդրումների ամբողջական կամ մասնակի վաճառքից, օտարումից կամ լուծարումից ստացված գումարներ,
գ) վարկերից կամ ներդրողների հետ կապված այլ կոնտրակտային պարտավորություններից ծագած գումարներ,
դ) տեխնիկական օժանդակություն, տեխնիկական սպասարկումների և կառավարման իրականացման համար վճարումներ,
ե) աշխատավարձեր և այլ վարձատրություններ, որոնք ստանում են մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում այդ Կողմի օրենսդրության համաձայն արված ներդրումների հետ կապված իրենց գործունեության համար:
2. Փոխանցումները պետք է կատարվեն Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենքների և կանոնակարգերի համաձայն, փոխանցման օրը բանկերի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքով, եթե այլ համաձայնություն չկա:
ՀՈԴՎԱԾ 5. ՕՏԱՐՈՒՄ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը իրավունք չունի ուղղակի կամ անուղղակի միջոցներ ձեռնարկել` բռնագրավել, ազգայնացնել կամ նման հետևանքներ ունեցող գործողություններ ձեռնարկել ներդրումների դեմ, բացառությամբ այն դեպքերի, երբ միջոցառումները կատարվել են հասարակական շահից ելնելով և հիմնված են օրենքի, անխտրականության վրա, օրենքի հսկողության տակ և որ համարժեք ու արդյունավետ կփոխհատուցվեն: Փոխհատուցման գումարը և տոկոսները պետք է ներդրողին վճարվեն առանց ուշացման` ազատ փոխարկելի տարադրամով: Նման վճարումները ազատ և արագ փոխանցման հնարավորություն պետք ունենան:
2. Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնց ներդրումները վնաս են կրել Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, վթարային իրավիճակի կամ հեղափոխության դեպքերում, մյուս Պայմանավորվող կողմը պետք է օգնություն ցուցաբերի, ինչպես նշված է սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում, բացի վերջին նախադասությունից: Բոլոր դեպքերում նրանք կստանան համապատասխան փոխհատուցումներ:
ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ԱՌԱՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի նաև այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարված են Պայմանավորվող կողմերի տարածքներում մինչև ներքին օրենսդրությամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Սակայն Համաձայնագիրը չի կիրառվի այն վեճերի դեպքում, որոնք ծագել են մինչև նրա ուժի մեջ մտնելը:
ՀՈԴՎԱԾ 7. ԱՅԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությունը նախատեսում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների վերաբերյալ ավելի բարենպաստ ռեժիմ, քան այս Համաձայնագիրը, ապա նախապատվությունը տրվում է այդ օրենսդրությանը:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հետևի իր պարտականություններին, որոնք վերաբերում են իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումներին:
ՀՈԴՎԱԾ 8. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կամ նրանց կողմից նշանակված գործակալությունը կատարում է վճարումներ որևէ ոչ կոմերցիոն ռիսկի դիմաց ֆինանսական երաշխիքի ներքո, որը կապված է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրման հետ, վերջինս, ելնելով, սուբրոգացիայի հիմունքներից, պետք է ճանաչի առաջին Պայմանավորվող կողմի կամ նրա կողմից լիազորված գործակալությանը տվյալ ներդրողի կողմից տրվող հայցի ցանկացած իրավունք: Մյուս Պայմանավորվող կողմը կարող է ազատվել ներդրողի կողմից վճարման ենթակա և վճարելիք հարկերը և մյուս պետական վճարումները:
ՀՈԴՎԱԾ 9. ՄԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ԵՎ ՄՅՈՒՍ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՆԵՐԴՐՈՂԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման նպատակով կկազմակերպվեն խորհրդակցություններ հնարավորին չափ բարեկամական մթնոլորտում:
2. Եթե այս խորհրդակցությունները լուծման չեն բերում նշված բանակցությունները վարելու առաջարկության օրից վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողը իրավունք ունի վեճերը լուծել իր ընտրությամբ` հետևյալ ձևով.
ա) դիմել իրավասու դատարան Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ կատարվել է ներդրումը, կամ
բ) Ներդրման վեճերի լուծման միջազգային կենտրոն (ICSID), որը նախատեսված է պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին Կոնվենցիայով, որը բաց է ստորագրման համարն 1965 թվականի մարտի 18-ից (Վաշինգտոնում),
գ) «ad hoc» դատարան, որը, եթե վեճի կողմերի միջև այլ համաձայնություն չկա, կստեղծվի ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի (UNCITRAL) արբիտրաժային կանոններին համաձայն:
3. Վեճի կողմ հանդիսացող Պայմանավորվող կողմը ներդրման հետ կապված վեճի լուծման գործընթացի ժամանակ, ի պաշտպանություն իրեն, երբեք չի հենվի իր իմունիտետի վրա կամ այն փաստի վրա, որ ներդրողը ստացել է փոխհատուցում ապահովագրական պայմանագրի հիման վրա, որը ամբողջապես կամ մասնակիորեն ծածկում է կրած վնասը կամ կորուստը:
ՀՈԴՎԱԾ 10. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը կլուծվեն դիվանագիտական ուղիներով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը համաձայնության չեն գալիս վեճը սկսվելուց հետո 12 ամսվա ընթացքում, ապա վեճը կողմերից որևէ մեկի պահանջով կհանձնվի երեք անդամից կազմված միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի մեկական դատավոր, և այս երկու դատավորները կնշանակեն նախագահ, որը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի:
3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի ընտրել դատավոր և չի հետևել մյուս Պայմանավորվող կողմի հրավերին երկու ամսվա ընթացքում, այդ Կողմի խնդրանքով դատավորը կնշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:
4. Եթե երկու դատավորները համաձայնության չեն գալիս նախագահ ընտրելու հարցում իրենց նշանակվելուց հետո երկու ամսվա ընթացքում, Կողմերից ցանկացածի խնդրանքով նախագահ կնշանակվի Միջազգային դատարանի նախագահի կողմից:
5. Եթե սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում սահմանված դեպքերում Միջազգային դատարանի նախագահը չկարողանա իրականացնել իր գործառույթները, կամ եթե նա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, ապա նշանակումը կկատարի փոխնախագահը, և եթե վերջինս նույնպես չի կարող իրականացնել այդ գործառույթը, կամ եթե նա Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացին է, ապա նշանակումը կկատարի դատարանի ավագ դատավորը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացին չէ:
6. Դատարանը ինքն է որոշում իր ընթացակարգը` Պայմանավորվող կողմերի սահմանված դրույթներով:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կկրի իր նշանակած դատավորի և դատավարության իր ներկայացուցչության ծախսերը: Նախագահի և մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասարաչափ:
8. Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար:
ՀՈԴՎԱԾ 11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերի` սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու իրավական պահանջների կատարման մասին միմյանց ծանուցելուց 30 օր հետո: Այն կմնա ուժի մեջ 10 տարվա ընթացքում: Քանի դեռ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը այս ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ մյուս Կողմին պաշտոնապես չի ծանուցել նրա դադարեցման մասին, սույն Համաձայնագիրը կհամարվի նորացված նույն պայմաններով` հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար:
2. Սույն Համաձայնագրի չեղյալ հայտարարման պաշտոնական ծանուցման դեպքում 1-ից 10-րդ հոդվածների դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ պաշտոնական ծանուցագրից առաջ կատարված ներդրումների համար հետագա 10 տարվա ժամանակահատվածում:
Կատարված է Բեյրութ քաղաքում 1995 թվականի մայիսի 1-ին, երեք բնօրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Տարաբնույթ մեկնաբանությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հոկտեմբերի 1-ից: