Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ամրապնդել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը,

ձգտելով խրախուսել և ստեղծել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` փոխշահավետության և հավասարության հիման վրա,

ընդունելով, որ կապիտալ ներդրումների խրախուսումը և փոխադարձաբար պաշտպանությունը, սույն Համաձայնագրին համապատասխան, կնպաստեն այդ բնագավառում գործնական նախաձեռնությանը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում.

1. «Կապիտալ ներդրումներ» տերմինը նշանակում է` ներդրումներ, որոնք կատարվել են հետևյալ ձևերից որևէ մեկով.

ա) սեփականության իրավունք և այլ գույքային իրավունքներ և հիպոթեքի, գրավադրության և այլնի ձևով ռեալ երաշխիքներ,

բ) ավանդների, բաժնետոմսերի կամ ձեռնարկություններում, ընկերություններում և կազմակերպություններում այլ ձևերով մասնակցություն,

գ) դրամական միջոցների պահանջի իրավունք և տնտեսական արժեք ունեցող այլ իրավունքներ,

դ) հեղինակային իրավունք և նմանատիպ այլ իրավունքներ, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքներ /ինչպիսիք են` պատենտները, արտոնագրերը, արտադրական նմուշները, ապրանքանիշները, ծագման վայրի անունները, տեխնոլոգիական գործընթացները, «նոու-հաու»-ն և «գուդվիլ»-ը/,

ե) տնտեսական գործունեություն ծավալելու իրավունք, որը տրվում է օրենքի, պայմանագրի կամ իրավասու պետական մարմնի ակտի հիման վրա, ներառյալ բնական ռեսուրսների հետախուզման, մշակման և շահագործման իրավունքը:

Կապիտալ ներդրումների ձևի, ինչ ձևով որ դրանք իրականացվել էին, հետագա փոփոխությունը չի ազդում կապիտալ ներդրման, որպես այդպիսին, տեսակի վրա, եթե այդ փոփոխությունը չի հակասում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում կատարվել են կապիտալ ներդրումները:

2. «Ներդրող» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է`

- ֆիզիկական անձ, որը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է` ըստ այդ երկրի օրենսդրության,

- ցանկացած ձեռնարկություն, ընկերություն, կազմակերպություն և ասոցիացիա, որը ստեղծվել է Պայմանավորվող կողմերից որևէ մեկի օրենսդրության համապատասխան և գործում է նրա տարածքում ` անկախ այն բանից` իրավաբանական անձ է այն, թե ոչ:

3. «Եկամուտ» տերմինը նշանակում է գումար, որը գոյանում է կապիտալ ներդրման արդյունքում` որպես շահույթ, շահութաբաժին, տոկոս և այլ օրինական գումարներ:

4. «Տարածք» տերմինը նշանակում է, մի կողմից, Հայաստանի Հանրապետության, մյուս կողմից` Բուլղարիայի Հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող տարածք` ներառյալ ջրային տարածքները, մայրցամաքային շելֆը և բացառիկ տնտեսական գոտին, որտեղ, համաձայն միջազգային իրավունքի, այդ երկրները իրականացնում են իրենց ինքնիշխան իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ խրախուսում է իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումները և թույլատրում է այդպիսի կապիտալ ներդրումները` իր օրենսդրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրության համապատասխան, ապահովում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումների պաշտպանությունը:

3. Կապիտալ ներդրումներից եկամուտները, իսկ կրկնակի ներդրման դեպքում /վերաներդրում/` կրկնակի ներդրումից /վերաներդրումից/ ստացված եկամուտները, օգտվում են նույն պաշտպանվածությունից, ինչ որ սկզբնական կապիտալ ներդրումները:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրության համապատասխան, բարենպաստորեն կքննարկի բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են իր տարածքում սույն Համաձայնագրով նախատեսված կապիտալ ներդրումներ կատարող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու, ինչպես նաև նրա հետ մեկ տնտեսությամբ ապրող ընտանիքի անդամների մուտք գործելուն, ժամանմանը, աշխատանքին և տեղաշարժմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան իր սեփական ներդրողի կան ցանկացած երրորդ երկրի ներդրողի կապիտալ ներդրումների համար` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի բարենպաստ:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի կարող տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին ոչ պակաս բարենպաստ ռեժիմ` կապված իր տարածքում կապիտալ ներդրումների աջակցման, օգտագործման և կառավարման հետ, քան իր սեփական ներդրողներին կամ էլ ցանկացած երրորդ պետության ներդրողներին` կախված այն բանից, թե դրանցից որն է ավելի բարենպաստ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ ապագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողին` կապված.

ա) ազատ առևտրի գոտուն, առկա կամ ստեղծվելիք մաքսային միությանը, տնտեսական ընկերակցությանը կամ այլ նմանատիպ ինստիտուտներին մասնակցության կամ անդամակցության հետ,

բ) կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրերին:

4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում. սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ազգային ռեժիմից իրավունք ունի բացառություններ անելու` համաձայն իր գործող օրենսդրության:

Ցանկացած նոր բացառություն կկիրառվի միայն այն կապիտալ ներդրումների նկատմամբ, որոնք արվել են նշված բացառությունը ուժի մեջ մտնելուց հետո:

5. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը, իր օրենսդրության կամ միջազգային պայմանագրի համաձայն, որի մասնակիցն են երկու Պայմանավորվող կողմերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումներին կամ դրանց հետ կապված գործունեությանը տրամադրում է առավել բարենպաստ ռեժիմ, քան նախատեսվում է սույն Համաձայնագրով, ապա կիրառվում է առավել բարենպաստ ռեժիմը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմը, որի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումները պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակների և նմանատիպ դեպքերի պատճառով վնաս են կրել, այդ ներդրողներին տրամադրում է ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան տրամադրում է ցանկացած երրորդ պետության ներդրողին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումները ենթակա չեն բռնագրավման և ազգայնացման, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցառումները կիրառվում են օրենքով սահմանված կարգով պետության կարևորագույն կարիքները հոգալու համար, որը չի արվում խտրականորեն, և որի համար տրվում է նախնական ու համապատասխան փոխհատուցում: Նույն պայմանները կկիրառվեն նաև Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կապիտալ ներդրումները հասարակական սեփականություն դարձնելու կամ դրանք հասարակության վերահսկողությանը ենթարկելու, ինչպես նաև հատուկ միջոցներով Պայմանավորվող կողմի ներդրողի սեփականության իրավունքի սահմանափակման կամ զրկման յուրաքանչյուր դեպքում, որոնք իրենց հետևանքներով հավասարազոր են ազգայնացման:

2. Փոխհատուցումը պետք է համարժեք լինի ազգայնացվող կապիտալ ներդրումների` ազգայնացման մասին ակտը ուժի մեջ մտնելու պահին եղած շուկայական արժեքին. այն պետք է վճարվի անհապաղ` ներառելով նաև տարեկան տոկոսները, որոնք հավասարազոր են 12-ամսյա տոկոսադրույքին /»LIBOR»/, մինչև վճարման պահը, ազատ փոխարկելի այն տարադրամով, որով իրականացվել են կապիտալ ներդրումները: Բռնագանձման մասին հրապարակային հայտարարության հետևանքով արժեքի յուրաքանչյուր իջեցում հասանելիք փոխհատուցման չափը որոշելիս հաշվի չի առնվում: Այդ փոխհատուցման գումարը ենթակա է ազատ փոխանցման:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը թույլ է տալիս մյուս Պայմանավորվող կողմի ներդրողին վերջինիս կողմից բոլոր հարկային պարտավորությունները կատարելուց հետո իրականացնել կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների անարգել փոխանցում: Մասնավորապես`

ա) սկզբնական կապիտալ ներդրումների գումարների և կապիտալ ներդրումների պահպանման կամ ավելացման համար լրացուցիչ գումարների,

բ) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետի համաձայն` եկամուտների,

գ) կապիտալ ներդրումների մասնակի կամ ամբողջական լուծարումից կամ նրա վաճառքից ներդրողի ստացած գումարի,

դ) կապիտալ ներդրումների գործելու հետևանքով առաջացած ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարների, ինչպես, օրինակ, փոխառության վճարումներ, պատենտային անդամավճարների և այլ ծախսերի վճարումներ,

ե) սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն փոխհատուցումների,

զ) մի Պայմանավորվող կողմի քաղաքացուն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած կապիտալ ներդրումների հետ կապված աշխատանքների և ծառայությունների համար տրվող աշխատավարձի և այլ պարգևատրումների:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված վճարումների փոխանցումը կատարվում է անհապաղ` ազատ փոխարկելի տարադրամով կամ, Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ, մեկ այլ` ներդրողի համար ընդունելի ցանկացած այլ տարադրամով` այն Պայմանավորվող կողմի պաշտոնական փոխանակման կուրսով, որի տարածքում կատարվել է կապիտալ ներդրումը:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն` բոլոր փոխանցումները, որոնք սույն հոդվածի առարկան են հանդիսանում, կօգտվեն ոչ պակաս բարենպաստ ռեժիմից, քան այն փոխանցումները, որոնք կատարվել են ցանկացած երրորդ պետության ներդրողների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Եթե Պայմանավորվող կողմը վճարում է կատարում իր ներդրողին` համաձայն կապիտալ ներդրումների կապակցությամբ կնքված ապահովագրության կամ երաշխիքի պայմանագրի, ապա մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է ներդրողին պատկանող իրավունքների և պարտականությունների հանձնումը առաջին Պայմանավորվող կողմին: Այն Պայմանավորվող կողմը, որին անցել են ներդրողին պատկանող իրավունքները, ունի այն նույն իրավունքները, ինչ ներդրողը, վերապահությամբ ներդրողի այն պարտավորությունների, որոնք վերաբերում են այդպիսով ապահովագրված կապիտալ ներդրումներին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված սուբրոգացիայի դեպքում ներդրողը պահանջներ ներկայացնելու իրավունք չունի, եթե Պայմանավորվող կողմից լիազորված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Պայմանավորվող կողմերի միջև վեճերը` կապված սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ, հնարավորության սահմաններում լուծվում են դիվանագիտական ուղիներով:

2. Եթե բանակցությունները սկսելու պահից 6 ամսվա ընթացքում վեճը լուծում չի ստանում, ապա ցանկացած Պայմանավորվող կողմի պահանջով այն հանձնվում է միջնորդ դատարանի քննությանը:

3. Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր դեպքի համար հետևյալ կերպ: Վեճը միջնորդ դատարան հանձնելու մասին Պայմանավորվող որևէ կողմից ծանուցում ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը նշանակում է մեկ դատավոր: Այս երկու դատավորները երկու ամսվա ընթացքում ընտրում են երրորդ դատավորին, որը պետք է լինի երրորդ պետության քաղաքացի և Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ նշանակվի միջնորդ դատարանի նախագահ:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում միջնորդ դատարան չի ստեղծվում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը այլ պայմանավորվածություն չլինելու դեպքում կարող է դիմել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու առաջարկով: Եթե Միջազգային դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է կամ մեկ այլ պատճառով չի կարող կատարել նշված գործառույթը, ապա անհրաժեշտ նշանակումներ կատարելու առաջարկով կարելի է դիմել Միջազգային դատարանի` ըստ ավագության հաջորդ անդամին, որը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:

5. Միջնորդ դատարանի նախագահը և անդամները պետք է լինեն այն պետությունների քաղաքացիներ, որոնց հետ երկու Պայմանավորվող կողմերը պահպանում են դիվանագիտական հարաբերություններ:

6. Միջնորդ դատարանն իր որոշումները կայացնում է` ելնելով սույն Համաձայնագրի դրույթներից, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներից և նորմերից: Որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը վերջնական է և պարտադիր յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար: Իր աշխատակարգը դատարանը սահմանում է ինքնուրույն:

7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրում է իր նշանակած դատավորի և դատավարության ընթացքում իր ներկայացուցչության գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Պայմանավորվող երկու կողմերը կրում են հավասարապես:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ծագած վեճերը` կապված սույն Համաձայնագրով սահմանված վերջինիս պարտավորությունների և առաջին Պայմանավորվող կողմի ներդրողի կապիտալ ներդրումների իրականացման հետ, հնարավորության սահմաններում լուծվում են բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը ծագելու պահից վեց ամսվա ընթացքում բանակցությունների միջոցով չի լուծվում, ապա այն կարող է հանձնվել այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանի կամ միջնորդ դատարանի քննմանը, որի տարածքում կապիտալ ներդրումները կատարվել են:

3. Սույն Համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների առնչությամբ ծագած վեճերը կարող են քննվել «ad hoc» միջնորդ դատարանի կողմից` միջազգային առևտրային իրավունքի գծով Միավորված ազգերի կազմակերպության հանձնաժողովի /»UNCITRAL»/ Արբիտրաժային կանոնակարգին համապատասխան և պայմանով, որ ներդրողը չի օգտվել սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան հայց ներկայացնելու իրավունքից: Այդ նպատակով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հայտարարի իր համաձայնությունը վերոհիշյալ միջազգային արբիտրաժային ընթացակարգը կիրառելու վերաբերյալ:

4. Միջնորդ դատարանը իր որոշումներն ընդունում է սույն Համաձայնագրի դրույթների, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի, ինչպես նաև այն Պայմանավորվող կողմի օրենսդրության հիման վրա, որի տարածքում կատարվել են կապիտալ ներդրումները:

5. Միջնորդ դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր վիճող երկու կողմերի համար և ի կատար են ածվում այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում կատարված են կապիտալ ներդրումները:

6. Վիճող կողմերից յուրաքանչյուրը կրում է դատավարության ընթացքում իր նշանակած դատավորի և իր ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը վիճող Կողմերը կրում են հավասարապես:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ: Այդ խորհրդակցությունները կազմակերպվում են Պայմանավորվող որևէ կողմի առաջարկով, իսկ տեղի և օրվա մասին պայմանավորվում են դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կիրառվում է մի Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` ինչպես մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, այնպես էլ դրանից հետո իրականացված Պայմանավորվող կողմի բոլոր կապիտալ ներդրումների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում 30 օր հետո` հաշված այն օրից, երբ Պայմանավորվող կողմերը միմյանց գրավոր ծանուցում են իրենց կողմից համապատասխան սահմանադրական ընթացակարգի կատարման մասին, և կգործի 15 տարվա ընթացքում:

2. Եթե Պայմանավորվող կողմերը սկզբնական ժամկետը լրանալուց ամենաքիչը 12 ամիս առաջ միմյանց գրավոր չծանուցեն սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցման մտադրության մասին, դրա գործողությունը կերկարաձգվի ևս հինգ տարի ժամկետով: Համաձայնագիրը կարող է դադարել, եթե Պայմանավորվող կողմը համապատասխան հնգամյա ժամկետի ավարտից 12 ամիս առաջ ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:

3. Մինչև Համաձայնագրի դադարեցման օրը կատարված ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի 1-ից 11-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան հետագա տասը /10/ տարիների ընթացքում:

 

Կատարված է Սոֆիա քաղաքում 1995 թվականի ապրիլի 10-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կապակցությամբ ծագած վեճերի դեպքում առաջնությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 27-ից:

 

 

pin
Բուլղարիայի Հանրապետություն
Համաձայնագիր