Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հունաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր, առաջնորդվելով երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ցանկությամբ,

ձգտելով զարգացնել իրենց համագործակցությունը կրթության, գիտության և տեխնոլոգիայի, մշակույթի, զանգվածային լրատվության միջոցների, մարմնամարզության և երիտասարդության խնդիրների բնագավառներում,

գործելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, Մադրիդի և Վիեննայի հանդիպումների ամփոփիչ տեքստերի, Նոր Եվրոպայի համար Փարիզի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև 1991 թվականի Կրակովում ստորագրված ԵԱՀԽ-ի մշակութային ժառանգության գիտաժողովի Եզրափակիչ տեքստի դրույթների համաձայն, որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի աջակցեն կրթության և գիտության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Այս նպատակով նրանք`

կամրապնդեն համագործակցությունը երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների և գիտությունների ակադեմիաների միջև,

կնպաստեն մյուս երկրի լեզվի և մշակույթի ուսուցմանը,

կփոխանակեն բարձրագույն կրթական հաստատությունների գիտաշխատողներ,

կօժանդակեն գիտելիքների և փորձի փոխանակմանը բոլոր կրթական մակարդակներով,

փոխադարձ համաձայնությամբ կտրամադրեն կրթաթոշակներ մյուս երկրի բարձրագույն գիտական հաստատություններում ուսումնառությունների համար,

կդյուրացնեն գիտելիքների և փորձի փոխանակումը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև մյուս երկրի լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրության և իմացության տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծումը,

կբանակցեն, յուրաքանչյուր երկրի օրենսդրությանը համապատասխան, վկայագրերի, վկայականների, դիպլոմների, աստիճանների և ակադեմիական կոչումների փոխադարձաբար ճանաչման, ինչպես նաև համարժեքության վերաբերյալ համաձայնագրերի կնքման նպատակով:

Կրթական խնդիրներին առնչվող յուրաքանչյուր այլ գործունեություն կհանդիսանա սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի դրույթներին համապատասխան համաձայնեցման ենթակա ծրագրերի առարկա:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն և դյուրացնեն, փոխշահավետության հիման վրա, երկու Կողմերի փոխանակումներն ու համագործակցությունը տեսական և կիրառական գիտությունների բնագավառներում և ապահովեն համապատասխան հնարավորություններ երկու երկրների գիտական հաստատությունների և կազմակերպությունների, հետազոտական ինստիտուտների, համալսարանների, ինչպես նաև բարձրագույն կրթության այլ հաստատությունների, գիտնականների, հետազոտողների և մասնագետների միջև շփումների համար, ինչպես նաև պետք է խրախուսեն մասնագիտացված ոլորտներում և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ համատեղ գործունեությունը:

Գիտական համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է դյուրացնեն.

1) հետազոտողների, գիտնականների և այլ մասնագետների այցելությունները, ուսումնական ուղևորությունները և խորհրդակցությունները,

2) հետազոտական ծրագրերի և նախագծերի համատեղ մշակումն ու իրագործումը և դրանց արդյունքների փոխանակումը,

3) համատեղ դասընթացների, խորհրդաժողովների և գիտաժողովների կազմակերպումը,

4) գիտական բնույթի տեսալսողական նյութերի փոխանակումը,

5) գիտական ցուցահանդեսների և ցուցադրումների կազմակերպումը,

6) գիտական գրականության, փաստաթղթերի և տեղեկության փոխանակումը:

Հունական կողմից այս նպատակի իրագործման գործակալությունն է արդյունաբերության նախարարության հետազոտության և տեխնոլոգիայի գլխավոր քարտուղարությունը, իսկ հայկական կողմից` բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը:

Գիտական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի իրագործման և կարգավորման հատուկ արձանագրություն կստորագրվի ամեն երկու տարին մեկ` հաջորդաբար Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մայրաքաղաքում: Այդ արձանագրության մեջ հաստատման համար ձևակերպված նախագծերը նախքան իրականացումը համատեղ կներկայացվեն և կգնահատվեն երկու Կողմերի կողմից:

Վերը նշված համագործակցության ֆինանսավորումը կիրականացվի երկու Պայմանավորվող կողմերի կողմից համատեղ` հավասարության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կխրախուսեն համագործակցությունը և տեղեկության փոխանակումները երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մշակութային տարբեր ոլորտներում և նրանք առանձնահատուկ կխրախուսեն.

- մյուս երկրի արվեստի և գրականության գործերի ներկայացում հետապնդող նախաձեռնությունները, ներառյալ գրական երկերի թարգմանությունները և գրքերի, ինչպես նաև մշակութային այլ հրատարակությունների փոխանակումները,

- գեղանկարչական ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների փոխանակումները, ինչպես նաև ֆիլմերի ներկայացումները յուրաքանչյուր երկրի իրավասու մարմինների միջոցով,

- մյուս Կողմի կազմակերպած մշակութային հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովներին, մրցույթներին և հանդիպումներին իրենց ներկայացուցիչների մասնակցությունը,

- երկու երկրների արվեստի ներկայացուցիչների միությունների միջև շփումների զարգացումը և գեղարվեստի ուսուցման ոլորտում փորձի և մասնագետների փոխանակումները, ինչպես նաև անհատ գրողների, դասախոսների և նկարիչների փոխանակումները,

- փորձի և մասնագետների այցելությունների փոխանակումը թանգարանների, ճարտարապետական ու մշակութային ժառանգության պահպանման բնագավառներում,

- Պայմանավորվող կողմերը տեղեկություն կփոխանակեն պատմական հուշարձանների հսկողությանը, պաշտպանությանը և պահպանմանն առնչվող աշխատանքների մասին,

- Կողմերը կկազմակերպեն երկկողմ սեմինարներ և գիտաժողովներ համապատասխան հասարակական հաստատությունների, հետազոտական հաստատությունների, արվեստի և մասնագիտական կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ` մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հիմնահարցերի ուսումնասիրության շուրջ,

- արխիվներում, հանրային և համալսարանական գրադարաններում հետազոտությունների դյուրացմանը` երկու երկրներում գործող կանոնակարգերի համաձայն,

- թատերական, գեղարվեստական և ազգային խմբերի կամ անհատ կատարողների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կօժանդակեն իրենց միջև ակտիվ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և մշակույթին, կրթությանը և գիտությանը առնչվող միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը պետք է դյուրացնեն հնագիտության բնագավառում իրավասու մարմինների միջև համագործակցությունը և տեղեկության փոխանակումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը, ընդունելով, որ մյուս երկրի լեզվի իմացության ընդլայնումը համագործակցության նշանակալից գործոն է, կխրախուսեն հունարենի ուսումնասիրումը և տարածումը Հայաստանում և հայերենինը` Հունաստանում:

Նրանք կհամագործակցեն իրենց տարածքներում մշտապես բնակվող, համապատասխանաբար, հունական և հայկական ծագումով քաղաքացիների մայրենի լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների պահպանմանը նպատակաուղղված բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը համաձայնում են համապատասխան ժամանակ և փոխադարձության հիման վրա իրենց համապատասխան մայրաքաղաքներում ձեռնամուխ լինել մշակութային կենտրոնների ստեղծմանը:

Կկնքվի հատուկ համաձայնագիր, որը կսահմանի կենտրոնների իրավական կարգավիճակը, կազմակերպումը և գործունեության պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը ֆիլմերի փոխանակման միջոցով կխրախուսեն կինոյի բնագավառում կապերի զարգացումը` առևտրային հիմքի վրա կամ կապված մյուս Կողմի կազմակերպած միջազգային կինոփառատոներին մասնակցության հետ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կխրախուսեն մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների բնագավառում համագործակցությունը` հատկապես կնքելով ուղղակի համաձայնագրեր համապատասխան հաստատությունների և մասնագիտական կազմակերպությունների միջև:

Երկու Կողմերը կխրախուսեն E.T. և E.R.A. և Հայաստանի համապատասխան պետական ռադիոկազմակերպությունների և հեռուստատեսային կազմակերպությունների միջև ուղղակի համագործակցությունը, որի ձևերը և պայմանները կվերլուծվեն նրանց միջև կնքված համագործակցության համաձայնագրերում: Առանձնապես, երկու Կողմերը կխրախուսեն ռադիոծրագրերի և հեռուստատեսային ծրագրերի, ինչպես նաև հեռուստատեսային համատեղ արտադրությունների փոխանակումները:

Նաև, E.T. և E.R.A. և Հայաստանի համապատասխան ռադիոկազմակերպությունները և հեռուստատեսային կազմակերպությունները հնարավոր բոլոր եղանակներով կաջակցեն երկու երկրներ այցելող լրագրողների աշխատանքին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցության զարգացումը մարմնամարզության և ֆիզիկական դաստիարակության բնագավառում, և նրանք կձգտեն մարմնամարզության բնագավառում ընդլայնել ուղղակի շփումները ու համագործակցությունը երկու երկրների պետական մարմինների միջև: Այս համագործակցության բովանդակությունը և մանրամասները կորոշվեն վերը նշված մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն համագործակցությունը երկու երկրների երիտասարդական հաստատությունների ու կազմակերպությունների միջև սոցիալական և մշակութային ոլորտներում` ի շահ երկու երկրների երիտասարդության:

Պայմանավորվող կողմերը տեղեկություն և փորձ կփոխանակեն երկու երկրներում երիտասարդությանն առնչվող բոլոր ոլորտներում զարգացումների վերաբերյալ` նպատակաուղղված երիտասարդների միջև հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը, բարեկամական մթնոլորտի ստեղծմանը և խաղաղության աջակցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն զբոսաշրջիկների փոխանակումների զարգացման շուրջ` երկու երկրների քաղաքակրթությունները ճանաչելի դարձնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Այս Համաձայնագրի իրագործման նպատակով Պայմանավորվող կողմերը պետք է հիմնեն հույն-հայկական համատեղ կոմիտե, որը կազմված կլինի երկու Կողմերի ներկայացուցիչներից և հաջորդաբար նիստեր կգումարի Աթենքում և Երևանում:

Կոմիտեն պետք է քննարկի սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող հարցեր: Այն պետք է մշակի համագործակցության ծրագրերի մանրամասները, ինչպես նաև դրանց ֆինանսական պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտման մասին Պայմանավորվող կողմերի` միմյանց ծանուցման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի կմնա հինգ տարվա ընթացքում: Այն այնուհետև ինքնաբերաբար կնորացվի հաջորդ հինգ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը գրավոր, դիվանագիտական ուղիներով այն չեղյալ չհայտարարի այդ ժամկետներից որևէ մեկի լրանալուց վեց ամիս առաջ:

 

Կատարված է Աթենք քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հունարեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հոկտեմբերի 2-ից:

 

 

pin
Հունաստանի Հանրապետություն
16.12.1994
Համաձայնագիր