i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով զարգացնել բարեկամական հարաբերությունները նաև մաքսային գործի բնագավառում համագործակցությամբ,
ձգտելով մաքսային ծառայությունների համագործակցությամբ նպաստել Կողմերի միջև ուղևորաբեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը,
նկատի ունենալով, որ մաքսային իրավախախտումները կվնասեն Կողմերի տնտեսական շահերին,
համոզված լինելով, որ մաքսային օրենսդրության պահպանումը և մաքսային իրավախախտումների դեմ պայքարը ավելի արդյունավետ կիրականացվի Կողմերի մաքսային ծառայությունների համագործակցությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար կիրառվող հասկացությունները նշանակում են.
«մաքսային օրենսդրություն»` Կողմերի իրավական նորմերի ամբողջությունը, որը կարգավորում է ապրանքների ներմուծումը, արտահանումը, տարանցումը, ուղևորների ձեռքի իրերը և ուղեբեռները, արտարժութային և այլ արժեքների, միջազգային փոստային առաքումները, մաքսերի, հարկերի և այլ վճարումների գանձումը, արտոնությունների տրամադրումը, արգելքների և սահմանափակումների հաստատումը, ինչպես նաև Կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
«մաքսային ծառայություններ»` Կողմերի մաքսային կենտրոնական մարմինները,
«մաքսային իրավախախտում»` մաքսային օրենսդրության խախտում կամ խախտման փորձ,
«անձ»` ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
«թմրամիջոցներ»` նյութեր, որոնք մտցված են 1961 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի կողմից ընդունված թմրամիջոցների անվանացանկ` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ,
«հոգեներգործող նյութեր»` նյութեր, որոնք մտցված են 1971 թվականի թմրամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Միասնական կոնվենցիայի կողմից ընդունված հոգեներգործող նյութերի անվանացանկ` հետագա փոփոխություններով հանդերձ:
ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Կողմերը սույն Համաձայնագրի հիման վրա և մաքսային ծառայությունների միջոցով, իրենց իրավասության շրջանակներում և պահպանելով Կողմերի օրենսդրությունը, կհամագործակցեն հետևյալ նպատակներով`
ա) Կողմերի միջև ուղևորաբեռնային հաղորդակցության կատարելագործման,
բ) մաքսերի, տուրքերի և այլ վճարումների ճիշտ գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման ապահովման,
գ) մաքսային իրավախախտումների կանխման, կանխարգելման և հետաքննության:
ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները`
ա) փոխադարձ համաձայնությամբ` կձեռնարկեն մաքսային ընթացակարգերի դյուրացման անհրաժեշտ միջոցներ,
բ) կճանաչեն միմյանց մաքսային ապահովումները (կապարակնիքները, կնիքների դրոշմվածքները, դրոշմները), մաքսային փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում փոխադրվող ապրանքների վրա կդնեն սեփական մաքսային ապահովումները:
2. Տարանցիկ փոխադրվող ապրանքները ու փոխադրամիջոցները ազատվում են մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ դրանց ներմուծումը, արտահանումը և տարանցումը արգելված են համաձայն Կողմերի օրենսդրության, կամ կատարվել են մաքսային իրավախախտումներ:
ՀՈԴՎԱԾ 4. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են տեղեկություններ, որոնք հաստատում են, որ Կողմերից մեկի տարածքից արտահանված ապրանքները մյուս Կողմի տարածք են ներմուծվում օրինական հիմունքներով: Տեղեկություններում նշվում են մաքսային ընթացակարգերի տեսակը և արդյունքները, որոնց համապատասխան ձևակերպվել են ապրանքները: Սա վերաբերում է նաև Կողմերից մեկի տարածքից ապրանքների վերաարտահանմանը:
2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում միմյանց ներկայացնում են, որ իրենց ենթակա մաքսային մարմինների կողմից ներկայացված տեղեկությունները կամ այլ փաստաթղթերը իրական են և պարունակում են անհրաժեշտ բոլոր տվյալները:
ՀՈԴՎԱԾ 5. ՊԱՅՔԱՐ ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ
1. Թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության կանխարգելման, հետաքննության ու կանխման գործողությունների ակտիվացման նպատակով մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման և հնարավորինս կարճ ժամկետում հաղորդում են միմյանց հետևյալ տեղեկությունները`
ա) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառությամբ զբաղվող կամ դրա մեջ կասկածվող անձանց մասին,
բ) թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության համար օգտագործվող հայտնի կամ դրա մեջ կասկածվող փոխադրամիջոցների մասին, ներառյալ բեռնարկղերը և փոստային առաքումները:
2. Մաքսային ծառայությունները առանց նախնական հարցման միմյանց տեղեկություններ են հաղորդում թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության մեջ կիրառվող եղանակների, ինչպես նաև դրանց վրա վերահսկողության նոր մեթոդների մասին:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Կողմերից որևէ մեկի ստացած տեղեկությունները, հաղորդումները և փաստաթղթերը կարող են հանձնվել նրանց իրավապահ և այլ պետական մարմիններին, որոնք զբաղվում են թմրամոլությամբ և թմրադեղերի ու հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարով:
4. Մաքսային ծառայությունները, Կողմերի օրենսդրության հիման վրա և փոխհամաձայնությամբ, անհրաժեշտության դեպքում օգտագործում են թմրադեղերի ու հոգեներգործող նյութերի վերահսկվող առաքումների մեթոդը` նպատակ ունենալով դրանց ապօրինի շրջանառությանը մասնակից անձանց բացահայտումը:
Վերահսկվող առաքումների մեթոդի կիրառման մասին որոշումները Կողմերը ընդունում են ամեն մի կոնկրետ դեպքում և կարող են, ըստ անհրաժեշտության, հաշվի առնել Կողմերի ֆինանսական պայմանավորվածությունները:
5. Կողմերը կարող են տարածել սույն Համաձայնագրի գործողության շրջանակները նաև այն նյութերի վրա, որոնք օգտագործվում են թմրադեղերի և հոգեներգործող նյութերի արտադրության համար:
ՀՈԴՎԱԾ 6. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Մաքսային ծառայությունները հարցումով, ինչպես նաև տեղեկությունների, արձանագրությունների և այլ փաստաթղթերի հաստատված պատճենների փոխանակումով միմյանց են հաղորդում իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունները հետևյալի մասին`
ա) մաքսերի, տուրքերի և այլ վճարումների գանձման, ինչպես նաև մաքսային արտոնությունների կիրառման հետ կապված հանգամանքների մասին,
բ) կատարված կամ նախապատրաստվող գործողությունների մասին, որոնք հակասում են հարցում կատարող Կողմի մաքսային օրենսդրությանը:
2. Մաքսային ծառայությունները հնարավորինս կարճ ժամկետում միմյանց են հաղորդում, այդ թվում և առանց նախնական հարցման, հնարավոր մաքսային իրավախախտումների մասին տեղեկությունները, որոնց դեմ պայքարում Կողմերը ունեն հատուկ շահագրգռվածություն: Դա, առաջին հերթին, վերաբերում է մաքսային իրավախախտումներին` փոխադրումների հետևյալ դեպքերում`
ա) այն ապրանքների, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել բնական շրջակա միջավայրին կամ բնակչության առողջությանը,
բ) զենքի, զինամթերքի պայթուցիկ ու թունավոր նյութերի, պայթեցման սարքավորումների,
գ) պատմական, գեղարվեստական, մշակութային կամ հնէաբանական նշանակալից արժեք ներկայացնող առարկաների,
դ) ապրանքների, որոնք Կողմերի օրենսդրությամբ ենթարկվում են մաքսային ու հարկային ավելի բարձր գանձումների,
ե) հատուկ կարևոր նշանակություն ունեցող ապրանքների, որոնք, ըստ Կողմերի միջև ընդունված անվանացանկի, ենթարկվում են ոչ տարիֆային սահմանափակումների կամ ենթակա են մաքսային կամ հարկային ավելի բարձր գանձումների:
ՀՈԴՎԱԾ 7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
1. Մաքսային ծառայությունները սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում փոխանակում են գործող օրենսդրական կամ մաքսային հարցերին վերաբերող այլ ակտերի պատճենները և հետագայում անհապաղ տեղեկացնում են միմյանց մաքսային օրենսդրության մեջ կատարված բոլոր փոփոխությունների և լրացումների մասին:
2. Կողմերից մեկի մաքսային ծառայությունը մյուս Կողմի մաքսային ծառայության հարցումով հանձնում է վարչական մարմինների մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող բոլոր որոշումների պատճենները:
3. Ի տարբերություն սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետում նախատեսված պահանջների` փաստաթղթերի փոխանակմանը վերաբերող հարցումներում, սույն հոդվածի համաձայն, գործի էությունը կարող է չնկարագրվել:
4. Փաստաթղթերի ստացման մասին հարցում կատարող մաքսային ծառայությունը հաստատում է` նշելով ստացման օրը:
ՀՈԴՎԱԾ 8. ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ
1. Մաքսային ծառայությունները փոխանակում են տեղեկություններ`
ա) իրենց աշխատանքային փորձի և տեխնիկական օժանդակ միջոցների օգտագործման մասին,
բ) մաքսային իրավախախտումների կատարման նոր միջոցների և եղանակների մասին,
գ) Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ մաքսային հարցերի մասին:
2. Մաքսային ծառայությունները մաքսային բնագավառում միմյանց ցուցաբերում են օգնություն` ներառյալ.
ա) մաքսային աշխատակիցների փոխանակումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող դեպքերում` մաքսային ծառայությունների կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների հետ ծանոթանալու նպատակով,
բ) աշխատակիցների ուսուցումը և օգնությունը մասնագիտական հնարքները կատարելագործելու համար,
գ) մաքսային հարցերով փորձագետների փոխանակում,
դ) մաքսային հարցերին վերաբերող մասնագիտական, գիտական և տեխնիկական տեղեկությունների փոխանակում:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
1. Մի Կողմի մաքսային ծառայության հարցումով` մյուս Կողմի մաքսային ծառայությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի «բ» և «գ» կետերում նախատեսված հարցերով կատարում է ստուգում կամ հետաքննություն: Ստուգման կամ հետաքննության արդյունքները հաղորդվում են հարցում կատարող մաքսային ծառայությանը` սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգի համաձայն:
2. Ստուգումը կամ հետաքննությունը կատարվում է հարցվող Կողմի մաքսային տարածքում գործող օրենսդրության համապատասխան: Հարցվող մաքսային ծառայությունը ստուգումը կամ հետաքննությունը կատարում է` գործելով իր անունից:
3. Հարցվող մաքսային ծառայությունը կարող է թույլատրել հարցում կատարող մաքսային ծառայության պաշտոնական անձի ներկայությունը ստուգմանը կամ հետաքննությանը:
4. Սույն Համաձայնագրում նախատեսված դեպքերում մի Կողմի պաշտոնական անձինք մյուս Կողմի տարածքում գտնվելու ընթացքում պետք է ունենան իրենց պաշտոնական լիազորությունները հաստատող փաստաթուղթ, չկրեն համազգեստ և չունենան զենք:
ՀՈԴՎԱԾ 10. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԿԱՆԵՐԸ
Եթե մի Կողմի դատական կամ վարչական մարմինները մաքսային իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ընթացքում դիմում են համապատասխան հարցումով, ապա մյուս Կողմի մաքսային ծառայությունը կարող է լիազորել իր աշխատակիցներին` այդ վարչական կամ դատական քննություններին որպես փորձագետներ կամ վկաներ հանդես գալու համար: Այդ աշխատակիցները ցուցմունքներ են տալիս կամ եզրահանգումներ են անում իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում փաստերի վերաբերյալ: Դատական կամ վարչական քննությանը մասնակցության վերաբերյալ հարցման մեջ պետք է նշվի հարցվող մաքսային ծառայության աշխատակցի մասնակցության դերի և գործի մասին:
ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՐՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումը ուղարկվում է գրավոր: Հարցում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է կցվեն բնօրինակով պաշտոնապես հավաստված պատճեններով կամ լուսապատճեններով:
2. Հարցումը պետք է ընդգրկի հետևյալ տվյալները`
ա) մաքսային մարմին, որի շահերը ընկած են հարցման հիմքում,
բ) ընթացակարգի տեսակը,
գ) ընթացակարգի մասնակիցների ազգանունները, հասցեները և այլ տվյալներ,
դ) հարցման առարկան և պատճառը,
ե) գործի էության համառոտ նկարագրությունը և դրա իրավաբանական որակավորումը:
ՀՈԴՎԱԾ 12. ՀԱՐՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները, Կողմերի օրենսդրության համաձայն և իրենց իրավասությունների շրջանակներում, նպաստում են միմյանց հարցումների կատարման գործում:
2. Հարցման իրականացումից հրաժարվում է, եթե դրա կատարումը կարող է վնասել հարցվող Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը, հակասել նրա օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին:
3. Հարցման իրականացմանը նպաստելու գործում մերժման, ինչպես նաև մերժման պատճառների մասին հարցում կատարող մաքսային ծառայությունը անհապաղ ծանուցվում է գրավոր:
ՀՈԴՎԱԾ 13. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Փաստաթղթերի բնօրինակների հարցմամբ փոխանցումը իրականացվում է այն դեպքերում, երբ պաշտոնապես հավաստված պատճենները կամ լուսապատճենները անբավարար են:
2. Փաստաթղթերի բնօրինակները հնարավորինս կարճ ժամկետում պետք է վերադարձվեն հարցվող Կողմի մաքսային ծառայությանը:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառելիս չպետք է ոտնահարվեն հարցվող Կողմի կամ սույն Համաձայնագրի մասնակից չհանդիսացող պետության իրավունքները և օրինական շահերը:
ՀՈԴՎԱԾ 14. ՍՏԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
1. Մաքսային ծառայությունները որպես ապացույցներ կարող են օգտագործել սույն Համաձայնագրի համապատասխան ստացված տեղեկությունները և փաստաթղթերը իրենց արձանագրություններում, հաղորդումներում և այլ նյութերում, ստուգումների կամ հետաքննությունների ընթացքում, մաքսային իրավախախտումների հետ կապված վարչական և դատավարական քննություններում: Այդ տեղեկությունների և փաստաթղթերի գնահատումը, ինչպես նաև դրանց օգտագործման հնարավորությունն ու կարգը վարչական և դատական քննություններում որոշվում են հարցում կատարող Կողմի ներքին օրենսդրությամբ:
2. Հարցումով ներկայացված փաստաթղթերը, հաղորդումները և տեղեկությունները բացառապես կծառայեն սույն Համաձայնագրի իրականացման նպատակին և չեն կարող փոխանցվել ինչ-որ մեկին կամ օգտագործվել այլ նպատակների համար առանց այդ տեղեկությունները ներկայացրած մաքսային ծառայության ադմինիստրացիայի համաձայնության:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն առնչվում թմրադեղերի և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության հետ կապված խախտումների մասին տեղեկություններին: Նման տեղեկությունները կարող են փոխանցվել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործի հետ անմիջականորեն կապված մարմիններին:
ՀՈԴՎԱԾ 15. ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
1. Հարցում կատարող մաքսային ծառայությունը հատուցում է հարցում իրականացնող մաքսային ծառայության ծախսերը, որոնք կատարվել են սույն Համաձայնագրի համապատասխան, փորձագետներին և թարգմանիչներին վարձատրելու համար, որոնք չեն աշխատում հարցվող մաքսային ծառայությունում:
2. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի դրույթների կատարման հետ կապված ծախսերի փոխանցումը կարող է դառնալ Կողմերի մաքսային ծառայությունների միջև առանձին պայմանավորվածությունների առարկա:
ՀՈԴՎԱԾ 16. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը իրականացվում է անմիջականորեն մաքսային ծառայությունների միջև:
2. Մաքսային ծառայությունները, իրենց իրավասությունների շրջանակներում, հրապարակում են սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր:
3. Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը նպատակահարմար են գտնում հանձնարարել Կողմերի մաքսային ծառայություններին` առանձին համաձայնագրեր կնքել մաքսային երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրով:
ՀՈԴՎԱԾ 17. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ընդունած պարտավորությունները:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից և կգործի 5 տարի ժամկետով, որից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարի ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը վերջնական ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Կիև քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու բնօրինակով` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերը հավասարազոր են:
Հայերեն և ուկրաիներեն տեքստերի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում որպես հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հոկտեմբերի 7-ից: