Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով խրախուսել, պաշտպանել և բարենպաստ պայմաններ ստեղծել մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար,

հիմնվելով ինքնիշխանության փոխադարձաբար հարգման, հավասարության և փոխադարձ շահավետության սկզբունքների վրա,

երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Ներդրումներ» տերմինը նշանակում է գույքային և ոչ գույքային արժեքների բոլոր տեսակները, որոնք ներդրվում են ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենսդրությանը համապատասխան` ներառելով, մասնավորապես`

ա) շարժական և անշարժ գույք և գույքային իրավունքներ,

բ) բաժնետոմսեր և մասնակցության այլ ձևեր ձեռնարկություններում և կազմակերպություններում,

գ) դրամական միջոցների և տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորությունների գծով պահանջների իրավունքներ,

դ) հեղինակային իրավունքներ, արդյունաբերական սեփականության, «նոու-հաու»-ի և տեխնոլոգիայի նկատմամբ իրավունքները,

ե) օրենսդրությամբ կամ պայմանագրերով տրամադրված, տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքներ, ներառյալ, մասնավորապես, բնական պաշարների հետախուզման և շահագործման իրավունքներ:

2. «Ներդրող» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար նշանակում է`

ա) ֆիզիկական անձինք, որոնք այդ Պայմանավորվող կողմի քաղաքացի են նրա օրենսդրության համապատասխան,

բ) Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան ստեղծված ձեռնարկությունները, ընկերակցություններն ու մյուս տնտեսական կազմակերպությունները` պայմանով, որ ֆիզիկական անձը, ձեռնարկությունը կամ ընկերակցությունը, մյուս տնտեսավարող կազմակերպությունները, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, իրավազոր են ներդրումներ կատարելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

3. «Եկամուտներ» տերմինը նշանակում է ներդրումների արդյունքում ստացված գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, շահույթը, շահաբաժինները, տոկոսները և արտոնագրային վճարները:

4. «Տարածք» տերմինը յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի նկատմամբ նշանակում է այն տարածքը, որը գտնվում է նրա գերիշխանության տակ, և ծովային ու ստորջրյա շրջանները, որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքին համապատասխան, իրականացնում է ինքնիշխանություն, ինքնիշխանական իրավունքներ կամ իրավազորություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, իր օրենսդրությանը համապատասխան, խրախուսելու է իր տարածքում ներդրումներ կատարելու համար:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր օրենսդրությանը համապատասխան, աջակցություն է ցույց տալու, որպեսզի Պայմանավորվող կողմի քաղաքացիները իր տարածքում կատարած ներդրումների կապակցությամբ վիզաներ և աշխատելու թույլտվություն ստանան:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի ներդրումների և այդպիսի ներդրումների հետ կապված գործունեության նկատմամբ պարտավորվում են իր տարածքում ապահովել այնպիսի պայմանակարգ ու պաշտպանություն, որոնք իրավահավասար են իր սեփական ներդրողներին տրված պայմանակարգին ու պաշտպանությանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պայմանակարգը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն պայմանակարգը, որը տրվում է ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումների և այդպիսի ներդրումների հետ կապված գործունեության համար:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որպիսիք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ հետագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողներին կամ նրանց ներդրումներին` հետևյալ հիմունքով.

- ազատ առևտրի գոտում, մաքսային կամ տնտեսական միությունում, տնտեսական փոխօգնության կազմակերպությունում կամ այնպիսի միջազգային համաձայնագրում նրա մասնակցության, որը նախատեսում է արտոնություններ և առավելություններ, որպիսիք Պայմանավորվող կողմը տրամադրում է հիշյալ կազմակերպությունների մասնակիցներին և մինչև սույն Համաձայնագրի ստորագրման օրը ուժի մեջ մտածներին,

- միջազգային համաձայնագրի և հարկման հարցերի գծով մեկ այլ պայմանավորվածության,

- սահմանամերձ առևտրի հարցերի գծով պայմանավորվածության:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները կորուստներ են կրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում պատերազմի, զինված բախման, ազգային արտակարգ դրության, հեղաշրջման, ապստամբության, դավադրության կամ այլ նման իրադարձության հետևանքով, ապա վերջին Պայմանավորվող կողմը ռեստիտուցիայի /վերադարձում/ կապակցությամբ նրանց կտրամադրի փոխհատուցման, փոխարինման պայմանակարգ կամ մեկ այլ որոշում` ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը վերջին Պայմանավորվող կողմը տրամադրում է իր սեփական ներդրողներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին:

2. Չխոչընդոտելով սույն հոդվածի 1-ին կետի պայմանները` մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք այս կետում նշված բոլոր իրադարձությունների ընթացքում մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կորուստներ են կրում, որոնք առաջացել են հետևյալ պատճառներով.

ա) Կողմի ուժերի կամ իշխանությունների կողմից նրանց սեփականության բռնագրավումը,

բ) Կողմի ուժերի և իշխանությունների կողմից նրանց սեփականության ավերումը, որոնք պայմանավորված չեն պատերազմական գործողություններով կամ իրադրության անհրաժեշտությունից չեն բխում, կտրամադրվի արդարացի և համարժեք փոխհատուցում այն կորուստների համար, որոնք կրել են ներդրողները բռնագրավման ժամանակ կամ որպես սեփականության ավերման հետևանք:

Փոխհատուցումը պետք է վճարվի առանց անհիմն ուշացման, լինի փոխարկելի և ազատ փոխադրելի մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները չեն ազգայնացվի, օտարվի կամ այնպիսի միջոցառումների ենթարկվի, որոնք Պայմանավորվող կողմի տարածքում ազգայնացմանը կամ օտարմանը /այսուհետ` օտարում/ համարժեք հետևանք ունեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա, Պայմանավորվող կողմի գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է հասարակական նպատակներով: Օտարումը կկատարվի պատշաճ դատավարությանը համապատասխան, ոչ խտրական հիմունքներով և կուղեկցվի անհապաղ, համարժեք և արդյունավետ փոխհատուցում վճարելու պայմաններով: Այդպիսի փոխհատուցումը հավասար կլինի ներդրման շուկայական արժեքին, երբ բռնագրավման կամ բռնագրավման սպառնալիքի մասին հանրահայտ դառնա, փոխհատուցումը կընդգրկի բռնագրավման օրից հաշված տոկոսը, որը կվճարվի արտարժույթով, որով կատարվել է ներդրումը, կամ էլ, ներդրողի համաձայնությամբ, ներդրողի համար ընդունելի որևէ ուրիշ արտարժույթով, որն արդյունավետ իրացվում է, և դա կկատարվի անհապաղ:

2. Տուժած ներդրողը իրավունք կունենա, որ այդ Պայմանավորվող կողմի դատական կամ այլ անկախ իշխանություններն անհապաղ վերանայեն իր հետ կատարվածը և իր ներդրումների գնահատումը` սույն հոդվածում շարադրված սկզբունքներին համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը բռնագրավում է այն ընկերության ակտիվները, որը բաժնետիրական ընկերության կարգավիճակ է ստացել կամ հիմնադրված է նրա տարածքի որևէ մասում գործող օրենսդրությանը համապատասխան, և որտեղ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողները մասնաբաժին ունեն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը կամ նրա նշանակած միջնորդը ոչ առևտրային ռիսկերից /հնարավոր վտանգներից/ ֆինանսական երաշխիք տա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում նրա ներդրողի կողմից կատարված ներդրումների համար և, այդ երաշխիքին համապատասխան, վճարում կատարի, ապա մյուս Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի /հին օրենքի մասնակի լրացում/ հիման վրա կճանաչի ներդրողի իրավունքների փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին կամ նրա նշանակած միջնորդին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, նրանց կողմից հարկային բոլոր պարտավորությունները կատարվելուց հետո, երաշխավորում է ներդրումների առնչությամբ գումարների փոխանցումը: Այդպիսի փոխանցումները, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կընդգրկեն`

ա) եկամուտները, ինչպես դրանք սահմանված են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում,

բ) ներդրումների լրիվ կամ մասնակի վերացումից ստացված գումարները,

գ) ներդրումների կապակցությամբ վարկային համաձայնագրին համապատասխան կատարված վճարումները,

դ) տեխնիկական օգնության, տեխնիկական սպասարկման և կառավարչական փորձի համար վճարները,

ե) աշխատավարձերը և այլ վարձատրությունները, որոնք մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներն ստանում են առաջին Պայմանավորվող կողմի տարածքում իրականացված ներդրումների առնչությամբ կատարվող աշխատանքի և ծառայությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Գումարների փոխանցումը, սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, կկատարվի այն Պայմանավորվող կողմի` փոխանցման օրվա համար գործող պաշտոնական փոխարժեքով, որի տարածքում իրականացվել է ներդրումը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրը կիրառելի է այն բոլոր ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են ինչպես դրա ուժի մեջ մտնելուց հետո, այնպես էլ առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը հնարավորության սահմաններում լուծվում են դիվանագիտական ուղիներով:

2. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի կողմից, վեճի հարուցման օրից հաշված, 6 (վեց) ամսվա ընթացքում այդ վեճը չի կարող լուծվել դիվանագիտական ուղիներով, ապա այն, Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքով, կհանձնվի «ad hoc» արբիտրաժային դատարանին:

3. Արբիտրաժային դատարանը բաղկացած է երեք դատավորներից և ստեղծվում է հետևյալ կերպ. այն օրվանից հաշված, երբ որևէ Պայմանավորվող կողմից կստացվի վեճը միջնորդ դատարան հանձնելու մասին ծանուցումը, երկու ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնշանակի մեկական դատավոր: Այդ երկու դատավորները երկու ամսվա ընթացքում կընտրեն երրորդ դատավորին` երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ պետության քաղաքացու, որը, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, կնշանակվի արբիտրաժային դատարանի նախագահ:

4. Եթե վեճը, արբիտրաժային դատարան հանձնելու մասին գրավոր ծանուցումն ստացվելու օրվանից հաշված, չորս ամսվա ընթացքում արբիտրաժային դատարան չստեղծվի, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Միջազգային դատարանի նախագահին առաջարկել անհրաժեշտ նշանակումներ կատարել: Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ այլ պատճառով չի կարող հիշյալ գործառույթները կատարել, ապա անհրաժեշտ նշանակումների կատարումը կարող է առաջարկվել Միջազգային դատարանի` ավագությամբ հաջորդ անդամին, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացին չէ:

5. Արբիտրաժային դատարանը ինքն է սահմանում ընթացակարգի կանոնները: Դատարանը որոշում է ընդունում սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

6. Արբիտրաժային դատարանը որոշումներն ընդունում է ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումները վերջնական են և պարտադիր ուժ ունեն Պայմանավորվող կողմերի համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով արբիտրաժային դատարանը կպարզաբանի իր որոշման դրդապատճառները:

7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրելու է իր նշանակած դատավորի և արբիտրաժային գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի գործունեության հետ կապված և մնացած ծախսերը Պայմանավորվող կողմերը կրելու են հավասարաչափ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրման կապակցությամբ ծագած որևէ վեճ վիճաբանության կողմերի միջև կլինի բանակցությունների առարկա:

2. Եթե բանակցությունների հետևանքով վեճը բարեկամական ճանապարհով չլուծվի, վեճի հարուցման օրից հաշված, վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողը այն արբիտրաժային դատարանի քննմանը հանձնելու իրավունք կստանա:

3. Նման միջնորդ դատարանը յուրաքանչյուր առանձին դեպքի համար ստեղծվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկ անդամ, իսկ այդ երկու անդամներն ընտրում են Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի քաղաքացու` որպես միջնորդ դատարանի նախագահի: Առաջին երկու անդամները նշանակվում են երկու ամսվա ընթացքում, իսկ նախագահն ընտրվում է, վեճը միջնորդ դատարանի քննմանը հանձնելու վերաբերյալ գրավոր ծանուցման օրից հաշված, չորս ամսվա ընթացքում: Եթե հիշյալ ժամկետների ընթացքում միջնորդ դատարանը չստեղծվի, վեճի կողմերից յուրաքանչյուրը կարող է Ստոկհոլմի առևտրային պալատի միջնորդ ինստիտուտի նախագահին առաջարկել` կատարելու անհրաժեշտ նշանակումները:

4. Միջնորդ դատարանը ինքն է սահմանում ընթացակարգի կանոնները: Ընդ որում, դատարանը կարող է ընթացակարգը որոշելու ընթացքում ի ղեկավարումն ընդունել Ստոկհոլմի առևտրային պալատի միջնորդ ինստիտուտի կանոնները:

5. Միջնորդ դատարանն իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդպիսի որոշումը Պայմանավորվող կողմերի համար կլինի վերջնական և կատարման համար պարտադիր:

6. Միջնորդ դատարանը որոշումները կայացնում է սույն Համաձայնագրի դրույթներին, Պայմանավորվող այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացված են ներդրումները /ներառյալ` կոլիզիոն նորմերը/, ինչպես նաև` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

7. Վեճի յուրաքանչյուր Կողմ կկրի իր կողմից նշանակված դատարանի անդամի գործունեության և միջնորդ դատարանում նրա ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Դատարանի նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարաչափ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը, իր օրենսդրության կամ միջազգային համաձայնագրին համապատասխան, որի մասնակիցներն են Պայմանավորվող երկու կողմերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին կամ այդպիսի ներդրումների հետ կապված գործունեությանը տալիս է ավելի բարենպաստ պայմանակարգը, քան սույն Համաձայնագրով նախատեսված պայմանակարգն է, ապա կկիրառվի առավել բարենպաստ պայմանակարգը:

1. Պայմանավորվող երկու կողմերի ներկայացուցիչները, անհրաժեշտության դեպքում անցկացնելու են հանդիպումներ` նպատակ ունենալով`

ա) ուսումնասիրել սույն Համաձայնագրի կիրառման հարցերը,

բ) փոխանակել ներդրումների իրավական հարցերի և դրանց իրականացման հնարավորության վերաբերյալ տեղեկություն,

գ) լուծել ներդրումների առնչությամբ ծագող վեճերը,

դ) ուսումնասիրել ներդրումների հետ կապված այլ հարցեր,

ե) քննարկել սույն Համաձայնագրի մեջ հնարավոր փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկները:

2. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը առաջարկի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ցանկացած հարցի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել, ապա մյուս Պայմանավորվող կողմը պետք է անհապաղ պատասխանի, և խորհրդակցությունները կանցկացվեն հերթականությամբ Երևանում և Կիևում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում մի Պայմանավորվող կողմի կողմից մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումն ստանալուց 30 օր հետո և կգործի 10 տարի:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չի ծանուցում դրա գործողությունը դադարեցնելու` իր մտադրության մասին:

3. Սկզբնական տասնամյա ժամկետը լրանալուց հետո Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով իր մտադրության մասին:

4. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու օրվանից առաջ կատարված ներդրումների նկատմամբ 1-12-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան, սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրից հաշված, հետագա տասը տարիների ընթացքում:

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալ ներկայացուցիչները, որ պատշաճ կերպով լիազորված են իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Կիև քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 7-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Մեկնաբանման ժամանակ ռուսերեն տեքստն առավելություն ունի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի մարտի 7-ից:

 

 

pin
Ուկրաինայի Հանրապետություն
07.10.1994
Համաձայնագիր