Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը` հավասարության և փոխշահավետության հիման վրա,

ելնելով ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու, համապատասխան միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու և հայտարարված մտադրություններն իրականացնելու յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ինքնիշխան իրավունքից,

մտադրվելով նպաստել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ստեղծմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Պայմանավորվող կողմերը չեն կիրառում մաքսատուրքեր, հարկեր և գանձումներ, որոնք ունեն համարժեք ներգործություն այն ապրանքների ներմուծման կամ արտահանման վրա, որոնք ծագում են մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքից և նախատեսված են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային տարածքի համար:

Երկու երկրների միջև առևտրի պայմանակարգի (ռեժիմի) կիրառման առանձնահատկությունները ձևակերպվում են ամենամյա փաստաթղթերով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

2. Սույն Համաձայնագրի նպատակների համար և դրա գործողության ժամկետի ընթացքում Պայմանավորվող կողմի տարածքից ծագող ապրանքների տակ հասկացվում են`

ա) ամբողջովին Պայմանավորվող կողմերի տարածքում արտադրված ապրանքները,

բ) Պայմանավորվող կողմի տարածքում վերամշակման ենթարկված ապրանքները` երրորդ երկրների ծագում ունեցող հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ, և որի հետևանքով, ելնելով առաջին չորս նշաններից, փոփոխվել է ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի գծով դասակարգման պատկանելությունը,

գ) այն ապրանքները, որոնք արտադրվել են «բ» կետում նշված հումքի, նյութերի և լրակազմող արտադրանքների օգտագործմամբ` պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չի գերազանցի իրացվող ապրանքների առաքման գնի հաստատագրված մասին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը`

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքները ուղղակի կամ անուղղակի չեն հարկի այնպիսի ներքին հարկերով կամ գանձումներով, որոնք կգերազանցեն ներքին արտադրության կամ երրորդ երկրների ծագում ունեցող համանման ապրանքների համար նախատեսված հարկերը և գանձումները,

սույն Համաձայնագրի գործողության տակ ընկնող ապրանքների առաքման և ներմուծման նկատմամբ չեն մտցնի որևէ հատուկ սահմանափակում կամ պահանջ, որը համանման իրադրության մեջ չի կիրառվում ներքին արտադրության կամ երրորդ երկրներից ծագած համանման ապրանքների նկատմամբ,

մյուս Պայմանավորվող կողմի ապրանքների պահեստավորման, վերաբեռնման, պահպանման, փոխադրման, ինչպես նաև վճարումների և վճարումների փոխանցման նկատմամբ չեն կիրառի այլ կանոններ, քան նրանք, որոնք համանման դեպքերում կիրառվում են սեփական կամ երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Պայմանավորվող կողմերը, սույն Համաձայնագրի շրջանակներում, ձեռնպահ կմնան ապրանքների արտահանման կամ ներմուծման նկատմամբ քանակական սահմանափակումների կիրառումից կամ դրանց հավասարազոր միջոցներ մտցնելուց:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քանակական սահմանափակումները կարող են միակողմանիորեն սահմանել խելամիտ սահմաններում և խիստ որոշակի ժամկետով` միայն հետևյալ դեպքերում`

ներքին շուկայում տվյալ ապրանքի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում մինչև շուկայում դրության կայունացումը,

վճարման հաշվեկշռի խիստ պակասուրդի (դեֆիցիտի) դեպքում` մինչև վճարման հաշվեկշռի հետ կապված դրության կայունացումը,

սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների իրականացման նպատակներով:

3. Սույն հոդվածում նշված քանակական սահմանափակումները կարող են նաև սահմանվել Պայմանավորվող կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ և ընդգրկվում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված տարեկան փաստաթղթերում:

4. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան քանակական սահմանափակում կիրառող Պայմանավորվող կողմը պարտավոր է մյուս Պայմանավորվող կողմի պահանջով ներկայացնել վերոհիշյալ սահմանափակումների կիրառման հիմնական պատճառների, ձևերի և ենթադրվող ժամկետների մասին ամբողջ տեղեկությունը:

5. Պայմանավորվող կողմերը կձգտեն սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան քանակական սահմանափակումների կիրառման հետևանքով ծագած բոլոր հարցերը լուծել խորհրդակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ թույլ չի տա ապրանքների վերաարտահանում, որոնց արտահանման նկատմամբ մյուս Պայմանավորվող կողմը, որտեղից ծագել են այդ ապրանքները, կիրառում է սակագնային և/կամ ոչ սակագնային կարգավորման միջոցներ:

Այդպիսի ապրանքների վերաարտահանումը երրորդ երկրներ կարող է իրականացվել միայն այն պետության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ և առաջադրված պայմաններով, որի տարածքում արտադրվել են տվյալ ապրանքները: Սույն դրույթի չկատարման դեպքում այն Պայմանավորվող կողմը, որի շահերը խախտվել են, իրավունք ունի միակողմանիորեն միջոցներ ձեռնարկել չարտոնված վերաարտահանում թույլ տված պետության տարածք իր ապրանքների արտահանումը կարգավորելու ուղղությամբ: Ընդ որում վերջինս կվճարի փոխհատուցում վերաարտահանումից ստացված ողջ արժութային հասույթի չափով:

Վերաարտահանման տակ հասկացվում է սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված` մի Պայմանավորվող կողմի մաքսային տարածքում ծագած ապրանքների արտահանումը մյուս Պայմանավորվող կողմի կողմից` վերջինիս մաքսային տարածքի սահմաններից դուրս 3-րդ երկիր առաքելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կանոնավոր կփոխանակեն տեղեկություններ մաքսային հարցերի, ներառյալ` մաքսային վիճակագրության վերաբերյալ:

Պայմանավորվող կողմերի համապատասխան լիազորված մարմինները համաձայնեցնում են այդպիսի տեղեկատվության կարգը և ծավալը:

Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն գործող մաքսային սակագնից դուրս միակողմանիորեն կատարվող յուրաքանչյուր բացառության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի նպատակների հետ անհամատեղելի են ճանաչում անբարեխիղճ գործարար պրակտիկան, որը, մասնավորապես, արտահայտվում է հետևյալում`

ձեռնարկությունների, դրանց միավորումների միջև կնքված պայմանագրերով, որոնք նպատակ ունեն խանգարել կամ սահմանափակել մրցակցությունը կամ խախտել դրա համար ստեղծված պայմանները Պայմանավորվող կողմերի տարածքներում,

այնպիսի գործողությունների կատարման մեջ, որոնց օգնությամբ մեկ կամ մի քանի ձեռնարկություններ օգտագործում են իրենց գերիշխող դրությունը` սահմանափակելով մրցակցությունը Պայմանավորվող կողմերի ողջ տարածքի կամ նրա նշանակալի մասի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերը, երկկողմ տնտեսական հարաբերությունների սակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ իրականացնելիս վիճակագրական տեղեկության փոխանակման, մաքսային ընթացակարգերի անցկացման համար համաձայնեցին օգտագործել արտաքին տնտեսական գործունեության միասնական իննանիշ ապրանքային անվանացանկը (ԱՏԳ ԱԱ), որը հիմնված է Եվրոպական տնտեսական համագործակցության ապրանքների նկարագրման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի և համակցված սակագնավիճակագրական անվանացանկի վրա: Ընդ որում անհրաժեշտության դեպքում Պայմանավորվող կողմերը իրենց սեփական կարիքների համար իրականացնում են ապրանքային անվանացանկի ընդլայնում ինը նիշերի սահմաններից դուրս:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին պետական օգնությունը չկիրառել ձեռնարկություններին դրամական օժանդակություն ցույց տալու կամ այլ ձևով, եթե նման պետական օգնության հետևանքով կխախտվեն նորմալ տնտեսական պայմանները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տարանցման ազատության սկզբունքի պահպանումը հանդիսանում է սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու կարևորագույն պայմանը և աշխատանքի միջազգային բաժանման ու կոոպերացման համակարգին դրանց միանալու գործընթացի էական տարրը:

Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կապահովի իր տարածքով մյուս Պայմանավորվող կողմի և/կամ երրորդ երկրի մաքսային տարածքների ծագում ունեցող և մյուս Պայմանավորվող կողմի կամ երրորդ երկրի մաքսային տարածքների համար նախատեսված ապրանքների անարգել տարանցումը և դրա համար արտահանողներին, ներմուծողներին ու փոխադրողներին կտրամադրի բոլոր առկա և անհրաժեշտ միջոցներն ու ծառայությունները` սեփական կամ երրորդ երկրների արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին այդ նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրելու պայմաններից ոչ վատ պայմաններով:

Պայմանավորվող կողմերը համաձայն են այն բանում, որ տրանսպորտի ցանկացած ձևով տարանցման սակագները, ներառյալ բեռնման-բեռնաթափման աշխատանքների սակագները կլինեն տնտեսապես հիմնավորված:

Պայմանավորվող կողմերը տարանցման հարցերով կկնքեն հատուկ համաձայնագիր:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը չի խոչընդոտում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի իրավունքին` ձեռնարկելու միջոցառումներ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր կենսական շահերի պաշտպանության համար, կամ որոնք անպայմանորեն անհրաժեշտ են միջազգային պայմանագրերի կատարման համար, որոնց մասնակից է նա կամ պատրաստվում է դառնալ, եթե այդ միջոցառումները վերաբերում են`

ազգային պաշտպանության շահերը շոշափող տեղեկատվությանը,

զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին,

պաշտպանության կարիքների հետ կապված հետազոտություններին կամ արտադրությանը,

միջուկային արդյունաբերության մեջ օգտագործվող նյութերի և սարքավորումների առաքմանը,

հասարակական բարոյականության, հասարակական կարգի պաշտպանությանը,

արդյունաբերական կամ մտավոր սեփականության պաշտպանությանը,

ոսկուն, արծաթին կամ այլ թանկարժեք մետաղներին և քարերին,

մարդկանց, կենդանիների և բուսականության առողջության պաշտպանությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագրի դրույթները փոխարինում են Պայմանավորվող կողմերի միջև մինչև այժմ կնքված համաձայնագրերի դրույթներին այնքանով, որքանով վերջիններս կամ անհամատեղելի են առաջինների հետ, կամ նույնական են: Պայմանավորվող կողմերը իրենց իրազեկ մարմիններին կհանձնարարեն նախապատրաստել տվյալ հարցի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի և երրորդ երկրների միջև մինչև այժմ կնքված մյուս Համաձայնագրերի գործողությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում Պայմանավորվող կողմերին` հաստատելու սույն Համաձայնագրի նպատակներին և պայմաններին չհակասող հարաբերություններ սույն Համաձայնագրի կողմ չհանդիսացող պետությունների, ինչպես նաև նրանց միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև վեճերը կլուծվեն բանակցությունների ճանապարհով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի նպատակների իրականացմանը և երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված հանձնարարականների մշակման նպատակով Պայմանավորվող կողմերը համաձայնեցին հիմնել համատեղ հայ-ղրղզական հանձնաժողով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ Ղրղզստանի Հանրապետությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնել իր առևտրական ներկայացուցչությունը Ղրղզստանի Հանրապետությունում: Այդ առևտրական ներկայացուցչությունների իրավական կարգավիճակը, գործառույթները և տեղակայման վայրը Պայմանավորվող կողմերը կհամաձայնեցնեն լրացուցիչ:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Ցանկացած պետություն, պայմանով, որ Պայմանավորվող կողմերը հավանություն կտան, կարող է միանալ սույն Համաձայնագրին այնպիսի պայմաններով, որոնք կհամաձայնեցվեն միացող պետության և Պայմանավորվող կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի անբաժանելի մաս է հանդիսանում ազատ առևտրի պայմանակարգից արվող բացառությունների մասին արձանագրությունը, որը Կողմերը պարտավորվում են ստորագրել, սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվից սկսած, մեկ ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ է մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին Պայմանավորվող կողմերի կողմից ծանուցումների փոխանակման օրվանից սկսած:

Համաձայնագիրը կորցնում է իր ուժը դրա գործողության դադարեցման մտադրության մասին Պայմանավորվող կողմերից մեկի գրավոր տեղեկացման օրվանից տասներկու ամիս անց:

Սույն Համաձայնագիրն իր գործողությունը դադարեցնելուց հետո կարող է կիրառվել երկու երկրների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում:

 

Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի հուլիսի 4-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի հոկտեմբերի 27-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
04.07.1994
Համաձայնագիր